ՄՈՍԿՈՒԱ, «Նոյեան Տապան».- Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Մոսկուայի մէջ Հինգշաբթի, Հոկտեմբեր 29ին ելոյթ ունեցած է ռուսահայ գործարարներու եւ բարերարներու հետ հանդիպման ընթացքին:
«Մեր հայրենակիցների հետ հանդիպումները Մոսկուայում արդէն աւանդական են դարձել, ինչն ամենեւին պատահական չէ: Ռուսաստանը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի բարեկամն ու դաշնակիցը եւ դուք, լինելով նրա քաղաքացիները, իւրատեսակ կամուրջ էք հանդիսանում ձեր երկու հայրենիքների միջեւ, ապրում եւ արարում էք նրանց օգտակար լինելու գաղափարով:
Այս դահլիճում հաւաքուել են մարդիկ, որոնք միշտ նպաստել են Արցախի զարգացմանն ու բարգաւաճմանը, որոնց համար հեռաւոր հայրենիքի խնդիրները իրենց սեփական խնդիրներն են, սեփական ժողովրդի ցաւը՝ իրենց սեփական ցաւը: Ձեր մէջ ցայտուն արտայայտուած է հայրենասիրութեան ոգին, որ հրաշքներ է գործել մարտի դաշտում եւ որը, վստահ եմ, կ՛ոգեւորի մեզ եւ հիմա, որովհետեւ պակաս կարեւոր չեն այն խնդիրները, որ ծառացած են մեր առջեւ խաղաղ ժամանակ եւ նոյնպէս պահանջում են արագ եւ արդիւնաւէտ լուծումներ», յայտարարած է ան:
Ըստ անոր, այդ հրատապ խնդիրներէն մէկն է Շուշիի վերականգնումն ու զարգացումը:
«Մենք ուզում ենք վերածնել Շուշիի անցեալ փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, փթթող եւ զարգացող: Այն, որ դուք այսօր գտնւում էք այստեղ, լաւագոյնս վկայում է, որ ձեզնից իւրաքանչիւրի համար անկախ այն բանից, որտեղ էք ապրում, մեր փոքրիկ հայրենիքի այդ մի մասնիկի զարգացումը, նրա ներկան եւ ապագան շատ կարեւոր է, եւ դուք պատրաստ էք հնարաւորութեան սահմաններում մասնակցել այդ կարեւորագոյն գործընթացին: Արցախի հինաւուրց մայրաքաղաքի վերաշինութիւնը կենսական կարեւոր նշանակութիւն ունի անկախ հայկական պետականութեան համար:
Պատմականօրէն Շուշին բազմակողմանի դեր է խաղացել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի կեանքում: 18-19րդ դարերում նա եղել է նաեւ Անդրկովկասի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական կենտրոններից մէկը: 1918-1920 թթ. Շուշին Արցախի ազգային ազատագրական շարժման կենտրոնն էր, ինքնակառավարուող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: 1920 թուականին քաղաքը աւերուեց, հայ բնակչութիւնն արտաքսուեց: Արցախեան պատերազմի տարիներին Շուշին դարձաւ ադրբեջանական խոշորագոյն ռազմական յենակէտերից մէկը, մահ սփռելով Ստեփանակերտում եւ յարակից բնակավայրերում: 1992 թուականի Մայիսի 9ը բեկումնային եղաւ ինչպէս Արցախի, այնպէս էլ ողջ հայութեան համար. Շուշին ազատագրուեց: Շուշիի ազատագրմանը մասնակցեց ողջ հայ ժողովուրդը, հայութիւնը նիւթական եւ բարոյական աջակցութիւն էր ցուցաբերում Արցախին եւ աղօթում Աստծուն խնդրելով վերականգնել պատմական արդարութիւնը», նշած է նախագահը:
Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները Շուշի քաղաքի եւ ողջ շրջանի զարգացումը կը համարեն իրենց ռազմավարական կարեւորագոյն հարցը, աւելցուցած է Սահակեան: «Շուշիի վերաշինութիւնը եւ բարեկարգումը աշխարհին ցոյց կը տայ մեր համախմբուածութիւնն ու միասնական կամքը ազգային արժէքների պաշտպանութեան, անկախ եւ ինքնիշխան պետութեան հետեւողականօրէն զարգացման եւ հզօրացման, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կը յաջողուի արդիւնաւէտ լուծել տուեալ խնդիրը եւ տօնել եւս մէկ ընդհանուր յաղթանակ», եզրակացուցած է Սահակեան:
Տիար՝ Բակօ
պէտք չէ չափազանցել
Կարդալ ազգային իրական հերոս Զօր. Անդրանիկի ձեռագիր յուշերը։( ոչ թէ միւս սերկէյին ձեռնադրած խամաճիկ «հերոսին» նման որ կը ցանկայ թիւրք ծնած ըլլալ(կարդալ մամյուլի մեջ