Հայաստանի Անվտանգութեան Ծառայութիւնը Պատրաստ Է Կասեցնել Որեւէ Ոտնձգութիւն
«ԱՍՊԱՐԷԶ».- Ստորեւ կը հրատարակենք «Արմէնփրէս» լրատուական գործակալութեան աշխատակցին հետ Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գորիկ Յակոբեանի հարցազրոյցը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Պարոն Յակոբեան, պատրա՞ստ է արդեօք Ձեր ղեկավարած գերատեսչութիւնը հայ-թուրքական սահմանի բացմանը:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ազգային անվտանգութեան ծառայութիւնը կայացած կառոյց է, եւ վստահեցնում եմ, որ սահմանապահ զօրքերը, դիւանագիտական ներկայացուցչութիւնների պահպանութեան վարչութիւնը, ինչպէս նաեւ հակահետախուզական, ահաբեկչութեան դէմ պայքարի եւ այլ ստորաբաժանումները առանց մեծ ջանքերի, պատշաճօրէն կը կատարեն իրենց առջեւ դրուած պարտականութիւնները: Անհրաժեշտութեան դէպքում ձեռք կառնուեն լրացուցիչ միջոցներ: Այս մասին ՀՀ նախագահին եւ Ազգային անվտանգութեան խորհրդի նիստին զեկուցուել է: Ազգային անվտանգութեան ծառայութեան ուժերն ու միջոցները հնարաւորութիւն են տալիս լիովին վերահսկել օպերատիւ իրավիճակը, եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ձեռնարկուած ցանկացած ոտնձգութիւն կը կասեցուի սկզբնական փուլում:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանի հայ-վրացական հատուածում գոյութիւն ունեն անհամաձայնութիւններ եւ անգամ դիմակայութիւն: Ինչպէս կը մեկնաբանէք իրադրութիւնը:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Սահմանի հայ-վրացական հատուածում պաշտպանութիւնն իրականացւում է ԽՍՀՄ պետական սահմանագծով, եւ առայժմ որեւէ տեղաշարժ այստեղ չկայ: Հայաստանի Հանրապետութեան հիւսիսային սահմանին արդէն կառուցուել են 17 ուղեկալներ՝ համալրուած ինժեներատեխնիկական ժամանակակից միջոցներով: Հայ-վրացական սահմանազատման աշխատանքների ընթացքում որոշակի անհամաձայնութիւնները լուծելու համար պարբերաբար հանդիպում են սահմանագծման, սահմանազատման կառավարական յանձնաժողովների ներկայացուցիչները, քննարկում ու լուծումներ են տալիս հարցերին: Բոլոր դէպքերում այս յանձնաժողովների աշխատանքների արդիւնքները պիտի վաւերացուեն երկու երկրների օրէնսդիր մարմինների կողմից, եւ միայն դրանից յետոյ կ՛ունենանք սահմանային պաշտպանութեան յստակ գիծ, որի երկայնքով էլ կ՛իրականացուի սահմանապահ ծառայութիւնը:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Վերջերս ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յաճախակի է հանդէս գալիս հերթական կաշառակերի բացայայտման յայտարարութեամբ: Այսինքն շատացե՞լ են կաշառակերութեան դէպքերը, թէ՞ ուժեղացուել է դրա դէմ պայքարը: Ժողովրդի մէջ հնչում է այն կարծիքը, թէ դրանք փոքրիկ ձկնիկներ են, իսկ կը հասնի՞ արդեօք հերթը «շնաձկներին»:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Կոռուպցիան ունի բարձր մասնագիտական հմտութիւններ. անընդհատ դիմափոխւում, ձեւափոխւում եւ կատարելագործւում է, ու այս պայմաններում նրա դէմ պայքարն արդիւնաւէտ կը լինի քաղաքացիական հասարակական տարբեր ինստիտուտների ու բնակչութեան ակտիւ աջակցութեան դէպքում: Մեր կողմից բացայայտուած կոռուպցիայի դէպքերը չեն կարող հիմնովին փոխել իրավիճակը, բայց դրանք մեր գերատեսչութեան հանդէպ հասարակութեան կողմից աճող վստահութեան խօսուն վկայութիւնն են:
Ձեր ասած շնաձկներին վնասազերծելու համար հանրութիւնը պէտք է լինի անարդարութիւնների հետ չհամակերպուող եւ այդ չարիքի դէմ պայքարելու համար համագործակցի իրաւապահ մարմինների հետ: Դժբախտաբար մեր իրականութեան մէջ շատերն են հակուած խրթին հարցերը լուծել կաշառքի միջոցով, սակայն քաղաքակիրթ աշխարհի փորձը ցոյց է տալիս, որ նման արմատացած չարիքի դէմ արդիւնաւէտ պայքարը պայմանաւորուած է իւրաքանչիւրի քաղաքացիական գիտակցութեամբ: Մի խօսքով, երեւոյթի դէմ պիտի պայքարի ամբողջ ժողովուրդը, այլ ճանապարհ չունենք:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Մօտ կէս տարի առաջ Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից բացայայտուեցին Պետեկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանի դէմ մահափորձի պատուիրատուն ու կատարողները. ի՞նչ փուլում է գտնւում այժմ գործը:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Այս յանցագործութիւնը լիովին բացայայտուած է: Հետախուզման մէջ է գլխաւոր պատուիրատուն, որը, անկասկած, ուշ թէ շուտ կը բերուի Հայաստան: Յուսով եմ, որ անմիջական կատարողների խումբը դեռ երկար տարիներ հնարաւորութիւն չի ունենայ կատարել նմանատիպ յանցագործութիւններ:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից լրտեսութեան, դաւաճանութեան մեղադրանքով ձերբակալուած Գէորգ Հայրապետեանը ՀՀ նախագահին եւ մամուլին ուղղուած իր նամակներում հերքում է իրեն մեղսագրուածը եւ փորձում դրանց տալ քաղաքական աստառ:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Լրտեսութեան համար դատապարտուած Մուրադ Բոջոլեանը նոյնպէս տարբեր ճանապարհներ է փնտրում արդարանալու համար, փորձում իր բանտարկութեանը քաղաքական աստառ տալ: Դրանում չկայ ոչ մի տարօրինակ բան. դա մեղադրեալի հոգեբանութիւն է՝ փորձում են աղաւաղել իրականաութիւնը, մոլորեցնել հանրութեանը: Վստահեցնում եմ, որ միայն անհերքելի փաստերի առկայութեան դէպքում է Ազգային անվտանգութեան ծառայութիւնը նման լրջագոյն մեղադրանք ներկայացնում: Ամէն դէպքում վերջնական խօսքը դատարանինն է:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Հակերների (համակարգիչներու ծրագիրներ քանդողները-Խմբ.) յարձակումներից զերծ չեն անգամ պաշտօնական կայքերը, ձեռնարկուե՞լ են արդեօք քայլեր տեղեկատուական դաշտի անվտանգութեան ուղղութեամբ:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- ՀՀ կառավարութեան որոշման հիման վրայ Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից ստեղծուել է յատուկ հանգոյց, որը հնարաւորութիւն է ընձեռում բարձրացնել տեղեկատուութեան հնարաւոր արտահոսքի դէմ պայքարի յուսալիութիւնը, պետական մարմինների էլեկտրօնային կայքերի անվտանգութիւնը:
Մենք օգտւում ենք տեխնիկայի վերջին միջոցներից, որոնք օգտագործում են առաջատար յատուկ ծառայութիւնները, եւ ունենք հնարաւորութիւն այդ միջոցները իւրաքանչիւր տարի թարմացնելու ժամանակի պահանջին համապատասխան նորագոյն սարքաւորումներով:
Ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ, որ մեր ստեղծած հանգոյցի շնորհիւ համակարգչային հակերների յարձակումներից պաշտօնական կայքերը լիովին պաշտպանուած են:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Մամուլում կարծիքներ են հնչում, որ փոքր է Ազգային անվտանգութեան ծառայութեան բիւջէն, ցածր՝ աշխատակիցների աշխատավարձը, եւ այդ պարագայում հնարաւոր չէ արդիւնաւէտ դիմակայել գերատեսչութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ի հարկէ, մեր բիւջէն եւ աշխատակիցների վարձատրութիւնը դեռեւս փոքր է, թէեւ վերջին տարիներին գրանցուել են աշխատավարձի բարձրացումներ: Բայց պնդել, որ դա հնարաւորութիւն չի տալիս արդիւնաւէտօրէն դիմակայել մարտահրաւէրներին, ի սկզբանէ նշանակում է չհասկանալ մեր աշխատանքի էութիւնը, կարեւորութիւնը: Պաշտպանել հայրենիքի անվտանգութիւնը մեծ պատիւ եւ պատասխանատուութիւն է, եւ չի կարելի այն պայմանաւորել միայն վարձատրութեամբ: Մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատուածում Ազգային անվտանգութեան համակարգի աշխատակիցները ստանում էին 2.5-3 ԱՄՆ դոլարին համարժէք գումար, բայց իրենց պարտականութիւնները կատարում էին անձնուրացօրէն՝ անմնացորդ նուիրուելով հայրենիքի անվտանգութեան խնդիրների լուծմանը: Կասկած չունեմ, որ առաջիկայում մեր աշխատակիցները կը ստանան արժանի վարձատրութիւն:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Վերջերս յաճախակի են դարձել Ձեր պաշտօնաթողութեան մասին լուրերը:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ոչինչ յաւէրժ չէ, սակայն առայժմ պէտք է հիասթափեցնեմ իմ ընդդիմախօսներին, որ տեսանելի ապագայում այդ հաճոյքը նրանց չեմ պատճառի:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Աշխատանքի Ձեր ծանրաբեռնուածութեամբ արդեօ՞ք ժամանակ գտնում էք հարազատների, ընկերների հետ շփուելու, հանգստանալու համար:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Փորձում եմ ժամանակ գտնել շփուելու ե՛ւ ընկերներիս, ե՛ւ հարազատներիս հետ: Տեխնիկայի սրընթաց զարգացումը յանգեցրել է նրան, որ թոռնիկներիս հետ շփւում եմ Skype կապի միջոցով, ծիծաղելի է, բայց դա այդպէս է:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ինչպէ՞ս կը գնահատէք համակարգում երկար տարիների Ձեր աշխատանքային գործունէութիւնը:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Այս տարի Սեպտեմբերի 1ին լրացաւ ազգային անվտանգութեան համակարգում իմ ծառայութեան 40 տարին: Այդ երկար տարիների ընթացքում եղել են ե՛ւ յաջողութիւններ, ե՛ւ դժուարութիւններ, ե՛ւ հիասթափութիւն: Բայց հէնց այդ խոչընդոտների յաղթահարմամբ է աշխատանքը դառնում հետաքրքիր: Այն գիտակցումը, որ դու ծառայում ես հայրենիքիդ, ապահովում նրա անվտանգութիւնը հպարտութեամբ է լցնում հոգիդ: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը եւ իմ աշխատանքից ամէն օր հաճոյք եմ ստանում:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Դեկտեմբերի 20ին նշւում է ազգային անվտանգութեան մարմինների աշխատողի մասնագիտական օրը: Թոյլ տուէք շնորհաւորել Ձեզ գալիք տօնի առթիւ:
ԳՈՐԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ.- Շնորհակալութիւն շնորհաւորանքի համար: Օգտուելով առիթից ցանկանում եմ ազգային անվտանգութեան մարմինների բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին, նրանց բոլորի ընտանիքների անդամներին շնորհաւորել մեր մասնագիտական տօնի առթիւ: Սրտանց ցանկանում եմ քաջառողջութիւն, յաջողութիւններ ծառայութեան մէջ եւ անձնական կեանքում:
Ազգային անվտանգութեան մարմինների վետերաններին առանձնայատուկ մաղթում եմ աւիւն, կորով, երկար տարիների ակտիւ գործունէութիւն, յատկապէս համակարգի երիտասարդ սերնդին փորձ ու հմտութիւն հաղորդելու շնորհակալ գործում: