ՄՈՍԿՈՒԱ.- ՀՅԴ Մամլոյ դիւանէն ստացած ենք հետեւեալ հաղորդագրութիւնը.
Դեկտեմբերի 16ին Ռուսաստանի Պետական Դումայում տեղի է ունեցել «Խորհրդարանական վերահսկողութեան իրացման մեխանիզմները» միջազգային կլոր սեղան, որը կազմակերպել էր Դումայի Անվտանգութեան կոմիտէն՝ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ գերմանական Հենրիխ Բեօլլի անուան հիմնադրամի հետ համատեղ։
Միջազգային եւ ռուսաստանեան փորձը ներկայացրել են ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Կիմմոյ Կիլիւնենը (Ֆինլանդիա), ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Թոմաս Էնդրիւսը, Գերմանիայի Բունդեստագի նախկին անդամ եւ նախարար Ռայնդեր Շտանբլոկը, ՌԴ Պետդումայի պատգամաւորներ Վլադիմիր Պլիգինը («Միացեալ Ռուսաստան» խմբակցութիւն), Նիկոլայ Լեւիչեւը, Գեննադի Գուդկովը («Արդար Ռուսաստան» խմբակցութիւն), Սերգէյ Իւանովը, Մաքսիմ Ռոխմիստրովը («Լիբերալ-դեմոկրատական» խմբակցութիւն), գիտնականներ եւ փորձագէտներ։
Կլոր սեղանի ընթացքում ՀՅԴ Մոսկուայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Եուրի Նաւոյեանը ներկայացրել է խորհրդարանական վերահսկողութեան համակարգը Հայաստանում, ինչը բարելաւման որոշակի գործընթաց է ապրել պետական համակարգի զարգացմանը զուգընթաց եւ Սահմանադրական բարեփոխումների արդիւնքում։ Նա ընդգծել է խորհրդարանական վերահսկողութեան այնպիսի տարրեր, ինչպիսիք են պատգամաւորական հարցումը, խորհրդարանական հրապարակային լսումները, կառավարական ժամը։
Եուրի Նաւոյեանը նշել է, որ Հայաստանում զարգացած է նաեւ խորհրդարանական հետաքննութեան ինստիտուտը, հասարակական սուր հնչեղութիւն ունեցող խնդիրներով երբեմն ստեղծւում են խորհրդարանական ժամանակաւոր յանձնաժողովներ։ Միաժամանակ, փորձը ցոյց է տալիս, որ եթէ նման յանձնաժողովները չեն գլխաւորում ոչ իշխող ուժի ներկայացուցիչները, դրանց ստեղծումը յաճախ կրում է իմիտացիոն բնոյթ եւ գործունէութիւնը արդիւնաւէտ չէ։ Այդ իմաստով նա տեղին է համարել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան առաջարկը՝ վերահսկողական ֆունկցիա (պաշտօն-Խմբ.) ունեցող կառոյցների ղեկավարութիւնը ընդդիմութեանը վերապահելու վերաբերեալ։
Կլոր սեղանը երաշխաւորութիւն է տուել «Ռդ-ում խորհրդարանական վերահսկողութեան մասին» դաշնայի օրէնքի նախագծին, որը ներկայացրել է Դումայի Անվտանգութեան կոմիտէն։