ԼԵՒՈՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ,
Պատմական գիտութիւնների
դոկտոր, պրոֆէսոր
Հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացումը բնական եւ անհրաժեշտ նպատակ է, սակայն դէպի այդ լաւ նպատակը տանող ուղին, որ նախագահ Սերժ Սարգսեանը բռնեց հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմամբ, կը խարխլի Հայաստանի ազգային շահերը, նոյնիսկ Հայաստանի անկախ գոյատեւելու կարողութիւնը, եւ կը խոչընդոտի ջանքերին, որոնք կարող էին Թուրքիային աւելի մօտեցնել իր պատասխանատուութիւնը ճանաչելուն:
Այդ ուղիով նաեւ ոտնահարւում է Սփիւռքի՝ հայկական հարցի ժառանգութեանը վերաբերող դիրքորոշումների ձեւաւորմանը մասնակցելու անքակտելի իրաւունքը:
Արձանագրութիւնների ուշադիր ընթերցումից ակնյայտ է դառնում, որ Հայաստանի վրայ ճնշում է գործադրւում չափից շատ բաներ զոհաբերելու համար՝ ստիպելով սարսափելի բարձր գին վճարել բաց սահմանի դիմաց:
Եւ սա այն ժամանակ է, երբ Թուրքիան, Ամերիկան, Եւրոպան եւ Ռուսաստանը սահմանի բացման կարիքը զգում են այնքան, որքան Հայաստանը, եթէ ոչ աւելի շատ:
Արձանագրութիւնների կողմնակիցները փչացած ձայնապնակի պէս կրկնում են, թէ նախապայմաններ չկան:
«Ոչ, եւ կրկին ո»չ, բացականչեց արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը Հոկտեմբերի 1ին, Ազգային Ժողովում: Սակայն Նալբանդեանի արտասանած բառերը բացայայտօրէն հակասում են արձանագրութիւններում տպագրուած բառերին:
Եթէ բացառենք Նալբանդեանի եւ միւս կողմնակիցների ստելու տարբերակը, ուրեմն նրանց անհաւատալի հերքումը հասկանալու համար միակ ուղին կը լինի սոյն աղճատուած տրամաբանութեան կիրառումը՝ մէկի կողմից միւսի նախապայմանները ընդունելու պահից կարող ենք ձեւացնել, թէ նախապայմաններ այլեւս չկան, եւ որ այժմ դրանք երկկողմ ընդունուած համաձայնագրի պայմաններ են:
Սա պարզունակ մի խաղ է, սակայն վերջնական արդիւնքը նոյնն է՝ մի կողմն իրականում ընդունել է միւսի նախապայմանները:
Արձանագրութիւնները պարունակում են թուրքական՝ նուազագոյնը երկու մեծ, երկարաժամկէտ նախապայման. պատմական հարցերի յանձնախմբի ստեղծումը եւ 1921 թուականի Կարսի պայմանագրի սահմանի վերահաստատումը:
Փաստաթղթերի լեզուի մեղմացուած ձեւակերպումը անկարող է թաքցնել պարզ իրականութիւնը:
Նախապայմաններ չլինելու մասին պնդումները վիրաւորում են այս խնդրով մտահոգ իւրաքանչիւրի ինտելեկտը:
ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ
ՀԱՐԹՈՒԹԵԱՄԲ ԶԲԱՂՈՒՈՂ
ԵՆԹԱՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ի պատասխան այն մեղադրանքների, թէ «մենք հարցականի տակ ենք դնում Հայոց Ցեղասպանութեան փաստը, եւ որ մենք խոչընդոտում ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը», Նալբանդեանը յայտարարեց, «ոչ, եւ կրկին ո»չ:
Նալբանդեանը չի հասկանում, որ արձանագրութիւններով մեկնարկելիք գործընթացը, անգամ պատմական հարցերի յանձնաժողովի գոյութիւնը միայն, որը պիտի իրականացնի «պատմական տուեալների եւ արխիւների անկողմնակալ եւ գիտական հետազօտութիւնը», ինչպէս նաեւ արձանագրութիւնների ընդհանուր տօնը, աշխարհի մօտ այնպիսի տպաւորութիւն են ստեղծում, թէ Հայաստանի կառավարութեան համար ընդունելի է պաշտօնական մի ուսումնասիրութիւն կազմակերպելը եւ դրան մասնակցելը, որի ընթացքում միւս կողմը հարցականի տակ է դնելու Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը: Այս ստեղծուած տպաւորութիւնը կը շահարկուի:
Արդիւնքներից մէկը կը լինի այն, որ անկախ գիտնականների եւ Սփիւռքի կազմակերպութիւնների գործն աւելի կը դժուարանայ, երբ նրանք շարունակեն ջանքերը Ցեղասպանութեան թեմայով տարուող կրթութեան եւ նրա՝ միջազգային ճանաչման ուղղութեամբ:
Պատճառը՝ Թուրքիայի կառավարութիւնը եւ այլ 3րդ կողմեր, օրինակ, ԱՄՆ որոշ կոնգրեսականներ, ոմանք խաբուսիկ փաստարկներով զինուած, ոմանք էլ թիւրիմացութեան մէջ ընկնելով, թէ առաջընթաց է տեղի ունենում, առիթ կ՛ունենան ասելու, թէ Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած ջանքերի կարիք այժմ չկայ, քանի որ Հայաստանը եւ Թուրքիան իրենք են աշխատում խնդրի լուծման ուղղութեամբ:
Դիւանագիտութեան եւ հասարակական կարծիքի ոլորտում յաճախ տպաւորութիւնը իրականութիւնից աւելի կարեւոր է:
Երեւանի կողմից ենթայանձնաժողովում նշանակուած պատմաբանները եւ միւս փորձագէտները կը ցանկանան քննարկել Ցեղասպանութեան հետեւանքները եւ կը փորձեն հակահարուած տալ «թուրքական կողմի»՝ Ցեղասպանութեան իրողութիւնը հերքելու ջանքերին:
Եւ եթէ ենթայանձնաժողովը նման վիճաբանութեան ծուղակն ընկնի, «հայկական կողմը», հաւանաբար, յաղթի քննարկումների սենեակում:
Այնուամենայնիւ, գործընթացը սենեակից դուրս կարող է յաղթանակ դառնալ Թուրքիայի համար այնքան ժամանակ, որքան որ գործընթացը շարունակուի, քանի որ Թուրքիայի հիմնական նպատակը, երեւի թէ, ոչ թէ համաձայնութեան գալն է յանձնաժողովում, թէ դա Ցեղասպանութիւն չէր, այլ պարզապէս ջուրն աւելի պղտորելն է՝ 2015ի շեմին խոչընդոտելով Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած յետագայ քայլերին:
Թուրքիան կարող է փորձել «յաղթել» ենթայանձնաժողովի ակադեմիական բանավէճում, բայց առանց յաղթանակի ակնկալիքի:
Ի վերջոյ, Թուրքիան կարող է հասարակական կարծիքի ոլորտում փոքր ետընթաց ունենալ, եթէ իր ոչ անկեղծ լինելը բացայայտուի:
Սակայն Թուրքիան կը շահի խոչընդոտելու հարցում, ինչը, հաւանաբար, տարիներ կը տեւի, եւ դէպի յաջողութիւն տանող ուժգնացող շարժումը, որն առաջացել է տասնամեակների նուիրումի, զոհաբերութեան, գիտական լուրջ աշխատութիւնների եւ հանրային քարոզչութեան արդիւնքում, կը խամրի:
Օսմանեան կայսերական կառավարութիւնը սովամահ անելով եւ սրի քաշելով սպանեց հայ ժողովրդին: Թուրքիայի հանրապետական կառավարութիւնը ցանկանում է դանդաղեցնելով եւ «ուսումնասիրելով»՝ Ցեղասպանութեան պատմութիւնը սպանել:
Արձանագրութիւնների գործընթացը շահարկելով՝ Ցեղասպանութեան ճանաչումը յետաձգելը ոչ թէ կարող է պատահել, այլ արդէն տեղի է ունեցել:
Այս տարի բոլոր նախադրեալներն առկայ էին, որպէսզի նախագահ Բարաք Օբաման ճանաչէր Հայոց Ցեղասպանութիւնը: Հարուածը եղաւ Ապրիլի 6ին Թուրքիայում:
«Ուզում եմ լինել հնարաւորինս քաջալերող այս բանակցութիւններում, որոնք առաջ են ընթանում եւ կարող են շատ արագ պտուղ տալ: Հետեւաբար, այն, ինչ ուզում եմ անել այս պահին, ոչ թէ իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակէտների վրայ կենտրոնանալն է: Եթէ նրանք կարող են առաջ ընթանալ եւ գործ ունենալ դժուար ու ողբերգական պատմութեան հետ, ուրեմն, իմ կարծիքով, ողջ աշխարհը պիտի քաջալերի իրենց»:
Այժմ մենք հասկանում ենք, որ արձանագրութիւններն էին, որ նախագահ Օբամային հնարաւորութիւն տուեցին ետ կանգնել ընտրարշաւին տուած իր խոստումից:
Դանակը վէրքի մէջ էլ աւելի խորը մտցնելով, ԱՄՆ Պետքարտուղարութիւնը Երեւանի վրայ ճնշում գործադրեց համաձայնելու ընդունել արձանագրութիւններին նախորդող «ճանապարհային քարտէզի» մասին արուած յայտարարութիւնը՝ Ապրիլի 24ից ընդամէնը 2 օր առաջ:
Հայերի շրջանում լայնամասշտաբ վրդովմունքը պատասխան եղաւ Վաշինգտօնի կատարած այս դաժան նուաստացմանը եւ Երեւանի խայտառակ կապիտուլեացիային (անձնատուութեան-Խմբ.):
ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. ԿԱՐՍԻ
«ՍԱՀՄԱՆԻ» ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
«Անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու», յայտարարեց նախագահ Սարգսեանը Սեպտեմբերի 17ին Հայաստանի քաղաքական կուսակցութիւններին ուղղուած իր ելոյթի ոչ համոզիչ բացման խօսքում:
Յետոյ հարցրեց. «եթէ որեւէ խնդրի լուծման համար մենք որեւէ դուռ ենք փակել՝ խնդրում եմ մատնացոյց անել»:
Դռները, որոնք ամենայն հաւանականութեամբ փակւում են արձանագրութիւններով, ճիշտ իր դիմացն են:
«Հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով». սա արձանագրութիւններում եղած հիմնական նախադասութիւններից մէկն է:
Ակնյայտ է, ինչպէս Անկարան եւ հետաքրքրուած կողմերի մեծ մասը կը մեկնաբանեն այս նախադասութիւնը:
Իւսուֆ Քանլին Սեպտեմբերի 15ին «Հիւրիէթ»ում գրեց, թէ «ետ-խորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ Հայաստանը համաձայնեց ճանաչել Թուրքիայի հետ իր սահմանը այնպիսին, ինչպիսին սահմանուել է Կարսի պայմանագրով, չնայած որ արձանագրութիւններում Կարսի պայմանագրի մասին վկայակոչում չկայ»:
«Հայաստանի կողմից նման ճանաչումը ոչ այլ ինչ է, քան յայտարարել, թէ իրենք Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն», եւ որ «Հայաստանը մէջքով է շրջուելէ Սփիւռքի՝ «Թուրքիայից հողային պահանջներին»:
Հոկտեմբերի 21ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրութիւնները ներկայացնելիս արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն նոյնպէս Կարսի (եւ Մոսկուայի պայմանագրի) մասին այդ նոյն նախադասութիւնը հնչեցրեց:
Չնայած որ սա համընդհանուր ըմբռնման ձեւ կարող է դառնալ, կան արձանագրութիւնների նախադասութիւնը մեկնաբանելու այլընտրանքային տարբերակներ:
Ցիւրիխում կայանալիք ստորագրման արարողութիւնից առաջ հայ ժողովրդին ուղղուած իր ուղերձում նախագահ Սարգսեանն՝ ակնյայտօրէն ազդուելով Հայաստանում եւ Սփիւռքում տեղ գտած բողոքի լայնածաւալ ցոյցերից, առաջին անգամ մի մեկնաբանութիւն արեց, որն այնպիսի տպաւորութիւն է ստեղծում, թէ, իր կարծիքով, այդ դուռը դեռ աննշան բաց է:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն: Արձանագրութիւնները դրանից աւելի ոչինչ չեն ասում»:
Սարգսեանն առաջարկեց մեկնաբանման այս տարբերակը, քանի որ հաւատու՞մ է դրան, թէ՞ դա արեց իր քննադատների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար:
Երկու դէպքում էլ, ինչպիսին էլ որ լինի նրա ռազմավարութիւնը, այնպէս, ինչպէս Սարգսեանն է վարւում, վտանգաւորութեան աստիճանի ռիսկ կայ:
Սա առաջ է քաշում արդարացիութիւնը ընդդէմ հնարաւորինութեան խնդիրը: Վստահօրէն կարելի է ասել, որ գրեթէ բոլոր հայերը ցանկանում են Ցեղասպանութեան ճանաչում միջազգային հանրութեան եւ Թուրքիայի կողմից, եւ հաւատացած են, որ, սկզբունքօրէն, պահանջատիրութիւնը պատմականօրէն արդար է:
Սակայն, ոմանց կարծիքով, երազների մէջ սաւառնել է նշանակում Թուրքիայից որեւէ նիւթական բան, յատկապէս տարածք, ակնկալելը, չնայած ճանաչումը անհրաժեշտ եւ իրագործելի է:
Ոմանք էլ հաւատում են, թէ հնարաւոր է առաւելագոյնը: Միջին տեսակէտի համաձայն, այլեւս իրատեսական չէ Թուրքիայից ակնկալել ստանալ այն ամէնը, ինչ նա զաւթել է՝ կարեւոր չէ, թէ որքան արդարացի է պահանջատիրութիւնը:
Այնուամենայնիւ, փոխզիջման այլընտրանքային, հնարամիտ, ստեղծագործական, ճկուն, աննախադէպ տարբերակներ կան, որոնք ապագայում, թերեւս Թուրքիայի համար որոշակի պայմաններում ընդունելի լինեն, երբ մի բան զիջելով, Թուրքիան կարողանայ փոխարէնն արժէքաւոր այլ բաներ ձեռք բերել:
Ինչ տեսանկիւն էլ որ հայերն ունենան, այսօր հաստատ է մի բան՝ պահանջատիրութեան արդարացի լինելը հակադրւում է արտաքնապէս անհնարին թուացող իրականութեանը, չնայած որ կարեւոր հարցեր կան:
1. Եթէ ճիշտ է, որ նիւթական որեւէ փոխհատուցում ստանալը երբեք հնարաւոր չի լինելու, ինչո՞ւ 2005ին Թուրքիայի Ազգային Անվտանգութեան Խորհուրդը հրամայեց սահմանափակել Օսմանեան ժամանակաշրջանի անշարժ գոյքի պետական ռեգիստրների մատչելիութիւնը՝ վախենալով, որ այդ փաստաթղթերը կարող են «էթնիկ կամ քաղաքական շահարկման առարկայ» դառնալ:
2. Ինչո՞ւ 1991ին, երբ Հայաստանն անկախացաւ, Թուրքիայի ամենաառաջին քայլերից մէկը եղաւ Երեւանից Կարսի կամ Մոսկուայի պայամանագրերի ընդունման պահանջը:
3. Ինչո՞ւ Թուրքիան ցանկացաւ, որպէսզի այս արձանագրութիւններում անուղղակիօրէն ակնարկուի Կարսի պայմանագրի մասին:
4. Ինչո՞ւ Թուրքիան չի բաւարարւում գոյութիւն ունեցող սահմանի պարզ ճանաչմամբ, որը Հայաստանն արդէն արել է ՄԱԿին միանալիս՝ վերջինիս կանոնակարգի համաձայն:
5. Ինչո՞ւ է Թուրքիան հրաժարւում Հայաստանի հետ նորմալ յարաբերութիւններ ունենալուց՝ միաժամանակ թոյլ տալով, որպէսզի տարածքային անհամաձայնութիւնը մնայ հեռու, փոշոտ մի սենեակի հին թղթապանակում, սարդոստայնով պատուած- ճիշտ այնպէս, ինչպէս ՄԱԿի աւելի քան 100 անդամ երկրներ են վարուել, որոնք նորմալ յարաբերութիւններ եւ բաց սահման ունենալով հանդերձ շարունակում են իրենց տարածքային անհամաձայնութիւններն ունենալ:
Ծաղր է պարզապէս, որ Աբդուլլայ Գիւլը, Ռեջէբ Թայիբ Էրդողանը եւ Ահմեդ Դաւութօղլուն, կարծես, աւելի են հասկանում հայերի պահանջատիրութեան պատմական արդարացիութիւնը, քան Սերժ Սարգսեանը, Տիգրան Սարգսեանը եւ Էդուարդ Նալբանդեանը:
Փակուող դռները, որոնց մասին հարցնում էր Սերժ Սարգսեանը, Հայաստանի բոլոր հնարաւորութիւններն են՝ ապագայում Ցեղասպանութեան համար արդարութիւն ապահովելու, ինչն, անտարակոյս, դժուար գործ է:
Ակնյայտ է, որ նա այդ դռները չի տեսնում, որովհետեւ «իրատեսութեան» տեսանկիւնից նման հնարաւորութիւնները իրականանալուց հեռու են թւում:
Հետեւաբար, քանի որ երբեք հնարաւոր չի լինելու սահմանի որեւէ փոփոխութիւն կատարել, Սարգսեանը, երեւի, կարծում է, թէ աւելի լաւ է անմիջապէս ընդունել Կարսի սահմանը, որպէսզի այսօր հնարաւոր լինի օգտուել բաց սահմանից:
Միւս կողմից, ինչ վերաբերում է ունեցուածքին, Ապրիլի 23ին Wall Street Journal-ին տուած հարցազրոյցի ժամանակ, Սարգսեանը նշեց հազարաւոր «Հայկական պատմական յուշարձանների» հարցը սեղանին դնելու գաղափարը:
Բայց նա չի տեսնում, որ տարածքային խնդրին միացած դուռն ամրացած է նաեւ այլ դռների, որոնք կախուած են Ցեղասպանութեան ճանաչման եւ ունեցուածքի պահանջներին, այդ թւում նաեւ իրեն հետաքրքրող եկեղեցիներին եւ մշակութային այլ գանձերին:
Հիմք կայ ենթադրելու, թէ Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ուրացման պատճառը միայն ազգային հպարտութիւնը եւ թուրք ինքնութիւնը չեն, այլ նաեւ վախը՝ մարդկութեան դէմ կատարուած մեծագոյն յանցագործութիւններից մէկի ճանաչումից յետոյ՝ թէկուզ նուազագոյն նիւթական հետեւանքների հաւանականութեան հանդէպ:
Կարսը թէկուզ անուղղակիօրէն վերահաստատելը կարող է թուլացնել Հայաստանի դիրքը այլ (ոչ տարածքային) հարցերում եւս, որոնք նոյնպէս կենսական կարեւորութիւն ունեն հայ ժողովրդի համար:
Ճանաչումը եւ արդարութիւնն ուղղակիօրէն կապուած են Հայաստանի ապագայի հետ:
Արձանագրութիւնների կողմնակիցները սիրում են շեշտել, թէ չմոռանալով Ցեղասպանութիւնը, մենք պէտք է կենտրոնանանք Հայաստանի ներկայի եւ ապագայի վրայ:
Կարծես, նրանք համամիտ չեն այն կարծիքի հետ, թէ Ցեղասպանութեան ճանաչումն արդարութեամբ ամրագրելն ուղղակիօրէն կապուած է Հայաստանի ներկայի եւ ապագայի հետ:
Ցեղասպանութիւնն է հիմնական պատճառն այն վտանգաւոր իրավիճակի, որի մէջ այսօր Հայաստանն է: 1991ից ի վեր վատ կառավարումը, ագահութիւնը եւ կաշառակերութիւնը նոյնպէս պատճառ են, ի հարկէ, սակայն հիմնական գործօնը Ցեղասպանութեան հետեւանքով տեղ գտած մարդկային, մշակութային, տարածքային եւ նիւթական վիթխարի կորուստներն են:
Տեղահանումների եւ կոտորածների, 1920 թուականին Հայաստան ներխուժելու, Ալեքսանդրապոլի, Մոսկուայի եւ Կարսի կործանիչ պայմանագրերի պարտադրման հիմնական նպատակն էր Հայաստանը եւ հայերին բնաջնջելը, կամ էլ երկիրը փոքրացնելն ու ժողովրդին պակասեցնելը՝ հասցնելով ինքնուրոյն գոյատեւելու անկարող մակարդակի, որպէսզի հայ ժողովուրդը տարածաշրջանում զրկուի իր կշռից:
Արդիւնքն այսօր այն է, որ եթէ Հայաստանը սահմանափակուած մնայ իր այժմեան պաշարներով, պահպանի իր բնակչութեան չափը եւ աշխարհա-քաղաքական դիրքը, երկիրը, հաւանաբար, կը շարունակի վտանգաւորութեան աստիճան խոցելի մնալ եւ կախման մէջ լինել արտաքին օժանդակութիւնից ու Սփիւռքի դրամական փոխանցումներից:
Դա, հաւանաբար, բաւարար չի լինի անհրաժեշտ բարեկեցութեան եւ անվտանգութեան հասնելու համար, որպէսզի ընթացք տրուի դեմոգրաֆիկ տագնապալի միտմանը եւ երաշխաւորուի երկրի ազգային անվտանգութիւնը:
Բաց սահմանը, թերեւս, ընդհանուր առմամբ օգտակար լինի տնտեսութեան համար, սակայն կը բաւարարի՞ արդեօք երկիրն այն աստիճան բարեկեցութեան եւ ապահովութեան հասցնելու համար, որպէսզի այն ազատի միայն անունով անկախ լինելուց:
Ամէն մի հայ պիտի յուսայ, որ վերոյիշեալ նախադրեալները բաւարար կը լինեն լաւ ապագայի համար, սակայն այսօր եղած տուեալները վկայում են այն մասին, որ նման յոյսի վրայ հիմնուելը մշուշապատ վիճակ է:
Առանց ինքնապահպանման հնարաւորութիւններն ընդլայնելու, Հայաստանը որոշ ժամանակ կարող է գոյատեւել արտաքին օժանդակութիւններով, սակայն երկրի ապագան պայծառ չի թւում:
Այս իրականութիւնը յաղթահարելու համար, որը, կրկին, 1915-1923թթ թուրքական քաղաքականութեան գլխաւոր հետեւանքն է, եւ Հայաստանի՝ որպէս կենսունակ պետութիւն գոյութիւնը պահպանելու հնարաւորութիւնները մեծացնելու համար չափազանց կարեւոր է Ցեղասպանութեան հարցին արդար լուծում տալը:
Բոլոր դէպքերում, նոյնիսկ եթէ արդարութեան ձեռքբերումն անհնար է, դա չի հերքում այն փաստը, որ արդարութեան ձեռքբերումն անհրաժեշտութիւն է՝ Հայաստանի գոյութիւնը արժանապատուութեամբ եւ անվտանգ պահպանելու կարողութիւնը խթանելու համար:
Այս հարցն առնչւում է նաեւ միլիոնաւոր, անձամբ անմեղ թուրքերի հետ, ում անարդար ձեւով իրենց անազնիւ կառավարութիւնը ստիպում է ուրացման անպատուաբեր բեռը կրել: Թուրք ժողովուրդն իր կառավարութեան կողմից Ցեղասպանութեան մեղքերի իմաստալից «թողութեան» է արժանի:
Պարզ ներողութիւնը, սակայն, կը լինի ոչ բաւարար մի քայլ, որն աննշան անկեղծութիւն կը պարունակի եւ ոչ իրական հաշտեցման ոգի, մինչդեռ Թուրքիայի կողմից փոխհատուցելի արդարութիւնը ճանաչելու մերժումը պահպանելու է յանցագործութեան հետեւանքները՝ Հայաստանի աղքատութիւնը եւ անապահովութիւնն անվերջանալի դարձնելով:
ՄԻæԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ
ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԻՒ
Նախագահ Սարգսեանն արժանի է որոշ կարեկցանքի արտաքին ճնշման տակ գտնուելու համար: Սակայն դիւանագիտական ճնշմանը եւ միմեանց շաղկապուած ֆիզիկական վտանգներին (յատկապէս Հայաստանին խեղդելու, սառեցնելու, կամ սովամահ անելու Ռուսաստանի ունակութեանը) պատասխանելու համար Սարգսեանը, Նալբանդեանը կամ նախկին քաղաքական գործիչներն արդեօ՞ք զինուած էին ամենաարդիւնաւէտ փաստարկներով:
Ամերիկան, Եւրոպան եւ Ռուսաստանն ակնկալում են մեծապէս օգտուել բաց սահմանից, փոքրիկ հայկական մի գորգ, որը ձեռք են բերում գրեթէ անվճար, որի վրայով բեռներ եւ էներգիա կարող են տեղափոխել:
Թուրքիան յատկապէս կը շահի դրանից շատ առումներով: Սակայն գործարքին մատուցած Թուրքիայի միակ իրական ներդրումը լինելու է սահմանի բացումը, որը հէնց Թուրքիան է փակել 1993ին, ինչը Թուրքիայից արդէն պահանջուելու էր՝ որպէս Եւրամիութեանն անդամակցելու պայմանի մի մաս:
Մինչդեռ Հայաստանից պահանջում են հրաժարուել իր ապագայի հնարաւոր տարբերակներից, որոնք մեծացնելու էին երկրի գոյատեւելու հնարաւորութիւնները:
Հայաստանից պահանջում են հրաժարուել պատուից ու արժանապատուութիւնից, հնարաւորութիւնից՝ արդարութեան իր իրաւունքը պահանջելու այն հսկայամասշտաբ գազանութիւնների դիմաց, որոնք ամերիկացի գեներալ æէյմս Հարբորդը 1919ին անուանեց «մարդկութեան ողջ պատմութեան ամենավիթխարի ոճրագործութիւնը»:
Առաւել հմուտ դիւանագիտութեամբ, որը համաձայնեցուած լինէր Սփիւռքի՝ այսօր ոչ բաւարար օգտագործուող հնարաւորութիւնների հետ, հայաստանեան բանակցողները կը կարողանային Հայաստանի այժմեան առաւելութիւնները որպէս լծակ գործածելով բանակցութիւնների ընթացքում աւելի լաւ պայմաններ ձեռք բերել:
Պատմութեան այս պահին գոնէ, Հայաստանն ունի պատմականօրէն բարոյական վիթխարի մի հարց, որը յարգուած է ողջ աշխարհում, եւ հայ ժողովուրդն այսօր տէրն է մի հողակտորի, որն արժէքաւոր է արեւմուտքի եւ արեւելքի ուժերի շահերի համար:
Հայաստանի կառավարութիւնները, սակայն, ձախողեցին՝ սկսած Լեւոն Տէր Պետրոսեանից, շարունակելով Ռաբերտ Քոչարեանով, եւ հիմա Սերժ Սարգսեանի օրօք (ում ես 2008ի ընտրութիւններին նախընտրեցի Լեւոն Տէր Պետրոսեանին, չիմանալով, որ ինքը Թուրքիայի հարցում Տէր Պետրոսեանի դիրքորոշմանը պիտի ձգտի):
Երեւանն, օրինակ, չկարողացաւ ամենահամոզիչ փաստարկները մշակել, որոնք պաշտպանելու էին Հայաստանի համընդհանուր ազգային շահերը եւ Ղարաբաղի հակամարտութեան հարցը յատկապէս:
Միաժամանակ մինչ օրս կառավարութեան կեցուածքը զանգուածային լրատուամիջոցներում եւ հասարակական կապերի ոլորտում միջակից էլ ցածր է եղել:
Հիմա հայ ժողովուրդը յայտնուել է ամօթալի պարտութեան շեմին, եւ արձանագրութիւնների ընդունումը կարող է յիշուել որպէս հայոց ողջ պատմութեան ամենամեծ սխալներից մէկը:
«Հրաւիրելով Թուրքիայի Նախագահին Հայաստան եւ նախաձեռնելով այս ողջ գործընթացը», յայտարարեց Սարգսեանը, «ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար, ցոյց տալ, որ Ցեղասպանութեան արհաւիրքով անցած ժողովուրդը, եւ Հայաստան երկիրը, որ կանգուն է եւ տէր է իր ժողովրդի ցաւին, իրականում բաւարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդէմ շարժուելու անիմաստութիւնը մատնացոյց անելու»: Ինչ ցաւալի է:
Պատկերացրէք երկու ընտանիք միեւնոյն թաղամասում: Այնքան նուաստացուցիչ է, երբ սպանութիւնների, բռնաբարութիւնների, խոշտանգումների եւ իրենց ընտանեկան հողերի, ժառանգութեան, ունեցուածքի, ընտանեկան թանկարժէք մասունքների թալան եւ նոյնիսկ իրենց անթիւ-անհամար երեխաների առեւանգում տեսած զոհերի սերունդների ղեկավարները ցանկանում են «առաջինը» ձեռք մեկնել մարդասպանների, բռնաբարողների, խոշտանգողների, առեւանգողների եւ թալանողների սերունդների առաջնորդներին, ովքեր շարունակում են հերքել իրենց նախնիների ոճիրը, եւ ովքեր նոյնիսկ ասում են, թէ դա տուժած ընտանիքի մեղքն էր, ովքեր շարունակում են ապրել յարաբերական շքեղութեան մէջ՝ վայելելով թալանուած ունեցուածքի պտուղները, մինչդեռ զոհերի սերունդները չարքաշ կեանք են վարում այդ նոյն թաղամասի փոքր անկիւնում՝ յարաբերական աղքատութեան մէջ եւ զրկուած թաղամասի լաւագոյն ճանապարհից:
Եւ սա դեռ ամէնը չէ: Թուրք պաշտօնեաները, որ, կարծես, արձանագրութիւններից բաւարար օգուտ չէին քաղել, վէրքին վիրաւորանք աւելացրին անթաքոյց սպառնալիքներ հնչեցնելով, թէ սահմանը չեն բացի, մինչեւ հայկական ուժերը դուրս չբերուեն ռազմավարական կարեւորութիւն ունեցող տարածքներից, եւ մինչեւ Ղարաբաղի հակամարտութիւնը չկարգաւորուի:
Իսկ Սարգսեանը շարունակում է պնդել, թէ յարաբերութիւնների կարգաւորման հարցում Ղարաբաղը նախապայման չէ:
Հոկտեմբերի 7ին Wall Street Journal-ում վարչապետ Էրդողանը հակասել է Սարգսեանին, վերջինիս անյարմար վիճակի մէջ դնելով, եւ յայտարարել, թէ «չնայած հայերը երբեմն ասում են, թէ այդ համաձայնագիրն ադրբեջանցիների հետ որեւէ կապ չունի, իրականում կապ կայ»:
Էրդողանը նոյնիսկ միջամտեց Հայաստանի ներքին գործերին՝ Հայաստանի նախագահին խորհուրդ տալով, թէ նա ինչպէս պէտք է վերաբերուի իր իսկ ժողովրդին. «Հայաստանը չպէտք է թոյլ տայ, որպէսզի իր քաղաքականութիւնը գերի դառնայ հայկական Սփիւռքին»:
Վէրքին մէկ հատ եւս վիրաւորանք աւելացուեց. հէնց ստորագրման արարողութիւնից առաջ յայտնի դարձաւ, որ Դաւութօղլուի արտասանելիք ելոյթում նախապայմանների յիշատակում կար:
Կարծես, չկշտանալով արձանագրութիւնների պայմաններով, Թուրքիան ցանկացաւ նախապայմաններ յիշատակել, դրանով աղ լցնելով Հայաստանի վիրաւորուած ինքնասիրութեան բաց վէրքերին:
Նախապայմաններ պարունակող փակման խօսքը Սարգսեանի աչքի մէջ մտցնող Դաւութօղլուի այս անամօթ կեցուածքը չափազանց էր անգամ Հայաստանի անհամարձակ կառավարութեան համար: Նալբանդեանը ճիշտ վարուեց, որ հրաժարուեց ստորագրելուց:
Երեք ժամ շարունակ տիկին Հիլարի Քլինթոնը համոզելով շողոքորթեց Նալբանդեանին, որպէսզի վերջինս տեղի տայ փոխզիջմանը:
Այնուհետեւ Քլինթոնը Նալբանդեանին իր աւտոմեքենայով տարաւ ստորագրման վայր, ուր ոչ մի կողմը փակման խօսքով այլեւս հանդէս չեկաւ:
Մինչ թանաքը կը չորանար թղթի վրայ, դէմքի արտայայտութիւններից պարզ դարձաւ, թէ ով է յաղթել եւ ով՝ պարտուել:
Սեղանի ետեւում կանգնած դիւանագէտների դէմքի բաւարարուած ժպիտները, քմծիծաղն ու հրճուանքը որեւէ կարեկցանք չցուցաբերեցին իրենց խեղճ հայ գործընկերոջ անհանգստութեան հանդէպ, որի դէմքը բացարձակ կոնտրաստով արտայայտում էր վրդովմունքի, լարուածութեան, տխրութեան եւ զսպուած բարկութեան մի խառնուրդ:
Նալբանդեանը նման էր պարտուած մի մարդու, որ ստորագրում էր քաղաքական հարկադրանքի տակ:
Մինչդեռ Դաւութօղլուի շողշողուն ժպիտը յաղթանակի երջանկութիւն էր արտացոլում իր կառավարութեան հմուտ եւ ագրեսիւ դիւանագիտութեան ձեռք բերած գրեթէ առաւելագոյն յաջողութեան կապակցութեամբ:
Եւ սա այն գոռոզ եւ չզղջացող հանրապետական կառավարութիւնն է, կայսերական այն կառավարութեան ժառանգորդը, որը հայ ժողովրդի ջախջախումը եւ կողոպուտն է իրականացրել, եւ որին Հայաստանի կառավարութիւնը ցանկանում է «առաջինը» ձեռք մեկնել:
«Բաւարար ուժի» փոխարէն Հայաստանի կառավարութիւնը չափից դուրս թուլութիւն է դրսեւորում:
Երեւանը նուաստանում է համաշխարհային բեմի վրայ, մինչդեռ Անկարան նախապայմաններ եւ պայմաններ է պարտադրում, որոնք դիւանագիտական համարժէքն են Հայաստանի՝ եւս մէկ անգամ բռնաբարուելուն եւ նրա կառավարութեան դէմքը ցեխի մէջ տրորելուն: Սա ազգային պատուազրկում է:
ԱՅՍՕՐՈՒԱՅ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի ղեկավարները, երեւում է, դեռ տրամադրուած են վաւերացնելու արձանագրութիւնները, եւ նման են դէպի ժայռի բերանը սուրացող գնացքի: Երանի~ թէ Հայաստանին դէպի այս պատմական անդունդը տարած բանակցութիւնների ընթացքում նախագահ Սարգսեանը գործէր այն մարդու ոգով, որին ես հանդիպեցի 1994ի մայիսեան աւելի երջանիկ օրերին:
Թերեւս տակաւին չնչին յոյս կայ, սակայն այժմ, բախտորոշ ստորագրումից յետոյ, աւելի դժուար կը լինի շարունակել առաջ քաշել այն դիրքորոշումը, թէ Երեւանը հաւատարիմ մնաց իր վաղեմի քաղաքականութեանը, որով ողջունում է յարաբերութիւնների նորմալացումը եւ սահմանի բացումն առանց Հայաստանի կողմից նախապայմանների, եւ որ թուրքական կողմն է պարտադրում նախապայմաններ եւ պայմաններ, որոնք անարգում են Ցեղասպանութեան աւելի քան մէկ միլիոն զոհերի յիշատակը:
Թուրքիայի պարտադրած նախապայմաններն ու պայմաններն են, որ յետագայում կը խարխլեն փոքր եւ աղքատութեան հասցուած Հայաստանի անկախ գոյատեւումը, մինչդեռ Թուրքիան է մեծ, հզօր եւ հարուստ պետութիւնը, որն ի վիճակի է աւելի շատ ճկունութիւն դրսեւորել բանակցութիւններում:
Վերջում, Սերժ Սարգսեանը, Լեւոն Տէր Պետրոսեանը, Էդուարդ Նալբանդեանը, Տիգրան Սարգսեանը, Գագիկ Յարութիւնեանը, Արթուր Բաղդասարեանը, Հեղինէ Բիշարեանը, Արսէն Ղազարեանը, Գալուստ Սահակեանը, Էդուարդ Շարմազանովը, Վազգէն Մանուկեանը, Ազգային Ժողովի միւս անդամները եւ բոլոր այն հայերը, ովքեր կողմ են հայ-թուրքական արձանագրութիւններին, պէտք է խորհեն, թէ ինչպիսի հետք են թողնելու պատմութեան մէջ:
Իրենց կը յիշեն որպէս ուժե՞ղ, թէ թոյլ, խելացի՞, թէ անխելք, հպա՞րտ, թէ խղճալի, հայրենասէ՞ր, թէ հաշուենկատ: Իրենց երեխաները եւ թոռները կը հպարտանա՞ն իրենց անուններով, թէ՞ կ՝ամաչեն դրանցից: Յատկապէս նախագահը հարկ ունի ինքն իրեն հարցնելու, ինչպիսի՞ն է լինելու իր ժառանգութիւնը 5, 10, 50 կամ 100 տարի յետոյ: Հայերի ապագայ սերունդները Սերժ Սարգսեանին պիտի մեծարե՞ն, թէ՞ նզովեն:
Hoyagab, artaroutyan yev kidagtzoutyan areve tsakav Hayreniki nerga ishkhanoutyan vera,
pakhoust cheka ays gesagedi djeshmardoutyouneren, gartalou yen artyok,yev bedg ae
inche badaskhane amotali,sdakhos,geghtsavor,turkin arouynod tserkere totvogh tavadjaner,
kidagtsoren shad oush che antratartsek ays ahavor vidjagen CHEGHYAL yev VOTCH eselov
Haghtagan yelek tser sekhal kortsen,