ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Այսօր Ադրբեջանը պատրաստւում է Փետրուարի 26-28ը աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ անցկացնել՝ «1992 թ. Խօջալուում տեղի ունեցած փետրուարեան դէպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանութիւն ճանաչելու կապակցութեամբ»:
Ութ տարի առաջ ԼՂՀ պաշտպանութեան բանակը վերջապէս իր վերահսկողութեան տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ (քիլոմեթր-Խմբ.) դէպի արեւմուտք գտնուող տեղակայուած Խօջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը (յենակէտը-Խմբ.), որտեղ Խօջալուի օդակայանն էր, որտեղով էլ Լեռնային Ղարաբաղ էին փոխադրւում վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Սուդանից եւ Չեչնիայից:
Այսպիսով, այդ պլացդարմի գրաւումը, որի շրջանում տեղակայուած էր նաեւ ադրբեջանական համանուն գիւղը, կարեւոր ռազմավարական խնդիր էր:
Խօջալուն վերահսկողութեան տակ վերցնելու օպերացիային նախապատրաստուելիս ԼՂՀ իշխանութիւնները տեղեկացրել էին ադրբեջանական կողմին դեռ դրա սկսելուց առաջ, ինչը բազմիցս հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտօնատար անձինք, մասնաւորապէս՝ այն շրջանի նախագահ Այազ Մութալիբովը:
Ռուսաստանեան «Նեզաւիսիմայայ գազետային» տուած հարցազրոյցում («անկախ թերթ» 1992 թ. Ապրիլի 2) Այազ Մութալիբովն ընդունել է. «հայերը այնուամենայնիւ թողել էին այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ»: Սակայն, Աղդամի շրջանի սահմանի մատոյցների մօտ ադրբեջանցի խաղաղ բնակիչների շարասեան վրայ կրակ են բացել հէնց ադրբեջանցի զինուորները, ինչն աւելի ուշ հաստատեց Մութալիբովը՝ այս քայլը կապելով իրեն պաշտօնանկ անելու՝ ընդդիմութեան փորձերի հետ, որոնք կատարուածի ողջ պատասխանատուութիւնը նրա վրայ բարդեցին:
Ադրբեջանում յայտնի իրաւապաշտպան Արիֆ Իւնուսովն ընդգծել է. «օպերացիայից (ռազմական գործողութենէն-Խմբ.) մի քանի օր առաջ տեղեակ էր պահուել՝ մարտական գործողութիւնների գօտուց խաղաղ բնակչութեանը ժամանակին եւ անվտանգ դուրս բերելու համար միջանցք տրամադրելու մասին: Միջանցքի մասին գիտէին Խօջալուի, Աղդամի եւ Բաքուի քաղաքացիական իշխանութիւնները, ինչպէս նաեւ ռազմական ղեկավարութիւնը եւ դաշտային հրամանատարները: Այդ մասին վկայում էին բարձրաստիճան պաշտօնեաները, տեղական ղեկավարները եւ շարքային խօջալուցիները»:
Հէյդար Ալիեւի իշխանութեան գալուց եւ մասնաւորապէս 1994 թ.ից (պատերազմի աւարտից) յետոյ պաշտօնական Բաքուն սկսեց «ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած Խօջալուի դէպքերը ցեղասպանութիւն ճանաչելու» քաղաքականութիւն վարել:
Եւ ահա այսօր Ադրբեջանը ակտիւօրէն պատրաստւում է Փետրուարի 26-28ը աշխարհի տարբեր երկրներում համապատասխան ակցիաներ անցկացնել: Անցեալ շաբաթ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութեան (ԻԿԿ) գլխաւոր քարտուղար Էքմելէդին Իհսանօղլուն ադրբեջանական «Թրենդ նիւզ» գործակալութեանը յայտարարել է. «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութիւնը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի գրաւեալ տարածքները վերադարձնելու հարցերում Բաքուին աջակցող ամենագործուն կառոյցն է: Մենք միշտ կը սատարենք յօգուտ Ադրբեջանի արուած միջազգային որոշումները»:
«Իսլամական կոնֆերանս» կազմակերպութիւնը ստեղծուել է 1969 թ. եւ միաւորում է Ասիայի, Աֆրիկայի եւ Հարաւային Ամերիկայի 57 մահմեդական երկրներ, ինչպէս նաեւ Պաղեստինի ազատագրման կազմակերպութիւնը:
2007 թ. ՄԱԿի Գլխաւոր ասամբլեայի 62րդ նստաշրջանի ընթացքում ընդունուեց «Ադրբեջանի գրաւեալ տարածքների դրութեան մասին» բանաձեւը, որում ընդգծւում է «Ադրբեջանի Հանրապետութեան բոլոր գրաւեալ տարածքներից հայկական ողջ զինուժի անյապաղ, ամբողջական եւ անվերապահ դուրսբերման» անհրաժեշտութիւնը:
Պաշտօնական Բաքուի առաջարկած բանաձեւի նախագծի օգտին քուէարկեց 39 երկիր, ձեռնպահ՝ 100ը, ընդ որում՝ Ադրբեջանի նախաձեռնութեանն աջակցող երկրների մեծ մասն ԻԿԿ անդամներ են եղել:
Օրերս ԻԿԿ անդամներն ընդունել են Խօջալուի դէպքերը խստօրէն դատապարտող յայտարարութիւն:
2004 թ. Յունիսին, երբ կազմակերպութեան նոր գլխաւոր քարտուղար ընտրուեց Թուրքիայի ներկայացուցիչ՝ Իսլամի պատմութեան եւ մշակոյթի հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Էքմելէդին Իհսանօղլուն, ԻԿԿ գործունէութիւնն ընդգծուած հակահայկական ուղղուածութիւն ձեռք բերեց:
Փետրուարի 3ին, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը Երեւանում յայտարարել է. «Խօջալուի դէպքերը չեն ճանաչուի «ցեղասպանութիւն» «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութեան անդամ-երկրների կողմից, չնայած ԻԿԿ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ընդունուած յայտարարութեանը»:
Նախարարն ընդգծել է, որ ԻԿԿ անդամների հետ ակտիւ դիւանագիտական աշխատանք է տարւում. «շատ յաճախ՝ ԻԿԿ շրջանակներից դուրս, նրա որոշ ներկայացուցիչներ միանգամայն այլ դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերեալ, եւ միանգամայն այլ կերպ են քուէարկում»:
Սակայն արդեօք դա բաւական կը լինի՞, որ այս տարի «Խօջալուի հարցը» «չփոխակերպուի» Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կարեւոր «դիւանագիտական հարցի» (հէնց դրան են յատկապէս այսօր ձգտում Անկարան եւ Բաքուն), հայ նախարարը չի կարող իմանալ:
Այս տարուայ Մայիսին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբէում անցկացուելու է ԻԿԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի ժամանակ, հնարաւոր է, որ «Խօջալուի հարցը» ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի աշնանային նստաշրջանի օրակարգ մտցնելու նոր նախաձեռնութիւն ընդունուի:
Հէնց սրանով է նախեւառաջ թելադրուած Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայիս ակտիւութիւնը:
«Արմենիանաու»