ԱՊԱՌԱԺ
2010 թուականի Մայիսի 23ին Լեռնային Ղարաբաղում կը կայանան ԼՂՀ 5րդ գումարման Ազգային Ժողովի ընտրութիւնները: Արդէն աւարտուել է ԼՂՀ ԱԺ ընտրութիւններին պատգամաւորական թեկնածուների առաջադրման գործընթացը: ՀՅԴ Արցախի կազմակերպութիւնը համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրել է թեկնածուներ: Թէ ի՞նչ սկզբունքով է առաջնորդուել ՀՅԴն իր թեկնածուներն առաջադրելիս՝ պարզաբանում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտէի (ԿԿ) ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը.

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- 2010 թուականի խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ Արցախի կառոյցը առաջնորդուել է մի շարք սկզբունքներով: Պէտք է նշեմ, թէ որն է այդ մօտեցումների հիմքը եւ ինչ ուղղուածութիւն ունի այն: Դա վերաբերում է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանի ձեւաւորման գործընթացներին:
Գաղտնիք չէ, որ ՀՅ Դաշնակցութիւնը բազմիցս շեշտել է եւ կողմ է ընդհանրապէս մեծամասնական ընտրակարգի վերացմանը եւ միայն համամասնական ընտրակարգով խորհրդարանի ձեւաւորմանը: Այդ առումով մենք փորձել ենք այս ընտրութիւններին երեւան հանել եւ ընդգծել այն հնարաւորութիւնները, թէ որքանով է պատրաստ Արցախի հասարակութիւնը, Արցախի ընտրողը համամասնական ընտրակարգով իր քուէն տալու այս կամ այն քաղաքական ուժին: Նկատի ունենալով, որ Ստեփանակերտի ընտրազանգուածը համեմատաբար առաւել քաղաքականացուած է եւ տոկոսային յարաբերութիւնը հանրապետութեան ընդհանուր ընտրազանգուածի համեմատ կազմում է մօտաւոր 40 տոկոս, ՀՅԴ Արցախի կառոյցը նպատակայարմար է գտել ՀՅԴ կողմից Ստեփանակերտ քաղաքում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրել: Որը մարտավարական քայլ էր ՀՅԴ կողմից: Խնդիրը այն է, որ Արցախի քաղաքացին պէտք է կարողանայ կողմնորոշուել, թէ որ քաղաքական ուժի ծրագիրն է իր համար ընդունելի:
Եթէ ուշադրութիւն դարձնենք ընտրացուցակներում քաղաքական ուժերի առաջին դէմքերի զբաղեցրած տեղերին, պարզ է դառնում, որ ՀՅԴ զերծ է մնացել պետական օղակներում աշխատող իր ընկերներին համամասնականի ցանկերում, առաւել եւս առաջին հորիզոնականում ներգրաւելուց:
Դա բխում է երկու հանգամանքից, առաջինը՝ դա պետական լծակների հնարաւոր օգտագործման հաւանականութիւնը նուազեցնելու միտումն է, երկրորդը, որ ներքին աշխատանքի բաժանում է կատարուել:
Ի հարկէ, միաժամանակ համոզուած ենք, որ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին երկրի բարձրագոյն իշխանութիւնների ուղղակի միջամտութեամբ վարչական ռեսուրսներ (միջոցներ- պաշարներ-Խմբ.) չեն կիրառուի եւ կը բացառուեն այն արատաւոր երեւոյթները, որոնք արմատաւորուած են մեր ընտրամեխանիզմում:
ԱՊԱՌԱԺ.- Մեծամասնական ընտրակարգով շրջաններում առաջադրուած ցանկում կայ նաեւ Կամօ Մարտիրոսեանի անունը, ով պաշտօն է զբաղեցնում գործադիրում, ինչպէ՞ս կը բացատրէք:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Կ. Մարտիրոսեանի պատգամաւորութեան թեկնածու առաջադրումը մեր կողմից կարելի է համարել բացառութիւն: Պէտք է նշեմ, որ ԼՂՀ ազատագրուած տարածքների վերաբնակեցումը միշտ էլ ՀՅԴ քաղաքական հայեցակարգային խնդիրներից է: Կ. Մարտիրոսեանը բաւականին փորձ ունի այս բնագաւառում եւ մանրամասն տեղեակ է վերաբնակեցման շրջաններում առկայ խնդիրներին եւ ներկայ օրէնսդրութեան բացերին:
Համոզուած ենք, որ ապագայում կը ձեւաւորուի համապատասխան օրէնսդրական դաշտ եւ հնարաւորութիւն ԼՂՀ վերաբնակեցման շրջանների զարգացման ուղղութեամբ: Այս առումով, մեր յաջողութեան դէպքում, փորձելու ենք գործադիրում ձեռք բերուած փորձը եւ օրէնսդրական դաշտում բացը՝ լրացնել միմեանցով:
ԱՊԱՌԱԺ.- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք կուսակցութեան ցանկերում ՀՅԴ Արցախի կազմակերպութեան ներկայացուցչի թեկնածութեան չառաջադրումը:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- ԼՂՀ Խորհրդարանում ՀՅԴ խմբակցութեան գործունէութիւնը կուսակցութեան քաղաքական գործունէութեան մի մասն է միայն: ՀՅԴ Արցախի ԿԿն այն մարմինն է, որը տալիս է համապատասխան ուղեգիծ, որով եւ առաջնորդւում է ՀՅԴ խմբակցութիւնը: Այդ առումով կարելի է հասկանալ ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի ցանկերից դուրս գտնուելու եւ նաեւ մեծամասնական ընտրակարգով չառաջադրուելու փաստը: ՀՅԴ Արցախի կառոյցը քաղաքական դաշտում աւելի մեծ անելիքներ ունի, որը չի սահմանափակւում միայն ընտրութիւններով:
ԱՊԱՌԱԺ.- Ծրագրային ի՞նչ հիմնադրոյթներով է առաջնորդուելու ՀՅԴն այս խորհրդարանական ընտրութիւններում:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- ՀՅԴ ծրագրային հիմնադրոյթները ոչնչով չեն տարբերուի այն քաղաքական ուղեգծից, ինչը որդեգրել է ՀՅԴ Արցախի կառոյցն իր վերջին բարձրագոյն ժողովում: Դա այն է. ամէն ինչ՝ յանունի գաղափարով:
Մեր ծրագրի հիմքում Արցախի անվտանգութիւնը երաշխաւորող դրոյթներն են: Այդ թւում, կարեւոր տեղ է զբաղեցնում ԼՂՀ տարածքային ամբողջականութիւնը, որի պահպանման խնդրում մեծ դեր ունի մեր արտաքին քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ ԼՂՀ վերաբնակեցման գործընթացը:
Ի հարկէ, ներքաղաքական խնդիրները նոյնպէս ծրագրի առանցքային հարցերում կը լինեն, դա կը լինի երկրում ժողովրդավարութեան ամրապնդման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեանն ուղղուած հարցեր:
Սրանք են այն կարեւոր ուղղութիւնները, որոնք որդեգրել է կուսակցութիւնը եւ որոնց ուղղութեամբ ՀՅԴն շարունակելու է իր գործունէութիւնը՝ ոչ միայն այս խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական փուլում եւ խորհրդարանական գործունէութեան շրջանում, այլեւ ընդհանրապէս:
ԱՊԱՌԱԺ.- Իսկ ինչպէ՞ս էք տեսնում ապագայ խորհրդարանը:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես կարծում եմ, որ 5րդ գումարման Աժն, տարիների փորձից եւ անցեալից քաղաքական դասեր քաղելով, կը լինի առաւել քաղաքականապէս հասուն եւ առաւել կազմակերպուած խորհրդարան: Պէտք է ասեմ, որ ԼՂՀ ԱԺ հիմնական գործառոյթը մնում է հասարակութեան ներկայացուցչական եւ դրանից բխող՝ քաղաքական մարմին լինելը: Անհրաժեշտ է ձեւաւորել այնպիսի խորհրդարան, որը կարողանայ լիարժէք իրականացնել այդ պարտականութիւնը: Այդ առումով կը ցանկանայի 5րդ գումարման Աժում տեսնել պետական մտածելակերպով օժտուած, արհեստավարժ եւ համապատասխան հեղինակութիւն վայելող անհատականութիւններ:
Ի հարկէ, պետական համակարգի զարգացման իմաստով կը ցանկանայի նաեւ Աժն ծառայէր քաղաքական դաշտի զարգացմանը եւ իր վրայ վերցնէր նաեւ գործադիրի վերահսկման գործառոյթը: Պէտք է ըմբռնել, որ դրա համար անհրաժեշտ է պատասխանատուութիւն կրելու յանձնառութեան ունակութիւն եւ քաղաքական կամք: