Ռ. ԿՈՐԻՒՆ
Գրական հերթական հանդիպում էր, Ցեղասպանութեան ոգեկոչման երեկոյ, խորհրդածութիւններ, յիշեցումներ բիւրաւոր նահատակների՝ մեր 1.5 միլիոնից աւելի անմեղ զոհերի մասին: Մտաբերելով այդ բոլոր արհաւիրքներն ու կորուստները՝ մարդ զայրանում է, սարսուռ է անցնում մարմնով, որպէս անթեղուած կրակ՝ բորբոքւում է հոգիդ, ի տես դահիճը, որ անպատիժ դեռ յոխորտում է: Այդու մարդ կարիք է զգում վերանորոգելու իր ուխտը, վերալիցքաւորելու իր ուժերն ու կարողութիւնները պահանջատիրութեան աշխատանքի վերաբերեալ:
Ահա մեր պատմութեան ամենաողբերգական էջը յիշելու մտադրութեամբ կազմակերպուել էր երեկոյ, ազատ բեմ, որպէսզի ցանկացողներ ընթերցեն իրենց գրութիւնները՝ նուիրուած մեծ կոտորածին, որի համար 95 տարի է մեր սրտերը մղկտում են:
Հինգշաբթի Ապրիլ 1, յետմիջօրէի ժամի 5, Գլենդէլի հանրային գրադարան, ուր ներկայ էին գտնուել գրողներ եւ հիւրեր: Երեկոն զուգադիպում էր Աւագ Հինգշաբթի օրուան, Յիսուսի չարչարանաց եւ խաչելութեան: Ինչպէս Յիսուս մոլեռանդ հրեաների կողմից խաչ հանուեց Գողգոթայում, նոյնպէս եւ մեր քոյր—եղբայրները արեւմտեան Հայաստանում անգամներ Գողգոթա բարձրացան:
Երեկոյի մեկնարկումը կատարեց Քալիֆորնիայի հայ գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեանը, եւ ի լուր ներկաներին յայտնեց հանդիպման շարժառիթի մասին: Գրիշ Դաւթեանը նոր վարչութեան կազմը ներկայացրեց: Սա Նոր ընտրուած վարչութեան անդրանիկ հանդիպումն էր անդամների հետ: Նախագահն երեկոյի հանդիսավար ներկայացրեց արձակագիր գրող Պօղոս Գուբելեանին: Պօղոսը այս նստաշրջանի վարչութեան փոխնախագահ է ընտրուել: Նա ծանօթ գրող է մի շարք գրքերով եւ հրապարակագրութիւններով: Նա նոյնպէս ոգեկոչման խօսքեր ասաց Ապրիլեան Եղեռնի յիշատակման առիթով, յիշեց Յիսուսի Ոտնլուայի արարողութիւնը՝ ըսելով. «Յիսուսը, նախքան խաչ հանուելը, այդ արարքով արձակեց խոնարհութեան եւ համեստութեան ամենացայտուն պատգամը, որ ամբողջ գրադարան մը կ՛արժէ»:
Ապա նա ուրախութեամբ լսարանին ներկայացրեց չորս յարգելի մտքի ու գրչի անձեր, յանձինս՝ Յովհաննէսի Ահմարանեան (պատմագիր եւ երգիծագիր), Խաչիկ Շահինեանի (բազմաշնորհ երիտասարդ), Դանիէլ Թիւֆենկչեանի (արձակագիր) եւ Երուանդ Քոչունեանի (բանաստեղծ, գրականագէտ):
Այնուհետեւ հանդիսավարը արձանագրուածներին հերթականօրէն բեմ հրաւիրեց ելոյթի համար: Աննախադէպ երեւոյթ. քսաներեք հոգի կարդացին պատառիկներ իրենց գործերից, արտայայտուեցին եւ արտասանեցին՝ մտքերի, յուշերի, նկարագրութիւնների, բողոքների, պահանջադրութեան եւ առաջադրանքների մի հետաքրքիր համադրութիւն՝ Ցեղասպանութեան առնչուող:
Ելոյթների շարանում Խաչիկ Շահինեանը մեր գրողներին եւ մտաւորականութեան որակեց «գանձ»: Ըստ նրան, որքա՛ն շատ մտաւորական, «այդքա՛ն աւելի խաղաղ ու անդորր կեանք ժողովրդի համար: Տայ Աստուած առաւել շատ մտաւորական ղեկավարներ ունենանք»:
Այսպէս, երեկոն խորհրդաւոր վերաթարմացրեց ու վերազօրացրեց մեր ուխտը մեր անմեռ նահատակների հանդէպ՝ մեզ մղելով աշխատել նրանց կտակը իրականացնելու ճամբին: