ԵՐԵՒԱՆ.- Նախագահ Սերժ Սարգսեան երէկ հրապարակեց Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ արձանագրութիւններու վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիրը, զոր կը ներկայացնենք ստորեւ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 55րդ յօդուածի 7րդ կէտը, ղեկավարուելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 39.1րդ յօդուածի 1ին մասով եւ հաշուի առնելով Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում քաղաքական կոալիցիայ կազմած կուսակցութիւնների քաղաքական խորհուրդների 2010 թուականի Ապրիլի 22ի համատեղ յայտարարութիւնը՝
որոշում եմ.
1. Կասեցնել 2009 թուականի Հոկտեմբերի 10ին Ցիւրիխում ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարին՝ արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետութեանը»:
Ինչպէս հաղորդած էինք, նախագահ Սերժ Սարգսեան Չորեքշաբթի օր գումարած էր Ազգային Անվտանգութեան խորհուրդի նիստ, որու աւարտին հրապարակուած տեղելագրութիւնը կը յայտնէր, որ նախագահը Հինգշաբթի օր յատուկ ուղերձով պիտի դիմէր հայ ժողովուրդին՝ փոխանցելու համար իր դիրքորոշումը հայ-թրքական յարաբերութիւններու ընթացքի վերաբերեալ:
Նախագահի ուղերձը երէկ սփռուեցաւ հեռատեսիլէն: Ստորեւ անոր բնագիրը.
«Մէկ տարի է անցել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած քայլերի վերաբերեալ Հայաստան-Թուրքիա-Շուէյցարիա համատեղ յայտարարութիւնից: Այս ընթացքում հրապարակուել, հանրային քննարկման են ներկայացուել եւ ստորագրուել այդ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած երկու արձանագրութիւնները: Այդ փաստաթղթերը տեւական ժամանակ է արդէն Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում են՝ սպասելով վաւերացման:
Հայաստանը մշտապէս ի ցոյց է դրել իր հետեւողական նուիրուածութիւնը յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին՝ հասնելով մինչեւ արձանագրութիւնները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցոյց տուեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում՝ հանդէս գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք յայտարարեցինք նաեւ, որ Թուրքիայի կողմից արձանագրութիւնները, պայմանաւորուածութեան համաձայն, առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկէտներում վաւերացման դէպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վաւերացման տապալումը բացառւում է:
Այսօր եկել է «ողջամիտ ժամկէտներում» ասածը եւ «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մէջ ներգրաւուած բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանուած չափանիշներ են:
Մէկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից նախապայմանների լեզուով շարադրուած հրապարակային խօսքերի պակաս չի զգացուել, մէկ տարի շարունակ Թուրքիան ամէն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար մեր եզրակացութիւնն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.
Թուրքիան պատրաստ չէ սկսուած գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրութիւնների տառին համապատասխան քայլերով առաջ շարժուել:
Ողջամիտ ժամկէտները, մեր կարծիքով, աւարտուել են: Ամէն գնով ապրիլի 24ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապէս անընդունելի է:
Մենք անընդունելի ենք համարում նաեւ Հայաստան-Թուրքիա երկխօսութիւնն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը եւ այս պահից սկսած՝ յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը համարում ենք սպառուած:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսուած գործընթացի ապագայի վերաբերեալ ես քննարկումներ եմ ունեցել եւ շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլայ Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ինչպէս նաեւ եւրոպական մի շարք կառոյցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց՝ մեր նախաձեռնութեանը ցուցաբերած օժանդակութեան, գործընթացին սատարելու եւ դրա առաջընթացին միտուած ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները յորդորել են ինձ շարունակել գործընթացը, յորդորել են չկանգնեցնել այն:
Եւ յարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկութիւնները, կոալիցիոն գործընկերների հետ եւ Անվտանգութեան խորհրդում քննարկումներից յետոյ, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը: Վստահ եմ՝ սա է պահանջում մեր ազգային շահը:
Հայաստանը կը պահպանի արձանագրութիւնների տակ իր ստորագրութիւնը, որովհետեւ ցանկանում է պահպանել յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնները եւ որովհետեւ ցանկանում է խաղաղութիւն:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մէջ, եւ մենք կը դիտարկենք առաջ շարժուելու հարցը, երբ համոզուենք, որ Թուրքիայում կայ համապատասխան մթնոլորտ եւ երբ Անկարայում կը տեսնենք յարաբերութիւնների կարգաւորմանը վերստին պատրաստ առաջնորդութիւն:
Ի լուր աշխարհի յայտարարելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականների 2008 թուականի Սեպտեմբերեան հանդիպումից սկսուած գործընթացի այս փուլը մեզ համար այլեւս աւարտուած է, միեւնոյն ժամանակ ես շնորհակալութիւն եմ յայտնում Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գիւլին՝ այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտութեան եւ այն դրական յարաբերութիւնների համար, որ ձեւաւորուեցին մեր միջեւ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկու օրից մենք նշելու ենք 20րդ դարի առաջին ցեղասպանութեան՝ Հայոց մեծ եղեռնի 95րդ տարելիցը: Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակւում է, եւ եթէ Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են
օգտագործել մեր անկեղծութիւնն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը՝ խուսափելու համար Ապրիլի 24ի իրականութիւնից, ապա նրանք լաւ պէտք է իմանան՝ Ապրիլի 24ը Հայոց ցեղասպանութիւնը խորհրդանշող օր է, բայց այն որեւէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացոյցը:
Մենք շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր այն պետութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին, ովքեր զօրակցում են մեզ մարդկութեան դէմ ուղղուած ոճիրների դատապարտման ու կանխման գործում:
Շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ պատմական ճշմարտութեան վերականգնման համար պայքարող թուրք մտաւորականներին, ովքեր կիսում են մեր ցաւը: Հայոց ցեղասպանութեան 95րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում յիշել, որ պետական մակարդակով մշակուած ծրագրով եւ միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնուած 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը ողջ մարդկութեան առջեւ դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ամուր ենք աւելի, քան երբեւէ, մեր ճակատը պարզ՝ ինչպէս միշտ: Աւելի լաւ Հայաստանի, աւելի լաւ տարածաշրջանի, ինչու չէ՝ նաեւ աշխարհի, աւելի ամուր ու միասնական հայութեան նպատակներին միտուած մեր ջանքերն այսուհետ միայն աւելանալու են: Վստահ եղէք՝ արդիւնքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու:
Աստուած մեզ պահապան»:
Նախագահի հրամանագրի մէջ ակնարկուած էր, որ կառավարութեան մաս կազմող եւ Ազգային Ժողովի մեծամասնութիւնը ներկայացնող երեք կուսակցութիւնները՝ Հայաստանի Հանրապետական, Բարգաւաճ Հայաստան եւ Օրինաց Երկիր կուսակցութիւնները միասնաբար յայտարարած էին, որ «անընդունելի» կը գտնեն «թուրքական կողմի, մասնաւորապէս՝ վարչապետ Էրդողանի վերջին օրերի յայտարութիւնները, որոնցով հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից կրկին անմիջական կախուածութեան մէջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտութեան կարգաւորումից»:
Յայտարարութիւնը նաեւ կը նշէր, որ «նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկէտներում արձանագրութիւնները վաւերացնելու պարտաւորութիւններից, իմաստազրկում է այս փուլում դրանց վաւերացման գործընթացի յետագայ շարունակումը ՀՀ Ազգային ժողովում», երեք կուսակցութիւնները անհրաժեշտ կը համարեն «այդ գործընթացի առկախումը, եւ որպէս ըստ անհրաժեշտութեան քննարկուող հարցի՝ դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրեայ նիստերի օրակարգերից հանելը՝ մինչեւ թուրքական կողմը պատրաստ կը լինի առանց նախապայմանների գործընթացի յետագայ շարունակման»: