Ապրիլ ամսին իւրաքանչիւր հայկական հաստատութիւն հոգու պարտք է համարում յիշատակել Հայոց եղեռնը: Մխիթարեան հայրերի Լոս-Անջելըսի դպրոցը նախատեսել էր իր ծրագիրը:
Ապրիլ 20ին, Երեքշաբթի առաւօտեան ժամը 10ին նախակրթարանի աշակերտները ուսուցիչ-ուսուցչուհիների ղեկավարութեամբ ուղղուեցին դէպի Մոնթեպելլօ՝ ծաղկեպսակ զետեղելու նահատակների յուշարձանին: Նրանք պատրաստել էին հայերէն եւ անգլերէն գրութիւններով օրուայ պատշաճ պաստառներ: Ուսուցչուհիների կողմից յուշարձանի մասին բացատրութիւններ ստանալուց յետոյ, նրանք կատարեցին խմբային երգեր եւ արտասանութիւններ: Փոքրերը լինում էին այնտեղ առաջին անգամ: Առաջին դասարանցի Հերոսը զարմացել էր՝ «Հիմա Հայաստա՞ն հասանք»: Երանի,՜ սիրելի Հերոս Հայաստանն այսքան մօտ լինէր:

Իւրաքանչիւր աշակերտ, մեծ կամ փոքր, իւրովի պատկեր էր ստեղծում տեսածի մասին: Նոյն օրը կէսօրից յետոյ տնօրինութեան կողմից էլեկտրոնային փոստով արդէն ծնողներին եւ ուսուցիչներին էին ուղարկուել օրուայ հետաքրքիր նկարները:
Նահատակներին նուիրուած աշակերտական հանդէսը տեղի ունեցաւ Ապրիլի 23ին, յետմիջօրէի ժամը 2ին, դպրոցի եկեղեցում: Օրուայ պատգամը փոխանցեց տնօրէն պրն. Յովհաննէս Խոստեղեանը: Մեսրոպ Մաշտոց մարգարէի «հոգու մէջ փորագրուած հայ գրերի խորհուրդը կապելով հայ ժողովրդի մեծ նահատակութեան արիւնոտ օրերի հետ» նա ասաց. «Եկէք անոր նման դնենք յոյսի շողը արհաւիրքի այս տեսարանին վրայ. եւ հայ գիրերէն ծնած հաստատուն առաջադրութեամբ՝ թէ պիտի սիրենք եւ սորվինք մեր մայրենի լեզուն ու մշակոյթը՝ փոխակերպենք մեր ցաւը աննկուն կամքի, եւ գոյութեան պայքարի մեր մարտին մէջ՝ յաղթական ուժի: Կերտենք միասին մեր հայրերուն յիշատակն անմահացնող միակ իսկական եւ ճշմարիտ յուշարձանները՝ մեր զաւակները, տալով անոնց հայ լեզուին, գրականութեան, մեր հերոսական պատմութեան եւ հրաշալի մշակոյթին հարուստ աւանդը, ամէն բանէ առաջ մեր օրինակով՝ խօսելով, գրելով, կարդալով, երգելով, ապրելով հայերէն: Թող միշտ ապրի հայը»:
Աշակերտների խօսքը կարդաց Լուիզա Ազատեանը: Նրանք ներկայացան խմբային արտասանութիւններով եւ խմբերգերով, որոնք հայոց լեզուի եւ երգեցողութեան ուսուցչուհիների կողմից ուսուցուած էին ամենայն բծախնդրութեամբ: «Կեանքից թանկ բանը», «Պիտի իյնաս», «Բերեք ինձ Զայն» արտասանութիւնները, «Ձայն մը հնչեց», «Մշեցի մօր երգը», «Ատանայի ողբը» (մենակատար Յարութ Չորբաջեան) երգերը երեխաները կատարում էին սրտի խորքից, նուիրումով եւ յուզումով, զգում էին օրուայ խորհուրդը:
Փակման խօսքով հանդէս եկաւ հիւրաբար ներկայ գտնուող Աբբահայր Եղիա Քիլաղպեանը: Նրա յորդորն էր՝ լինել այն փոքրիկ կայծերը, որոնցից պիտի բռնկուի վաղուայ մեծ կրակը:
95 ամեակն է Մեծ եղեռնի: Նոյն բանը կրկնում ենք քանի տարիներ, միշտ նոյն համոզմամբ, առաւել հասուն եւ պահանջատէր: Չկան արդէն եղեռնի վկաները, կանք մենք՝ ապրողներս եւ մեզ փոխարինելու եկած նոր սերունդը: Պիտի հասնենք մեր նպատակին, քանի որ այդ նոր սերունդն է այսօր պահանջողը մեծ եղեռնի ճանաչման, ուրեմն եւ՝ չկայ կանգառ մինչեւ յաղթանակ:
Թղթակցութիւն վարժարանից