ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Արեւոտ էր այն օրերի մեր կեանքը հայաբնակ Նոր æուղայում ամփոփուած. ի՜նչ պայծառ էր ու շողաւէտ արեգակը ջինջ, քո աչքերի նմանութեամբ հարազատ… Ի՞նչ պատահեց այն աշխարհին, որ մերն էր, օրերի մեղմ հոլովոյթով ու հանդարտ, առաւօտեան արեւի հետ արթնացող, կեանքը շահող աշխատանքով… Միջօրէին՝ ընտանիքով ճաշի նստող առատութեամբ յագեցող… Մեր բակերը խաղաղ ու մեծ, ու տան դռները միշտ բաց… Մանուշագոյն խորունկ ցոլքով երեկոն էր ժամանում, հնչում էին հաւատացեալ մեր ժամերի զանգերը, երեկոյեան «զանգերին» էր, հնչում էին. «Եկէք ժա՜մ»… Այդ նոյն հանգով, նոյն ղօղանջով. «Եկէք ժա՜մ»… Ու պատանի, երիտասարդ մենք խենթեր ժամից յետոյ, «Նայեաց սիրովից» յետոյ, սրտատրոփ ի՜նչ իղձերով գնում էինք հանդիպումի մեր սիրածին, մեր ուզածին ցանկալի… Սրտատրոփ ու սրտաբուխ ի՜նչ խօսքեր ու խոստումներ, պատանեկան, երիտութեան շնչակտուր նուիրումով անմնացորդ, անփորձութեամբ անափսոս… Հազիւ հպում մի վերապահ, տաք ձեռքերի մի հպում, կայծի նման էր բշտում սիրտ ու հոգի… Մի համբո՜յր… Որ ամպաքող երազների էր հասնում… Ու թանձրացող երեկոյի ծարիրը գունաւորում էր երազը, մուրազը… Ստուերները լուռ բարութեամբ թաքուն էին պահում գգուանքը մեր սուրբ, եւ օրերի հասունութեամբ նոր խոստումով էին բացւում առաւօտները եկող… Արեւոտ էր այն օրերի մեր կեանքը… Ի՞նչ պատահեց այն աշխարհին, որ մերն էր…
ԱՆՈՒՇԱԲԵՐ
Ուզում եմ գաս ու բերես բուրմունքները քո, որ շուրթերիդ համով են իմ գաւը լցնում. որ շունչիդ տաք շոյանքով քունքերս են խանձում. որ շրշում են, փսփսում են գգուանքներ, ու մտքերիս զգացումներ են բաշխում… Ուզում եմ գաս ու բերես փափկութիւնը քո, որ կոնքերիդ ու ծոցիդ հեշտանքն են ինձ պարգեւում, որ բումբերիդ քնքշութեամբ օղակւում են ինձ, եւ իմ տենդի ու եռքի հեւքն են սպառում… Արի ու բեր քո քրքուր գրգանքները ջերմ, ու իմ սիրած բաների անուշները բեր…
ՀԷ՜Յ ԸՆԿԵՐՆԵՐ
Հէ՜յ, ընկերներ, պատանութեան լաւ յուշերի նշխարներ, պակասել ենք հիմա թուով ու հեռու ենք իրարից, հեռու ենք մեր պատանութեան աշխարհից։ Այն կապոյտում տրոփեցին մեր սրտերը, մեր սէրերը վայելեցինք, ու մեր անհոգ օրերը. ընկերութեան սրբեղ օրեր սիրասուն, որ ապրեցինք չիմանալով ու անհոգ, հանց ընկերներ միշտ սիրեցինք մենք իրար, չիմանալով նոյնիսկ այդ, ու երբեմն էլ գուցէ իրար քէն արինք, բայց իրար դէմ չպահեցինք թունոտ ոխ։ Հէ՜յ, ընկերներ, իմ յուշերում զրնգացող դպրոցներ, ուր խաղացինք մեծանալու դերերը դասագրքերից սերտելով, ու զանգից զանգ դասարանում մեր վաստակը հնձելով. իսկ արանքում դասամիջոց-պահերի մեր կռուազան խենթ խաղերը խաղալով։ Հէ՜յ, ընկերներ, իմ յոյզերում մարզադաշտ ու հայ ակումբ, որտեղ մտանք մեր արբունքի տրոփով, սրտի ուզած մեր սէրերին փնտռեցինք, գտանք վախով, սիրաբանեցինք թաքուն, եւ նրանց հետ մտանք եւ կամ չմտանք կեանքի ահեղ ճանապարհ, որ մեզ մի խաղ էր թւում… Այն օրերում ամէն բան խաղ էր դիւթիչ… Պատանիներ ու պարմաններ մենք խենթուկ, մեր բակերից փողոց-փողոց ու քաղաք այնպէս էինք սլքտում, ժամանակը չէր հասնում մեր ետեւից, եւ արեւածագերը նորոյթների հեքիաթներով էին բացւում. մայրամուտերը շրջում, դառնում էին ընկերական ժողովներ, պարում էին հաւաքոյթներ տօնական, կէսգիշերին աւարտուելով սիրուտոցով, համբոյրով… Հէ՜յ, ընկերներ, իմ յուշերում, իմ յոյզերում, երազներում իմ գունեղ, նուիրական նշխարներ։
ԶՐՈՅՑ
Երբ չեմ լինի ու դու տենչաս ջերմութիւնը իմ սիրոյ, արեւ օրում պարտէզ մտիր, ծաղիկներին այցելու, որոնց սրտանց ես ցանեցի իմ յոյզերի էջերում, դալա՜ր ծաղկունքն իմ երգերի, որ իմ սիրոյ բոյրը կտան քո տենչին։ Ես ինչքան էլ հեռու-հեռւում, իմ սիրոյ հետ միշտ քո մօտ եմ լինելու. թէեւ կապոյտ հորիզոնում, եթերում։ Մի հեռաւոր փողոց կար հին, որից անցել ենք վաղո՜ւց, բայց մօտ ու թարմ է իմ սրտին յուշն այն պարզ ու աննշան, որ մնացել է իմ մտքում, գուցէ քիչ էլ փոշոտուած, քո առաջին նայուածքների անուշութեամբ զարդարուած։ Բախտ է, կամ չէ, լի՜ մի կեանք է, որ տեւում է քաղցրութեամբ ու կը տեւի այլակերպ էլ թէ կանգ առնի ծերութեամբ։ Հասունութեամբ է դա եղել, ժամանակով չի չափւում։ Լոյս ու մութի մի խառնուրդ է, հորիզոնի ծաւալով, որ ծաւալն է քո յոյզերի, իմ յոյզերի ծաղկաբոյր։ æերմութիւնով ու փափկութեամբ, բաց իմ սիրոյ էջերը, էջերը բաց կրծքիդ սեղմիր, որպէս գրկում էի քեզ. շշնջա՛ իմ բառն ու խօսքը, պատմութիւնը մեր սիրոյ, որ մեր հոգում նարօտ հիւսեց երջանկութեան գոյներով, որ զրնգաց մեր սրտերում, զրնգում է քո սրտում բոյր ու ջերմով անցեալի։ Կեանք էր, երգ էր, նուիրում էր ցանկալի։
ԼՈՒՍՆԻ ԽԱՒԱՐՈՒՄ
Լոյսի առաջն է բռնել ու բոսորում է, արեւին է դէմ ընկել, ի՜նչ խաւարում է… Լուսնի մահիկը բարակ դեռ պսպղում է, կլոր փորով գցել բակ ու յապաղում է։ Սնոտի մի հաւատքով պպզել են բակում, տաշտը շրջել ու տակին ճիպոտով զարկում, այնինչ՝ յիմար աղմուկին խաւարն է պատում… Խաւարի մէջ՝ ազան են, աղօթք են ոռնում, իբրեւ թէ չար ոգիներ լուսնին են գերում: Տիեզերքի ալքերում շողք-շուաքի խաղ, խորն ու անհուն վերներում կապոյտ է խաղաղ: Քանի տեւում՝ անպրծում երկնային խաղ է. իսկ մարդուկը իր ցածում քայլում, բայց կաղ է։
ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ
Լռութեան մէջ յաւերժող հսկումի է ձեր ոգին յառնած ոգում Աստծուն, ազգին ու հայրենիքին, որոնց ձեր հուր արեւը մատաղեցիք անսակարկ, վեհօրէն ու արժանի, նուիրումով բացարձակ։ Ո՜վ դուք ընկած հերոսներ, որ բաշխեցիք մեզ ոգի կեանքի, սիրոյ, պայքարի, ստեղծագործ գալիքի. դուք եղաք կուռ պողպատը, որով զօդուած ամրացանք նորոգելու սուրբ ուխտը հանց անխափան դաւանանք։ Ու սիրոյ լոյսը եղաք, որ մենք տեսնենք ու սիրենք ազգը, որ ենք, ու երկիր, որ դեռ պիտի քանդակենք մեր ազգային երազի ու պատմութեան տարածքով, որ ազգուտակը մեր վեհ սնեցին հայ արիւնով։ Արարատը ձիւնափառ վեր խոյացած կենտրոնում, ճառագայթով է գծել սահմանները մեր սրտում, որ հայրենի լեռներով ու դաշտերով հայկական մեր հայրենիքն է իրաւ, արմենական ու հայկեան։ Դա արեան գին է վայել, որ շահել ենք ձեր կեանքով, որով ապրել ենք ուզում մեր է՛լ արժանի վարկով, որ դարերի ձգտումը եւ եռանդը բեղմնաւոր պտղաւորուի ազգային վայելչութեամբ փառաւոր։
This is one of your best pages.