Գլենդէյլի Հանրային Գրադարանը Ժամանակակից Հայ Գրականութեան Կարիք Ունի
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Այստեղ ամենաշատ ընթերցուողը Րաֆֆու վէպերն են
Գլենդէյլի հանրային գրադարանում հայերէն առաջին գրքերը յայտնուեցին 1979-80ական թթ., երբ գրադարանի ներկայիս՝ Library Services Administrator Նորա Գոլդսմիթի նախաձեռնութեամբ կազմակերպուեցին գրքերի առաջին գնումները: Այն ժամանակ նոյնիսկ հայկական գրախանութներ չկային, եւ հէնց այդ տարիներին հիմնուեցին նաեւ առաջին գրավաճառանոցները՝ սկզբում «Սարդարապատը», յետոյ «Պերճը», յետոյ «Ապրիլը»՝ Հոլիվուդում: Ամենահարուստ նուիրատուութիւնն արեց American-Armenian International Collegeը, որն իր ողջ գրախանութը յանձնեց Գլենդէյլի հանրային գրադարանին:
2006 թ. հայկական գրքերի թիւը չէր հասնում 1000ի: Ընդամէնը 30 տարուայ երիտասարդ կենսագրութեամբ հայկական բաժանմունքում դրանց քանակն այսօր 7 հազար է:
Գլենդէյլի հանրային գրադարանում հայկական գրքերի ու հայերէնի հետ կապուած աշխատանքների (գրքերի գնում, թարգմանութիւններ, հայերէնով համակարգչային դասընթացներ, զանազան գրական ու գիտական երեկոների կազմակերպում եւ այլն) պատասխանատուն Էլիզաբեթ Գրիգորեանն է: Ամենայն սիրով ու մանրամասնութեամբ է ներկայացնում ամէնը, ինչ յաջողուել է իրականացնել անցած մի քանի տարիների ընթացքում:
– Լոս Անջելեսի հանրային գրադարանն էլ հայկական բաժին ունի, Բըրբենքի ու Փասադենայի գրադարանները՝ նոյնպէս, բայց ամենամեծաքանակն ու հարուստը Գլենդէյլինն է: Ունենք բոլոր հայ դասականների գրքերը, ունենք անգլիագիր հայ գրողների գրքեր՝ Պիտեր Բալաքեան, Վիլեամ Սարոյեան, Մարկ Արաքս, Արիս æանիկեան, Վահագն Տատրեան, Ռիչարդ Յովհաննիսեան,- մէկ-մէկ թուարկում է նա:
Հայկական բաժանմունքի 7 հազար գրքերի մէջ նաեւ աղբիւր գրքեր են՝ բառարաններ, հանրագիտարաններ, արուեստի, աշխարհագրութեան, պատմութեան գրքեր, կենսագրական աշխատութիւններ: Գրադարանի Ցեղասպանութեան արխիւի 620 գրքերից 150ը եւս հայկական գրքեր են եւ վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը: Այն գրքերը, որոնք հին հրատարակութիւններ են, կամ դրանց վերահրատարակում չի իրականացւում, արգելւում է դուրս բերել գրադարանից:
Գրադարանի ամենօրեայ 2000-2500 այցելուների մէջ բազմաթիւ են նաեւ հայերը: Իհարկէ, կայ նաեւ այն հանգամանքը, որ տնտեսական վիճակն է մարդկանց հարկադրել յաճախ այցելել գրադարան, եւ դպրոցական, համալսարանական կամ պարզապէս որեւէ աշխատութիւն կամ գեղարուեստական գիրք ընթերցել եւ ուսումնասիրել այստեղ:
«Ամէն օր երեւի 150-200 հայ ընթերցող է այցելում ընթերցասրահ: Օրուայ ընթացքում նրանց կազմն անընդհատ փոխւում է: Գրադարանը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց այցելուները եւս մեծ թիւ են կազմում. առաւօտեան մինչեւ ժամը 12ը գալիս են անգլերէնի, համակարգչի դասընթացների համար: Յատկանշական է, որ այս մարդկանց տարիքը 18ից մինչեւ 80 տարեկանի սահմանում է», նշում է Էլիզաբեթը:
Կէսօրից յետոյ գալիս են միայն շախմատ խաղացողները, գալիս են դպրոցականներ, որոնցից շատերն այստեղ են կատարում տնային յանձնարարութիւնները: Գալիս են մանկահասակ երեխաներ՝ ծնողների ձեռքը բռնած:
Գրադարան իմ այցելութիւնների ընթացքում արդէն հասցրել եմ նկատել կարեւոր մի խնդիր՝ կապուած գրքերի որոնման համակարգի հետ: Ընթերցողներից մի քանիսը տրտնջում էին, որ իրենց կամեցած գրքերից չեն կարողանում գտնել:
Յատկապէս Հայաստանից գաղթած նորաբնակ հայերի համար անսովոր է գրքերի դասակարգման այն համակարգը, որ կիրառւում է այստեղ եւ ԱՄՆի բոլոր գրադարաններում: Դա այսպէս կոչուած Dewey Decimal Classification համընդհանուր համակարգն է, որը թուագրում է բոլոր կարգի գրքերը (0ից մինչեւ 950 եւ աւելի), բացի վէպերից եւ կարճ պատմուածքից: Վերջիններս դասակարգւում են գրողների անուան տակ: Գրականութիւնը, բանաստեղծութիւնը, բոլորն իրենց թուերն ունեն: Կենսագրութիւնները, օրինակ, 920 թուի տակ են: Եւ ստացւում է այնպէս, որ նոյն գրողի յօդուածներն ու վէպերը յայտնւում են տարբեր տեղերում: Բանից անտեղեակ ընթերցողի մէջ էլ թիւր տպաւորութիւն է ստեղծւում, թէ գրադարանն աղքատիկ է, քանի որ, օրինակ, Սեւակի բանաստեղծութիւններն ու յօդուածները բոլորովին տարբեր տեղերում են:
Մի ուրիշ խնդիր է գրքերի համալրումը: Ըստ Էլիզաբեթի՝ հայկական բաժնի համար խիստ դժուար է հայաստանեան ժամանակակից գրականութեան ձեռքբերումը:
«Մեզ պակասում են նոր հրատարակութիւնները, բայց մենք չենք կարող միայն անցեալով ապրել: Իմ փափաքներից մէկն այն է, որ կապ ստեղծուի Հայաստանի գրախանութների կամ գրադարանների հետ, որ կարողանանք համագործակցել: Մենք եւս կարող ենք ուղարկել մեր գրքերից՝ անգլերէն գրքեր, որոնք պակասում են Հայաստանի գրադարաններում:
Մենք ունենք բազմաթիւ այցելուներ, որոնք ծնողների գրադարանները կամ իրենցը, եթէ այլեւս չեն օգտագործում, հայերէն չգիտեն կամ այլ ինչ պատճառով, բերում, նուիրում են մեզ: Մի մասն էլ գրողներ են, որ նուիրում են իրենց հրատարակած գրքերը, գրախանութներն էլ ամենամեայ աւանդոյթ են դարձրել գրքի նուիրատուութիւն անելը: Վերջերս «Ապրիլ», «Պերճ» գրախանութները տարբեր բնոյթի գրքեր նուիրեցին, մենք նաեւ գնում ենք իրենցից»:
Էլիզաբեթը շարունակում է, որ գրադարանի ամենօրեայ այցելուների մէջ շատ են յատկապէս համալսարանականներ USC, UCLAից, դպրոցականներ: Րաֆֆին այստեղի հայ ընթերցողի ամենասիրած գիրքն է, Րաֆֆու վէպերն ամենաշատն են կարդում՝ «Սամուէլ», «Խենթ»: Րաֆֆուց յետոյ Շիրազն է, Չարենցը, Սեւակը:
Գրադարանի հայկական բաժնի ամենահին հրատարակութիւնը 1700-1800ական թթ. գրքեր են: Բայց դրանք դեռ մատչելի չեն ժողովրդին, քանի որ չի որոշուել, ինչպէս անել, որ այդ գրքերը օգտագործուելով հանդերձ, չկորեն կամ չվնասուեն: Ճիշտ է, շատ չեն, բայց այդ քիչն էլ ապահով տեղում պիտի լինի եւ պահպանուի:
Հայկական բաժանմունքը 6-7 շարք է գրաւում եւ ամենահարուստն է բոլոր ազգերի միւս բաժանմունքների մէջ: