ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Արդէն յետեւում ենք թողել ապրիլեան յոյզերն ու փոթորկումները, այդ ամսուայ հետ կապուած մեր ճակատագրային խաթարումների յիշարժան 95րդ տարելիցը եւ կրկին խրուել մեր առօրեայի, մեր երկդիմի կեանքի մանրուքների մէջ, հանգստացած, որ այս տարի եւս յաւուր պատշաճի մեր «պարտքը» մատուցեցինք մեր միլիոնաւոր զոհերի յիշատակին: Բայց արդեօ՞ք մեր պարտքը մենք մատուցեցինք: Ես նոր եմ վերադարձել Եղեռնին նուիրուած հայաստանեան իմ հիւրախաղերից եւ հիմա փորձում եմ ի մի բերել, եւ խօսքերի վերածել այն ամէնը, որն հաւաքագրուեց իմ մտքում, որի գոյութիւնը տանջում է ինձ որպէս հայի, որպէս եղեռնից հրաշքով փրկուածի սերունդի, որպէս պահանջատէրի եւ որպէս ստեղծագործողի:
Այս տարի ես փորձեցի ստեղծել եղեռնի ողջ տեղեկագրութիւնով, ճշգրիտ մանրամասներով յագեցուած մի ներկայացում, գիտենալով, որ մեր ժողովրդի հոծ զանգուածը անտեղեակ է իրենց պատմութեան այդ հատուածի էջերին, յատկապէս մեր նոր սերունդը: Վերջին ամօթալի զիջումներով լեցուած հայ-թուրքական բանակցութիւնները դրա վառ ապացոյցն էին: Այլապէս Հայաստանի ողջ ժողովուրդն էլ իր ժամանակին դէմ կը կանգնէր, մեծ աղմուկով կը մերժէր, հայի իրաւունքները ոտնակոխ անող այդ համաձայնագիրը, աւելիով քան համատարած սփիւռքը եւ կ՛արգիլէր մեր նախագահին այդ քայլին դիմելու:
Իմ ներկայացումը Մայիսի 10ին էր, ինչպէս տեսնում էք Ապրիլ 24ից յետոյ, կազմակերպողներին մտահոգում էր այն, որ մարդիկ յոգնած պիտի լինեն եղեռնի թեմայից, քանի որ մէկ ամբողջ Ապրիլ ամիս հաղորդակից են եղել դրան եւ դժուար թէ ցանկանան կրկին անդրադառնալ այդ մասին: Թէեւ այս պատճառաբանութեանն արդէն երկար տարիներ է բախւում եմ, սփիւռքի ողջ տարածքում, բայց ըստ ընդունուած սովորութեան, Եղեռնի թեմայով գործերը մինչեւ Ապրիլի վերջը կարող ենք մատուցել, որից յետոյ պէտք է ժողովրդի տրամադրութիւնը բարձրացնել եւ նրան ուրախութիւն պարգեւող ձեռնարկներ մատուցել: Չէ՞ որ մէկ ամբողջ ամիս նրանք միայն տխուր իրադարձութիւնների մասին են լսել:
Ինձ թուաց, որ այս տարի, եղեռնի 95րդ տարելիցը գոնէ մի ամբողջ տարի կ՛ընդգրկի, որովհետեւ դա մի այնպիսի նշանակալից թիւ է, որ արժէ մի քանի ամիս, անընդմէջ այդ մասին անդրադառնալ: Միթէ՞ կոտորածը միայն Ապրիլ ամսով էր սահմանափակուել:
Իմ խորին համոզմամբ իւրաքանչիւր հայիս պարտքն է ամէն անգամ էլ աւելի խորանալու եղեռնի մանրամասների մէջ, որպէսզի կարողանանք մեր իրաւունքների պահանջատիրութիւնը էլ աւելի կազմակերպուած, ծրագրուած ու մտածուած առաջ տանել:
Իմ ներկայացումները ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գիւմրիում հաստատեցին, որ իրապէս մեր ժողովուրդը խորութեամբ տեղեակ չէ Եղեռնի մանրամասներին, որից էլ բխում է նրանց անտարբեր կեցուածքը մեր իրաւունքների եւ պահանջատիրութեան պայքարի հանդէպ:
Արուեստի ուժը ժողովրդին կրթելու, նրա ազգային գիտակցութիւնը ամրապնդելու մէջ աներեւակայելի է: Ես միշտ էլ ապաւինում եմ այդ ուժին: Բայց, մեր ոտնահարուած իրաւունքների ճակատագրով ապրողներիս համար, դա բաւարար չէ: Մեզ պէտք է համընդհանուր շարժում, ժողովրդի կողմից, նրա նախաձեռնութեամբ ու պահանջով, սթափում, մենք չենք կարող այս թմբիրի մէջ ապրել, որը ակամայ դարձրել ենք մեր դիմագիծը, մեր գոյատեւման ձեւը:
Սպասում ենք, որ ուրիշները մեր իրաւունքների համար աշխատեն:
Այո, անցել է Ապրիլը, Եղեռնի 95րդ տարելիցի հետ կապուած բոլոր յուզումները եւ այդ 95 տարիների մեր բեռով մենք փակում ենք այդ տարելիցը: Ուրեմն ընդամէնը մէկ ամիս էր պէտք սպառելու մեր ժողովրդի ողջ ճակատագիրն ու ապագան խաթարած այս անմոռաց ոճրի այդքան նշանակալից տարելիցի նշումը:
Այս տարի մի դատարկ էջ աւելացրինք 95 երկար ու ձիգ տարիներ լուծման սպասող մեր պատմութեան ամենաանարդար էջերին:
Ինքս ինձ հարցնում եմ. հնարաւո՞ր է այսպէս շարունակել:
Շուտով թեւակոխելու ենք 100րդ տարելիցը եւ մենք դեռ ոչ մէկ լուրջ ծրագիր ունենք, ոչ մէկ լուրջ պետական մշակուած ուղեգիծ մեր պահանջատիրութեան իրաւունքներին տէր կանգնելու, հասնելու համար: Պետականութիւն ու անկախութիւն ունենալով, դարձեալ ձեռնունայն, միայն Եղեռնի յուշակոթող այցելելով եւ համասփիւռ հայութեան քայլարշաւով ու օտարալեզու հանդէսներով մենք աւարտում ենք Ապրիլ 24ը, խիղճը հանգստացրածի հոգեբանութեամբ: Բայց չէ՞, որ այդպէս էինք վարւում նաեւ պետականութիւն չունենալուց առաջ: Տարբերութիւնը միայն այն է, որ հիմա պետութեան ղեկավարները իրենք էլ ազատ այցելում են այդ օրը Եղեռնի Յուշակոթող եւ ժողովուրդն էլ առաւել հոծ մասսայով (զանգուածով-Խմբ.) է ելնում իր այդ պարտքը կատարելու:
Այնինչ պետականութիւն ունենալը մեզ պարտադրում է մի հատ ծաղիկի փոխարէն մեր ազգային իրաւունքը հաստատող փաստաթղթով խոնարհուենք մեր զոհերի յիշատակը խորհրդանշող այդ կոթողի առջեւ, նրանց դէմ կատարուած անարդարութիւնների հատուցման լուրը աւետելու:
Դեռ մինչեւ այսօր մենք միայն Հայ Դատի աշխատանքներին ենք ապաւինում, որտեղ ջանք չի խնայում օտար պետութիւնների դռները բախելու, նրանց ճանաչել, ընդունել տալու մեր Ցեղասպանութիւնը, անտեսելով, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է մեր պետութեանը ստիպել, որ օրէնք եւ ուղեգիծ մշակի մեր պահանջատիրութեան համար:
Այստեղ ուզում եմ նաեւ մի փոքրիկ առաջարկ անել: Հայ Դատ անուանումը, այսօրուայ պահանջներով, մեր իրաւունքները ընդգրկող ոչ լիարժէք անուն է այլեւս:
Մենք Պահանջատէր ենք, պէտք է այլեւս այդ անունով գործենք, որ աշխարհը տեղեակ լինի, որ մենք միայն Ցեղասպանութեան ճանաչումով չէ, որ պահանջում ենք թուրքիոյ իր արարքի ընդունումը: Մենք պահանջ ունենք, մեր հողերի, մեր գրաւուած ինչքերի, մեր հարստութիւնների օգտագործած, բայց երբեք մեզ չհատուցած վճարումների:
Ժամ առ ժամ իրար կողոպտող, յօշոտող աշխարհի դիւանագիտութեան մէջ, մենք պէտք չունենք կոծկելու, զգուշօրէն, կ՛ամ աստիճանական հատուածների բաժանելու մեր իրաւունքները:
Մեզ պէտք է բացայայտ պայքար: Այո, ամբողջ աշխարհը բացայայտօրէն թող իմանայ, որ մենք միայն Թուրքիոյ գործած ոճրի ընդունման համար չէ, որ ջանք ենք թափում: Դա մեզ համար բաւական չպիտի լինի:
Մենք պէտք է այլես նոր ուղեգիծ մշակենք: Դա լինելու է մեր պահանջատիրութեան բացայայտ կիզակէտը: Դրա համար նոր անուանում պիտի տալ մեր պայքարին, որն բացայայտելու է մեր ամբողջական դիրքն ու ձգտումները: Այո, շեշտում եմ պայքարը, քանի որ առանց դրա անկարելի է հասնել մեր նպատակին, մեր Իրաւունքների Պահանջատիրութեանը, որն իր մէջ ամփոփում է մեր ազգային ձգտումների գաղափարն ու մղումը, մեր առջեւ դրուած դժուարին, բայց ոչ անհնարին գործը:
Մեր սերունդների իրաւունքներն են խլուել ու ոտնահարուել, մեր սերունդների պատկանելիութիւնն է հարստացնում թշնամուն, մեր սերունդներին աղքատացնելով, նրանց զրկելով այդ հարստութիւնների իրաւունքից, թափառականի վերջնական հոգեբանութեան մէջ մխրճելով նրանց: Տարիները գլորւում են ահաւոր արագութեամբ, մեր տեղանքներից ջնջում մեր հետքերը եւ մենք դեռ զգուշօրէն, դեռ օտար պետութիւնների աստիճանական քայլերով ենք փորձում ընդունել տալ մեր դէմ գործուած Ցեղասպանութիւնը:
Փաստն այն է, որ մեր պետութեան կողմից ոչ մէկ քայլ է արւում ծրագիր մշակել եւ օրէնք հաստատել մեր պահանջատիրութեան համար:
Մեր պետական մտածողութեան միջից իսպառ վերացել է ազգային պատասխանատուութիւնն ու պարտքը:
Վերջին հայ-թուրքական բանակցութիւնները, մեր կառավարութեան ֆուտբոլային քաղաքականութեան կիրքը, հաստատեցին, որ այնքան ժամանակ, որ մենք պետականօրէն մեր պահանջատիրութեան հասնելու ուղեգիծ չունենանք, իւրաքանչիւր պետական նոր գործիչ, ամէն անգամ, ըստ իր քմահաճոյքի եւ իր հետաքրքրասիրութեան ու ցանկութեան, առ ու ծախի է ենթարկելու մեր իրաւունքները, մեր սերունդների պատկանելիութիւնը:
Հայութիւնն այսօր ուրախ է, որ մեր կառավարութիւնը դադարեցրել, այսինքն ընդամէնը սառեցրել է, հայ-թուրքական համաձայանագրի գործընթացը: Մոռանալով, որ մենք դրա համար շնորհակալ պիտի լինենք, ոչ թէ մեր կառավարութիւնից, այլ թուրքերից, որ միայն իրենց յայտնի պատճառով կասեցրին համաձայնագիրը: Թէեւ մենք դեռ ոչ մէկ երաշխիք ունենք, չգիտենք, որ մեր այս նոյն կառավարութիւնը ինչ որոշում կը կայացնի թուրքերի նոյն հարցի կրկին ակտիւացման դէպքում:
Իրականութիւնն այն է, որ մենք այսօր դատարկ ձեռքով ու դեռ գլխիկոր ենք մեր ժողովրդի նահատակների առջեւ եւ ամենավտանգաւորը՝ մեր իրաւունքների պահանջը մենք բեռ ենք դարձրել մեր ուսերին ու յոգնած այդ բեռից ամէն ինչ անում ենք շուտ ազատուելու դրանից: Վկան՝ թուրքերի հանդէպ արդէն մասսայական բնոյթ կրող մեր զիջող տրամադրուածութիւնը:
Հայ գրողները առաջադէմ երեւալու ձգտումով, հանդիպումներ են կազմակերպում թուրք գրողների հետ մեր երկրում, նրանց ներկայացնում մեր ժողովրդին, թարգմանում նրանց գործերը, որպէսզի մեր ժողովուրդը ծանօթանայ թուրքի կեանքին: Այն դէպքում, երբ երկրի ժողովուրդը չի կարդում այլեւս իր գրողների գործերը:
Հայ երաժիշտները հաճոյքով են ելոյթ ունենում Թուրքիայում: Այսինքն այն ամէնը, որի համար զոհ է դառնալու մեր Ցեղասպանութիւնը, արդէն առանց զիջում-համաձայնագրի ինքնաբերաբար մեծ աճապարանքով արւում է, միայն թէ ոչ պետական մակարդակով, այլ անհատների կամ առանձին կազմակերպութիւնների կողմից: Եւս մի քանի տարի եւ մենք շուտով առանց պարտադրանքի կամ համաձայնագրի կը զիջենք մեր ազգային իրաւունքները:
Մենք հասել ենք այն ծայրայեղութեան, որ ինքներս գնում ենք դէպի անգիտակից խեղաթիւրումների, որն օգնում է ոչ թէ մեր պահանջատիրութեան իրաւունքներին, այլ՝ հակառակորդի ժխտումները հաստատելուն:
Ըստ «Ասպարէզ» Մայիս 25ի հաղորդագրութեան՝ Պոլսոյ Շիշլիի գերեզմանատան մէջ տեղադրել են Դ. Վարուժանի մարմարակերտ դամբարանը, վրան իր նշանաւոր «Անդաստան» բանաստեղծութեան տողերը մակագրուած: Յիշեցնեմ այդ բանաստեղծութիւնը՝ «Արեւելեան կողմն աշխարհի խաղաղութիւն թող ըլլայ…»
Խաղաղութեան, բերրիութեան, առատութեան, սիրերգութեան այս օրհներգութեան տողերը վիրաւորուած հանգչելու են այդ սառը քարին, թէկուզ մարմարէ, աղաւաղելով մեծ քնարերգուի ամենամարդասիրական մտքերը: Այդ երկրին չեն պատկանում իր մաքրամաքուր երազանքի օրհնութեան տողերը: Եւ այդ գերեզմանատան մէջ նրա դամբարանի ներկայութիւնը իր եղերական մահը քօղարկող ամենամեծ ապտակն էր, որ 95 տարիներ անգերեզման մնալուց յետոյ կարելի էր հասցնել ոչ միայն մեծ բանաստեղծին, այլ նաեւ մեր միլիոնաւոր զոհերի յիշատակին:
Թող ինձ ներեն պոլսահայերը եւ բոլոր նրանք ովքեր մեծ նուիրումով այդ յուշադամբարանն են կանգնեցրել, կարծելով, որ իրենց պարտքն են կատարել մեծ գրագէտի առջեւ, բայց ես չեմ կարող իմ ընդվզումը չարտայայտել եւ չյայտնել, որ դրանով նրանք մեծ վիրաւորանք հասցրին ե՛ւ իրենց ազգական-քաղաքացի, հայութեան պաշտելի բանաստեղծ Վարուժանին, ե՛ւ պատմութեանը: Իրենց այդ արարքով նրանք ջնջեցին Վարուժանի դէմ կատարուած գազանային ոճիրը եւ Ցեղասպանութիւնը:
Միթէ՞ Վարուժանը Պոլսում էր մահացել եւ 95 տարիներ անգերեզման մնալուց յետոյ, որոշուել էր նրա յիշատակը յաւերժացնել Պոլսոյ Շիշլիի գերեզմանատան մէջ:
Կարդանք Մ. Շամտաճեանի «Չանղըրըէն վերյիշումներ»ը: Օգոստոս 26ին, Հինգշաբթի առաւօտեան, հինգ հոգի երկու կառքով ուղարկւում են Այաշ, որոնց մէջ էին Ռ. Սեւակը եւ Դ. Վարուժանը՝ ձեռքերը կապուած: Ճանապարհին, Այաշի ձորում, կառքերը կանգնեցում են, հինգ այլ աւազակներ մօտենում են կառքին, կողոպտում իրենց զոհերին, յետոյ նրանցից իւրաքանչիւրը մի զոհ ընտրելով դանդաղօրէն ու հանդարտ կապում են նրանց ծառից եւ սկսում իրենց պաշտելի գործը՝ դանակներով, սղոցներով հանգիստ մորթոտում են հայ զոհերին: Հասան անունով այն կառապանը, որը նրանց այդտեղ էր հասցրել իր կառքով, նկարագրել է, թէ ինչպէս են յօշոտել Սեւակին եւ Վարուժանին: Նախ Սեւակի թեւերն ու ոտքերն են սղոցել, կտրատել, յետոյ մարմինը բզկտել: Վարուժան փորձել է ինքզինքը պաշտպանել, խեղճ Վարուժան ինչպէ՞ս կարող էր թեւերով ծառից կապուած պաշտպանուել: Նրա նախ աչքերն են փորել եւ յետոյ՝ սպանել:
Շամտաճեանը անձամբ, ուրիշ փրկուած հայերի հետ Թիւնէյ գիւղի ճամբեզրին տեսել է թեթեւ սեզերով ծածկուած հինգ մարմիններ: Սեւակի եւ Վարուժանի յօշոտուած մարմինները նրանց մէջ են եղել:
Բոլոր փաստերը, վկայագրութիւնները հաստատում են Վարուժանի եղերական մահը, մինչեւ իսկ վայրը: Եւ բնականաբար տեղին պիտի լինէր, որ այդ վայրում, ուր գազանաբար մորթոտեցին նրան, կանգնեցուէր այդ դամբարանը: Իր լուսաւոր բանաստեղծութեան փոխարէն էլ նկարագրէին, նոյնիսկ քանդակէին, թէ ինչպէ՛ս թուրք դահիճների ձեռքով մորթոտուեց այդ տաղանդաշատ բանաստեղծը: Այսպիսով ե՛ւ Վարուժանի ե՛ւ պատմութեան առաջ մեղանչած չէին լինի նրանք: Չէ՞ որ յուշարձանները մէկ օրուայ համար չեն, դրանք ապրում են հարիւրաւոր տարիներ, եկող սերունդներին պատմում ժամանակի եւ տուեալ անձի ճակատագրի մասին:
Շիշլիի գերեզմանատան մէջ Վարուժանի դամբարանը սերունդներին սխալ տեղեկութիւն է փոխանցելու եւ ոչ մէկը այսօրուայ ներկաներից, այնտեղ կանգնած չի լինելու, որ բացատրի իրական եղելութիւնը, նրա գազանային սպանութեան մանրամասները:
Եւ Վարուժանի ողբերգական մահից անգիտակ մարդիկ պիտի կարծեն, որ նա 31 տարեկանին մահացել է եւ նրա մարմինը սովորական ձեւով յանձնուել է հողին այդ գերեզմանատան մէջ:
Արդեօք այսպիսով մենք ակամայ չե՞նք դառնում մեր պատմութիւնը աղաւաղող, ջնջողներ: Այսպիսով մենք վիրաւորանք չե՞նք հասցնում մեր միլիոնաւոր անգերեզման զոհերին:
Եթէ այսպէս, աստիճանաբար մենք դամբարաններ կառուցենք գերեզմանատներում, մենք մեր ձեռքով յաւերժ ջնջելու ենք մի ամբողջ պետութեան մեր դէմ կատարած գազանային ոճիրը: Մենք մեր կամքով, մեր ներդրումով, մեր ցանկութեամբ ու ձեռքով ջնջելու ենք Ցեղասպանութեան փաստերը:
Վստահաբար, ոչ մէկը միտումնաւոր կերպով չի արել այս սխալը, բայց այն դաս է բոլորիս համար, թէ որքան զգոյշ պիտի գործենք, երբ պատմութեան հետ ենք առնչւում: Ապրողները իրաւունք չունեն մեռնողներին վիրաւորելու: Եւ վերջապէս Այաշի ձորում, Թիւնէյի ճանապարհին եթէ կանգնեցուէր այդ յուշադամբարանը այն կը դառնար նաեւ մարդկութեան ուխտատեղի, ուր կը գային ծնրադրելու գազանաբար սպանուած մեծ բանաստեղծի շիրմին, իրենց հետ տանելով նաեւ մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնից մի պատառիկ: Այն կը դառնար մեր Ցեղասպանութեան խօսող փաստերից մէկը: Իսկ հիմա, ո՞վ է այս բոլոր բացատրութիւնը տալու Շիշլիի այն էլ այլեւս ոչ հայկական գերեզմանատան այցելուներին:
Այստեղ է շեշտւում մեր ազգային ուղեգծի բացակայութիւնը:
Այսօր թուրքիան իր երկրամասից հեռու, մինչեւ իսկ իր հետ կապ չունեցող մի երկրում՝ Արժանթինում, փորձում է իր հզօրութեան մի խորհրդանիշ թողնել, իր գոյութիւնը յիշեցնել երկրագնդի մէկ այլ մայր ցամաքում՝ Պուէնոս Այրեսի մեծ զբօսայգիներից մէկում կանգնեցնելով Աթաթիւրքի կիսանդրին: Ամէն միջոց օգտագործում է սրբացնելու, պանծացնելու իր նախնիներին: Մի կողմից այսօրուայ Թուրքիան իրեն հեռացնում է իր նախնիներից, նրանց գործած ոճիրներից, բայց եւ քարոզչութեան համար պանծացնում նրանց յիշատակը:
Տեսնո՞ւմ էք, ազգերը հէնց անպէս, մեծ չեն դառնում: Նրանք նպատակագծով, ուղեգծով են մեծանում, իսկ մենք դրա փոխարէն, հոծ խմբերով վազում ենք Անթալիա, կամ Թուրքիոյ որեւէ վայր՝ հանգստանալու, թուրքին հարստացնելու: Միայն հատ ու կենտ հայեր են գնում Տէր Զօր, Մարկատէ, Շետետտիէ, Եփրատի ափերը: Ինչո՞ւ, չէ որ դրանք մեր նահատակների վերջին հանգրուաններն են եղել: Դրանք մեր Օսուենցիմներն ու Աուշուիցներն են: Պէտք է դրանք դառնան մեր ուխտատեղիները: Մատուռ կառուցելու կողքին պէտք է այդ բոլոր վայրերում կատարուած վայրագութիւնների մասին մի քանի լեզուներով արձանագրութիւններ տեղադրել:
Այո՛, մենք պարտաւոր ենք այդ քարոզչութիւնը տանելու: Մեր ուսերին դրուած ազգային պարտականութիւն է, որ մոռացութեան չտրուի գործադրուած ոչ մէկ ոճիր, ոչ մէկ անկիւն, ուր չարաչար խողխողուել է մեր ժողովուրդը: Դրա իրաւունքը մեր միլիոնաւոր զոհերի գնով ենք ստացել: Դա ամէնից առաջ մեր պատմութիւնն է, եւ յետոյ մենք պէտք է արթնացնենք եկող սերունդին, կապենք նրանց մեր պատմութեան այդ ողբերգական էջին, տեղանքով, շօշափելի տեսողութեամբ, որ հասկանան թէ ինչպէս են երկրի հեռաւոր ծայրերից ծարաւ ու անօթի, ցնցոտիների մէջ կորած, արիւնլուայ ոտքերով, հսկայական կորուստներով, անվերջ քայլել իրենց մահուան վերջին հանգրուանին հասել: Այդ ճանապարհը, ինքնաբերաբար մարդուն ստիպում է անդրադառնալ նրանց քաշած չարչարանքներին: Չէ՞ որ նոր սերունդները այդ դէպքերի հեռաւոր ընկալողներն են: Ուրեմն չթողնենք, որ հարեւանցի, կիսաօտարացած մօտենան մեր այդ ամենակարեւոր հարցին: Մենք դեռ պահանջատէր ենք եւ մեր պահանջատիրութիւնը անժամկէտ է, եւ դրա անժամկէտութիւնը մեր ձեռքն է:
Վերադարձին օդանաւում կողքիս նստած է բարձրահասակ, գեղադէմ մի երիտասարդ: Երկար ճանապարհի ժամանակամիջոցին մարդիկ յաճախ ծանօթանում են միմեանց հետ: Բժիշկ է, դէմքի վիրաբոյժ, թէեւ լաւ գործ ունի Հայաստանում, բայց զզուած է կարգերից, անօրինութիւնից եւ Ամերիկայում ապրող իր բժիշկ ընկերների խորհրդով գալիս է մնալու ու աշխատելու Լոս Անջելոսում: Երջանիկ է, որ հեռանում է, երջանիկ է, որ ոտք է դնելու «աւետեաց» երկիր:
Այնուամենայնիւ հարցնում եմ մեր պահանջատիրութեան հանդէպ իր կեցուածքի մասին: Անտարբեր է, իրեն միայն ճոխ կեանքն է հետաքրքրում:
Իսկ նրան հակադիր արժանթինահայութիւնն է կանգնում ազգային ողջ մեծութեամբ, աշխարհի ողջ հայութեան իրաւունքները պաշտպանելու շնորհակալ աշխատանքով: Արժանթինահայը օտար, իր պատմութեան հետ անգամ կապ չունեցող, իր լեզուն անգամ չխօսող մի երկրում պայքարում է իր ազգային իրաւունքների համար, վիրաւորանք նկատում հայ ջարդարար Աթաթուրքի կիսանդրու ներկայութիւնը իրեն հիւրնկալած երկրում, իսկ մեր երկրում, մեր հողի վրայ թուրքին հաճոյանալու համար սպորտային համազգեստից ջնջում են երկրի ու հայութեան խորհրդանիշ Արարատի ուրուագիծը եւ ոչ մէկը ծպտուն չի հանում:
Հնարաւո՞ր է այսքան մեծ տատանում նոյն ժողովրդի մէջ ազգային ջիղի, ազգային ոգու, գիտակցութեան ու պարտականութեան հանդէպ:
Մեր երկրում կարծես բոլոր կենսական ու քաղաքական հարցերը լուծել էին, հիմա էլ աշխուժացել է օտար լեզուներով դպրոցներ բացելու խնդիրը: Կարծես նախկին, սովետական կարգերի ռուսական դպրոցների գոյութիւնը ամենեւին դաս չի եղել իրենց, երբ ժողովրդի 90 տոկոսը ռուսախօս դարձաւ եւ մինչեւ հիմա էլ դեռ կրում ենք մեր լեզուն աղաւաղած դրա ազդեցութիւնը:
Լաւ է, որ այս հարցում գոնէ այս անգամ ժողովուրդը աւելի սթափ է մտածում եւ դէմ է կառավարութեան առաջարկներին:
Արդէն Ամերիկեան համալսարանի գոյութեամբ մենք աշխուժացրինք, երիտասարդ մասնագէտների արտագաղթը երկրից, հիմա էլ ուզում են օտարալեզու դպրոցներով ժողովրդի հոծ զանգուածին պատրաստել երկրից դուրս գալուն:
Սփիւռքը իրեն կոտորելով, օտարալեզու, նիւթապէս աւելի մատչելի դպրոցների փոխարէն հազարաւոր զոհողութիւններով հայկական դպրոցներ են ստեղծում հայ լեզուն պահպանելու համար: Ծնողներն էլ մեծ զոհաբերութիւններով իրենց զաւակներին հայկական դպրոցներ են ուղարկում հայ լեզուն պահպանելու համար, իսկ մեր երկրում փորձում են կրկին երկրորդ կարգի դարձնել, դանդաղօրէն իսպառ վերացնել հայերէնը: Եւ դա անում են ոչ թէ անհատները, այլ պետական համապատասխան մարմինները:
Իրապէս մեր պետական գործիչները իրենց քմահաճութեան գործ են դարձրել ժողովրդի, երկրի ապագան ու ճակատագիրը:
Բնականաբար ողջ սփիւռքը դէմ է այդ առաջարկին:
Կարծում եմ, ինչպէս այս հարցում ժողովուրդը ունի իր դիրքորոշումը եւ չի զիջի իր դիրքը, այդպէս էլ մենք ամբողջ հայութեամբ ստիպելու ենք մեր կառավարութեան ազգային ուղեգիծ, ծրագիր մշակելու մեր ժողովրդի ոտնակոխուած, խլուած իրաւունքները ետ ստանալու, պահանջատէր դառնալու համար:
Դա մեր ազգային պարտքն է եւ մենք ազգովին պարտադրուած ենք այդ պարտքը ուշացած, բայց ամէն գնով կատարելու:
15 Յունիս, 2010թ.