
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Յունիս 21ին կայացած ասուլիսի մը ընթացքին, «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խումբի անդամ Արայիկ Յարութիւնեան յայտնած է, թէ խումբը կը պատրաստուի բողոքելու Երեւանի քաղաքապետարանի որոշման դէմ, որով արգիլուեցաւ խումբին կազմակերպելիք «Համերաշխութեան համերգ»ը:
Յարութիւնեանի խօսքով, քաղաքապետարանի տուած պատճառաբանութիւնը շատ անհեթեթ է: «Մերժման փաստաթուղթն ինքնին անհիմն է, որովհետեւ հիմք է ընդունուել Ապրիլի 22ի «Մոսկուա» կինոթատրոնի գլխաւոր տնօրէն Ադոյեանի կողմից ներկայացուած գրութիւնը, ըստ որի՝ Ադոյեանը քաղաքապետարանից խնդրում է թոյլ չտալ «Մոսկուա» կինոթատրոնի յարակից հրապարակում զանգուածային միջոցառումներ անցկացնել: Եթէ այս տրամաբանութեամբ առաջնորդուենք, կը ստացուի, որ ցանկացած մշակութային օճախի կամ օպյեկտի տնօրէն հէնց դիմի քաղաքապետարանին, քաղաքապետարանն այդ դիմումը կարող է հիմք ընդունել եւ զանգուածային միջոցառում կատարելու ցանկացած հայց մերժել: Սա անհիմն է, եւ նախաձեռնութիւնը պատրաստւում է բողոքարկել այս որոշումը համապատասխան ատեաններում», նշած է ան՝ դիտել տալով, որ նոյն օրը «Մոսկուա» թատերասրահի յարակից հրապարակին վրայ կը նախատեսուի համերգ մը կայացնել:
Յարութիւնեան նաեւ յայտնած է, որ թէեւ քաղաքապետարանի որոշման դէմ բողոք ներկայացնելու համար 2 ամիս ժամանակ կը տրուի, սակայն, նախաձեռնութեան անդամները կը պատրաստուին յառաջիկայ 4 օրերուն դատարան ներկայացնել համապատասխան բողոքը, որուն համար առայժմ կը խորհրդակցին իրաւաբաններու հետ:
Ասուլիսին ներկայ ռաք-երաժիշտ Մհեր Մանուկեան, իր կարգին, յայտնած է. «Անկախութիւնից ի վեր մեր միջից փորձում են հանել «ո»չ ասելու ունակութիւնը: Լկտիութիւնը շարունակում է աճել, եթէ այն չի կանգնեցւում: Մենք պէտք է կարողանանք տէր կանգնել մեր «ո»չին»:
Իսկ երաժիշտ, երգահան Վահան Արծրունի ըսած է, թէ իր կարծիքով, «Դեռ ապրում ենք մի շրջանում, երբ գուցէ որոշ տգէտների որերորդ անգամ պէտք է բացատրուի, թէ ի՞նչ են ազգային դպրոցը, հայոց լեզուն եւ ազգային պետութիւնը»:
Ան նկատել տուած է, որ իր շրջապատին մէջ ռուսական կրթութիւն ստացած մարդիկ շատ են, սակայն անոնցմէ ոչ մէկը կողմ է ոչ-հայկական դպրոցներու բացման: Ըստ երգահանին, նախաձեռնութիւնը կրնայ հիմք ստեղծել հասարակական հետզհետէ խորացող շերտաւորման:
«Այն խաւը, որն այսօր հնարաւորութիւն ունի օրէնսդրական փոփոխութիւններ անելու, ի՛նքը պէտք է հետաքրքրուած լինի եւ մտահոգուած լինի նրանով, թէ իրենց զաւակները ինչպիսի՞ միջավայրում պէտք է մեծանան: Այս ներխաւային խնդիրը դառնում է ազգային եւ առաջացնում է հսկայական տարաձայնութիւներ ու ալեկոծումներ մտաւորականութեան շրջանում, որովհետեւ ես համոզուած եմ, որ անկիրթ մարդը չի կարող գիտակցել, որ հիմա փորձում են խարխլել պետական, ազգային մտածողութեան եւ ազգային նկարագրի ամենահիմնական գաղափարախօսութիւնը», ըսած է ան՝ աւելցնելով, որ գիտակից մարդոց համար ակնյայտ է նման փոփոխութիւններ ուզող մարդկանց նկարագիրը:
Վ. Արծրունի լաւատեսութիւն յայտնած է նաեւ նկատելով, որ հայ ժողովուրդը բնազդով կը զգայ իր անվտանգութեան առնչուող խնդիրները ու կ՛արձագանգէ անոնց:
Հայտարարություն
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
http://www.ardarutyun.org/?p=2483
Շնորհակալություն հարգարժան Արմեն Այվազյանին, Արա Պապյանին, Ռուբեն Թարումյանին, Հարություն Մեսրոբյանին, Դավիթ Գյուլզադյանին, Ալբերտ Նալչաջյանին, Հայկ Ալումյանին … բոլոր, բոլոր նրանց ում համար թանկ է մեր լեզուն, մեր մայրենին, մեր պետականության ամրության ու մեր գոյի միակ ու ամենագլխավոր հիմնաքարը:
Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեր աչալրջության, հետևողականության ու արդարացի ընդվզումի համար:
Ցավով պետք է արձանագրել, որ ինչքան փորձում ենք նմանվել Եվրոպային, այնքան հեռանում ենք մեր արմատներից ու մխրճվում գլոբալիզացիայի գիրկը, որը մեր մի բուռ ազգի համար անդառնալի հետևանքներ է ունենալու:
Նախագահի, կառավարության կողմից ամեն մի ապազգային որոշում, մեր ժողովրդի կողմից համարժեք արձագանքի չի արժանանում, ընդունվում է լռելյան:
Հարմարվողական, կրավորական կեցվածք ընդունելը դարձել է մի տեսակ օրինաչափություն: Իշխանավորների այսօրինակ կամայականություններին մեր ժողովրդի հանդուրժողականությունը նրանց լկտի ու սանձարձակ է դարձրել:
Ապազգային քաղաքականության հիմքը դրվեց դեռ այն օրվանից, երբ կրոնի ազատության մասին օրենք ընդունվեց, հաճոյանալու համար Եվրոմիությանը: Հենց այն ժամանակ պետք է բուռն քննարկումներ լիներ ու ընդվզումներ: Միթե՞ պակաս քայքայիչ չէ ու ազգի հիմքերը խարխլող, քանդող, երբ եհովականությունն արտոնվեց մի բուռ ազգիս պառակտելու, ծվատելու համար:
Ի՞նչն է հային հայ պահողը.
1. Մայրենի լեզուն,
2. Քրիստոնեական հավատքը,
3. Հայեցի մտածողությունն ու հայրենապաշտությունը…
Հավատքի մասով իրենց սև գործն արել են արդեն. oր-օրի ավելանում են եհովականների
թիվը, հերթն արդեն լեզվինն է, իսկ թե հաջորդ անկանխատեսելի քայլը ո՞րն է լինելու…
անակնկալ – անակնկալի հետևից մատուցվում է մեր ազգին. դեռ ֆուտբոլային դիվանագիտության դառնահամ պտուղները չմարսած, հիմա էլ նոր անակնկալ. իսկը Պուշկինի “Ոսկե ձկնիկը” հեքիաթում ենք հայտնվել. հայ երեխային, իր մայրենին դեռ չսերտած, օտար լեզուն են հրամցնում: Սա էլ իր հետին մտքերն ու հեռահար նպատակներն ունի Հայաստանը հայաթափող:
Պարզից էլ պարզ է, երբ մարդը լիակատար տիրապետում է այս կամ այն օտար լեզվին, նրա դեմ փակ դուռ չկա լքելու Հայրենիքը և օտար ափերում փնտրելու բարեկեցիկ կյանք: Երբ խորը մտածում ենք, վերլուծություն կատարում, առերեսվում ենք մի դաժան իրողության, որ մեր կառավարությունը ձգտում է արագացնել արտագաղթը ու տարբեր ելքեր է փնտրում, որոնցից մեկն էլ օտարալեզու դպրոցների բացումն է, որն անմիջապես հարվածում է մատաղ սերնդի ինքնության ձևավորմանն ու հայեցի մտածողության դրսևորմանը:
Մեղք է մեր ազգը, որի ազգային անվտանգության պատասխանատուն աթոռատենչ Արթուր Բաղդասարյանն է, իսկ կրթության ու գիտության նախարարը Աշոտյանը (իրականում ազգի ցեցերը) մարդ, որը մեծ ճիգեր է գործադրում ցույց տալու, թե ինքը լի ու լի տիրապետում է կրթական համակարգին ու բարեփոխումներ է փորձում իրականացնել, բայց այս անհաջող բարեփոխումը լինելու է չարյաց մեծագույնը. խորացնելու է սոցիալական բևեռացումը, հայ երեխան սեփական պատմությանը անհաղորդ է մնալու, դառնալու է օտար մտածողության կրողը, իսկ հետևանքներն
անդառնալի են լինելու :
Լավ, մի բան չեմ հասկանում. այս մի բուռ ազգը ինչքա՞ն փորձությունների միջով պիտի անցնի. Հայի արյական ոգին փորձում են մերել օտար գենի հետ. առանց այդ էլ Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայության սերունդները խոսում են օտար լեզվով, իսկ անկախությունից հետո ՀՀՇ-ի վարած սխալ քաղաքականության շնորհիվ կիսով չափ հայաթափվեց Հայաստանը և հիմա սփյուռքում հասակ առած ու ծնված հայ երեխան դարձյալ օտար լեզվով է խոսում: Մոտավոր հաշվարկով սփյուռքահայության 80-90%-ից ավելին տիրապետում է օտար լեզվին. Պարոն Աշոտյանը գիտի՞, որ հայ երեխաները այստեղ՝ Եվրոպայում բարձրագույն ուսում առնելով, ոչին չգիտեն Հայոց պատմությունից, իրենց արմատներից ու նրանց տրամաբանությունը նման է եվրոպացու, ոչ՝ հայի: Անգամ հայերեն գրել ու կարդալ չգիտեն: Երբ Հ-1-ով “Հայ ասպետ” հաղորդաշարն է լինում, հայ երեխան կլանված լսում է ու զարմանում մեր հայ աշակերտների Հայոց պատմության իմացության վրա: Դեռ 2007 թվականին ես խնդրանքով դիմեցի Հ1-ի տնօրեն Ա. Հարությունյանին, որ հեռուստատեսությամբ մայրենի լեզվի ուսուցման դասաժամեր հատկացնեն հմուտ մանկավարժների
մասնակցությամբ ու գոնե շաբաթական երկու օր ու նույն ժամին ուսուցանվի հայերեն. սկսած այբուբենից, որ սփյուռքում հայտնված հայ երեխան գոնե տառաճանաչ դառնա, սակայն պատասխան չունեցա, ես ստիպված նույն խնդրանքով դիմեցի Սերժ Սարգսյանին, երբ նա վարչապետ էր, դարձյալ լռություն, դիմեցի այսօրվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չշարժվեց: Խորը ցավով եմ գրում, որ մեր մայրենին կամաց-կամաց հոգևարք է ապրում սփյուռքում:
Եթե այսօր նման պատկերի ականատեսն ենք, ապա ինչ՞ սպասենք 50, 100 տարի անց… Իմ խորին համոզմամբ պարոն Աշոտյանի մտադրությունը մեկն է. հայի միջից արմատախիլ անել հայի ոգին, ինքնության գիտակցումը, այն, ինչը հային հայ է պահում:
Երկար տարիներ գտնվելով սփյուռքում, առերեսվելով հայի ուծացման փաստի հետ, սրտիս խորին մի անկյունում հույսեր էի փայփայում, որ կա Հայաստան աշխարհ, որտեղ հայ երեխան հայ է մեծանում իր մտածողությամբ, հայրենասիրությամբ, հայերենի իմացությամբ…, որ գոնե նրանց ուծացման վտանգը չի սպառնում…, բայց այսօր այդ վտանգը եկել մեր դուռն է չոքել:
Մենք՝ հայերս տառապում ենք օտարամոլության սինդրոմով, միշտ ուրիշից օրինակ վերցնելու սովորույթով, թեկուզ ինչքան էլ վատը լինի օտարինը, մենք մեր լավը օտարից ստորադասում ենք: Այսօր այդ օտարամոլությունը պարզ երևում է նոր նկարահանվող Հայկական սերիալներում, որտեղ գործող անձերից ոմանք պարտադիր պետք է խոսեն ռուսերեն. ցուցամոլությու՞ն որակել, թե՞… գլուխ չեմ հանում. այն դեպքում, երբ հազարավոր սփյուռքահայերի անմատչելի է ռուսերենը: Չեմ մոռանում, երբ սովետների ժամանակ շատ ծնողներ իրենց երեխաներին ռուսական կրթություն ստանալու համար
ամեն միջոցի դիմում էին, մինչև անգամ կաշառքի, որ իրենց երեխան ռուսական կրթություն ստանա: Էլ չեմ ասում մոդայիկ էր դարձել ռուսերենի իմացությունը ցուցադրել ամենուրեք:
Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ հայ երեխան տիրապետի օտար լեզուների, քավ լիցի, թող 10-ը լեզու իմանա, բայց ոչ մեր մայրենի լեզուն ոտնատակ անելու հաշվին: Երկրաշարժից հետո, երբ Անգլիայի Վարչապետ Մարգարիտա Թեչերը եկավ աղետի գոտի, նրան թարգմանում էր 5-րդ դասարանցի իմ զարմուհին:
Վարչապետը հիացել էր նրա անգլերենի իմացությամբ:
Ի՞նչ է, հնարավոր չէ այսօր հանրակրթական դպրոցներում հայերենին զուգահեռ օտար լեզվի իմացության պատշաճ մակարդակ ապահովել, որակյալ, լավ մասնագետների օգնությամբ, իհարկե անլուծելի ոչինչ չկա, միայն նվիրվածություն, հետևողականություն ու ցանկություն լինի: Աշոտյանի թեթևամիտ այս քայլը նման է, երբ մարդը փորձում է փոքրիկ առանձնատուն կառուցել, տապալում է հազարավոր արհավիրքների դիմակայած հզոր ամրոցը:
Մեր Մայրենին այսօր անպաշտպան որբուկի կարգավիճակում է հայտնվել. ազգովի պետք է նրան պաշտպանենք Աշոտյաններից։
Մենք փոքր ազգ ենք, բայց անցել ենք դարերի փորձությունների միջով ու հազարամյակներ գոյատևել մեր լեզվի շնորհիվ: Ցնորվել կարելի է. այսօր գիտության ու կրթության նախարարը հավան չէ մեր լեզվին. չգիտեմ, ապշած եմ ու բառեր չեմ գտնում արտահայտվելու իմ մեջ կուտակված զայրութը: Հարց է ծագում, երբ Հայաստանի Հանրապետության գիտության ու կրթության նախարարն օտար գաղափարների կրողն է, ու՞մ վստահել աճող սերնդի հայեցի դաստիարակությունը, ու՞մ…
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Բրյուսել,
Ռամկավար Մամուլ
Յունիս 17, 2010