ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարար Հիլարի Քլինթընի Հայաստան կատարած կարճատեւ այցը եւ մասնաւորաբար Հայաստանում նրա արած յայտարարութիւնները քաղաքական նոյնիսկ աննշան փոփոխութիւնների խոստումներ չհաղորդեցին թէ՛ հայկական, թէ՛ ամերիկեան եւ թէ՛ տարածաշրջանային կողմերի համար: Փաստօրէն, տիկին նախարարի Հայաստան կատարած ուղեւորութիւնը մնաց ձեւական ու պաշտօնական այցի սահմաններում: Ինչ որ ասաց նա Երեւանում, արդէն ասուել էր իր գլխաւորած նախարարութեան կողմից: Նոր բան չլսեցինք տիկին Քլինթընից:
Հայաստանի արտգործնախարար Նալբանդեանի հետ ունեցած մամլոյ համատեղ ասուլիսին խօսելով մի քանի շաբաթ առաջ Արցախի սահմանային գծում տեղի ունեցած արիւնալի դէպքերի մասին, տիկին Քլինթընը «ցաւ» յայտնեց մարդկային զոհերի համար եւ «անընդունելի» համարեց 1994 թուականի հրադադարի համաձայնագրի խախտումը:
Այդքանը միա՛յն: Իսկ նա չդատապարտեց մարդկային այդ զոհեր պատճառող եւ հրադադարը խախտող կողմին՝ Ադրբեջանին, եւ փոխարէնը կոչ արեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ «բռնութիւններին վերադառնալը անընդունել է», ստեղծելով այն տպաւորութիւնը, թէ իբր երկու կողմերն էլ իրենց յանցանքի հաւասար բաժինն ունեն այդ խախտման եւ չորս հայ զինուորների նահատակման հարցում: Շարունակելով իր յայտարարութիւնները տիկին Քլինթընը նաեւ կոչ արեց Հայաստանին ու Թուրքիային, որ վերաշխուժացնեն հայ-թուրքական տխրահռչակ արձանագրութիւնների գործընթացը, յորդորելով երկու կողմերին, որ ջանքեր գործադրեն եւ շարունակեն որոնել յարաբերութիւնների կարգաւորման դուռը բացելու հնարաւորութիւնները: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Նալբանդեանը անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւններին միամտօրէն յայտարարեց, թէ «մենք պատրաստ կը լինենք շարժուել առաջ, երբ որ Անկարան եւս նորից պատրաստ կը լինի շարժուել առաջ, կարգաւորել յարաբերութիւնները առանց նախապայմանների»: Հայաստանի արտգործնախարարը արդեօք դարձեալ մոռացա՞ւ, որ անցեալ տարուայ Հոկտեմբերի 10ին, իր ստորագրած հայ- թուրքական յարաբերութիւնների տխրահռչակ արձանագրութիւնները պարունակում են հայ ժողովրդի համար պարտուողական նախապայմաններ: Չէ՞ որ ստորագրման ժամանակ իր մօտ կանգնած էր նաեւ Միացեալ Նահանգների արտգործնախարար Քլինթընը: Ինչպէ՞ս կարելի է մոռանալ կամ անտեսել արձանագրութիւններում տեղ գտած այդ նախապայմանները: Սեւով սպիտակի վրայ գրուած են այդ նախապայմանները: Հաւատացած եմ, որ եթէ չբարձրացուէին համայն հայութեան համաժողովրդական բողոքի ու ցասումի բուռն ալիքները, Հայաստանի իշխանութիւնները արեւմուտքին ու արեւելքին դուր գալու համար տեղի կը տային թուրքական կողմի այլ նախապայմանների, ահաւոր վիճակ ստեղծելով Արցախի ազատատենչ ժողովրդի եւ համայն հայութեան համար: Արձանագրութիւնների գործընթացի ժամանակաւոր առկախումը եւս բարձրացուած նոյն բողոքի ալիքների արդիւնքն էր:
Միացեալ Նահանգների արտգործնախարար Քլինթընը Հայաստան կատարած իր մէկ ու կէս օրուայ ուղեւորութեան շրջանակում այցելեց «Գաֆէսճեան» արուեստի կենտրոն, ուր, ըստ հաղորդագրութիւնների, ելոյթ ունեցաւ Հայաստանի հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, իրաւապաշտպանների եւ լրագրողների առջեւ: Հարցական է մնում, թէ ինչու՞ Միացեալ Նահանգների արտգործնախարարը կամ նրա այցի ժամանակացոյցն ու ծրագիրը մշակած անձինք, որոնց թւում ամենայն հաւանականութեամբ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանուհի Մարի Եովանովիչը, Հայաստանում գործող բազմաթիւ հեղինակաւոր կենտրոնները մի կողմ թողած, ընտրել են «Գաֆէսճեան» կենտրոնը: Չէ՞ որ տիկին Քլինթէնի այցը կրում էր պաշտօնական բնոյթ եւ ակնկալելի էր, որ նման հանդիպում տեղի ունենար, ասենք, Երեւանի պետական համալսարանում, Ազգային գիտութիւնների ակադեմիայում կամ այդ կարգի մի այլ կենտրոնում: Տիկին արտգործնախարարը իր այդ ելոյթում խօսեց ժողովրդավարական հասարակարգում ազատ խօսքի, մամուլի եւ զանգուածային լրատու միջոցների ազատ գործունէութեան կարեւորութէան մասին: Զաւեշտականն այն էր, որ այդ պահին իր Bossի՝ արտգործնախարար Քլինթընի խօսքերը ունկնդրում էր նաեւ առջեւում կանգնած դեսպանուհի Մարի Եովանովիչը, որը անցեալ տարուայ Յունիսի 24ին, այստեղ՝ «Ֆերահեան» վարժարանում, թոյլ չտուեց, որ հայկական հեռուստաժամերը տեսագրէին իր ելոյթը, չբացատրելով նոյնիսկ այդ արգելման պատճառը:
Միացեալ Նահանգների արտգործնախարարը Երկուշաբթի, Յուլիսի 5ի առաւօտեան այցելեց Ծիծեռնակաբերդ իր «յարգանքը» մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Հայ ժողովրդին, մասնաւորաբար ամերիկահայութեանը, վաղուց ի վեր բացայայտուած են Հայոց Ցեղասպանութեան զոհերի նկատմամբ Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութեան որդեգրած քաղաքականութիւնը: Ամէն անգամ, երբ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով բանաձեւ է ներկայացւում Միացեալ Նահանգների Կոնգրեսին, բանաձեւի ձախողեցման եւ խորտակման ուղղութեամբ թուրքական լոբիից յետոյ ամենաբուռն արշաւ մղողը լինում է Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութիւնը, ստեղծելով այն տպաւորութիւնը, որ ամերիկեան պետական կառոյցում ամենաթուրքամէտ կազմակերպութիւնը Միացեալ Նահանգների արտգոծնախարարութիւնն է: Ուրեմն, եթէ տիկին Քլինթընին յուզում են հայկական հարցերը, ապա անհրաժեշտ է, որ նա Ծիծեռնակաբերդ այցելելուց առաջ, շրջադարձային փոփոխութեան ենթարկի իր իսկ նախարարութեան որդեգրած դիրքորոշումը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նկատմամբ, ուղի հարթելով Կոնգրեսի անդամների համար, որպէսզի վերջիններս արտգործնախարարութեան ճնշումներից զերծ, կարողանան ընթացք տալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի վաւերացմանը, ինչը ամենամեծ յարգանքը կը համարուի Հայոց Ցեղասպանութեան զոհերին: Սոսկ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի առջեւ, տիկին Քլինթընը ոչ ոքի զարմանք չի պատճառի…:
Հասարակական գործիչ Սարօ Նազարեան «Շամլեան» ազգային վարժարանի մէջ հայերէն լեզուի ուսուցիչ է: