ՆԱԹԻԱ ԿՈՒՊՐԱՇՎԻԼԻ
Շուրջ 60 տարի անց, բռնակալի արձանը մթութեան քօղի ներքոյ դուրս բերեցին նրա հարազատ քաղաքից
Իոսիֆ Ստալինի՝ կանգուն մնացած ամենայայտնի արձանի ապամոնտաժումը (կազմաքանդումը-Խմբ.) մեծ ոգեւորութեամբ են ընդունել Վրաստանում, չնայած շատերին վշտացրել էր գաղտնիութիւնը, որով արձանը վերացրել էին խորհրդային դիկտատորի (բռնատէր-Խմբ.) հայրենի քաղաք Գորիից:
Եղան նոյնիսկ այնպիսիները, ովքեր մեղադրում էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ստալինեան մարտավարութիւնն օգտագործելու մէջ՝ անցեալի հետքերը վերացնելու համար:
Յունիսի 25ին արթնանալով՝ Գորիի բնակիչները յայտնաբերեցին, որ 1952ին՝ խորհրդային առաջնորդի մահից մէկ տարի առաջ տեղադրուած Ստալինի 6-մետրանոց արձանն այլեւս չկար:
Ստալինի մահուանից տարիներ անց նրա արձանը կանգուն մնաց, երբ միւս արձաններն առանց աղմուկի ապամոնտաժւում էին խորհրդային իշխանութիւնների կողմից. այն պահպանուեց նաեւ Վրաստանի անկախացման ժամանակ, երբ սովետական ռեժիմի խորհրդանիշները հիմնականում վերացնում էին:
Վրաստանի ներկայիս իշխանութիւնների օրօք Ստալինի արձանի ժամանակն ի վերջոյ սպառուեց:
Սահակաշվիլին յայտարարել էր, որ հնարաւոր չէր յարգանքի տուրք մատուցել խորհրդային ռեժիմի զոհերին, քանի դեռ կանգուն էր 1921ին Վրաստանում բոլշեւիկեան յեղաշրջումը կազմակերպած մարդու արձանը:
Մշակոյթի նախարար Նիկոլոզ Ռուռուան այն կարծիքին է, որ արձանի մշտական ներկայութիւնը «շփոթեցնող» կը լինէր՝ նշելով, որ իշխանութիւնները նաեւ վերանուանելու են դիկտատորի անունը կրող փողոցները եւ հրապարակները:
Ստալինի արձանի ապամոնտաժումը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում: Շատերն իրենց գոհունակութիւնն էին արտայայտում այդ կապակցութեամբ, բայց կային եւ այնպիսիները, ում վիրաւորել էր այն, թէ ինչպէս էր կառավարութեան այս որոշումն ընդունել եւ իրագործել:
Արձանը պահպանուել էր Գորիի 2008թ. Օգոստոսին Հարաւային Օսիայի պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռուսական գնդակոծութեան ժամանակ: Սակայն այդ հակամարտութեան արդիւնքում վերսկսուեցին Ստալինի արձանը՝ որպէս ռուսական օկուպացման (ռազմակալման-Խմբ.) խորհրդանիշի վերացնելուն ուղղուած կոչերը:
Գորիի բնակիչները՝ հիմնականում մեծահասակների սերունդը, բողոքի ցոյցեր անցկացրին՝ պահանջելով, որ արձանն իր տեղում մնայ:
Իլեայ Չաւչաւաձէի անուան պետական համալսարանի դասախօս æիգա Զեդանիան արձանի ապամոնտաժման կողմնակիցներից է. նա նշում է, որ դա «եւս մէկ քայլ է դէպի ապախորհրդայնացում: Սա առաջին քայլը չէ եւ չպէտք է լինի վերջինը»:
Արձանը որոշել էին գիշերուայ ընթացքում ապամոնտաժել, հաւանաբար, որպէսզի նուազեցնեն ցուցարարների կողմից աշխատանքներին խոչընդոտելու սպառնալիքը:
Տեղական իշխանութիւնների ներկայացուցիչների խօսքերով՝ աշխատանքը կատարուել է ողջ գիշերուայ ընթացքում՝ անվտանգութեան կանոններին համապատասխան:
Անցեալ տարի ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած յաղթանակին նուիրուած խորհրդային ժամանակաշրջանի արձանը պայթեցնելիս մայր ու երեխայ էին զոհուել:
Տեղացիներից Նաթելա Բացիկաձէն ուրախ է, որ արձանն այլեւս չկայ, սակայն ասում է. «Լաւ կը լինէր, որ դա արուէր ցերեկուայ ժամերին՝ բաց երկնքի տակ եւ տեղացիների համաձայնութեամբ: Կարելի էր նոյնիսկ միջոցառում կազմակերպել այդ առիթով»:
«Շարժում յանուն միասնական Վրաստանի» ընդդիմադիր կուսակցութեան անդամ Թեմուր Աբխազաշվիլին համոզուած է, որ այս որոշման նախաձեռնողը ոչ թէ տեղական իշխանութիւններն են, այլ նախագահ Սահակաշվիլին:
«Ապախորհրդայնացում նշանակում է ապակենտրոնացում, սակայն մեր երկիրը շարժւում է դէպի կառավարման կենտրոնացուած համակարգ, որտեղ տեղական իշխանութիւնները քօղարկման դեր են կատարում», նշում է Աբխազաշուիլին:
«Գաղափարական առումով ես դէմ չեմ, որպէսզի արձանը դուրս բերուի Գորիի կենտրոնից, սակայն դա գաղտնի, մթութեան քօղի ներքոյ անելը ստալինեան մարտավարութիւն է: Նրա օրօք մարդկանցից հէնց այդպէս էին ազատւում»:
Խորհրդային անցեալի միւս խորհրդանիշները եւս վերացման եզրին են: Մի քանի տարի առաջ սկսուած քարոզչութեան արդիւնքում՝ խորհրդային ժամանակաշրջանի հերոսների անունները կրող փողոցները վերանուանուել են դաշնակից երկների առաջնորդների եւ այլ գործիչների պատուին:
Այսպէս, մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներից մէկը ներկայում կրում է ԱՄՆի նախկին նախագահ æորջ Բուշի անունը, իսկ մէկ այլ փողոցը՝ Կրեմլի յայտնի քննադատներից մէկի՝ սպանուած ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունը:
Լրագրող Քեթի Մախթաձէն բնակւում է Պոլիտկովսկայայի անուան փողոցում, եւ չնայած իր ռուս գործընկերուհին նրա համար օրինակ է ծառայում, նա վստահ չէ, որ Վլադիմիր æիկիան, ում անունով էր կոչւում փողոցը նախկինում, պէտք է մոռացութեան մատնուի: æիկիան Ստալինեան «մաքրումների» զոհ էր գնացել այն բանից յետոյ, երբ կոչ էր արել Վրաստանի ազգային բանակ ստեղծել:
«Չեմ կարծում, որ իշխանութիւնները լաւ ծանօթ են մեր պատմութեանը: Պոլիտկովսկայայի պատուին Թբիլիսիի փողոցներից մէկը նման կերպ վերանուանելը հակասում է նրա իդէալներին»:
Յօդուածը առնուած է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման հիմնարկութեան «Կովկասեան լրատու» պարբերականէն: