Արամունի. «Ցանկանում Եմ, Որ Մեր Հայաստանեան Գրողներն Այդքան Բարձրից Չնայեն Սփիւռքահայերին»
«ԱՍՊԱՐԷԶ».- «7օր» լրատուական ծառայութեան թղկակիցը հարցազրոյց մը ունեցած է լոս անճելըասբնակ գրող, թատերագիր ու մտաւորական Խորէն Արամունիի հետ: Արամունի ծնած է Իրան, 10 տարի բնակած է Հայաստան: Կը ներկայացնենք հատուած մը այդ հարցազրոյցէն:
«7օր».-Դուք մասնակցել էք Գրողների միութեան կազմակերպած հայ գրողների 5րդ համագումարին: Ինչպիսի՞ սպասելիքներ ու ակնկալիքներ ունէիք, եւ արդեօք դրանք իրականացա՞ն:
ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ.- Սա արդէն 5րդ համագումարն էր, եւ այս տարի աւելի քան 100 գրող էր եկել աշխարհի տարբեր ծայրերից. ամբողջ աշխարհից ինչքան հայ գրող կայ, հրաւիրում են: Ամէն օր ինչ-որ թեմաներով զեկոյցներ, միջոցառումներ եղան, բաւական շատ շքանշաններ, մեդալներ (Սովետական Միութիւնը յիշեցնող այդպիսի ակցիա կայ այնտեղ) եւ խրախուսական չգիտեմ ինչեր: Ընդհանուր առմամբ երեք համագումարի եմ մասնակցել, որոնցից աշխարհի տարբեր ծայրերում մեծ շրջապատ եմ ձեռք բերել՝ գրողներ, արձակագիրներ, արուեստագէտներ: Նրանց հետ շփման մէջ եմ թէ՛ նամակով, թէ՛ էլեկտրօնային փոստով: Իսկ գիտաժողովներն իրենք ինձ ոչինչ չեն տալիս, այսինքն՝ լրջութիւն դրանցում չկայ, ոչ մի լուրջ զեկոյց, լրջախոհ որեւէ բան չեմ տեսել, չեմ լսել, եղել է ցածր մակարդակ, ամէն ինչին մատների արանքով են նայում, կազմակերպչական աշխատանքներն ինչ-որ տեղ կաղում են: Միակ ձեռքբերումն իմ այդ բարեկամներն են, որոնց հետ ես այժմ շփւում եմ, միմեանց կարդում ենք, ճանաչում ենք, մէկս միւսին շատ լաւ կարողանում ենք հասկանալ: Մի բան, որ ինձ վրայ միշտ ծանր է նստում, եւ սա բամբասանք չէ՝ ցանկանում եմ, որ մեր հայաստանեան մտաւորականութիւնը, գրողներն այդքան բարձրից չնայեն սփիւռքահայերին, մի քիչ աւելի համեստ լինեն: Որ բանաստեղծի հետ խօսում ես, որ արձակագրի հետ խօսում ես, ամենայն հայոցն է Թումանեանից յետոյ, եւ նոյնիսկ մէկը միւսին չի ընթերցում: Այս երեւոյթն ինձ տանջում է: Մէկը միւսին չի հաւանում, իւրաքանչիւրը կարծես մի արքայ է. զինուոր չունենք մեր գրականութեան ասպարէզում:
«7օր».-Դուք նշեցիք, որ մտաւորականները մեծամիտ են: Ին՞չ կ՛ասէք հասարակական-քաղաքական կեանքին մտաւորականութեան մասնակցութեան վերաբերեալ: Ինչպէ՞ս էք այն գնահատում:
ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ.- Մտաւորականութիւնն այսօր ինձ համար մեռած առիւծ է: Պէտք է արթնանայ: Եթէ արթնացաւ, շատ բան տեղից կը շարժուի, իսկ նրա արթնանալու համար մտաւորականութեանն ազդակներ են պէտք, ապահովութիւն է պէտք՝ աշխատանքով եւ այլնով: Մտաւորականութիւնը, ոչ բոլորը, գերակշռող մասը, այնքան անապահով է այսօր: Ես դժգոհ եմ այսօրուայ մեր մտաւորականութեան ոչ ակտիւ լինելուց: Ես զարմանում եմ. օրինակ ես ցոյցի եմ գնացել օտարալեզու դպրոցների վերաբացման դէմ, այնտեղ 20-40 հոգի էր, եւ բանասիրականի ոչ մի ուսանող, ոչ մի գրող, հայոց լեզուի եւ գրականութեան ոչ մի ուսուցիչ, ոչ մի հրապարակագիր: Ո՞ւր են սրանք: Նրանք լաւ գիտակցում են, թէ ինչ է կատարւում, ինչ է սպասւում մեր ժողովրդին վաղը-միւս օրը, բայց ինչո՞ւ են պասիւ (կրաւորական-Խմբ.), ինչո՞ւ են այդքան անտարբեր: Ա՛յ, մեր տունը քանդելու են այդ անտարբերութիւնը եւ միջակութիւնները: