ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջւում էր տաքութեան մէջ: Հարեւանները հիւանդի շուրջը հաւաքուած օդէն լիքը զրոյց էին անում, չիբուխ քաշում:
– Տղէ՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկէք սրան մի քարաբաղնիս անենք,- ծխի միջից առաջարկեց Նեսօ բիձէն:
– Հա, էդ խելքս կտրեց,- հաւանութիւն տուեց մի ուրիշը:
– Դրան էլ ուրիշ ճար չկայ,- ձէն տուին էս ու էն կողմից:
– Կիրակո՜ս…
– Հը՜՜:
– Ասում ենք քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում:
– Վախենում եմ… չդիմանամ…
– Տօ՛, կը դիմանաս, էրեխայ հօ չե՛ս:
– Դէ… դուք գիտէք… ձեզ… մատաղ:
– Աղջի՛կ, պղինձը ջուր լցրէք բերէք. մի փէշ էլ քար բերէք կրակն ածենք տաքանան:
Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մէջ ու նստոտեցին: Նեսօ բիձէն սկսեց պատմել, թէ քանի հոգի են ազատուել քարաբաղնիսով. Մատնանց Դանէլը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկաւորանց Միկոն- մինչեւ որ ջուրն եփ էկաւ, քարերն էլ կարմրեցին:
– Դէ ժամանակն ա, վե՛ր կացէք:
– Տղէ՛ք, վախում եմ… -կանչեց հիւանդը:
– Դու սո՛ւս կաց: Աղջի, մի երկու հաստ լեհէբ (վերմակ-Խմբ.) բերէք, մի չորս ու հինգ ուժով տղէք էլ էկէք էստեղ:
Շորերով փաթաթած եռման ջրով լիքը պղինձն ու հիւանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մէջ. քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրէն պինդ նստոտեցին:
– Վա՜յ, խեղդուեցի՜,- խուլ գոռում էր հիւանդը:
– Խեղդուիլ չես… տղէք, պինդ նստեցէք: Գլուխն ու ոտները ամուր պահեցէք:
Հիւանդը աղաղակում էր օրհասական ջանքեր էր անում շարժուելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրէն նստած չէին թողնում:
– Ու՞ր ես գնում,- կանչում էին էս ու էն կողմից ու հռհռում:
– Հիմի թէ չքրտնի՜:
Եւ Նեսօ բիձէն, հիւանդի վրէն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմութիւնը:
– Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպէս մրսել էր: Ղանթափու ծաղիկ բերին չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տուին իրան, քացախ քսեցին բան չի դառաւ:
Ասի՝ տղէք, բերէք ես դրան մի քարաբաղնիս անեմ: Թէ՝ դէ դու գիտես: Բերի մի թէժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրէն դրի, քար հաւաքեցի ածի շեղջը: æուրն եփ էկաւ, քարը կարմրեց: Սա թէ՝ վախում եմ: Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա:
– Ադա, ընչի՜ ես ասում, Աբգարը հօ սրտոտ մարդ ա:
– Վա՜յ է՛, նրա սրտոտը որն ա: Մի աշունք ես մի արջի բուն գտայ: Էկայ ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք: Գնացինք: Ես մի ձող վեր կալայ էս արջի բունը խըրխըթորեցի: Մին էլ յանկարծ էն անտէր արջը դուրս եկաւ ու ինձ կալաւ: Աբգար, քոմագ հա քոմագ: Ո՞վ կը տայ Աբգար- մին էլ տեսնեմ հրէն փախած գնում ա: Արջի ձեռքիցը մի կերպով պրծայ էկայ տուն: Ասում եմ, ադա, դու էս ի՞նչ արիր: Թէ՝ էկայ տուն, որ թուանք բերեմ: Սուտ: Վախիցը փախաւ:
– Էն էի ասում-հիմի սա կանգնել ա, թէ Նեսօ ջան, վախենում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ:
Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հէնց էնպէս բուղը վեր ըլելով սրա հետ կոխեցինք տեղի տակը.- վա՜յ , մեռայ հա, մեռայ: Լսողն ո՞վ ա: Վրէն նստոտեցինք: Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արութն ա: Հիմի սա տակից գոռում ա, ո՜նց ա գոռում… Էնքան գոռաց մինչեւ դինջացաւ: Բաց արինք, տեսանք ջուր ա կտրել:
Նեսօ բիձու պատմութիւնը որ վերջացաւ, վեր կացան վերմակները ետ քաշեցին: Գոլորշին օդէն բռնեց: Բայց Կիրակոսը…
– Կի՛րակոս:
Ժաժ չի գալի:
Պատասխան չի տալի:
– Կիրակո՜ս,- ձէն տուին, շարժեցին, քաշքշեցին: Կիրակոս չկայ:
– Ա՛յ տղայ, էս ո՞նց էլաւ, -մոլորուած արտասանեց Նեսոն:
Միւսները լուռ էին:
-Վա՜յ, տունս քանդուե՜ց… -Ծղրտաց Կիրակոսի կինը: Իրար հրհրելով տղէքը դուրս էկան կտուրը: Ու մինչդեռ ներքեւ Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արեւում նստած տղերքը պատմում էին, թէ քանի քանի հոգի են խեղդուել քարաբաղնիսից. Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանէսը, Հախվերդոնց Աղէն, Շիմալանց Շամիրը… ո՞ր մինն ասես:
– Տօ՛ դէ ճակատի գիր ա էլի, հօ նրանց էլ Նեսոն չի խեղդել:
Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխն էր քաշում: