
«Լոս Անջելեսում գործող փառատօների շարքում, մենք համարուել ենք ամենադասականը՝ կինոփառատօնների փորձագէտ Լէօ Քինիոնեսի կողմից»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Արփա» կինոփառատօնն այս տարի ներկայանում է նորովի: Փառատօնի շրջանակներում Սեպտեմբերի 21-26ին սպասւում են աննախադէպ իրադարձութիւններ ու գեղեցիկ անակնկալներ.
– Փառատօնի բացումը կը նշանաւորուի Հայաստանի անկախութեան տարեդարձի միջոցառումով.
– Փառատօնը կը տեւի 6 օր՝ նախկին 3ի փոխարէն.
– Փառատօնի ընթացքում կը ցուցադրուեն շուրջ 30 ազգերի ռեժիսորների գործեր.
– Փառատօնին ներկայ կը գտնուեն հայազգի ճանաչուած ռեժիսորներ: Եւ սա դեռ ամբողջը չէ…
«Արփա» կինոփառատօնի այս տարուայ միջոցառումների մասին պատմում է փառատօնի տնօրէն Ալեքս Քալոկնոմոսը՝ «Ասպարէզ»ի աշխատակից Նանէ Աւագեանին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կինոփառատօնը գործունէութեան 13 տարիների ընթացքում հետեւե՞լ է արդեօք հռչակած առաջնահերթութիւններին՝ առանձնակի ուշադրութիւն դարձնել անկախ մտքի եւ մշակութային բազմազանութեան վրայ, դառնալ ֆորում միջազգային կինեմատոգրաֆի համար, որ պէտք է կենտրոնանայ Սփիւռքի բացայայտումով զբաղուող արտադրողների վրայ:
ԱԼԵՔՍ ՔԱԼՈԿՆՈՄՈՍ.- Կինոփառատօնում իւրաքանչիւր տարի ցուցադրում ենք 25-30 տարբեր ազգերի մասին պատմող ֆիլմեր ու տեսանիւթեր՝ ներկայացնելով նաեւ ռեժիսորներին ու կինոարտադրողներին: Սրանք այն ֆիլմերն են, որոնք կարելի է գտնել միայն անկախ կինոյում եւ ոչ կոմերցիոն նպատակներով գործող թատրոններում կամ հեռուստատեսութիւնում: Մենք ներկայացնում ենք կինոարտադրողի, ռեժիսորի գործունէութիւնը 5 ժանրերում՝ գեղարուեստական ֆիլմեր, վաւերագրական, կարճամետրաժ, անիմացիոն եւ երաժշտական տեսանիւթեր:
Ն.Ա.- «Արփա»ն գործում է համաշխարհային կինոարդիւնաբերութեան կենտրոնում: Ճանաչուա՞ծ է արդեօք փառատօնն այդ շրջանակներում:
Ա.Ք.- Այո՛, Լոս Անջելեսում գործող փառատօնների շարքում մենք համարուել ենք ամենադասականը՝ կինոփառատօների փորձագէտ Լէօ Քինիոնեսի կողմից: Մենք աշխատում ենք տարբեր ստուդիաների (studio), նրանց ղեկավարների, գործակալների, յայտնի գրողների, ռեժիսորների ու դերասանների հետ:
Ն.Ա.- Այս տարի կինոփառատօնի շրջանակներում ի՞նչ նորամուծութիւններ կան, ինչո՞վ է «Արփա 2010»ը տարբերուելու նախորդներից:
Ա.Ք.- Այս տարի փառատօնը տեւելու է 6 օր՝ նախկին 3ի փոխարէն: Կինոփառատօնի բացումը առաջին անգամ կը նշանաւորուի Հայաստանի անկախութեան օրուայ տօնակատարութեամբ, որ տեղի է ունենում Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանի հովանաւորութեամբ: Կինոփառատօնի իւրաքանչիւր երեկոյ իր իւրայատուկ երանգն ունի: Սեպտեմբերի 23ը, օրինակ, նուիրուած է լինելու Ֆրանկոֆոն ֆիլմերին, եւ ցուցադրուելու են ֆրանսերէն լեզուով ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Շուէյցարիայից, Բելգիայից, Լիբանանից, Մարոկոյից, Քուեբեկէից, Թունիսից:
Այդ օրը Ալէք Քեշիշեանը՝ «Madonna՛s Truth or Dare» ֆիլմի բեմադրիչը, կը ներկայացնի ֆրանսահայ յայտնի ռեժիսոր Սերժ Աւետիքեանին, ում «Շան պատմութիւնը» անիմացիոն ֆիլմը լաւագոյնն էր ճանաչուել այս տարուայ Քաննի կինոփառատօնում:
Ն.Ա.- Այս տարի քանի՞ ֆիլմ է ներկայացուած եղել եւ ովքե՞ր են ընտրել յաղթողներին:
Ա.Ք.- Ներկայացուել է 30 տարբեր ազգերի ռեժիսորների 40 ֆիլմ: Յաղթող ֆիլմերը ընտրել է ոլորտի պրոֆեսիոնալներից կազմուած ժիւրին, որոնց թւում են դերասան, պրոդիւսեր, գիտնական, ռեժիսոր ու գործակալ:
Ն.Ա.- Այս տարի փառատօնն ունի՞ թեմատիկ ուղղորդում:
Ա.Ք.- Թեման իւրաքանչիւր ֆիլմ է, որ կամրջում է աղճատուած մշակոյթները, օգնում ամենատարբեր մարդկանց միաւորուելու:
Ն.Ա.- Կինոփառատօնում ընդգրկուա՞ծ են հայկական ֆիլմեր:
Ա.Ք.- Այս տարի նախորդի հետ համեմատած հայկական ֆիլմերի թիւն աւելի շատ է ու կազմում է 40 տոկոս: Մեր նպատակն է իւրաքանչիւր տարի աւելացնել այդ թիւը:
Ն.Ա.- «Արփա» կինոփառատօնում յատուկ հիւրեր կը լինե՞ն:
Ա.Ք.- Շատ ռեժիսորներ ու կինոարտադրողներ են ներկայ լինելու Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից: Էրիկ Ֆրիդլերը այս տարի կը ստանայ փառատօնի Արմին Վեգների անուան Մարդասիրական մրցանակ: Սերժ Աւետիքեանը կ՛արժանանայ մրցանակի՝ գործունէութեան ոլորտում նուաճումների համար:
Ն.Ա.- Սպասւո՞ւմ են արդեօք այլ անակնկալներ:
Ա.Ք.- Անակնկալ կը լինի կինոարդիւնաբերութեան բազմաթիւ սիրուած դէմքերի ներկայութիւնը մեր միջոցառմանը, ինչը լրացուցիչ հմայք կը հաղորդի «Արփա»ին: