ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Ինչպէս հայրենիքում, այնպէս էլ հայրենքից դուրս, մեծ շուքով նշուեց ՀՀ Անկախութեան 19րդ տարեդարձը:
Լոսանջելըսահայութիւնն էլ անմասն չմնաց նշելու այդ հիասքանչ տօնը:
Սեպտեմբերի 21ին, ՀՀ Անկախութեան 19րդ տարեդարձի առթիւ, Հոլիվուդի «Egyptian Theatre»ում կազմակերպուեց գեղեցիկ միջոցառում՝ Լոս Անջելըսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանի բարձր հովանու ներքոյ:
Նշենք, որ երեկոյին ներկայ էին Լոս Անջելըսում Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդներ Յովնան արք. Տէրտէրեանը եւ Մուշեղ արք. Մարտիրոսեանը, նաեւ հոգեւոր այրեր, մտաւորականներ, արուեստագէտներ, քաղաքական գործիչներ, կուսակցութիւնների պատասխանատուներ ու հայ հասարակայնութիւնը:
Հրաւիրուած էին նաեւ Լոս Անջելըսում տարբեր երկրներ ներկայացնող դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լոս Անջելըսի շրջանային դատախազութեան եւ Կալիֆորնիա նահանգի կառավարիչ Արնոլդ Շուարցնեգըրի գրասենեակների պաշտօնատար անձինք, ովքեր եկել էին իրենց շնորհաւորական ուղերձները յղելու հայ ժողովրդին՝ ՀՀ Անկախութեան տօնի առթիւ:
Երեկոյի գեղարուեստական մասը վերապահուած էր բացելու յայտնի ջութակահար Արմէն Մովսիսեանի՝ «Կուարտետ» լարային քառեակի ուղեկցութեամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Միացեալ Նահանգների հիմնով ներկաներին շնորհաւորեց տաղանդաւոր երգչուհի Անահիտ Ներսիսեանը:
Տեղեկացնենք, որ օրուան հիւրերին ողջունեց Լոս Անջելըսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, որն իր ազդեցիկ ելոյթով շնորհաւորելով ներկաներին՝ ասեց. «Հայրենակիցներ, Սեպտեմբերի 21ի խորհուրդը, մեզ՝ հայրենիքից հեռու ապրողներիս համար, անկախութիւնից բացի, համերաշխութեան եւ համախմբման գաղափարի պարունակումն է: Թէեւ մենք մեզ յաճախ քննադատում ենք այն բանի համար, որ համախմբուած չենք, այնումենայնիւ, մենք բոլորս, անկախ այն բանից, թէ որտեղի՞ց ենք գալիս՝ Երեւանից, Թբիլիսիից, Բէյրութից, Բուխարեստից, Հալէպից, թէ Թեհրանից, ապրում ենք հայրենիքի սիրով, պահում եւ պահպանում ենք մեր սրտերում հայրենիքի գերագոյն արժէքը: Մենք սիրում ենք մեր երկիրը՝ առանց պայմանների: Սիրում ենք այնպէս, ինչպէս սիրում ենք զաւակներին, ինչպէս մեծարում ենք ծնողներին: Հայրենիքը իր հերթին, հետեւում է ովկիանոսի այս կողմում ապրող իր զաւակների ճակատագրին: Ուրախանում է ամէն մի հայ երեխայի ծննդով, նրան հայ դաստիարակող ուսուցչով, հայ մեծացնող ծնողների կամքով եւ գործով:
«Հայրենիքը սիրում եւ կարօտում է Ձեզ: Աչքը ճամբին սպասում Ձեր վերադարձին կամ կարճատեւ այցելութեանը: Ցանկանում եմ, որ իւրաքանչիւրիս համար Սեպտեմբերի 21ը ոչ թէ Անկախութեան օրացոյցային օր դառնայ, այլ՝ միմեանց նկատմամբ սիրով, յարգանքով, համախմբման եւ համերաշխութեան տօն:
«Եկէ՛ք, ուրեմն, այսօր բաժակներ բարձրացնենք յանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի եւ մեր համատեղ ապագայի համար:
Կեցցէ՛, Հայաստանի հանրապետութիւնը»:
Գլխաւոր հիւպատոսի ելոյթից անմիջապէս յետոյ հնչեց Անահիտ Ներսիսեանի կատարմամբ «Կիլիկիա» երգը, որին յաջորդեց Վարդան եւ Սիրանոյշ Գէորգեանների պարային ակադեմիայի գեղանի հայուհիների պարը:
Հոլիվուդի «Egyptian Theatre»ը կարծես դարձել էր մի փոքրիկ Հայաստան, ուր տիրում էր հայկական մթնոլորտ, երգ-երաժշտութիւն, պար, ճոխ հիւրասիրութիւն, որը զարմացրել էր անգամ Հոլիվուդի աստղերի փողոցով անցնող պատահական անցորդներին:
Հեռու, շա՛տ հեռու, ովկիանոսի այս ափում գտնուող հայը, հայրենիքի կարօտի տենչով էլ աւելի գիտակցեց, որ որտեղ էլ որ լինի, միեւնոյնն է, եօթը սար այն կողմ, եօթը սար այս կողմ, կայ փոքրիկ, բայց մի՛շտ հպարտ ու կանգուն Հայաստան:
Հաւատացած եմ, որ ամէն մի հայի սրտում այդ օրը աւելի էր բաբախում միմեանց հանդէպ միասնական ու համախմբուած լինելու գործօնը, ինչպէս իր ելոյթում նշեց Լոս Անջելըսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս Գ. Յովհաննիսեանը: