«Սիամանթօ» Մասնաճիւղ
Հոկտեմբեր 2, 2010ին Համազգայինի «Սիամանթօ» մասնաճիւղը մասնակցեցաւ Irvine Global Village Festival-ին, որ տեղի կ՛ունենայ ամէն տարի մասնակցութեամբ քաղաքի զանազան ազգային խմբաւորումներու։
Գիրքերու, ձեռագործներու, գորգերու ցուցադրութեան կողքին, լայն բացատրութիւններ տրուեցան հետաքրքրուող հասարակութեան։ Այս մարզին մէջ մեզի օգտակար եղան Հայաստանի հիւպատոսարանին հայթայթած տեղեկատուութեան թղթիկները, որոնք Հայաստանի եւ հայութեան մասին պէտք եղած տուեալներ կը պարունակէին։
Երեք բեմերէն մէկուն վրայ մեր «Երազ» պարախումբի փոքրերը եւ պատանիները իրենց մասնակցութիւնը բերին՝ ներկայացնելով 15 վայրկեան տեւող խանդավառ եւ շքեղ յայտագիր մը, որ վերջացաւ եռագոյններու փառահեղ տողանցքով։
Տաղաւարը այցելողներու կարգին էր Irvine-ի քաղաքապետ Sukhee Kang.
«Սիամանթօ» մասնաճիւղը կը պատրաստուի Դեկտեմբեր 5ին ներկայացնելու Իրանահայ տոհմիկ երեկոն, «Յարութ Պարսամեան» Հայ կեդրոնի «Ղազարեան» սրահին մէջ։
«Պարոյր Սեւակ» Մասնաճիւղ
Համազգայինի Սան Ֆերնանտօ Վալիի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի «Ուիլիըմ Սարոյեան»ի անուան թատերախումբը Շաբաթ, Նոյեմբեր 27ին, երեկոյեան ժամը 7ին եւ Կիրակի, Նոյեմբերի 28ին, երեկոյեան ժամը 5ին բեմադրելու է «Հարսանիքէն Առաջ» թատերգութիւնը «Gotta Dance Studio-Theatre», որը գտնւում է 18167 Chatsworth St. Granada Hills, CA. 91344 հասցէում: Այսու հրաւիրում ենք բոլոր հայրենակիցներին, որ մասնակցելով այս բեմադրութիւններին՝ քաջալերեն մեր թատերախումբը եւ մանաւանդ նրա երիտասարդ արուեստագէտներին:
Համազգայինի Սան Ֆերնանտօ Վալիի «Նայիրի» Պարախմբի 10ամեակը
Այս տարի լրանում է Համազգայինի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի «Նայիրի» պարախմբի հիմնադրման 10ամեակը: Պարախումբը իր աշխատանքն սկսել է 2000ի Մայիսից, 27 աշակերտներով: Ներկայիս պարախմբին մասնակցում են աւելի քան 100՝ հինգից քսանեօթը տարեկան անդամներ: «Նայիրի» պարախումբը անցնող 10 տարիների ընթացքին աւելի քան 100 անգամ բեմ է բարձրացել՝ մեր համայնքում կազմակերպուած զանազան ձեռնարկներին իր մասնակցութիւնը բերելով: Թուով քսան հայկական պարախմբերի մէջ «Նայիրի» պարախումբը շահել է առաջին պատուաբեր տեղը Կլենտէյլի 2004 թուին կայացած պարային մրցոյթում: Պարախումբը ամէն տարի կազմակերպում է տարեկան համերգներ շուրջ երկու ժամ տեւողութեամբ: Անցեալ տարուան ընթացքին պարախումբը այցելել է Սան Ֆրանսիսքօ, Լուիզիանա եւ Ֆլորիտա քաղաքները, ուր ելոյթներ է ունեցել տեղի հայ համայնքների համար:
2010ի տարեկան համերգը, որը նուիրուած է պարախմբի 10ամեակին, տեղի է ունենալու Նոյեմբերի 14ին, երեկոյեան ժամը 5ից սկսեալ, St. Nicholas եկեղեցու դահլիճում, որը գտնւում է 17037 Plummer St. Northridge, CA. 91325 հասցէում:
«Նայիրի» պարախմբի փորձերը տեղի են ունենում «Ֆերահեան» Ազգային վարժարանում, որը գտնւում է Էնսինօ քաղաքում: Պարախմբի 100 անդամները բաժանուած են 7 խմբերի՝ ըստ տարիքային բաժանումի: Ամէն խումբ ունի իր շաբաթական փորձերը, որոնք կայանում են հետեւեալ կարգով.
– 4-7 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 4:00-5:00
– 7-10 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 5:00-6:00
– 11-14 տարեկանների խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 6:00-7:00
– 15-18 տարեկանների խումբ, Չորեքշաբթի օրերը, երեկոյեան ժամը 7:00-8:00
– 18ից վեր տարիքային խումբ, Չորեքշաբթի օրերը, երեկոյեան ժամը 8:00-9:30
– Տղաների խումբ, Ուրբաթ օրերը, երեկոյեան ժամը 5:00-6:00
– Տղամարդկանց խումբ, Երկուշաբթի օրերը, երեկոյեան ժամը 7:30-9:00
Պարախմբին մասնակցելու ամսական սակն է 35 տոլար:
Յաւելեալ տեղեկութիւնների համար, կարելի է կապուել պարուսոյց Քաթրին Հայրապետեանին՝ 818-261-6646 հեռախօսահամարով:
Պարախմբի ղեկավար պարուսոյցներն են Քաթրին Հայրապետեանը եւ Արի Լիպարիտեանը, որոնց համառօտ կենսագրութիւնը ներկայացնում ենք ստորեւ.
Քաթրին Հայրապետեան
Ծնուել է 1959 թուին, Իրանի Թեհրան քաղաքում: Նրա սէրը պարի նկատմամբ սկսել է շատ վաղ տարիքից: Արդէն 3 տարեկանում սկսել է յաճախել տեղի Ելենայի անուան բալլէտի դպրոցը, ուր եւ ստացել է իր պարարուեստի կրթութիւնը: 1976 թուին ծնողների հետ փոխադրուել է Քալիֆորնիա, ուր յաճախել է USC համալսարանը՝ մասնագիտանալով լեզուաբանութեան ճիւղում: Այնուհետեւ International Correspondence School-ում ստացել է հիւրանոցի ղեկավարման մասնագիտութիւն:
1977ից 1997 տարիներին եղել է Համազգայինի «Անի» պարախմբի անդամուհիներից ու մենապարողներից մէկը: Նոյն պարախմբում ծանօթացել է իր ամուսնոյն՝ Արա Հայրապետեանի հետ: Ունի երկու զաւակներ, որոնք երկուսն էլ «Նայիրի» պարախմբի անդամներ են: «Նայիրի» պարախմբի կողքին, նա նաեւ դասաւանդել է Փասատինայի «Ախթամար» պարախմբում, Հայ Քոյրերի վարժարանում եւ «Մերտինեան» վարժարանում:
Քաթրինը ունի թուով 75 ինքնուրոյն պարային ստեղծագործութիւններ: Նրա գերագոյն նպատակը որպէս պարուսոյց՝ հայ մշակոյթի սէրը հայ մանուկների սրտում վառ պահելը եւ հայկական արուեստը օտար հանդիսատեսին ծանօթացնելն է:
Արի Լիպարիտեան
Ծնուել է 1976 թուին, Լոս Անջելըսում: Մանկապարտէզից յաճախել է հայկական դպրոց եւ 1994ին աւարտել է ՀԲԸՄ «Դեմիրճեան» վարժարանը որպէս գերազանցիկ աշակերտ: Յաճախել է Մալիբուի համալսարանը եւ մասնագիտացել թատերական արուեստների ճիւղում: Ուսանողական շրջանին բեմադրել է «Չուերթի Պարը» եւ անցնելով Անգլիա՝ իր խմբով ելոյթ է ունեցել Edinburgh Dance Festival-ում: Հայկական պարը արդէն ութ տարեկանից սկսեալ կարեւոր մասնիկն է եղել Արիի եւ նրա երկու եղբայրների ու մի քրոջ կեանքի: Իսպանական պարը եւ «ֆլամինկօ»ն նա սովորել է Արգենտինայում, երբ իր արգենտինացի մայրը նրան ու քոյր-եղբարներին Արգենտինա էր տարել, որպէսզի նրանք ծանօթանան նաեւ իրենց արգենտինական մշակոյթին: Արին հրաշալի մասնագէտ է հայկական, ռուսական, վրացական, յունական եւ իրլանտական պարերի: Պարել է բազմաթիւ պարախմբերում: Համազգայինի «Անի» պարախմբի մէջ որպէս մենապարող հանդէս է եկել բազմաթիւ բեմերում, որոնցից կարելի է նշել 1999ին եւ 2001ին Երեւանի Օպերայի դահլիճը:
2002ից սկսեալ Արին ղեկավարում է «Նայիրի» պարախմբի տղաների ու տղամարդկանց խմբերը: Դրա կողքին նա յաջողակ գործարք ունի Պեւըրլի Հիլզում, մասնակցում է ՀԲԸՄի «Արտաւազդ» թատերախմբին, զբաղւում է գրելով, սալսա եւ թանկօ պարելով եւ Ամերիկայի տղամարդկանց հոքիի խմբի անդամակցութեամբ:
Պատմական Ակնարկ
Արեւմտեան Ամերիկայի շրջանում, 1968 թուից սկսեալ կազմուել են Համազգայինի մասնաճիւղեր, որոնցից շատերը՝ Քալիֆորնիայի հայաշատ համայնքներում:
1980 թուին Համազգայինի կենտրոնական վարչութիւնը յատուկ ժողով գումարելով՝ կեանքի կոչեց Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանը: Ժողովը, որին մասնակցում էին Լոս Անճելըսի, Կլենտէյլի եւ Սան Ֆրանսիսքոյի մասնաճիւղերի ներկայացուցիչները, ընտրեց շրջանի անդրանիկ շրջանային վարչութիւնը, որը բաղկացած էր Գուրգէն Քասապեան, Յակոբ Ինճեճիկեան, Ռիթա Որբերեան, Կարօ Պետրոսեան, Պետրոս Ալահայտոյեան, Ռուբինա Բագրատունի, Երուանդ Մսըրլեան, Նշան Յովսէփեան, Ժիրայր Պոյաճեան, Մարճըլին Սասունի եւ Վարուժան Տեմիրճեանից:
Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանը իր աւելի քան քառասուն տարիների բեղուն գործունէութեան ընթացքին, ունեցել է հետեւեալ մասնաճիղերը.
1. Լոս Անճելըսի «Յովհաննէս Շիրազ» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1968 թուին:
2. Սան Ֆրանսիսքոյի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1974 թուին:
3.Կլենտէյլի «Յովհաննէս Թումանեան» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1976 թուին:
4. Ֆրեզնոյի «Դանիէլ Վարուժան» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1981 թուին:
5. Մոնթեպելլոյի մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1982 թուին:
6. Սան Ֆերնանտօ Վալիի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1982 թուին:
7. Փասատինայի «Շահան Շահնուր» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1985 թուին:
8. Լա Քրեսենթայի «Արշիլ Կորքի» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1992 թուին:
9. Օրենճ Քաունթիի «Սիամանթօ» մասնաճիւղը, որը հիմնադրուել է 1993 թուին:
Ներկայիս այդ մասնաճիւղերից գործօն են «Նիկոլ Աղբալեան», «Յովհաննէս Թումանեան», «Դանիէլ Վարուժան», «Պարոյր Սեւակ», «Շահան Շահնուր» եւ «Սիամանթօ» մասնաճիւղերը:
Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի շրջանում աշխատում են նաեւ «Աւանդոյթներ» ու «Երաժշտական» միաւորները, նաեւ Համազգայինի «Անի» պարախմբի միաւորը:
Միաւորները ունեն իրենց վարիչ մարմինները, իսկ մասնաճիւղերն ունեն իրենց վարչութիւնները, որոնք իրենց տարածաշրջանում կեանքի են կոչում պարախմբեր, թատերախմբեր եւ երգչախմբեր:
—————————————————————————————————————————-
Մշակոյթի Ջահակիր Հայուհիներ
Հոկտեմբերի 24ին, Ս. Աստուածածին եկեղեցու սրահում տեղի ունեցաւ Համազգայինի Կլենտէյլի «Յովհաննէս Թումանեան» մասնաճիւղի կազմակերպած թէյասեղանը, ուր պատուըւեցին թուով 10 հայուհիներ, որպէս մշակոյթի ջահակիրներ: Մասնաճիւղի ատենապետուհի Ալին Պզտիկեանը ձեռնարկին բացումը կատարելով՝ շեշտեց, թէ երբ վարչութիւնը ընդառաջելով Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կոչին, ըստ որի 2010 թուականը յայտարարւում է Հայ Կնոջ Տարի, յղացաւ այս ձեռնարկին միտքը, հանդիպեց մի կարեւոր խոչնդոտի, որովհետեւ ցանկը շատ երկար էր արժանի հայուհիներին, որոնք մշակութային մեր կեանքում իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել: Ուրեմն վարչութիւնը ստիպուեց այս տարուայ համար սահմանափակուել 10 ջահակիրներով, յոյս ունենալով, որ գալիք տարիներին պիտի հնարաւոր դառանայ նաեւ գնահատել միւսներին:
«Այնքա՛ն շատ կան նման դէմքեր, զորս գնահատելը մեր պարտականութիւնն է: Լոս Անճելըսի հայ գաղութը այնքա՛ն հարուստ է մշակոյթի դէմքերով, որ մեր պարտականութիւնը պէտք է ըլլայ զանոնք գնահատել: Անոնց աշխատանքներն ու ստեղծագործութիւնները լուսարձակի տակ դնելով՝ մենք նաեւ քաջալերած կ՛ըլլանք նոր սերունդին, որ ընտրէ մեր ջահակիրներու ընտրած ազգօգուտ ճանապարհը», նշեց Ալին Պզտիկեանը:
Սրահը զարդարուած էր աշնանային գոյներով, պտուղներով եւ հայկական տարազներով: Սրահի մէջ տեղադրուած սեղանների շուրջ հաւաքուել էին համազգայնական մեծ ընտանիքի անդամները, մեծարուող արուեստագէտներն ու նրանց հարազատները: Ներկայ էին Համազգայինի շրջանային վարչութեան անդամուհիները:
Սեղանները օրհնեց Կոմիտաս քհնյ. Թորոսեանը:
Առաջին ելոյթը ունեցաւ մեծարեալներից սրնգահար Սալբի Քերգոնեանը: Ապա մեծարուեց Շուշիկ Արսլանեանը, որպէս համազգայնական եւ մշակութային վաստակաշատ գործիչ: Մեծարեալը իր խօսքերում կենտրոնացաւ Համազգայինի ֆորումի աշխատանքների վրայ: Այնուհետեւ Սիւզի Դարբինեան, որպէս Համազգայինի «Անի» պարախմբի պարուսոյց, մեծարանքի արժանացաւ: Այս առիթով «Անի» պարախմբից զոյգ պարուհիներ ելոյթ ունեցան: Սիրուն Երէցեանը գնահատուեց որպէս գծագրիչ: Նրա գծագրութիւններից մէկը զարդարում էր սրահի բեմը: Ս. Աստուածածին եկեղեցու երգչախմբի նախկին ղեկավար եւ «Թիւֆէնկեան» մանկապարտէզի 35 տարիների երաժշտութեան ուսուցչուհի Անի Յովակիմեանը՝ միւս մեծարեալը, իր մեներգով ճոխացրեց երեկոն: Ապա մեծարուեց մանկապատանեկան գրքերի հեղինակ եւ արձակագիր Ժանէթ Քասունին, ում գործերից մի պատմուածք ընթերցեց Ա. Պզտիկեանը: Թալին Պեսոս՝ մանկական երգերի երգչուհին, միւս մեծարեալն էր, ում փոխարէն իր աղջիկը՝ Թամարը, ստացաւ յուշանուէրը: Երգիծաբան Լորի Թաթուլեանը միւս ջահակիրն էր, որ ներկայացրեց փոքրիկ մի ներկայացում՝ «Լէյտի Լիպըրթի» անունով: 9րդ ջահակիրն էր Նորա Պայրամեանը, որպէս Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի ղեկավար եւ «Շամլեան» դպրոցի երաժշտութեան վաստակաշատ ուսուցչուհի: Ն. Պայրամեանը դաշնամուրի վրայ մի կտոր նուագեց: Վերջին մեծարեալը՝ հանրածանօթ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեան, ասմունքեց իր ստեղծագործութիւններից մէկը:
Մասնաճիւղի վարչութիւնը վերջում հաճելի մի անակնկալ մատուցելով՝ մեծարեց նաեւ իր ատենապետուհին՝ Ալին Պզտիկեանը, որպէս մանկապատանեկան հեղինակ եւ հայկական թերթերի տարիների թղթակից:
Թուով 200 ներկաները քաջալերում էին մեծարեալ ջահակիրներին ու յուզմունքով հետեւում ծրագրին: Ներկաները հիւրասիրուեցին թէյ, անուշեղէններ եւ պորեկներով: Ելոյթներ ունեցան Կարին Քէսապլեանը՝ արտասանութեամբ, Գէորգ Չաքմանեանը եւ Նշան æաղացպանեանը՝ երգերով: Արմէն Բաբաեանը ամբողջ ձեռնարկի տեւողութեան կենդանի երաժշտութեամբ ընկերակցեց օրկով: Բոլոր ներկաները որպէս նուէր ստացան Սիրուն Երէցեանի գծագրած քարդերից մի օրինակ: æահակիրների կենսագրութիւնը պարունակող մի գրքոյկ եւս յանձնուեց ներկաներին:
————————————————————————————————————————
«Շահան Շահնուր» Մասնաճիւղ
Համազգայինի Փասատինայի «Շահան Շահնուր» մասնաճիւղի «Լեւոն Շանթ» թատերախումբը կրկին անգամ բեմադրելու է «Հայ Ըլլար՝ Չէ՞ր Ըլլար» թատերգութիւնը, որի բեմադրիչն է Զոհրապ Եագուպեանը: Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Կիրակի, Նոյեմբեր 7, 2010 թուին, ժամը 6ին, Sierra Madre Elementary School, 141 W. Highland Ave., Sierra Madre, CA 91024 հասցէում: Մուտքի նուէրն է 20 տոլար:
————————————————————————————————————————
«Մոզայիք 4»ը՝ Յետաձգուեց
Յարգելի ընթերցողներ եւ Համազգայինի բարեկամներ,
Ինչպէս հաղորդել էինք մեր անցեալ ամսուայ էջում, Հոկտեմբերի 17ին «Ֆորտ» բացօդեայ ամֆիթատրոնում տեղի էր ունենալու «Մոզայիք 4»ի համերգը: Ցաւօք սրտի, եղանակի անձրեւային լինելու պատճառով երկար սպասուած այս համերգը պարտաւոր եղանք յետաձգել՝ փորձելով հեռախօսներով եւ ելեկտրոնային նամակներով, ինչու չէ նաեւ ամֆիթատրոնի տոմսարկղի մօտ մեր ներկայացուցիչների միջոցով տեղեկացնել այս համերգին մասնակցող հայրենակիցներին, ձեռնարկի յետաձգման մասին:
Այսու յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը մեր բոլոր բարեկամներին ու «Մոզայիք»ի մշտական հովանաւորող հանդիսատեսներին, որոնք ամենայն բարեացակամութեամբ ընդունեցին ստեղծուած անցանկալի վիճակը: Ձեռնարկի նոր թուականը եւ վայրը կը յայտարարուի յաջորդիւ: Տոմսերը իրենց ուժի մէջ կը մնան յառաջիկայ թուականի համար: Եթէ ցանկանում էք վերադարձնել ձեր գնած տոմսերը, խնդրում ենք մեզ հետ կապուել support@itsmyseat.com ելեկտրոնային հասցէով: