ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ
Հոկտեմբերի 27ին Աստրախանում անցկացուած՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահների եռակողմ հանդիպումն արդէն իսկ որոշակի իրարանցում է առաջ բերել, առանձնապէս Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի այն յայտարարութիւնից յետոյ, թէ «մենք անցել ենք որոշակի ճանապարհ, որը հիմք է տալիս յուսալու, որ եթէ առաջիկայ ամսում կողմերը լաւ աշխատեն (իսկ նման յանձնարարութիւն մենք մեր արտգործնախարարներին կը տանք), ապա Դեկտեմբերի 1-2ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացման պահին մենք կարող ենք հասնել կարգաւորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցուած տարբերակին»։
Սակայն անհրաժեշտ է մի կողմ թողնել յուզական բաղադրամասերը եւ առաւել սթափ ու սառնասրտօրէն վերլուծել որեւէ առաջընթացի հասնելու հնարաւորութիւնները։ Այդուհանդերձ, նախքան սոյն կանխատեսման քաղաքական կողմին անցնելը, անհրաժեշտ է ընդգծել, որ աստրախանեան հանդիպումն, այնուամենայնիւ, դրական առաջընթաց արձանագրել է։ Մասնաւորապէս, խօսքը գնում է այն մասին, որ կողմերը պայմանաւորուել են ռազմագերիների փոխանակում կատարել։ Այս պահին հէնց դա էլ կարելի է համարել նշուած հանդիպման ստոյգ արդիւնքը։ Չնայած չի բացառւում, որ Ադրբեջանը կրկին չի կատարի ստանձնած իր պարտաւորութիւնները։
Ինչ վերաբերում է կարգաւորման ընդհանուր սկզբունքների հաւանական համաձայնեցուած տարբերակի երեւան գալուն, ապա այստեղ անհրաժեշտ է ընդգծել երեք հիմնական պահ։ Նախ, եթէ նոյնիսկ ի յայտ գայ նման փաստաթուղթ, ապա դրանում արտացոլուած կը լինեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսին են հակամարտութեան խաղաղ կարգաւորումը, ազգերի ինքնորոշման իրաւունքը, տարածքային ամբողջականութիւնը եւ այլն։ Ստոյգ որեւէ բեմագրի մասին այստեղ հազիւ թէ խօսք գնայ։
Երկրորդ, Մեդվեդեւն իր ելոյթում գործածել է մոգական «կարող էինք» արտայայտութիւնը, որը շատ բանի մասին է խօսում։ Այո, կարող էինք, բայց…
Եւ երրորդ, աստրախանեան բանակցութիւնների էութեան մասին առաւել յստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ադրբեջանա-ղարաբաղեան կարգաւորման գործում վերջին միտումների ամբողջական պատկերը։ Այստեղ ակնյայտ է առանց այն էլ լեթարգիական (մահամերձ-Խմբ.) վիճակում գտնուող գործընթացի կոլապսային (փլուզման-Խմբ.)հակումը։ Դա թոյլ չտալու համար դիմում են տարբեր մեթոդների։ Բոլորին է հասկանալի, որ կողմերն ունեն կարգաւորման նկատմամբ տրամագծօրէն հակադիր մօտեցումներ, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ամենեւին չեն փոխուել։ Եւ եթէ նրանք այդքան ժամանակ չեն փոխուել, ապա Դեկտեմբերի սկզբին հրաշք սպասելը չափազանց վաղաժամ է։ Սակայն բոլորը շահագրգռուած են ստատուս-քուոյի պահպանմամբ, ինչն աւելի ընդունելի տարբերակ է ներկայ իրավիճակում։ Իսկ դա հնարաւոր է անել միայն գործընթացը շարունակելով։ Գործընթացը կարելի է շարունակել՝ որոշակի խթան հաղորդելով դրան, այսինքն պատկերաւոր ասած, չանջատել արհեստական շնչառութեան համակարգը, ինչպէս վերը նշեցինք, լեթարգիական վիճակում գտնուող գործընթացից։ Այսօրուայ դրութեամբ առաւել նպատակայարմար մեխանիզմը հռչակագրային բնոյթի «դեղամիջոցներ» ներարկելն է, որոնք ոմանց յոյս են ներշնչում, ինչ–որ տեղ էլ իրարանցում առաջ բերում։ Նման թերապիայից (բուժումէն-Խմբ.) ստացուած խթանը պէտք է որոշ ժամանակ սատարի գործընթացին։ Այդպէս արուել է պարբերաբար, եւ Աստրախանում ուղղակի դիմել են արդէն փորձուած ու իր արդիւնաւէտութիւնը ցոյց տուած միջոցին։
Քաղաքագէտ ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ նախագահ Բակօ Սահակեանի խորհրդական է: