ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «7 Օր».- Նոյեմբեր 1ին զանգուածային լրատուամիջոցներով տարածուած յայտարարութիւնը, ըստ որուն՝ «Արցախի կառավարութեան որոշմամբ Աղդամը վերանուանուել է Ակնա եւ դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մէկը: Արցախի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչութեան պետ Սերգէյ Նասիբեանն ասել է, որ այդ որոշման նպատակն է կարգաւորել Աղդամում ապրող բնակիչներին հողայատկացումների գործընթացը եւ այլ կենցաղային հարցեր», ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի խօսքով՝ կառավարութեան որոշում չէ:
Ըստ Բաբայեանի, մէկ տարի առաջ տեղական շրջանի մակարդակով որոշուած է, որ պէտք է լուծել նախկին Աղդամ քաղաքի բնակիչներուն հասարակական խնդիրները: «Այդ խնդիրները լուծելու համար, որոշուած է այնտեղ ձեւաւորել համայնք մը, եւ այդ համայնքը դարձնել Ասկերան շրջանի թաղամասերէն մէկը:
Դաւիթ Բաբայեանի խօսքերով, երբ մէկ տարի առաջ այդ որոշումը տրուած է, վերլուծաբաններն ու լրատուամիջոցները զայն համարած են սովորական երեւոյթ: Ան նաեւ նշած է, որ Աղդամը վերանուանուած է Ակն, եւ ոչ թէ Ակնա:
«Սա մեր տարածքի համայնքն է, որը դարձել է Ասկերան շրջկենտրոնի համայնքներից մէկը: Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերւում եւ չենք քաղաքականացնում, որովհետեւ սա մեր առօրեայի մի մասն է: Ուղղղակի ինչ որ մարդիկ դա փորձել են փոխկապակցել ընթացիկ գործընթացի հետ: Ես դա դրական չեմ համարում: Մեզ մօտ սա որպէս սովորական մի որոշում է, որովհետեւ մեզ մօտ չկայ այնպիսի հասկացողութիւն, ինչպիսին ազատագրուած տարածքներն են, «բուֆերային» գօտին եւ այլն: Հետեւաբար լինի դա Ասկերան շրջկենտրոնի Ակն թաղամասը, լինի դա Հադրութի շրջանի ինչ որ մի գիւղի համար որոշում, սա մեզ համար վարչական խնդիրներ են», ընդգծած է Դ. Բաբայեան: