Եթէ Սփիւռք-Հայաստան Յարաբերութիւններու Ընդհանուր Պատկերացում Չկայ, Որեւէ Առանձին Ծրագիր Չի Կրնար Յաջողիլ
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ
Վերջերս սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը կոչ արեց սփիւռքահայ երիտասարդներին գալ եւ ծառայել հայկական բանակում: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրէն Սալբի Ղազարեանը «Կապիտալ»ի հետ զրոյցում ասում է, որ քանի դեռ գոյութիւն չունի Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների ընդհանուր պատկերացում եւ գաղափարախօսութիւն, որեւէ առանձին ծրագիր չի կարող յաջողել:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Տիկին Ղազարեան, ի՞նչ էք կարծում, ի՞նչ արձագանգ կը ստանայ այդ կոչը:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Այն դէպքում, երբ մեր պետութիւնը որդեգրի Իսրայէլի ընդհանուր մօտեցումն իր սփիւռքի նկատմամբ՝ նոյն հոգատարութիւնը, հանդուրժողականութիւնը, նոյն ամենաընդգրկունութիւնը, որ մեր սփիւռքը նոյն չափով իրեն տէրն զգայ իր հայրենիքի, նոյնքան պարտաւորուած ու նոյնքան իրաւասու զգայ, երբ մենք կիրառենք նման մօտեցում, այն ժամանակ իմաստ կը լինի նման կոչեր անել: Երբ Հայաստանի վերաբերմունքը Սփիւռքի նկատմամբ մշակուած չէ եւ ոչ միանշանակ է, պահի թելադրանքով՝ թէկուզ պայծառ գաղափարի արդիւնք, չեմ պատկերացնում, թէ սա ինչպէս է ստացուելու՝ հաշուի առնելով առկայ թիւրընկալումները Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: Եւ սա երկկողմանի է՝ Սփիւռքն էլ դեռ չի հասկացել, թէ ինչպէս է պէտք մտածուած, ժամանակի հետ համահունչ մշտական յարաբերութիւններ ունենալ Հայաստանի համար եւ Հայաստանի հետ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Որոշ վերլուծաբաններ Սփիւռքի նախարարութիւնը համարում են ժամանակավրէպ, քանի որ այսօրուայ Սփիւռքն այլեւս երբեմնի հայրենիքը կորցրած ժողովուրդը չէ: Ըստ Ձեզ՝ կա՞ր նման նախարարութիւն ստեղծելու անհրաժեշտութիւն:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Այն ենթադրութիւնը, որ Սփիւռքը միայն հայրենիք կորցրածի սփիւռք կարող է լինել, կարծում եմ, ճիշտ չէ: Ճիշտ է, որ Հայկական սփիւռքի սահմանումը հիմա փոխուած է, քանի որ կայ Հայաստան պետութիւնը, հսկայական գործօն է դարձել ռուսական սփիւռքը: Սակայն չեմ կարծում, որ դա է պատճառը, որ Սփիւռքի նախարարութեան գաղափարը ժամանակավրէպ է ընկալւում: Ինձ թւում է, որ դժուար է հասկանալ, թէ որն է Սփիւռքի նախարարութեան յստակ առաքելութիւնը եւ այն կեանքի կոչելու լաւագոյն ճանապարհները, քանի որ այնտեղ գաղափարախօսութիւն չկայ: Մենք՝ հայերս, Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ընդհանրապէս գաղափարախօսութիւններ չունենք: Օրինակ՝ ի՞նչ ենք ուզում կրթական համակարգից՝ չգիտենք: Չենք խրախուսում հայրենասիրութեան գաղափարը՝ որպէս հայրենասիրութիւն Հայաստան պետութեան հանդէպ, չունենք Սփիւռքի եւ Հայաստանի յարաբերութիւնների մասին գաղափարախօսութիւն: Այս ամէնի բացակայութեան պարագայում ի՞նչ արդիւնաւէտութիւն ենք ակնկալում այս նախարարութիւնից ու, թերեւս, բոլոր նախարարութիւններից Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները կազմակերպելիս:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների արդիւնաւէտութեան համար գաղափարախօսութիւնները բաւարա՞ր են:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Այո, մենք ունենք գաղափարախօսութիւնների պակաս: Մենք պէտք է հասկանանք, թէ ի՞նչ ենք ուզում ինքներս մեզնից: Եւ այս ամէնը սկսել պէտք է նրանից, որ մենք միմեանց չենք հասկանում եւ յաճախ չենք վստահում: Մենք Սփիւռքի հետ անհատապէս յարաբերութիւններ ունենք, օրինակ՝ ունենք մօրաքոյր, որը փող է ուղարկում, կամ ունենք պրոֆեսիոնալ գործընկեր, որի հետ ինչ-որ գործեր ենք անում, կամ անցեալի փորձ ունենք եւ գնում-գալիս ենք, կամ իրենք են գալիս-գնում: Այսինքն՝ անհատական մակարդակում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները գոյութիւն ունեն, սակայն հաւաքականօրէն՝ որպէս հասարակոււթիւն, որպէս պետութիւն, Սփիւռքի հետ յարաբերուելիս չունենք որեւէ մշակուած փոխըմբռնում, փոխհասկացողութիւն: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում Սփիւռքի առկայութիւնն ընդունւում է յարատեւ, այսինքն՝ Սփիւռքը կայ ու միշտ էլ կը լինի, Իսկ Սփիւռքի համար Հայաստանը մնում է յուզական երազանքների ինչ-որ երկիր կամ, լաւագոյն դէպքում, կոնկրետ անհատների համար դարձել է աշխատանքի, ծրագրերի իրականացման վայր եւ միջոց: Բայց դա մնացել է անհատական մակարդակների վրայ, եւ չենք գիտակցում ու խոստովանում կամ յայտարարում, որ մենք միմեանց կարիքն ունենք՝ Հայաստանը Սփիւռքի եւ Սփիւռքը Հայաստանի: Լաւ, թերեւս, յայտարարում ենք, բայց չենք հաւատում դրան եւ անպատրաստ ենք կատարել անհրաժեշտ քայլերը, որպէսզի կարողանանք միմեանց օգնել, միմեանցից օգտուել, բառի լաւագոյն իմաստով: Վերջերս ընդունուած քաղաքացիութեան մասին օրէնքը լաւագոյն օրինակն է: Հայաստանն այդ օրէնքն ընդունեց, եւ չհասկացանք, թէ ի՞նչ ենք ակնկալում: Մէկ մտածում էինք՝ մենք Սփիւռքին տալիս ենք լաւ հնարաւորութիւն, մէկ էլ՝ թէ մեզնից ինչ-որ բան են գողանում: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Հայաստանի բնակչութեան կէսից աւելին ցանկանում է ապրել Հայաստանից դուրս: Մի կողմից՝ մենք վրդովուում ենք փաստից, որ մարդիկ հեռանում են, միւս կողմից՝ կասկածանքով ենք վերաբերւում նրանց, ովքեր որոշում են տեղափոխուել Հայաստան: Այս երկուութեան մէջ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները չեն մշակւում եւ չեն զարգանում:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Բայց Սփիւռքում կան կառոյցներ, որոնք աշխատում են Հայաստանի համար:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Սփիւռքում կան կառոյցներ, որոնք աշխատում են թէ՛ իրենց, թէ՛ Հայաստանի համար, սակայն այդ բոլորը մշակուած եւ ուղղորդուած ձեւով չեն արւում: Միշտ չէ, որ նրանց գործունէութիւնը «Հայաստանի համար» եւ Հայաստանի կարիքները համահունչ են: Միւս կողմից՝ այդ կառոյցները չեն ներկայացնում ողջ Սփիւռքը: Անկախութիւնն անհատ հայի համար բացեց ճանապարհ դէպի Հայաստան: Եթէ նախկինում դա արւում էր Սփիւռքի կոմիտէի կամ եկեղեցու կամ որեւէ այլ կառոյցի միջոցով, այսօր անհատ հայը կարող է գալ Հայաստան եւ նախաձեռնել ցանկացած գործունէութիւն: Այսօր ունենք նման հազարաւոր անհատական ծրագրեր Հայաստանում եւ Ղարաբաղում: Սրանք ծրագրեր են, որոնք գործում են առանձին-առանձին, չհամակարգուած, աւելին՝ առանց խթանման եւ նոյնիսկ խոչընդոտներով:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Այդ դէպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ է զբաղուած Սփիւռքի նախարարութիւնը:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Չգիտեմ: Որովհետեւ դժբախտաբար, երբ նման անմշակ գաղափարների գործադրումը ձախողւում է, բոլորը մտածում են, որ գաղափարն էր վատը, եւ յետագայում շատ աւելի դժուար կը լինի նոյն կարգի, բայց աւելի լաւ մտածուած գաղափար փորձարկել: Ամէն դէպքում, ինչով էլ որ զբաղւում են, չի կարելի անմշակ գաղափարներ առաջարկել մեր լրջագոյն խնդիրների շուրջ: Դժուար է արդիւնքի հասնել այսպիսի միջավայրում, որտեղ յստակ չէ, թէ միմեանցից ի՞նչ ենք ակնկալում, եւ յարաբերութիւններն էլ մնում են պայմանական եւ անկանխատեսելի: Ընտանեկան կամ հարազատների յարաբերութիւնները պայմանական չեն լինում: Մենք կա՛մ հարազատներ ենք, կա՛մ ոչ: Այսօր Սփիւռքում մօտեցում կայ, որ Հայաստանը կա՛յ, եւ իւրաքանչիւր հայ կարող է ցանկութիւն ունենալ կամ ոչ, մասնակից դառնալու պետութեան կերտմանը: Դեռ արմատաւորուած չէ այն ընկալումը, որ սփիւռքահայը, ուզած-չուզած, սահմանւում է Հայաստանով: Սփիւռքահայի դէմքին նայում են, անուանը նայում են եւ նրան սահմանում են Հայաստանով: Ուստի՝ Սփիւռքն էլ պէտք է հասկանայ, որ իրենց արդէն ընկալում են որպէս Հայաստանի մաս, եւ ուրեմն նրանք պարտաւոր են մասնակցել պետութեան կերտմանը: Հայաստանն էլ այսօր չի հասկացել, որ առանց այդ Սփիւռքի չի կարող դառնալ այն երկիրը, որը մենք ուզում ենք: Այսօր մենք չենք գործակցում, այլ ընդհակառակը՝ սրում ենք տարբերութիւնները: Ափսոսալու փոխարէն, օրինակ՝ նրա համար, որ ուղղագրութեան փոփոխութեամբ խզուել են կապերը մեր միջեւ, եւ մտածելու, թէ ինչպէս կարելի է գոնէ մասամբ լուծել խնդիրը՝ այս կամ այն ուղղութեամբ, մենք ընդգծում ենք այդ տարբերութիւնը: Մէկ այլ օրինակ՝ կրթութիւնից մինչեւ էներգետիկայի ոլորտ մասնագէտներ ունենք Սփիւռքում, որոնց ո՛չ ճանաչում ենք, ո՛չ զանգում, խորհուրդ հարցնում, ո՛չ էլ խրախուսում, որ գան եւ մասնակցեն երկրի կերտմանը: Միւս կողմից, սփիւռքահայերը յաճախ չեն կարող հասկանալ, որ որպէսզի իրենց ներդրումն օգտակար եւ տեղին լինի, նրանք ստիպուած կը լինեն ժամանակ տրամադրել՝ ուսումնասիրելու եւ հասկանալու առկայ դրութիւնն ու իրականութիւնը, մտածողութիւնն ու խնդիրները, երազանքներն ու սպասումները: Իհարկէ, կան տարբերութիւններ, կան տարբեր ակնկալիքներ, կայ տարբեր աշխարհայեացք, բայց այդ բոլորը կարելի է յաղթահարել եւ հասկանալ, եթէ վերջապէս գիտակցենք, որ մէկն առանց միւսի չի կարող զարգանալ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Արդէն շրջանառութեան մէջ է դրուած Հայկական աշխարհ ստեղծելու գաղափարը: Չէ՞ք կարծում, որ սա լաւ գաղափար է, որի շուրջ հնարաւոր է համախմբել Հայաստանի եւ Սփիւռքի ռեսուրսները (հնարաւորութիւնները-Խմբ.):
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Ճակատագրի հեգնանքով՝ մենք արդէն մի վիրտուալ հայկական աշխարհ էինք մինչեւ տեխնոլոգիաների (արհեստագիտութեան-Խմբ.) զարգացումը: Այժմ, երբ արդի տեխնոլոգիաների շնորհիւ միացումն առաւել դիւրին է, քան եղել է երբեւէ, մենք դա անում ենք անհատապէս՝ յաջողութեան կամ պատահականութեան յոյսին թողնելով: Կրկնեմ՝ պէտք է հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում: «Հայկական աշխարհ» հասկացութիւնը միջավայր եւ մթնոլորտ է պահանջում եւ ոչ միայն ցանցեր, ինչպէս ասում են: Մենք դարերով ապրել եւ գոյատեւել ենք, որովհետեւ ցանցերն օգտագործել ենք: Այսօր ցանցեր ստեղծելու խնդիր, ինձ թւում է, չկայ, քանի որ այդ ցանցերը կան Սիլիկոնէ հովտից մինչեւ Մոսկուա: Բայց մենք չենք կարող լաւագոյնս օգտագործել այդ ցանցերը, եթէ չկայ համապատասխան միջավայր: Մենք էներգիա (ուժ-Խմբ.) ենք ծախսում համեմատելու, դասակարգելու եւ գնահատելու իւրաքանչիւրիս «հայկականութիւնը»: Սրանք անհեթեթ տարբերակումներ են, որ Իսրայէլը չի անում եւ միջազգային հանրութիւնն էլ չի անում: Դիւանագէտները կամ միջազգային կառոյցների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Կովկաս, ամենայն հաւանականութեամբ, երբեք չեն հանդիպել մի ադրբեջանցու կամ վրացու, սակայն նրանցից գրեթէ բոլորը ինչ-որ տեղ եւ ինչ-որ ժամանակ հանդիպել են հայի: Դա այն հայկական աշխարհն է, որ իրենք ընկալում են, որպէս մէկ միասնութիւն, եւ որը մենք արհամարհում ենք:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Ձեր նշած տարբերութիւնները միայն Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում չէ, որ կան, դրանք կան նաեւ Սփիւռքի ներքին յարաբերութիւններում: Չէ՞ք կարծում, որ դա հայի հոգեկերտուածքի մասն է, եւ պետութիւնն այդ բնագաւառում շատ բան չի կարող անել:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Դրանք նաեւ Հայաստանում կան, սակայն պետութիւնը պէտք է քայլեր անի եւ պահանջի, որ Սփիւռքի մեծ կառոյցները հասկանան, որ իրենց վերջնական շահը Հայաստանն է: Միեւնոյն ժամանակ, պետութիւնը պէտք է գիտակցաբար շրջանցի այդ տարբերութիւնները եւ հետապնդի ընդհանուր շահ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Եթէ մի օր Թուրքիան ճանաչի Ցեղասպանութիւնը, ի՞նչ պատկեր կունենանք Սփիւռքում: Ի վերջոյ, Ցեղասպանութեան հարցը, ողբերգական լինելով, Սփիւռքի միասնականութեան հիմքերից է:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Ոչ, համաձայն չեմ: Իհարկէ, Ցեղասպանութեան ճանաչումը շարունակում է կարեւոր մնալ բոլորիս համար, սակայն չեմ կարծում, որ դա միակ առանցքայինն է ողջ Սփիւռքի համար: Ես համոզուած եմ, որ այսօր միասնականութեան հիմքը, իսկական կապը Հայաստան պետութիւնն է, որի միջոցով ոչ միայն Ցեղասպանութեան ճանաչման, այլեւ շատ այլ հարցեր կարելի է լուծել եւ շատ աւելի արդիւնաւէտ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Սփիւռքահային ինչպիսի՞ Հայաստան է պէտք, որ նա Հայաստանն ընկալի որպէս իր հայրենիք, որպէսզի ցանկանայ գալ ու մնալ Հայաստանում:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Սփիւռքին պէտք է նոյն Հայաստանը, ինչ որ հայաստանցուն է պէտք: Ե՛ւ հայաստանցին, ե՛ւ սփիւռքահայը ցանկանում են այն հայրենիքը, որի համար իրենք հպարտ են, որտեղ իրենց լաւ են զգում:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Այսօրուայ Հայաստանը համապատասխանու՞մ է սփիւռքահայի ցանկութիւններին:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Դեռ ոչ, ինչպէս եւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնութեան համար: