Հանրապետական կուսակցութեան 20ամեակի առիթով նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը առանձնանում էր իր բազմաշերտութեամբ։ Ինչ–որ առումով այն աւելի ժողովրդին ուղղուած ուղերձ էր. երկրում առկայ իրավիճակի գնահատական, արտաքին քաղաքականութեանն առնչուող հարցեր, ներ-կուսակցական խնդիրներ, կադրային լուծումների ուղղուածութիւն, քաղաքական դաշտի վերլուծութիւն ու բնորոշումներ։
Մի խօսքով՝ նախագահական հայեացք՝ եղածին, առկային եւ հնարաւոր լինելիքին։ Յաճախ՝ բաւական դիպուկ, տեղ–տեղ կոշտ ու խիստ, ընդհանրութեան մէջ՝ ապագայի հանդէպ լաւատեսական ու յուսադրող։
Եւ այս ամէնը՝ վերջին զարգացումների խորապատկերին։
Հերթական խօսքը ասուած է։ Մնում է ամենակարեւորը։ Գործը։ Առօրեայ կեանքում այդ խօսքի արտապատկերը։
Քանի դեռ կոնկրետ մարդու, ընտանիքի, սոցիալական շերտի վրայ դրական ազդեցութիւնները շօշափելի չեն, հասարակութիւնը սպասելու է ու չի արձագանգելու ընդառաջումով։
Կարծում ենք՝ նախագահը սա մեզանից լաւ գիտի։
Առայժմ ընդամէնը կարող ենք ողջունել խօսքը ու ակնկալել կոնկրետ գործողութիւններ։ Ժամանակն ամէն բան իր տեղը կը դնի։
Ելոյթում վերից վար նաեւ մի շեշտադրում, մի միտում էր նկատւում, որ վտանգաւոր կարող է լինել. միանձնեայ, մի կէտից ամբողջը կառավարելու ձգտում-ցանկութիւնը։ Աստուած տայ՝ սխալուենք։
Եւ վերջում եւս մէկ բան՝ թէ ինչպէս այդ ելոյթը օրուգիշեր ներկայացրին իշխանամէտ հեռուստաընկերութիւնները։
Խորհրդային ժամանակների ոճով ու ոգով։ Նրանք գործ չէին անում։
Քարոզում էին։