
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Ինչպէ՞ս կ’ամփոփէք տարին: Ի՞նչ ձեռքբերումներ եւ ի՞նչ կորուստներ ունեցանք:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Տարեվերջը դրդում է հայեացք նետել անցած հետագծին՝ արժեւորել եւ հասկանալ, թէ ո՞ւր ենք հասել եւ ու՞ր ենք գնում: Ցաւօք, 2010թ. բացասական սպասումների տարի էր եւ այն չէր կարող չուղեկցուել ներհասարակական ճգնաժամով: Երբ վերլուծում ես ԱԺ ներկայացուած օրինագծերը, 2011թ. բիւջէն, յստակ է դառնում կառավարութեան սոցիալ-տնտեսական փիլիսոփայութիւնը, նրա քաղաքական արժէքների եւ սկզբունքների ողջ համախումբը: Եւ եզրակացութիւնը մէկն է, որ այն սոցիալական ճգնաժամը խորացնող, հասարակութեանը պետութիւնից օտարող քաղաքականութիւն է: Ակներեւ է, որ մենք յայտարարուած սոցիալական, իրաւական, ժողովրդավարական երկիրը չենք, ցաւօք, սրանքշարունակում են մնալ սոսկ Սահմանադրական հաստատումներ եւ ոչ երբեք իրականութիւն: Քաղաքական մեծամասնութիւնը, որն իշխանութեան ամբողջական պատասխանատուութիւնն է կրում, ձախողել է սոցիալական երկրի կոնցեպցիան (մտայղացքը-Խմբ.): Երբ համեմատում ես նուազագոյն եւ առաւելագոյն աշխատավարձերը եւ բախւում առկայ անդնդային տարբերութիւններին, հասկանում ես, որ երկիրդ սոցիալական չի կարող լինել, խաթարուած է սոցիալական արդարութեան սկզբունքը: Մենք գրեթէ բոլոր ճակատներում՝ ազգային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական, նահանջներ ենք արձանագրել: Լաւագոյն օրինակներից մէկը «Լեզուի եւ հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւնների յամառ եւ կոյր անցկացումն էր ԱԺում:
Խոր յետընթաց ենք արձանագրում ազգային պետականութեան կարեւորագոյն արժէքից՝ մայրենի լեզուից: Խորհրդարան բերուած բազմաթիւ օրինագծեր բացայայտում են կառավարութեան ապա-սոցիալական քաղաքականութիւնը, նրա պետական պատասխանատուութեան եւ պետութեան դերակատարութեան նուազեցման միտումը: Աւտոմեքենաների պարտադիր ապահովագրութեան, կենսաթոշակային բարեփոխումների, աշխատանքային օրէնսգրքի, բնապահպանութեան եւ հարկային դաշտին վերաբերող մի շարք օրինագծեր լրացուցիչ սոցիալական լարուածութիւն եւ տնտեսական բեռ են գցում առանց այն էլ տնտեսական անյաղթահարելի ճգնաժամ ապրող մեր հասարակութեան ուսերին: Միւս կողմից՝ գնալով նուազեցնում են պետութեան պատասխանատուութիւնն ու կարգաւորիչ դերակատարութիւնը: «Պետութեան վախճանի» փիլիսոփայութեամբ առաջնորդուող մեր կառավարութիւնը մեր երկրին մօտենում է որպէս բիզնես հարթակի: Նրանց համար Հայաստանը բիզնես հողատարածք է, որտեղ գործողութիւններն ու ծրագրերը խարսխուած են ոչ թէ ազգային շահի, այլ շահութաբերութեան վրայ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Իսկ չէ՞ք կարծում, որ ճիշդ ժամանակն է անվստահութիւն յայտնել կառավարութեանը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Դաշնակցութիւնն իր օրակարգում ունի իշխանափոխութեան հարցը: Կառավարման համակարգի անարդիւնաւէտութիւնն ակներեւ է: Իշխանութիւնն այս թիմով չի կարող իրականացնել 2008թ. ստորագրուած կոալիցիոն յուշագիրն իր քսաներկու յանձնառութիւններով: Իշխանութիւնը ձախողուած է, եւ այդ ձախողումների մասին խօսում է ոչ միայն Դաշնակցութիւնը, այլ նաեւ երկրի նախագահը: ՀՀԿի 20ամեակի ելոյթում նախագահի հնչեցրած գնահատականներն իրենց խստութեամբ չէին զիջում Դաշնակցութեան հնչեցրած գնահատականներին: Ի դէպ, ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետն իրենց մի քանի ելոյթներում շատ էլ լաւ գնահատել եւ ախտորոշել են երկրում առկայ խնդիրները: Եւ երբ այդ ամէնը լսում ես կամ կարդում, մտածում ես՝ ինչ անաչառ եւ դիպուկ վերլուծութիւն է եւ գնահատական: Սակայն, աւաղ, սրան համապատասխան քաղաքական վարքագիծ չի դրսեւորւում: Յետագայում հասկանում ես, որ իզուր էր, քանի որ դրանք խօսքից գործի չեն վերածւում: Երբ ՀՀ նախագահը կամ վարչապետը խօսում են երկրում առկայ օլիգոպոլիաների, կոռուպցիայի, գռփելապաշտութեան (կողոպուտի մոլութիւն-Խմբ.) մասին, բնականաբար մտածում ես թիմը փոխելու անհրաժեշտութեան մասին, սակայն դրա փոխարէն տեղի է ունենում կադրային տեղապտոյտ, որը, իմ կարծիքով, գոլորշի թողնելու էֆեկտն (արդիւնքը-Խմբ.) ունի: Մեր կեանքի արատներն այնքան համակարգային են, որ մի քանի կադրերի տեղափոխութեամբ որեւէ խնդիր չի լուծուի, եւ իրավիճակ չի փոխուի: Ներքին չլուծուած խնդիրներն աւելի սպառնացող են դառնում, երբ ուզես թէ ոչ բախւում ես արտաքին ճակատի չլուծուած հանգոյցներին: Արցախի հիմնախնդիրն ու հայ-թուրքական չկարգաւորուած յարաբերութիւններ ամէն վայրկեան պատերազմի շնչառութեամբ ներկայ են մեր թիկունքում: Վերջիններս մեզ պարտադրում են ներքաղաքական կեանքում ունենալ կայունութիւն, սոցիալական համերաշխութիւն, կառուցել ժողովրդավարական հասարկութիւն եւ իրապէս մրցունակ տնտեսութիւն:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Իսկ ի՞նչ յաջողութիւններ ունեցանք 2010թ.:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ոգեւորիչ էին այս տարուայ մարզական յաղթանակները: Տօները ու ծէսերն ազգի միասնականութեան լաւագոյն խթաններն են: Միասնականութիւնը մեզ շատ է պակասում. անհանդուրժող ենք, պատմութիւնից դասեր չքաղող, շատ յաճախ՝ նաեւ կարճատես: (Անցեալ օր) «Աիդա» օպերան էի դիտում, եւ հոգիս ցնծում էր: Ուրախ էի, որ Թամանեանի օպերայում «Ալմաստով» բացուած օպերայում, հակառակ ներքին գզվռտուքների, հակառակ սոցիալական լարուածութեան, հակառակ նոր տարուայ նախաշեմի անմարդկային թանկացումների՝ կայ մշակութային մի օազիս: Շատ պիտի ուզենայի, որ իրական մշակոյթը մեր օրերում առկայծումների նման չլինէր, այլ մեր հասարակական-քաղաքական կեանքի վաւերական բաղադրիչը լինէր: Որովհետեւ մշակութային արժէքներն ու դրանից բխած բարոյականութիւնը քաղաքական վարքագիծ են ուղղորդում: Այսօր շատերն ուղեկցւում են այն համոզմամբ, թէ քաղաքականութիւնը հեռու է բարոյականութիւնից: Սա մոլորութիւն է: Ամենաարդիւնաւէտ քաղաքականութիւնը բարոյական քաղաքականութիւնն է: Մենք որքան շուտ կարողանանք իշխանութեան ղեկը վերցնել բոլոր նրանցից, որոնց համար Հայաստանը բիզնես տարածք է, որոնց համար քաղաքականութիւնն անբարոյականութիւն է, որոնք իշխանութեան են եկել կլանային շահեր հետապնդելու համար, այնքան լաւ Հայաստանի եւ նրա ապագայի համար: Ինձ անհանգստացնում է ահագնացող արտագաղթի ալիքը: Քաղաքացուն իրենից օտարող պետութեան մէջ երեւոյթը շատ էլ բացատրելի է: Սա լուրջ խնդիր է եւ բազմակողմանի լուծումներ է պահանջում: Իրական բարեփոխումները ներքին սոցիալական, քաղաքական, տնտեսական կեանքում անխուսափելի անհրաժեշտութիւն են:
Մենք արտաքին ճակատում դատապարտուած ենք ձախողման, քանի դեռ չենք լուծել ներազգային խնդիրները:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Ի՞նչ կը մաղթէք հայ հասարակութեանը նոր տարուն ընդառաջ:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Պէտք է ռոմանտիկ դառնամ եւ սէր մաղթեմ մեր հասարակութեանը: Մաղթեմ, որ սիրենք հայրենիքը մեր հարազատի, մեր զաւակի նման: Պէտք է մաղթեմ զոհաբերուելու եւ նուիրաբերուելու կարողութիւն: Պէտք է մաղթեմ երջանկութիւն՝ անփոխարինելի արժէք իւրաքանչիւրի համար: Կայացած հասարակութիւնը կայացած եւ երջանիկ անհատների հասարակութիւնն է: Պէտք է մաղթեմ, որ մեր հասարակութիւնը կառչած մնայ իր սեփական հողին: Ոչ թէ թողնենք մեր հողն ու գնանք այնտեղ, ուր լաւ է, այլ կերտենք մեր սեփական բարեկեցիկ հայրենիքը: Կը ցանկանայի պատասխանատուութիւն եւ պահանջատիրութիւն ունենայինք, եւ ամենակարեւորը, կը ցանկանայի, որ տէր կանգնէինք մեր արցախեան յաղթանակին, որ յանկարծ նահանջը դաժան խարազանի նման չմնար մեր սերունդների ճակատին:
—————————————————————————————————————————————–
«Պէտք է մաղթեմ, որ մեր հասարակութիւնը կառչած մնայ իր սեփական հողին: Ոչ թէ թողնենք մեր հողն ու գնանք այնտեղ, ուր լաւ է, այլ կերտենք մեր սեփական բարեկեցիկ հայրենիքը: Կը ցանկանայի պատասխանատուութիւն եւ պահանջատիրութիւն ունենայինք», «Կապիտալի» հետ զրոյցում, ամփոփելով տարին, ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը:
———————————————————————————————————————————