ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան հայ ժողովուրդին յղած է իր

Ամանորեայ ուղերձը, ուր կ՛ըսէ.
«Շարունակելով հաւատարիմ մնալ իր կոչմանը՝ մեր զինուած ուժերը 2010 թուականին պատուով են կատարել իրենց գլխաւոր խնդիրը՝ մեր պետութեան պաշտպանութեան ապահովումը: Հետեւողականօրէն շարունակուել են զօրքերի մարտական պատրաստութեան բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակութեան ամրապնդմանն ուղղուած աշխատանքները: Իրականացուել են մարտական հերթապահութեան բարելաւման, սահմանամերձ շրջանների անվտանգութիւնն ամրապնդելու լայնածաւալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զօրավարժութիւնների եւ մարզումների հետ մէկտեղ, անցկացուել են օպերատիւ-մարտավարական մի շարք զօրավարժութիւններ, որոնք լրջօրէն կատարելագործել են մեր զինուած ուժերի անձնակազմի տեսական եւ գործնական ունակութիւնները: Այս ամէնի արդիւնքում էականօրէն բարձրացել է զինուած ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը:
«2010 թուականին զգալի առաջընթաց է գրանցուել նաեւ հայրենական ռազմարդիւնաբերական համալիրի զարգացման գործում: Արդիականացուել եւ յագեցուել է բանակի նիւթատեխնիկական բազան:
«Ընդլայնուել է ռազմական համագործակցութիւնը թէ ՀԱՊԿ եւ թէ ՆԱՏՕի անդամ երկների հետ: Ռազմական համագործակցութեան շրջանակներում երկրի զինուած ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպուած տարաբնոյթ զօրավարժութիւնների: ՀՀ զինծառայողները պատուով են կատարել միջազգային անվտանգութեան ապահովման իրենց խնդիրները թէ՛ Կոսովոյում եւ թէ Աֆղանստանում:
«2010 թուականը զինուած ուժերում յայտարարուած էր «Գիտելիքի տարի»: Այս կարգախօսին համապատասխան, ողջ տարուայ ընթացքում առանձնայատուկ ուշադրութիւն է դարձուել զինծառայողների մասնագիտական պատրաստութեանը:
«Զինուած ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիօրէն բարելաւել են մի շարք կարեւոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինուած ուժերում ներդրել առաջատար չափանիշներ:
«Բանակն աւելի բաց եւ թափանցիկ է դարձել հասարակութեան առջեւ: Ողջունելի է, որ զինուած ուժերում տեղի ունեցած ինչպէս դրական, այնպէս էլ բացասական երեւոյթներն ակտիւօրէն քննարկուել են հասարակութեան տարբեր շրջանակներում եւ մամուլում:
«Այնուամենայնիւ, բանակում խնդիրները դեռեւս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրութիւնն ու նուիրումը:
«Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղուած է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնոյթ է կրում՝ տարէցտարի առաջադրելով առաւել բարձր չափանիշներ: Կարծում եմ՝ 2011 թուականին պաշտպանական բարեփոխումները կ՛ապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կը բարձրացնի զինուած ուժերի մարտական վարպետութեան աստիճանը, եւ միաժամանակ, տեսանելի կը լինի հասարակութեան համար:
«Որպէս պաշտպանութեան նախարար, ցանկանում եմ հաւաստիացնել, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան եւ մնալու են իմ անմիջական ուշադրութեան ներքոյ, եւ մենք հասնելու ենք այն շեմին, որը կ՛ապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկայ տասնամեակների համար: Այս ամէնի համար, պէ՛տք է ունենանք վստահութիւն սեփական ուժերի նկատմամբ եւ հաւատ՝ ապագայի հանդէպ:
«Սրտանց շնորհաւորում եմ ձեզ՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, մաղթում եմ երջանկութիւն ու լաւատեսութիւն վաղուայ օրուայ նկատմամբ:
«Շնորհաւորանքի առանձնայատուկ խօսքեր եմ ուղղում ամանորեայ գիշերը մարտական հերթապահութիւն իրականացնող բոլոր զինծառայողներին՝ մաղթելով նրանց տոկունութիւն ու խաղաղ ծառայութիւն, իսկ զինծառայողների ծնողներին՝ քաջառողջութիւն ու բարօրութիւն:
«Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: