ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Վերջին ժամանակներս նորից հրատապ է դարձել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի եւ խաղաղութեան թեման, ինչը հաստատւում է տուեալ կենսայոյզ թեմայով քաղաքական գործիչների, փորձագէտների եւ քաղաքագէտների մեկնաբանութիւնների առատութեամբ:
Կարելի է ամենայն վստահութեամբ պնդել, որ նման ակտիւութեան կատալիզատոր (ազդակ-Խմբ.) է դարձել ադրբեջանական կողմից լարուածութեան հետեւողական շիկացումը Ադրբեջանի եւ ԼՂՀ զինուած ուժերի շփման գծում, ինչի արդիւնքում կան զոհեր: Տառացիօրէն օրերս ԼՂՀ պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութիւնը հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ Յունուարի 22ի եւ 23ի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումներն 90 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ զանազան տեսակի հրազէնից ղարաբաղեան դիրքերի վրայ արձակելով 300ից աւելի կրակոց:
Անհանգստանալու համար պատճառներն իրօք աւելի քան բաւարար են, ընդ որում տագնապ են ապրում ոչ միայն հակամարտութեան անմիջական մասնակիցները: Այսպէս, Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թ. Եագլանդը, ով մտադրւում է մօտ ժամանակներս այցելել Ադրբեջան, նշել է, որ ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրադրութիւնը կարող է դուրս գալ վերահսկողութիւնից: Եւրոպացի դիւանագէտն իր կարծիքը հիմնաւորել է հէնց իսկ զօրքերի շփման գծում միջադէպերի եւ զինադադարի ռեժիմի խախտման դէպքերի յաճախացումով:
Այս առնչութեամբ տրամաբանական հարց է ծագում. որքանո՞վ է իրական ամենամօտ հեռանկարում ռազմական գործողութիւնների վերսկսումը: Եւ որքանո՞վ են ճշմարտանման ղարաբաղեան հիմնախնդիրը ուժի միջոցով լուծելու պատրաստութեան մասին պաշտօնական Բաքուի չդադարող միլիտարիստական (ռազմապաշտ-Խմբ.) յայտարարութիւնները: Այն, որ Ադրբեջանը չի դադարեցնում պատերազմական նախապատրաստութիւնները, վաղուց արդէն գաղտնիք չէ, ինչի մասին է խօսում նաեւ իր ռազմական բիւջէն անզուսպ կերպով մեծացնելը: Դա իրօք այդպէս է: Այնուամենայնիւ, ինչպէս մեզ թւում է, Ադրբեջանի ռազմաշունչ յայտարարութիւններում ոչ քիչ բաժին է կազմում քարոզչական, իսկ աւելի ճշգրիտ՝ քաղաքական բաղադրիչը: Նախ, յաճախակի խախտելով հրադադարի ռեժիմը եւ շփման գծում սադրիչ գործողութիւններն ուղեկցելով պատերազմ սկսելու սպառնալիքներով, Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀի վրայ հոգեբանօրէն ներգործում է բանակցութիւնների գործընթացում հնարաւոր զիջումներ ստանալու հաշուարկով: Երկրորդ, նման գործողութիւնները նաեւ արտաքին քաղաքական վեկտոր (ուղղութիւն, կողմ-Խմբ.) ունեն, որի նպատակն է Ադրբեջանի էներգետիկական պաշարների վրայ հիմնուած շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) միջոցով տարածաշրջանի ազդեցիկ խաղացողներին ստիպել ճնշում գործադրել Հայաստանի վրայ եւ այն նոյն զիջումները կորզել նրանից:
Կարծում ենք, այս տեսակէտից ուշադրութեան է արժանի վերջերս Արեւմուտքի ակտիւացումը Nabucco նախագծի իրացման հարցի ուղղութեամբ, որը նախատեսում է, ի թիւս այլոց, գազը Կենտրոնական Ասիայից ու Ադրբեջանից Եւրոպա հասցնելը: Աւելորդ չէ յիշեցնել, որ այդ նախագիծն աւելի շուտ նոյնիսկ ոչ թէ տնտեսական է, այլ աշխարհաքաղաքական, որը Ռուսաստանի ազդեցութիւնը թուլացնելու նպատակ է հետապնդում:Բայց խօսքն այժմ Ադրբեջանի մասին է: Վերջերս այստեղ է գտնուել Եւրայանձնաժողովի ղեկավար Ժոզէ Մանուէլ Բարոզուն, որը հաստատել է Արեւմուտքի պլանների ամբողջ լրջութիւնը անդրկովկասեան տարանցիկ միջանցքի վերաբերեալ: Նա Ադրբեջանի նախագահի հետ յուշագիր է ստորագրել Nabucco-ի համար գազի մատակարարումների մասին: Կասկած չի յարուցում, որ պաշտօնական Բաքուն, ինչպէս որ դա քանիցս է պատահել, կը փորձի տուեալ փաստն օգտագործել իր ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական շահերի օգտին՝ վերջնագրային ձեւով պահանջելով Ղարաբաղի հարցում զիջումներ՝ ի պատասխան նախագծին իր մասնակցութեան: Ի դէպ, հէնց որ Ժոզէ Մանուէլ Բարոզուն մեկնեց Բաքուից, Միլլի մէջլիսի պատգամաւոր Ռասիմ Մուսաբեկովը յայտարարեց, որ եթէ Եւրոպական Միութիւնը մի կողմ քաշուի ղարաբաղեան կարգաւորման գործում Ադրբեջանին օգնելուց, համապատասխանաբար՝ նա չի կարող Եւրոպայի էներգետիկ անվտանգութեան հարցերում Բաքուի աջակցութեան յոյս պահել:
Սակայն կրկին վերադառնանք ռազմական գործողութիւնների հնարաւոր վերսկսման թեմային: Nabucco նախագծի հեռանկարների համատեքստում հետաքրքիր իրավիճակ է ստեղծւում: Եթէ Ադրբեջանն իրօք շահագրգռուած է տուեալ եւ էներգետիկական այլ նախագծերի իրացմամբ, ապա նա պէտք է շահագրգռուած լինի նաեւ ղարաբաղեան հակամարտութեան գօտում կայունութեան պահպանմամբ: Ընդ որում՝ ոչ միայն նա, այլեւ եւրոպացի ներդրողները, որոնք մտադիր են հսկայական միջոցներ ներդնել նախագծի մէջ: Ինչպէս յայտնի է, կապիտալը (դրամագլուխը-խմբ.), առաւել եւս լուրջ կապիտալը, «սիրում է» յարմարաւէտ պայմաններ: Այդ աշխարհաքաղաքական խաղում խաղագումարը չափազանց բարձր է, որպէսզի Ադրբեջանին թոյլ տրուի ռիսկի (վտանգի-Խմբ.) ենթարկել նրանց պլանները, ովքեր շահեր ունեն տարածաշրջանում: Ադրբեջանում դա եւս հասկանում են, ուստի հերթականութեամբ շանտաժի են ենթարկում Ռուսաստանին, Եւրոպային եւ ԱՄՆին, որոնք տարածաշրջանի երկրներում ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական շահեր ունեն: Առայժմ այդ շանտաժը զուտ քարոզչական բնոյթ ունի՝ նաւթահորերում ոչ միայն ղարաբաղեան հարցը, այլեւ հէնց բուն Ղարաբաղը խեղդելու յոյսով: Իսկ քանի որ դա ստուգապէս անհնար է, ապա շանտաժն էլ ներկայանում է որպէս յանուն շանտաժի: Տնտեսական թէ քաղաքական՝ դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ ցանկացած դէպքում ե՜ւ Հայաստանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը պէտք է ռազմաքաղաքական ջանքեր գործադրեն իրենց անվտանգութեան երաշխիքներն ամրապնդելու եւ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւոր սպառնալիքը չէզոքացնելու համար:
Լէոնիդ Մարտիրոսեան «Ազատ Արցախ» պետական պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է: