Հայաստանի գրողների միութիւնը, մասնակցութեամբ եւ հովանաւորութեամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միութեան, 2011 թ. յայտարարում է համահայկական մրցանակաբաշխութիւն «ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿ. 21ՐԴ ԴԱՐ» (վէպ, վիպակ, պատմուածաշար անուանակարգերով):
Կանոնակարգի համաձայն մրցոյթին առաջարկուող երկերը գնահատւում են գեղարուեստական մակարդակի ու թեմաների այժմէականութեան եւ ինքնատիպութեան, ինչպէս նաեւ բարոյափիլիսոփայական եւ հոգեւոր արժեհամակարգի տեսանկիւնից:
Այս տարի, իբրեւ պարտադիր պայման, մրցանակային ստեղծագործութիւնները պէտք է արտացոլեն ժամանակակից երիտասարդութեան կերպարը, հիմնախնդիրները, նրա տեղն ու դերը մեր երկրի կայացման գործում:
Բոլոր տեքստերը (բնագիրները-Խմբ.) պէտք է լինեն անտիպ եւ ներկայացուեն ծածկանունով:
Յայտարարուած մրցանակաբաշխութեանը կարող են մասնակցել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Սփիւռքի գրողները:
Նախատեսուած են հետեւեալ մրցանակները.
1. Վէպի համար (նուազագոյն ծաւալ՝ 80 համակարգչային էջ) -2.000.000 դրամ
2. Վիպակի համար (նուազագոյն ծաւալ՝ 50 համակարգչային էջ) – 1.500.000 դրամ
3. Պատմուածքների ժողովածուի համար (մինչեւ 40 համակարգչային էջ) – 1.500.000 դրամ:
(Մրցանակային ֆոնդի մինչեւ 10 տոկոսը յատկացւում է կազմակերպչական ծախսերին):
Նիւթերը ներկայացնել մինչեւ 2011 թ. Սեպտեմբերի 15ը, Գրողների միութիւն, աշխատակազմի ղեկավարին: Հեռախօս՝ 011-3741-56-18-31:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.