ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Անցնող երեք տարիների ընթացքում չեմ յիշում, որ Հանրային հեռուստաընկերութեան գործունէութեան հաղորդումը քննարկուէր ժամանակին, ինչը նաեւ այսօր է տեղի ունենում: Իհարկէ, ժամանակավրէպ է 2009ի մասին խօսել 2011ին, բայց կարծում եմ յարմար առիթ է խօսելու Հանրայինի ներկայ պատկերի մասին եւ մէկ անգամ եւս ու դարձեալ ներկայացնել մեր, նաեւ հասարակութեան ակնկալիքներն ու պահանջատիրութիւնը հանրայինից:
Հանրային հեռուստաընկերութեան նկատմամբ իմ եւ հասարակութեան «պահանջատիրութիւնը» պայմանաւորուած է հանրայինի յատուկ կարգավիճակով» ինչն օրէնսդրական սահմանում եւ ամրագրում ունի:
«Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքն ամրագրել է Հանրային հեռուստառադիօընկերութեան կարգավիճակի եւ գործունէութեան ներքոյիշեալ սկզբունքները.
«Մարդու սահմանադրական իրաւունքն ապահովելու նպատակով պետութիւնը ստեղծում է անկախ Հանրային հեռուստառադիօընկերութիւն, որի գործունէութիւնն ապահովում է տեղեկատուական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզուի եւ պատմութեան, մարզական, ժամանցային եւ հանրութեան համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատուական բնոյթի հաղորդումների բազմազանութիւն:
Հանրայինը ղեկավարւում է օբյեկտիւութեան (առարկայականութեան-Խմբ.), անկողմնակալութեան, բազմազանութեան, բազմակարծութեան սկզբունքներով»:
Արդեօ՞ք սա համապատասխանում է իրականութեանը: Իհարկէ, ոչ:

Աւաղ, ինչպէս մեր հասարակական քաղաքական կեանքի շատ ոլորտներում, այս պարագայում եւս, օրէնքի ամրագրումն այլ բան է, իրականութիւնը՝ այլ:
Հանրայինի ծրագրի պարզ ընթերցումն իսկ բացայայտում է, որ այն չի իրականացրել օրէնքով իր վրայ դրուած պարտականութիւնը եւ հնարաւոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով չի ապահովել հեռարձակուող հաղորդումների թեմատիկ, բովանդակային բազմազանութիւնը:
Գրեթէ անիմաստ է ծրագրային քաղաքականութեան մասին խօսելը, որովհետեւ Հանրայինը վերածուել է տնային տնտեսուհիների համար ժամանցային ալիքի, ուր մի սերիալը միւսին է յաջորդում՝ կրկնուելով օրուայ մէջ երեք անգամ, իսկ արանքներում էլ շարունակ երգում են ու երգում: Կարծես թէ աշուղագուսանական հանրապետութիւն ենք, ուր ձախողուած դերասանները երգում են, չկայացած երգիչները դերասանութիւն անում:
Իհարկէ, տնային տնտեսուհիները իրենց ժամանակը լցնելու իրաւունքը ունեն, բայց հանրայինի իրական դերակատարութիւնն ու պատասխանատուութիւնը այլ է: Երբ աչքդ ընկնում է էկրանին «ազգային սերիալների» անվերջ շարան է, ուր կամ մէկը միւսի մռութն է ջարդում, կամ խղճուկ, անբովանդակ, անիմաստ աղաւաղուած հայերէնով կենցաղային երկխօսութիւններ վարում:
Ինչու՞ ենք մեր աղաւաղուած բարքերը բերում եթեր եւ ի՞նչ հերոսների օրինակով ենք քաղաքացի ձեւաւորում: Արդեօ՞ք Խաչագողի ձախողուած կերպարի ուղերձին են սպասում մեր հասարակութիւնն ու երիտասարդութիւնը: Ինչու՞ են շարունակ նոյն, ոչ յաջողուած բեմադրիչների մեկնաբանութեամբ կեղծ արժէքներ փոխանցւում հասարակութիւն: Ի՞նչ ենք շահում: Չէ՞ որ հանրայինը պիտի նաեւ հեռանկարի խնդիր լուծի՝ ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ, ու՞ր ենք գնում, ի՞նչ համազգային շահերի շուրջ ենք համախմբւում: Այս ամէնն անելու համար հեռուստատեսութեան զէնքն ամենաարդիւնաւէտն է ու դիպուկը, ինչու՞ չանել: Ի վերջոյ, հանրայինն իր արբանեակային հեռարձակմամբ նաեւ համահայկական հեռուստաալիք է, եւ պարզապէս Հայաստանի դէմքը եւ սա լուրջ պատասխանատուութիւն է:
Անառարկելի է, որ երկրում ներհասարակական բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ կայ, եւ բոլորիս հետ միասին իր մեղքի բաժինն ունի նաեւ հանրայինը:
Բացառիկ կարեւորելով Հանրայինի դերակատարութիւնը երկրում հասարակական հանդուրժողականութեան, մասսայական լրատուութեան միջոցի նկատմամբ հաւատի ու վստահութեան վերականգնման ուղղութեամբ, ցաւով եմ փաստում, որ այն շարունակում է իր վնասակար հաւատարմութեամբ մեղանչել անաչառութեան հարցում, իսկ հասարակութիւնը հերոսներ է փնտռում, անկողմնակալ տեղեկատուութիւն, ու ելքերի մէջ որոնման յաճախ մոլորւում:
Հանրայինը լուրջ անելիքներ ունի իր հասարակական-քաղաքական հաղորդումների որակն ու անկողմնակալութիւնը բարձրացնելու խնդրում: Եթէ՝ անկեղծ, այդպիսիք գրեթէ չկան, իսկ եղածներն էլ ցաւօք սրտի շարունակում են կէսճշմարտութեան կեցուածքը՝ չարտայայտելով հասարակական կարծիքների ու հայեացքների ողջ բազմազանութիւնը:
Ոչ պակաս կարեւոր մէկ խնդրի եւս՝ կրթական ծրագրեր. բոլորովին հակուած չեմ եւ արդար չէ այս խնդիրը միայն հանրայինինը համարելը, բայց գտնում եմ, որ կարող ենք Հանրայինից ակնկալել, որ կրթական, դաստիարակչական ծրագրերին յատկացուող ծաւալները մեծանան» հաշուի առնելով, որ կրթութիւնը մեր երկրի զարգացման գերակայ, ռազմավարական ուղղութիւններից մէկն է: Գիտելիքահէն հասարակութեան մասին հրապարակային հաստատումներ է անում կառավարութիւնը ու շարունակում Հանրայինի սերիալապատումը:
Կարծես թէ Հանրայինը մշակութային հաղորդումների ծաւալների մեծացում է արձանագրել: Սակայն եթերի մշակութային հերոսները, շարունակում են մնալ էստրադայի չակերտաւոր աստղերը, որ յամառօրէն ամէնուր են: Ու՞ր են մշակութային իրական արժէքներն ու դրանց կերտողները, մշակոյթի իրական սպասաւորները, որոնք լուռ, անմնացորդ ու անհատոյց իրենց գործն են անում, ազգային գիտակցութիւն ու արժեհամակարգ ձեւաւորում:
Այս մտահոգութեամբ հիմնադրուեց «Արարատ» հեռուստաալիքը եւ իմ խորին համոզմամբ սխալ ճանապարհով գնացինք: Հ1ը ազատուեց մշակութային հաղորդումներից՝ ըստ իրենց ցածր վարկանշային հաղորդումներից, դրանք օտարելով «Արարատ», եւ այսօր յստակ չէ վերջիններիս ճակատագիրը: Իմ խորին համոզմամբ Հ1ը պիտի ազատ լինի վարկանիշային մոլուցքից եւ այդ բարդոյթից: Նա պետութեան եւ հասարակութեան պատուէրն է կատարում եւ ուրեմն բարձր ազգային խնդիրներ ու ճաշակ պարտադրելու առաքելութիւն պիտի ստանձնի՝ ոչ թէ էժան շուկայի պահանջը բաւարարելու խնդիր:
Առաջիկայում 2012 թ. ընտրութիւններն են, եւ քաղաքական մթնոլորտն ու գունապնակը գնալով շիկանում են: Ուզում եմ հաւատալ, որ Հանրայինը կը գիտակցի իր իրական դերակատարութիւնն ու պատասխանատուութիւնը, կ՛առաջնորդուի անկախութեան եւ անաչառութեան սկզբունքով, արտայայտելով հասարակութեան բոլոր շերտերի յոյզերն ու սպասումները: Ուզում եմ հաւատալ նաեւ, որ այն կը նպաստի մեր հաւաքական ջանքին՝ կառուցելու սոցիալական եւ ժողովրդավարական երկիր Հայաստանը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր է, ՀՅԴ պատգամաւորական խմբակցութեան անդամ: