
«Վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր ընդունել է «Ֆորչիւն Օյլ» ընկերութեան պատուիրակութեանը ընկերութեան գործադիր փոխնախագահ Դանիէլ Չիւի գլխաւորութեամբ: Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում ՉԺՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Թիան Չանգ Չուն»: Սա հատուած է կառավարութեան Փետրուարի 23ի տարածած հաղորդագրութիւնից:
Երբ փետրուարի 7ին Hetq.amում տպագրուեց, որ չինական ընկերութեանը վաճառուել է Հայաստանում փաստօրէն երկաթահանքեր շահագործելու իրաւունք, կարծում էինք, որ սա ընդամէնը վատ երազ է, եւ մեր երկու «ազգընտիրներ»՝ Վարդան Այվազեանն ու Տիգրան Արզաքանցեանը չինացիներին 24 միլիոն դոլարով վաճառել են մի բան, որը երբեւէ չի իրականանալու: Այսինքն, ծախել են ինչ որ լիցենզիա, որի իրագործման թոյլտուութիւն երբեւէ Հայաստանի կառավարութիւնը չի տալու: Իսկ չի տալու մի պարզ պատճառով՝ Հայաստանը շատ փոքր տարածք է, որպէսզի այնտեղ ինչ որ մէկը ինչ որ երկաթի հանք շահագործի (ըստ պայմանագրի, խօսքը նոյնիսկ 3 երկաթահանքերի շահագործման մասին է): Ցանկացած բնապահպան, տնտեսագէտ, ինժեներ, երկրաբան կ՛ասի, որ երկաթահանք շահագործելը դա մոլիբդենի կամ ոսկու հանք շահագործել չէ, որովհետեւ իր մասշտաբայնութեամբ (հսկայական չափերով-Խմբ.) սա բոլորովին այլ պրոցես (գործընթաց-Խմբ.) է, եւ չի ենթարկւում թափօնների պոչամբարների տեսքով լոկալացման (տեղայնացման, սահամանափակ տարածութեան մէջ պարփակուելու-Խմբ.):
Երկաթահանքի դէպքում, բնութեանը, շրջակայ միջավայրին եւ այդ տարածքում ապրող մարդկանց հասցուող վնասը հարիւրապատիկ է, եթէ ոչ հազարապատիկ: Եւ եթէ սովետական ինդուստրիալիզացիայի (ճարտարարուեստականացման-Խմբ.) տարիներին չշահագործուեցին Հրազդանի երկաթահանքերը, ապա միայն այն պարզ գիտակցմամբ, որ հանքի շահագործման հետեւանքով մշտական փոշու ամպը կախուած է լինելու Սեւանից Երեւան ընկած հատուածի վրայ, վերանալու է ոչ միայն Ծաղկաձորը, այլեւ Հայաստանի մօտ մէկ երրորդի ամբողջ բուսականութիւնն ու կենդանական աշխարհը:
Իսկ այժմ, խօսքը գնում է նաեւ Աբովեանի եւ Սվարանցի (Տաթեւի վանքին հարեւան գիւղ է) երկաթահանքերի շահագործման մասին, որից յետոյ, եթէ տուրիզմ ենք զարգացնելու, Ծաղկաձորում, Սեւանում եւ Տաթեւում, ապա դա կը լինի շատ ինքնատիպ տուրիզմ խարամի բլուրների գրկում: Յետոյ տուրիստները կը մրցեն, թէ ով քանի կիլոգրամ փոշի է կուլ տուել:
Նոյն Hetq.amում Փետրուարի 14ին տպագրուեց այս թեմայով Վարդան Այվազեանի հետ հարցազրոյց. «Ընդհանրապէս կ՛ողջունէի ցանկացած շահագործուող հանքի համար: Չինական կազմակերպութիւնը, որ այստեղ ուզում է մօտ 100 մլն դոլարի չափ ներդրում կատարի եւ աշխատացնի մօտ 2000 մարդ, ինձ թւում է՝ սրանից լաւագոյն բան ոչ մէկը չի անի: Չինաստանից թողնում գալիս է, սա լաւագոյն բանն է: Դեռ ընթացքի մէջ է, քննարկւում է: Երեւի շատ շուտով ներդրողները կը գան, նախնական պայմանաւորուածութիւններ կը լինեն, որ շահագործեն: Պետական բիւջէի միջոցները դրանից կ՛աւելանան 50 մլն.-ով, վա՞տ բան է: Ես չեմ տեսել, որ արտասահմանցի որեւէ մէկը այստեղ գործարան սարքի, գործարանը դնի թեւի տակ ու տանի իրա հօր տուն, ոնց որ մի քանի լրագրողներ ուշաթափւում են»: Յիշեցնենք, որ այս խօսքերի հեղինակը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի Բնութեան պահպանութեան նախարարի պաշտօնը:
Այվազեանի միւս միտքն արդէն առնչւում է նրա ներկայիս պաշտօնին. «Իսկ ինչո՞ւ պիտի հետաքրքրութիւն չունենամ: Միթէ՞ Հայաստանում տնտեսական գործունէութեամբ զբաղուելը յանցագործութիւն է: Ես կ՛ողջունեմ ցանկացած մէկի, ով կարող է ինքը ներդրում բերել եւ Հայաստանը զարգացնել: Օրէնքով ընդերքը պետութեան բացառիկ սեփականութիւնն է, ի՞նչ են թուլացել, ջղաձիգ շարժումներ անում»: Յիշեցնենք, այս խօսքերի հեղինակը ներկայում Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր է, ԱԺ տնտեսական հարցերով յանձնաժողովի նախագահ, եւ պէտք է լինի խորհրդարանում քննարկուող տնտեսական օրէնքների եթէ ոչ հեղինակը, ապա ակտիւ մասնակիցը: Այսինքն, պէտք է լինի լաւ տնտեսագէտ: Իսկ աշխարհի տնտեսագէտները 20րդ դարի երկրորդ կէսից արդէն գլխի էին ընկել, որ հանքերի շահագործումը տնտեսութեան զարգացման հետ առանձնապէս կապ չունի: Այնպէս, ինչպէս ընտանիքի բարեկեցութեան հետ կապ չի կարող ունենալ տան եղած վերջին ոսկեղէնը վաճառելը: Դա ընդամէնը ճարահատեալ քայլ է, որին դիմում են միայն ծայրայեղ կարիքի դէպքում: Եւ «հանքահանութիւնը» արդիւնաբերութիւն չէ:
Բայց սա հարցի միայն մի կողմն է: Ներդրում բերել եւ Հայաստանը զարգացնել ասելով ի՞նչ է հասկանում Վարդան Այվազեանը, որպէս տնտեսագէտ: Նախարար եղած ժամանակ ինքն իր որդու անունով գրանցած ընկերութեանը լիցենզիա է տուել, հիմա այդ լիցենզիան վաճառելը 24 միլիոնով. բիզնե՞ս է, տնտեսագիտութիւ՞ն, թէ՞ ինվեստիցիոն (ներդրումային-Խմբ.) գործունէութիւն:
Բայց սա էլ հարցի ընդամէնը մակերեսային կողմն է: Ամենաահաւորը կառավարութեան Փետրուարի 23ի հաղորդագրութիւնն է: Ցաւալի է, որ իսկապէս տնտեսագէտ, իսկապէս գրագէտ Տիգրան Սարգսեանը նոյն ոգեւորութեամբ ողջունում է չինացի ներդրողներին. կառավարութեան մամուլի ծառայութիւնը տեղեկացնում է, թէ վարչապետը նշել է, որ գործադիրը կարեւորում է հանքահումքային ոլորտում կատարուող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածաւալ ներդրումային ծրագիրը, որով հանդէս է գալիս «Ֆորչիւն Օյլ» ընկերութիւնը:
Մնաց աշխատատեղեր ստեղծելու մասին գեղեցիկ ցանկութիւնը: Գոնէ կառավարութիւնում պէտք է որ իմանան, որ որեւէ չինացի հայ հանքափորին գոնէ 150 հազար չի վճարի: Փոխարէնը Չինաստանից կը բերի 30-40 հազար ամրակազմ, ժրաջան, 20 դոլարով գոհացող բանուորներ, յետոյ նրանց ընտանիքներին, եւ վերջում կը վերականգնուի «պատմական արդարութիւնը»՝ ի դէմս այս տարածքում ստեղծուող Չինաստանի Հայ Ստան Նեայն գաւառի: Դա կարուի երեք փուլով. առաջին՝ գալիս են չինացի բանուորները, իրենց ընտանիքներով, երկրորդ՝ նրանք արագ բազմանում են, եւ երրորդ՝ հայերը գնում են Ռուսաստան:
Lragir.am-ի տնտեսական
եւ հանքահումքային
վերլուծութիւնների վարչութիւն
Յ.Գ. Թեղուտը, այս ծրագրի համեմատութեամբ, պատուհանագոգին ծաղիկ աճեցնելու պէս մի բան է: Այնպէս որ, մեր բնապահպանները դեռ հեծանիւներով շատ պէտք է գնան Հրազդան-Աբովեան-Սվարանց երթուղով:
Յ.Գ.-1. Անգլերէնի սուղ իմացութիւնն է պատճառը, որ չենք հասկանում՝ Ֆորչունօյլ նշանակում է ճակատագրի իւղը, թէ հարստութեան իւղը: Ամէն դէպքում, երեւի կարեւորը իւղն է…