![0326vahe[1]](https://asbarez.com/App/Asbarez/arm/2011/03/0326vahe1.jpg)
ԳԼԵՆԴԷՅԼ.- Համաձայն վերջին տարիների սովորութեան, կազմակերպութեամբ Գլենդէյլի Հայ կենտրոնի ընկերային յանձնախումբին, Շաբաթ, Մարտ 19, 2011ին, Երեկոյեան ժամը 8:30ին, Գլենդէյլի «Ռենըսանս» սրահում տեղի ունեցաւ հանգանակային ճաշկերոյթ-պարահանդէս՝ «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի բարեզարդման օգտին:
Համաձայն միջոցառման գրքոյկի մէջ տպուած յանձնախմբի ողջոյնի խօսքին, «Աւելի քան 18 ամիս է, որ «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական նորակառոյց կենտրոնը իր աշխատանքն է սկսել Գլենդէյլում: Երիտասարդական, ազգային, մշակութային եւ համայնքային-հասարակական մի կենտրոն, որ դառնում է իրագործումների օրրան մեր համայնքի համար: Մեր երիտասարդութեան համար հարազատ ու մտերմիկ մի միջավայր, ուր հայկական ոգին ու ազգային առողջ դաստիարակութիւնն է փոխանցւում մեր երեխաներին ու երիտասարդներին՝ նրանց պատրաստելով իբրեւ ազգի ու համայնքի նուիրեալ գործիչներ ու յանձնառու քաղաքացիներ»:
Հանդիսութիւնը բացուած յայտարարուեց օրուան հանդիսավար Մհեր Դաւթեանի միջոցով, որ բարի գալուստ մաղթելով հիւրերին՝ նշեց պաշտօնական հիւրերի անունները, նաեւ կոչ արեց ներկաներին մասնակցելու Գլենդէյլի քաղաքային ընտրութիւններին: Մհեր Դաւթեանի խօսքից յետոյ ողջոյնի խօսք ասաց Գլենդէյլի «Ահարոնեան» կոմիտէի հերթապահ Վահէ Պօզոյեան, որ գնահատելով ներկաների մասնակցութիւնը եւ նուիրատուների հովանաւորութիւնը՝ կոչ ուղղեց ներկաներին, որ իրենց նուիրատուութիւններով նպաստեն երիտասարդական կենտրոնի պահպանման ու բարեզարդման:
Յայտագրի գեղարուեստական բաժնի առաջին մասում երգիծական մենախօսութեամբ հանդէս եկաւ Վահէ Պէրպէրեան, որ շուրջ մէկ ժամ տեւող իր ելոյթով, աշխոյժ եւ զուարճալի մթնոլորտ ստեղծեց աւելի քան 400 ներկաների մօտ: Գեղարուեստական յայտագրի միւս բաժնում միջազգային երգերով հանդէս եկաւ Գօգօ Հայիթեան, իր նուագախմբով, որին ընկերակցեցին ներկաները իրենց պարերով:

Կենտրոնի գլխաւոր բարերար՝ տոքթ. Ալպեր Գարամանուկեանը, իր հովանաւորութիւնը ամրագրեց 25 հազար դոլար եւս նուիրելով իր ծնողների անունը կրող երիտասարդական կենտրոնին: Տոքթ. Գարամանուկեան եւս ելոյթ ունենալով՝ բարի մաղթանքներ կատարեց նորակառոյց կենտրոնի աշխատանքներին:
Հանդիսութիւնը ընթացաւ ուրախ եւ զուարճալի մթնոլորտում, եւ աւելի քան 60 հազար դոլար հանգանակուեց Գլենդէյլի Երիտասարդական կենտրոնի օգտին: