Յարգելի «Ասպարէզ»ի Խմբագրութիւն,

Ըստ Վրաստանի պատմագէտների, իրենց երկիրը երկու հազար տարի է, որ գոյութիւն ունի: Սովետ Միութեան փլուզումից յետոյ, երկրի ղեկավարութիւնը ստանձնել էր նախկին Սովետ Միութեան արտաքին գործոց նախարար Էտուարտ Շեվարնադզէն: Մի երկու ամիս անց, երկրի հիւսիսում անկախութիւն հռչակեց արկածախնդիր շովինիստ կարծրատիպ Գամսախուրդեան: Իր հանգուցեալ հայրը ճանաչուած գրող եւ մտաւորական էր: Նրա ըմբոստութիւնը կառավարութեան կողմից ճզմուեց եւ նա փախաւ Չեչենիա ու մի քանի տարի անց խորհրդաւոր պայմաններում մահացաւ, իսկ իր կինը այն ժամանակ Թուրքիայում էր: Իսկ իր միակ տղան, վերջերս Վրաստանում կուսակցութիւն է հիմնել եւ իրեն յայտարարել է կառավարութեան ընդդիմադիր:
Կառավարութիւնը չափաւոր քաղաքականութիւն էր վարում՝ թէ՛ արտաքին եւ թէ ներքին: Նախագահական ընտրութիւններում ընտրուեց ու հաստատուեց Շեվարնադզէն: Մէկ ամիս անց, դահլիճի իր նախարարներից Սահակաշվիլին եւ Ազգային ժողովի նախագահ Նինօ Բուրջանադզէն ու իր փոխանորդը՝ Օջիվանին, ամբոխի գլուխը անցած մտան խորհրդարան, ջարդ ու փշուր անելուց յետոյ յեղաշրջում արեցին եւ իրենք իրենց հռչակեցին երկրի տէր-տիրական: Նրանց կառավարութիւնը անմիջապէս ճանաչեց Միացեալ Նահանգները եւ յայտարարեց, որ յիսուն միլիոն տոլար է ծախսել Սահակաշվիլին այդ գործի համար: Ի դէպ, նա երեք տարի Միացեալ Նահանգներում է ուսանել: Իսկ մէկ տարի յետոյ, իր հետ յեղաշրջում անողներից Օջիվանին խորհրդաւոր պայմաններում իր տան մէջ մահացաւ: Միւս յեղաշրջումի մասնակից Նինօ Բուրջանադզէն հիմա դարձել է թունդ ընդդիմադիր:
Սահակաշվիլին իր դիմակը շուտ պատռեց եւ ապացուցուեց իր դերակատարութիւնը, մասնաւորապէս արտաքին քաղաքականութեան մէջ, ու յայտարարեց, որ Ռուսիայի զօրքերը անյապաղ պիտի դուրս գան Վրաստանից, ինչ որ մէկ տարուան ընթացքում գործադրուեց: Այդ կապակցութեամբ նա բարձրաձայն ասեց, որ «երկու հարիւր տարի Ռուսաստանը գրաւել-զաֆթել է մեր երկիրը»: Մինչդեռ իր երկրի եւ օտարների պատմաբանները հակառակն են ասել: Այսպէս՝ 1783 թուին, Յուլիս քսանչորսին, Գէորգի թագաւորի պալատը «Քարթլի» եւ Քախեթիայի Քրաքլիա երկրորդ թագաւորը յայտարարեցին Վրաստանի միացումը Ռուսաստանին: Իսկ 1801ի Դեկտեմբեր իննին, մի անգամ եւս յայտարարութեամբ հաստատեցին Վրաստանի միացումը Ռուսաստանի:
1917 թուին, երբ առաջին իշխանափոխութեան ժամանակ կազմուել էր կովկասեան պետութիւնների «Սէյմ» կամ խորհրդարանը, դրա նախագահն էր տխրահռչակ վրացի Կեկեչգորին, որ Կարսը վաճառքի էր դրել:
Մեր քաջարի Դրօն այդ առթիւ իր զօրքով Թիֆլիսը գրաւեց, սակայն, դժբախտաբար, նենգ Անգլիայի պահանջով յետ գնաց Հայաստան: Իսկ հիմա իրենց պատմաբանները եւ հոգեւորականները պատմութիւնը նենգափոխելով՝ ուզում են դարերով մեզ պատկանած եկեղեցիները մեզանից գողանալ: Իրենց այսպէս կոչուած հոգեւորականները յայտարարել են, որ հայ կաթողիկէները իրականութեան մէջ վրացիներ են եւ պիտի վերադառնան իրենց արմատներին… Դրանով նրանք ձգտում են հայերին էթնիք ինքնութիւնից զրկել: Բայց ոչ նրանք, ոչ էլ հայ ժողովուրդի այլ թշնամիները երբեք չեն յաջողի այդ անել:
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ