ԼՈՍ ԱՆæԵԼԵՍ.- ՀՀ Նախագահի հովանաւորութեամբ՝ Հայկական գրատպութեան 500 ամեակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցեց «Լոս Անջելես Թայմզ» թերթի կազմակերպած ամենամեայ Գրքի փառատօնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան համատեղ ջանքով եւ ՀԲԸՄի համահովանաւորմամբ, փառատօնին ներկայացուեց հայկական մշակութային ժառանգութիւնը՝ Նարեկացուց մինչեւ ժամանակակից հայ գրողների լաւագոյն հաւաքածուները, պատմութեան, արուեստի տարբեր բնագաւառների օտարալեզու եւ հայերէն գրականութիւն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկաւառակներ:
Յատկանշական է, որ հայկական տաղաւարը զբաղեցնում էր ամենամեծ տարածքը եւ առանձնանում էր յատուկ ձեւաւորմամբ: Պատահական չէ, որ այն «Լոս Անջելես Թայմզ»ի կողմից ճանաչուեց ամենեգեղեցիկ տաղաւարներից մէկը:
Ողջունելով հայ եւ օտար այցելուներին՝ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը յայտարարեց, որ Հայաստանի մասնակցութիւնը խոշորագոյն փառատօնին կարեւոր քայլ է՝ հայկական գրատպութեան 500ամեայ ժառանգութիւնն աշխարհին ներկայացնելու իմաստով, եւ մեծ պատասխանատուութիւն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչեւ էլէկտրոնային գրականութիւն:
Առանձին ներկայացուեցին նաեւ ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կեանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյեանի ծննդեան 100ամեակի առիթով տպագրուած՝ գրողի լուսանկարների ժողովածուն:
Հայկական տաղաւարն այցելուներին յայտարարուեց, որ Իւնեսկոյի կողմից Երեւանը 2012թ.ին հռչակուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Փառատօնի երկու օրերի ընթացքում ընթերցասէրների համար հնարաւորութիւն ստեղծուեց զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատօն էին բերել իրենց ժողովածուները:
Հայկական տաղաւարում հնչում էր ազգային երաժշտութիւն, այցելուներին բաժանւում էին օտարալեզու գրականութեան նմուշներ եւ հայկական մանրանկարչութեան դրուագներով պատկերազարդուած շապիկներ:
Խոշորագոյն փառատօնին հայկական առաջին ներկայութիւնը ողջունեց Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմէջեանը, ով ներկայացրեց ժամանակակից անգլալեզու գրականութիւնը հայերի ցեղասպանութեան մասին:
Փառատօնի աւարտին գլխաւոր հիւպատոս Գ. Յովհաննիսեանը յայտարարեց, որ Մշակոյթի նախարարի առաջարկով յաջորդ տարի Հայաստանը կը ստանձնի «Լոս Անջելես Թայմզ»ի Գրքի փառատօնի գլխաւոր հովանաւորի դերը:
Մշակոյթի նախարարութեան Արուեստի վարչութեան պետի տեղակալ Սեյրանուհի Գեղամեանը յայտնեց, առաջիկայում Հայաստանը կը մասնակցի Թեհրանում, Սալոնիկում եւ Վարշաւայում կազմակերպուելիք Գրքի փառատօններին: