ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- 90ականներին որոշ արուեստագէտների եւ տաղանդաւոր մարդկանց թւում ինչ-ինչ պատճառներով օտար ափերում յայտնուեց նաեւ ճանաչուած գեղանկարիչ Ռաֆայէլ Աթոյեանը: Ամերիկաբնակ արուեստագէտը այժմ Հայաստանում է:
Անցեալ Չորեքշաբթի, 15 Յունիսին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացուեց գեղանկարչի ծննդեան 80 եւ ստեղծագործական գործունէութեան 50ամեայ յոբելեաններին նուիրուած ցուցահանդէսը:
Նախքան բացումը՝ «Առաւօտը» հանդիպեց գեղանկարչին:
Ռ. Աթոյեանն ասաց, որ ի սկզբանէ ցուցահանդէսի ծրագիր չի ունեցել. «Նախաձեռնութիւնը այստեղ բնակուող աղջկաս է պատկանում: Նա ինձ ստիպեց, որ 80ամեակիս հետ կապուած իմ հայրենիքում անհատական ցուցահանդէս ունենամ, ինչի համար ԱՄՆից հետս բերեցի 40 կտաւ: Գալուս նպատակը այլ էր՝ ուզում էի գնալ Արեւմտեան Հայաստան ու չգնացի: Ընկերներիցս մէկը, որ սասունցի է, ինձ մտքափոխ արեց. պիտի գնամ եւ իմ հայրական տանը թուրք ու քուրդ նստած տեսնեմ, վիրաւորուեմ…»:
Գեղանկարիչը ծնունդով Գիւմրիից է, նախկին Ղազարապատ, ներկայիս Իսահակեան գիւղից: Պատմում է, որ իր պապի անունն էլ է Աւետիք եղել, ինչպէս Վարպետինը, հարեւանութեամբ են ապրել: Երբ Աւետիք Իսահակեանին ձերբակալել են՝ նրա արխիւը գեղանկարչի պապն է պահել:
Ինչ վերաբերում է իր նկարիչ դառնալու ցանկութեանը, այն երբեք ծնողների կողմից չի խրախուսուել, ինքն էլ սկսել է քարտէզ նկարելուց:
Ռ. Աթոյեանը բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Աւստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆում եւ այլուր:
Իսկ ԱՄՆ «ընկել» է ընտանեկան պայմաններից ելնելով: Ասում է.«Այստեղ մնացել էի մենակ կնոջս հետ: Երեխաներս, թոռներս կանչեցին: Արդէն 16 տարի է Ֆրեզնոյում եմ ապրում Վիլեամ Սարոյեանի քաղաքում»:
Իր նկարչի կերպարի մասին Ռ. Աթոյեանը չի սիրում շատ խօսել: Միայն նշում է, որ կարօտ է նկարում. «Ես հեռու եմ իմ հայրենիքից, բայց սիրտս այստեղ է: Կարօտում եմ ամէն ինչը հողը, օդը, բնութիւնը, գործերս էլ այս կամ այն կերպ Հայաստանին են առնչւում»: Նկարիչը հպարտութեամբ պատմեց նաեւ, որ ողջ Սովետական միութիւնում միակ պետական մրցանակակիրն է եղել. «Դա ՀԱՄԽի ծրագիրն էր մրցոյթ արուեստի տարբեր ճիւղերի գրողների, նկարիչների, ժուռնալիստների միջեւ: Հայաստանից միայն մէկը պէտք է ընտրուէր ու մեկնէր Մոսկուա: Ես ընտրուեցի: Ողջ Սովետական միութիւնից 100ից աւելի մասնակիցներ կային, որոնցից ընտրուեցին 10 լաւագոյնները: Իսկ այդ 10ից էլ ես դարձայ ՀԱՄԽի մրցանակակիր»:
Նկարչի կարծիքը երիտասարդ արուեստագէտների մասին այսպիսին է. «Հայ երիտասարդների միտքը զիլ է, բայց ցաւն այն է, որ մեզ պէս ակտիւ չեն: Ասես արիւննները չի եռում երակներում: Դրսի արուեստն էլ իմ գիտակցութեանը հասու չէ: Չեմ հաւանում ու հասկանում: Այնտեղ աւարտում են համալսարանները, համարւում պրոֆեսիոնալ նկարիչներ, բայց տարրական քիթ, ականջ նկարել չգիտեն…»:
Ռ. Աթոյեանը, բացի նկարելուց, նաեւ նկարահանուել է Ֆրունզէ Դօվլաթեանի «Կարօտ» ֆիլմում, այն էլ գլխաւոր հերոսին՝ Առաքէլին է մարմնաւորել. «Դերասանների հետ սիրել եմ ընկերութիւն անել: Վարդան Աճեմեանը միշտ ուզում էր ինձ թատրոն տանել, բայց հրաժարւում էի: Ֆրունզիկ Դօվլաթեանին յաջողուեց ինձ համոզել եւ 1986ին «Մենաւոր ընկուզենի» ֆիլմի մի էպիզօդում (դրուագի մէջ-Խմբ.) նկարուեցի: Երեւի դուրը եկաւ խաղս: 88ին «Կարօտ» ֆիլմում ինձ գլխաւոր Առաքէլի դերը տուեց: Երեւի ուզում էր ինձ դերասան դարձնել, բայց ախր ես նկարիչ եմ ծնուել: Ու եթէ երկրորդ կեանքի հնարաւորութիւն ունենայի, էլի վրձինը կը վերցնէի ձեռքս»: