ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Գաղտնիք չէ, որ ամերիկեան տնտեսութիւնը հիմնականում աշխուժանում է, երբ մարդիկ դրամ են ծախսում: Դրամն առաւել զգալիօրէն ծախսւում է տօնական օրերին, որի վրայ էլ կենտրոնանում են վաճառականները եւ իրենց տեսականին աւելի բազմազան են դարձնում: Հիմնականում 18-24

տարեկաններն են, որ անխնայ ծախսում են՝ առանց մտածելու, թէ ինչպէս պիտի դուրս գան այս ծախսերի տակից, երբ վարկային քարտերի հաշիւները տուն առաքուեն:
Վերջին հարցումներից մէկի համաձայն, Յուլիսի 4ին, վերոյիշեալ տարիքային խումբը ներկայացնող երիտասարդը միջին հաշուով 379 դոլար կը ծախսի անկախութեան օրուայ ընթացքում: Դրամը հիմնականում կը ծախսուի ուտելիքի, երաժշտութեան, հագուստի եւ այլ պարագաների վրայ: 35-49 տարեկանները մօտ 218 դոլար կը ծախսեն այդ օրը, 50-64 տարեկանները՝ մօտ 155 դոլար:
Մէկ այլ հարցման արդիւնքում պարզուել է, թէ երիտասարդներին այնքան էլ շատ չի հետաքրքրում այն հանգամանքը, թէ երկիրը ճգնաժամի մէջ է. նրանք այսպէս կոչուած «ոչ անհրաժեշտ» ծախսերին յատկացնում են միջին հաշուով $361 դոլար, եւ սա զգալի աճ է համեմատած նախորդ ցուցանիշների հետ: Տնտեսագէտները մատնանշում են, թէ 25 տարեկանից ցածր երիտասարդների շրջանում գործազրկութիւնն աւելի քան 17 տոկոս է կազմում, ինչը նկատելիօրէն աւելի է, քան բարձր տարիքային խմբի անձանց մօտ:
Ահա եւս որոշ վիճակագրական տուեալներ. բարձրագոյն կրթութիւն ստացած երիտասարդների ուսման վարձի համար կուտակուած պարտքը միջին հաշուով կազմում է մօտ 30 հազար դոլար, սակայն նրանց կուտակած պարտքերը մի քանի անգամ գերազանցում են կրթութեան վարձի պատճառով ծանրացած պարտքը:
Այս վիճակագրական տուեալների կողքին թերեւս ամենահետաքրքրականն Օհայոյի պետական համալսարանի գիտնականների կատարած այն բացայայտումն է, թէ 18-27 տարեկան երիտասարդները չեն վախենում պարտք կուտակելու հեռանկարից, եւ սթրեսի կամ ճնշուածութեան տակ չեն ընկճւում մեծացող պարտքի պատճառով: Ոմանք էլ իրենց պարզապէս գերազանց են զգում, երբ կրթութեան վարձի համար վերցրած պարտքը մեծանում է կամ կրեդիտ քարտերի պարտքերը գնալով աւելանում են: Գիտնականների վկայութեամբ այս խումբն իրեն աւելի կայացած է համարում: Կրեդիտ քարտերի «դատարկուելու» առումով գիտնականները նշում են, թէ երիտասարդին այդ պահին քիչ է հետաքրքրում, թէ ինքը պարտք է կուտակում. նա աւելի հետաքրքրուած է իր երազած ապրանքը շուտափոյթ ձեռք բերելով, իսկ թէ յետոյ ինչ կը լինի, նա դեռեւս այդքան պարզ չի պատկերացնում:
Երբ ուսանողներին հարցրել են, թէ իրենք ինչպէս են վերաբերում տնտեսական ներկայ իրավիճակին, նրանց ճնշող մեծամասնութիւնը պատասխանել է, թէ տնտեսութիւնը կը բարելաւուի գալիք տարի: Իսկ եթէ աւելի ստոյգ տուեալներ են ձեզ հետաքրքրում, ապա երիտասարդների 42 տոկոսը վստահ է, թէ գալիք տարի ամէն ինչ գերազանց կը լինի, այնինչ 35 տարեկանից բարձր մարդկանց շրջանակում միեւնոյն հարցման արդիւնքները ցոյց են տալիս, թէ հարցուածների 31 տոկոսն է նման պատկեր տեսնում:
Սակայն մասնագէտների վկայութեամբ ամենամեծ «մեղքը» երիտասարդների աննպատակ ծախսելու առումով ընկած է կրեդիտ քարտեր տրամադրող ընկերութիւնների վրայ, քանի որ, չնայած երկրի ղեկավարութեան կողմից բարձրացուած բազմաթիւ արգելքներին, նրանք դեռ շարունակում են ապառիկի հնարաւորութիւն ընձեռել երիտասարդներին եւ ուսանողներին: Իսկ կրեդիտ քարտ ունենալու «վարդագոյն» հեռանկարից գրեթէ ոչ մի երիտասարդ չի հրաժարուի, չէ՞ որ դա նշանակում է, որ ինքը ինքնուրոյն է, չափահաս եւ հաստատուն կանգնած է իր ճանապարհին: Կրեդիտ քարտերի ընկերութիւնները շարունակում են համալսարանների մօտ «սեղաններ» դնել եւ գայթակղել բազմաթիւ երիտասարդ ուսանողների: Զաւեշտական կը լինէր մտածել, թէ նրանք այդքան հեշտ կը հրաժարուէին անիմաստ ծախսող տարիքային այս խմբից: Որոշ մասնագէտներ պնդում են, թէ երիտասարդների նման վարքը նկատելի չափով օգնում է ամերիկեան տնտեսութեան առողջացմանը: Ցաւալին այն է, որ երբ հաշիւը փակելու ժամանակը գայ, շատերն ի վիճակի չեն լինի վճարել կուտակուած պարտքերը: Իսկ թէ ինչպիսի հետեւանք կունենայ պարտքերը չվճարելու հանգամանքը, դուք ինքներդ լաւ գիտէք: Պետութեան մասշտաբով բաւական է ուշադրութիւն դարձնել Յունաստանի վրայ: Տեսէք, թէ ինչպիսի ալեկոծութիւններ են տեղի ունենում, եւ կամ ինչպէս են հարեւան եւ ոչ հարեւան պետութիւնները արհամարանքով խօսում, երբ հարցը վերաբերում է այդ երկրին:

Եւս մէկ նկատառում. շատ ծնողներ երկու քարի արանքում են, երբ իրենց որդին կամ դուստրը առանց թոյլտուութեան խոշոր գնում է կատարում, օրինակ՝ ինքնաշարժ կամ այլ թանկարժէք իր է գնում: Սրանցից ոմանք չեն մտածում, որ չեն կարողանալու տակից դուրս գալ, բայց միեւնոյնն է, գնում են իրենց «երազած» ապրանքը: Որոշ մասնագէտներ պնդում են, թէ եթէ հարցը այդտեղ է հասել, ապա երիտասարդին որեւէ օգնութիւն ցոյց տալու խորհուրդ չի տրւում, քանի որ մէկ անգամ նրա «անզգոյշ» պարտքը փակելու դէպքում երկրորդ, երրորդ եւ յետագայ սայթաքումներն անխուսափելի են (մինչեւ երիտասարդի խելամիտ դառնալը): Այսինքն, նման քայլի դիմած երիտասարդներն իրենք պէտք է գիտակցեն, որ պարտքերը վճարել չկարողանալու արդիւնքը յետագայում կարող է անդրադառնալ իրենց կրեդիտի վրայ, եւ շատ բաներից կը զրկուեն, եթէ չմտածուած քայլեր կատարեն այսօր: Դժուար է հայ ծնողի համար անօգնական թողնել այսպիսի սխալ կատարած զաւակին, բայց օգնութեան ձեռք մեկնելն աւելի կը խորացնի հետեւանքները, եւ վերջում կարող է ստեղծուել այնպիսի իրավիճակ, որ ծնողը, նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում, ի վիճակի չի լինի օգնել իր զաւակին: Կրկնում եմ, Ձեր զաւակների հետ նախապէս զրուցելն ընտանիքի դրամական իրավիճակի մասին չափազանց կարեւոր է, յատկապէս եթէ որոշակի դժուարութիւններ կան նախահաշւում: Եւ այո, պէտք է նրանք պարզ պատկերացնեն, թէ իւրաքանչիւր ապառիկ այն գնման համար, որոնց մասին ծնողը տեղեակ չէ, ինքը՝ երիտասարդն է պատասխանատու, եթէ նոյնիսկ ի վիճակի չլինի ամսեվճարն ապահովել:
Գուցէ եւ ոմանց այս մօտեցումը խորթ թուայ, եւ համաձայն եմ ընկերներիցս մէկի այն նկատառման հետ, թէ մենք՝ հայերս, մեր զաւակներին վերաբերւում ենք այնպէս, ինչպէս մեր ամենաթանկագին մարմնի մասին՝ սրտին, ենք վերաբերւում: Այնինչ մեզնից շատերը չեն գիտակցում, կամ չենք ուզում գիտակցել, որ երեխան ինքնուրոյն միաւոր է, եւ մեր դերը նրանց ոտքի կանգնեցնելն է, ոչ թէ քմահաճոյքները բաւարարելն ու մղկտալը, երբ (Աստուած մի արասցէ) մի փորձանք պատահի:
Եւ բնաւ զարմանալի չի լինի, եթէ ձեր 17-27 տարեկան զաւակի կամ թոռան հետ զրուցէք այսօրուայ ակնարկի մասին՝ յիշատակելով, թէ մէկ օրուայ մէջ անիմաստ է 400 դոլար ծախսելը նպատակայարմար չէ: Դրամ ծախսելը պէտք է լինի նպատակաուղղուած՝ անկախ անհատի կամ ընտանիքի տնտեսական կարողութեան հանգամանքներից: