ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Գլոբալիզացիայի (համաշխարհայնացման-Խմբ.), համահարթեցման, քաղաքակրթութիւնների
պատերազմների ու ազգերի ձուլման մասին բազմաթիւ յօդուածներ ու գրքեր են գրւում յատկապէս վերջին տարիներին:
Պէտք է նկատել, որ գլոբալիզացիան նոր երեւոյթ չի. գլոբալիզացիայի առաջին ամենայայտնի օրինակը թերեւս հին յունական հելլէնիզմն էր: Այսօր փոխուել են գլոբալիզացիայի մեթոդները միայն:
Գլոբալիզացիայի համարժէք անուանումը հայերէնով՝ համաշխարհայնացումը, առաւել եւս լաւ է արտայայտում տերմինի իմաստը. համաշխարհայնացնելով, համահարթեցնելով ու ջնջելով ամէն տարբերութիւն՝ բոլորն ու ամէն ինչ դառնում են շատ աւելի հեշտ կառավարելի:
Գլոբալացումը յատկապէս մեծագոյն մարտահրաւէր է ազգային արժէքների համար:
Ինչպէս նշում է քաղաքակրթութիւնների ու գլոբալացման յայտնի տեսաբան Սեմուէլ Հանթինգտոնն իր «Քաղաքակրթութիւնների բախում» գրքում, արեւմուտքը քաղաքակրթութիւններից միակն է, որ մնացած բոլոր քաղաքակրթութիւնների վրայ ունեցել է ահռելի, իսկ ժամանակ առ ժամանակ՝ կործանարար ազդեցութիւն (Հանտինգտոն Ս., «Արեւմուտքը եւ միւսները», Գլոբալացուող աշխարհ, Երեւան, 2009թ):
Նկատենք, որ արեւմուտքը հիմնականում «ագրեսոր» (յարձակողապաշտ-Խմբ.) ու «ահաբեկի»չ, «բարբարոս» է անուանում այն բոլոր պետութիւններին, որոնք չեն համաձայնում ընդունել ամերիկեան քաղաքակրթութեան գերակայութիւնը: Օրինակները բազմաթիւ են. ամենաթարմն ու ամենաբնորոշներից է ամերիկա-իրանեան հակամարտութիւնը:
Քաղաքակրթութիւնը պատմականօրէն դասաւորուած վարքագծային համակարգ է, որն իր մէջ ներառում է ազգի կենսակերպը, էթնոսոցիալական (ազգային-ընկերային-Խմբ.) յարաբերութիւնները, մտածողութիւնը, կենցաղը, իրաւական համակարգը, բարոյական եւ հոգեբանական արժէքները, կրօնը եւ մշակոյթը:
Դէ ինչ, ձուլելով ու կործանելով ազգի քաղաքակրթութիւնը, կործանւում է նշուած այս ամբողջ համակարգը, ինչն էլ անպայմանօրէն ենթադրում է ազգի թուլացում: Յաճախ, եթէ ոչ միշտ, քաղաքակրթական ազդեցութիւնն ու մշակութային էքսպանսիան (ծաւալապաշտութիւնը-Խմբ.) ունեն տնտեսական ու ռազմական նպատակներ:
Հայոց քաղաքակրթութիւնն ունի ագրեսիւ քաղաքակրթութիւններին դիմակայելու բաւականին մեծ փորձ: Լաւագոյն եւ ամենաբնորոշ օրինակը թերեւս հինգերորդ դարում էր, երբ քաղաքակրթական բոլոր մարտահրաւէրներին, լինել-չլինելու կենսական հարցին հայ ազգը տուեց մշակութային պատասխան. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերն ու սկսեցին ստեղծուել հայկական մշակոյթի լաւագոյն կոթողներ, պահպանուել եղածները:
Հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան էջերում յաճախ կարելի է կարդալ հետեւեալ տողերը. «Պետականութեան բացակայութեան պայմաններում հայ ազգին հայ են պահել հայոց լեզուն, հայկական ընտանիքն ու քրիստոնէութիւնը»:
Այսինքն, հային հայ է պահել հայկական մշակոյթը, հայոց քաղաքակրթութիւնն առհասարակ, այն հայկական արժեհամակարգը, որն այսօր մեծապէս վտանգուած է:
Քաղաքակրթական տարբերութիւններից եւ անհամատեղելիութիւնից ելնելով՝ շատ յաճախ մի ազգի համար ընդունելի ու օգտակար բարքերն ու սովորոյթները միւսի համար կարող են կործանարար լինել:
Հիմնականում այդպէս է պատահում, երբ այսպէս կոչուած առաջադէմ գաղափարներն աղաւաղուած ու անհասկանալի կերպով ներմուծւում են տուեալ դէպքում՝ Հայաստան եւ փաթաթւում են մեր հասարակութեանը: Սակայն ոչ ոք չի հարցնում, թէ որքանով է տուեալ գաղափարը կամ արժէքը համապատասխան տուեալ հասարակութեանը կամ որքանով է այն նրան պէտք:
Պատմութեան մէջ շատ չեն դէպքերը, երբ ազգերը վերացել են զանգուածային ոչնչացման միջոցով, մինչդեռ բազմաթիւ են ձուլման հետեւանքով նրանց անհետացումները:
Այս պարագայում բռնի մեթոդները՝ լեզուի արգելում, դաւանանքի պարտադրում, ազգութիւնից ստիպողական հրաժարում եւ այլն, այնքան էլ արդիւնաւէտ չեն, քանզի, յաճախ ուժի ազդեցութիւնն առաջ է բերում բնական հակազդեցութիւն: Ազգերի ձուլումն առաւելապէս իրականացւում է մշակութային կլանման կամ արեան խառնման միջոցով :
Մենք սա լաւ գիտենք. հային երբ չեն կարողացել կոտորել սրով, փորձել են ձուլել. արգելել մայրենիով խօսել, կարդալ ու գրել, աղօթել հայկական եկեղեցում… Այսօր ոչինչ չի արգելւում. այս քաղաքակիրթ դարում ո՞վ իրեն թոյլ կը տայ որեւէ բան արգելել. ընդհակառակը, մարդու իրաւունքներն ու ազատութիւնները պէտք է ամէն գնով պահպանուեն, անգամ եթէ պէտք է դրա համար նորմալ ապրող երկրի վրայ ռումբ գցել ու սպանել այն մարդկանց, ում իրաւունքն ամէն գնով պէտք է պաշտպանուի: Բայց սա արդէն խօսակցութեան այլ նիւթ է:
ՀՀում այսօր գործում են մի շարք կազմակերպութիւններ, որոնք «օրէնքի ուժով», «միանգամայն օրինական» իրականացնում են մի շարք գործողութիւններ: Արտասահմանից սնուող այս կազմակերպութիւնները շատ գրաւիչ են, ակտիւ մասնակիցներին հնարաւորութիւն են տալիս մէկ շաբաթով, երբեմն էլ՝ աւելի երկար ժամանակով մեկնել արտասահման, մասնակցել տարաբնոյթ ծրագրերի:
Բացի վերը նշուած, առաջին հայեացքից ոչ այնքան վնասակար գործառոյթից, այս կազմակերպութիւններն իրականացնում են մի շարք այլ, վնասակար ու անմիջապէս ազգային անվտանգութեանը սպառնացող գործողութիւններ:
Այստեղ ընթերցողի ուշադրութիւնը ցանկանում ենք բեւեռել յատկապէս մի կէտի վրայ. օտար բարքեր քարոզող ու «արեւմտեան» բարքերն իդէալական ներկայացնող կազմակերպութիւնները վտանգաւոր են յատկապէս մարզերում:
Հայաստանի մարզերում երիտասարդները որեւէ հետաքրքիր զբաղմունք գրեթէ չունեն, եւ ցանկացած նորութիւն ցանկալի ու ընդունելի է: Կարծում ենք՝ հեշտ է պատկերացնել այն իրավիճակը, երբ փոքր քաղաքում յայտնւում են մի խումբ ակտիւիստներ, սկսում են կազմակերպել միջոցառումներ ու ձեռքի հետ էլ քարոզում գաղափարներ: Շուտով նրանց շուրջ հաւաքւում են քաղաքի այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ բարելաւել իրենց կեանքն ու իրենց շրջապատը եւ յաճախ չեն էլ հասկանում քարոզչական այն մեխանիզմները (ձեւերը-Խմբ.), որոնք կիրառւում են իրենց վրայ: Արդիւնքում ձեւաւորւում է մի խումբ, ով որոշակի ազդեցութիւն ունի տուեալ քաղաքում, տարուած է «արեւմտեան հովերով», ընդհանրապէս կտր-ուած է ազգային գաղափարներից ու արժէքներից, դժգոհ է առկայ բարքերից ու «համոզուած է, որ եւրոպական արժէքները հայ հասարակութիւն բերելով՝ ամէն ինչ կարելի է շտկել» ու որ ամենավտանգաւորն է՝ այս մարդիկ բարձրագոյն արժէք են համարում հանդուրժողականութիւնն ու պացիֆիզմը (խաղաղապաշտութիւնը, պատերազմներուն ընդիմութիւնը-Խմբ.):
Ինքս ծնուած լինելով Վանաձոր քաղաքում, կարող եմ հաստատապէս ասել, որ այնտեղ յատկապէս վտանգաւոր են անարգել գործող ամենատարբեր աղանդաւորական շարժման ներկայացուցիչները: Որքան էլ ցաւալի է, սակայն պէտք է խոստովանել, որ Լոռուայ ժողովուրդն այնքան էլ կապուած չէ Հայ Առաքելական Եկեղեցու հետ, եւ աղանդների տարածումն այստեղ առաւել քան հեշտ է: Աղանդաւորները գործում են շատ մտածուած ու արդիւնաւէտ: Շահարկւում է յատկապէս տնտեսական գործօնը եւ մարդկանց՝ քիչ զբաղուածութիւն ունենալու հանգամանքը: «Մորմոնի խօսք» տարածող աղանդաւորներն, օրինակ, հիմնականում օտարերկրացի երիտասարդներ են, բարետես, բարեկիրթ, խօսում են հայերէն: Նրանք շրջում են տնից տուն, բաժանում են գրքեր (իհարկէ, հայերէն), ընկերանում են մարդկանց հետ, յետոյ նրանց հրաւիրում իրենց ժողովներին: Եթէ տուեալ անձը տեղափոխման հետ խնդիր ունի, առաջարկում են մեքենայով նրան հասցնել հաւաքատեղին:
Դէ մենք օտարերկրացիներին շատ ենք սիրում, չէ՞: Մանաւանդ այդքան բարեկիրթ երիտասարդներին: Շատ ծանօթներից եմ լսել, որ թէկուզ իմանալով աղանդների վնասակար ազդեցութեան մասին, չեն կարողանում դուրս անել նրանց:
Նոյն Վանաձորում շատ տարածուած է նաեւ Եհովայի վկաներ կոչուող աղանդը, որոնք կրկին գործում են հիմնականում «տնից տուն» սկզբունքով:
Լրագրողական աշխատանքի բերումով ստիպուած եմ եղել շփուել «կեանքի խօսք» բաւականին վտանգաւոր աղանդի ներկայացուցիչների հետ: Նրանցից մէկը, մի երիտասարդ տղայ, պատմեց, որ ինքը «կործանման եզրին է եղել, եւ իրեն փրկել է իր եկեղեցին, Կեանքի խօսքը»:
Այս մասին զրուցել եմ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորների հետ: Նրանք, բնական է, գիտեն աղանդների գործունէութեան ու չարագործ հետեւանքների մասին, սակայն կարծում են, որ եկեղեցին աղանդների դէմ իրենց ձեւով պայքարել չի կարող:
Առանց ամուր ազգային ինքնագիտակցական հիմքի վտանգաւոր են անգամ այն կազմակերպութիւնները, որոնք առաջին հայեացքից լաւ գործ են անում, ինչպէս, օրինակ, օգնում են խելացի երիտասարդներին գնալ Հայրենիքից, մեկնում, որը, շատ հաւանական է, անվերադարձ կը դառնայ:
Երեւանում օտար ձեռքերից սնուող այս կազմակերպութիւններին ինչ-որ չափով հակահարուած է տրւում, ազգային ինքնագիտակցութեանն ուղղուած քննարկումներ, դասընթացներ Երեւանում քիչ թէ շատ կազմակերպւում են: Իսկ մարզերում այս առումով վիճակն առաւել քան անվերահսկելի է: Պետական կառոյցների վրայ էլ, բնական է, յոյս դնել չի կարելի:
Կարծում եմ՝ գտնուելով այսպիսի աշխարհագրական դիրքում, ունենալով դարաւոր թշնամի հարեւաններ՝ հայ երիտասարդներն այսօր հայրենասէր ու սթափ չլինելու իրաւունք պարզապէս չունեն: Թշնամիների հանդէպ հումանիստ (մարդասէր-Խմբ.) լինել մեզ պարզապէս չի կարելի՝ հաշուի առնելով արիւնալի ու ողբերգական փորձը:
Եւ անգամ այս համատեքստում հանդուրժողականութիւն քարոզող ու ազգը տարանջատող կազմակերպութիւնների դէմ բացայայտ պայքարելը թերեւս, անհնար է օրէնքների շրջանակներում, քանի որ ՀՀում յաճախ ընդունւում են օրէնքներ, որոնք դէմ են ՀՀ ազգային շահերին:
Ազգային ինքնագիտակցութիւն դաստիարակող ու ազգային արմատներին կապող, հայրենիքն անհրաժեշտութեան պահին պաշտպանելու ոգով դաստիարակող ակումբի կամ կազմակերպութեան հիմնումը լաւագոյնս կարող է հակազդել ապազգային կառոյցներին:
Իսկ այդ գործը Հայաստանում, ինչպէս բոլորս էլ տեսնում ենք, սրտացաւ անհատներինն է:
Այս նիւթը գրելիս առաջնորդուել եմ յատկապէս Վանաձորի օրինակով, սակայն տեղեկութիւնների համաձայն վիճակի մխիթարական չէ նաեւ այլ մարզերում: Ըստ մամուլի հրապարակումների, Սեւանում, օրինակ, առանձին փողոցներ կան, որտեղ միայն Եհովայի վկայ աղանդի հետեւորդներ են բնակւում:
Կարծում եմ՝ հնարաւորութեան դէպքում նպատակայարմար կը լինի ՀՀ մարզերում մոնիթորինգի (հսկողութիւն-Խմբ.) անցկացում, իրավիճակի ճշգրիտ պատկերացում եւ համապատասխան կառոյցների կամ թէկուզ առանձին երեկոյեան դպրոցների, պարապունքների կազմակերպում:
Աշխատանքը կարելի է բաժանել ըստ մարզերի: