Յուլիս ամսուան ընթացքին այցելեցինք 4 գիւղ՝ Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանի բնութեան

գեղեցկութեամբ զմայլուելով՝ այցելեցինք Արմաւիրի մարզի Նորապատ, Գեղարքունիքի մարզի Սեմէոնովկա, Տաւուշի մարզի Նոյեմբերեան եւ Սիւնիքի մարզի Եղուարդ գիւղերը: Բոլոր գիւղերն էլ աղքատ էին եւ հեռաւոր, եւ մարդիկ շատ ուրախ էին մեզ տեսնելով:
Նրանց ուրախութիւնը կրկնապատկւում էր, երբ տեղեկանում էին, որ բացի հագուստից, կարող են նաեւ վերցնել խաղալիքներ երեխաների համար, պայուսակներ իրենց համար եւ նոր կօշիկներ՝ ողջ ընտանիքի անդամների համար: Բացի այդ, մենք հիւրեր ունէինք Արաբական Էմիրութիւններից, ովքեր ցանկութիւն յայտնեցին գալ մեզ հետ եւ ուտեստեղէն նուիրաբերեցին Սեմէոնովկա գիւղի բոլոր ընտանիքների համար:
Յուլիսին մեր գրասենեակում ունեցանք բազմաթիւ այցելուներ, ովքեր կարիք ունէին հագուստի, սննդի, ոմանք հարսանեկան զգեստի, իսկ ոմանք էլ՝ իրենց երեխաների համար դպրոցական պիտոյքների: Մենք հոգացինք նրանց բոլորի կարիքները:
«Աստուածաշնչի ուսումնասիրութիւն» եւ «Պնակ մը կերակուր» ծրագրերից բացի, որոնք աւելի ու աւելի շատ մարդիկ են ներգրաւում, մենք սկսել ենք նաեւ խմբակային մկրտութեան ծրագրի իրականացումը: Մենք արդէն 2 մկրտութիւն ենք կազմակերպել եւ մկրտել աւելի քան 30 տարեց ու մանուկ:
Յուլիսի 2ին տեղի ունեցաւ մեր հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոն»ի բացումը, որին մասնակցեցին բազմաթիւ յարգարժան հիւրեր ԱՄՆից, եւ պետական մարմիններից (Հայաստանի) ներկայացուցիչներ: Ներկայ էին բազմաթիւ լրագրողներ: Իրադարձութեան մասին հեռուստայայտագիր կազմուեց եւ հեռարձակուեց տարբեր հեռուստաալիքներով: Մենք ունեցանք բազմաթիւ հիւրեր, որոնց թւում նաեւ վարդապետ Պարթեւ Կիւլիւմեանը՝ Կալիֆորնիա նահանգից: Նա այցելեց մեր կենտրոն, օրհնեց աղօթքի սենեակը եւ «Փարոս» բարեգործական հիմնադրամի ողջ աշխատակիցներին ու բնակիչներին:

Յուլիսի 28ին կարողացանք եւս մէկ կեանք փրկել՝ մեր կենտրոն բերելով թիւով երրորդ աղջկան, իր 4 ամսական որդու հետ: Այս աղջիկը մանկատան նախկին սան է, ով ամուսնացել եւ երեխայ է լոյս աշխարհ բերել: Սակայն ամուսինը եւ սկեսուրը, երեխան ձեռքին՝ նրան տանից դուրս են արել: Միակ հարազատը նրա քոյրն էր, ով հրաժարուել է ընդունել նրան երեխայի հետ: Մի քանի օր անօթեւան մնալուց յետոյ, նա նոյնիսկ փորձել էր ինքնասպանութիւն գործել: Այժմ նրանք ապրում են ապահով վայրում: Կատարէ՛ք ձեր նուիրատուութիւնները մեր կայքում՝ www.parosfoundation.org, կամ ուղարկէք ձեր «չեկ»երը հետեւեալ հասցէով. P.O.Box 3595, Seal Beach, CA 90740:
(Թղթակցութիւնը հիմնադրամէն)