ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- «Հարկաւոր է ճնշում գործադրել (Հայաստանի) իշխանութիւնների նկատմամբ, որպէսզի ընտրութիւնների երկրորդ փուլ յայտարարուի: Դա միակ ճանապարհն է, որ թոյլ կը տայ մարդկանց գործողութիւնները պահել Սահմանադրութեան շրջանակներում»: «aՈւիքիլիքս»ի կողմից հրապարակուած փաստաթղթերի համաձայն, նման ուղերձով է 2008ի նախագահական ընտրութիւններից երկու օր անց՝ Փետրուարի 21ին, Լեւոն Տէր Պետրոսեանն իր օգնական Լեւոն Զուրաբեանի միջոցով դիմել Երեւանում ամերիկեան դեսպանատան ներկայացուցիչներին:
«Նրանք (Հայաստանի իշխանութիւնները) չեն կարող անտեսել ձեր ճնշումը», նշել է Տէր Պետրոսեանը:
Ի դէպ, նախագահական ընտրութիւններից մօտ երեք շաբաթ անց՝ արդէն Մարտի 10ին, Երեւանում ԱՄՆի գործերի հաւատարմատար æոզեֆ Փենինգթոնը փաստօրէն չի հերքել երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտութիւնը:
«Կասկած չկայ, որ Տէր Պետրոսեանի՝ Փետրուարի 19ին ստացած քուէների քանակը անհամեմատ աւելի բարձր է պաշտօնական 21.5 տոկոսից կամ 350 հազար քուէից: Մեր կանխատեսումների համաձայն՝ Տէր-Պետրոսեանի ցուցանիշն իրականում տատանւում է 30-35 տոկոսի միջակայքում, ինչը մօտաւորապէս 490ից մինչեւ 570 հազար ձայն է կազմում», նշել է Փենինգթոնը՝ յաւելելով. «Վերջին երկու շաբաթում Տէր Պետրոսեանի հանրային աջացութեան մակարդակը միայն աճել է: Հայաստանցիներից շատերն այժմ նշում են, որ խնդիրը ոչ թէ Տէր Պետրոսեանի անձն է, այլ կառավարութեան պահուածքը»:
Փենինգթոնի խօսքով՝ «խաղաղ ցուցարարների դէմ ուժի կիրառումը, լրատուամիջոցների լռեցումն ու այլ տիպի ճնշումները է՛լ աւելի են սաստկացրել մարդկանց դժգոհութիւնը»: «Այս ամէնի հետեւանքով Տէր Պետրոսեանին սկսել են աջակցել նաեւ մարդիկ, ովքեր նախկինում նրան առանձնապէս չէին սիրում», ասուած է հաղորդագրութեան մէջ:
«Ուիքիլիքս» կայքում տեղադրուած հաղորդագրութիւնների մի մասն էլ վերաբերում է Մարտի 1ին նախորդած իրադաձութիւններին, մասնաւորաբար՝ ամերիկացի դիւանագէտների եւ հայաստանեան իշխանութեան ներկայացուցիչների միջեւ այդ օրերին տեղի ունեցող ակտիւ շփումներին: 2008ի Փետրուարի 28ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ æոզեֆ Փենինգթոնի զրոյցի հաշուետուութիւնը դեսպանութեան աշխատակիցները վերնագրել էին հետեւեալ կերպ. «Քոչարեանի աշխարհը, որտեղ կառավարութիւնն անսխալական է»:
«Փետրուարի 28ի երեկոյեան տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քոչարեանն ինչպէս միշտ թուլացած էր, բարեհամբոյր, երբեմն կատակում էր: Նա ի սկզբանէ իր ձեռքը վերցրեց ողջ զրոյցի ընթացքը, թէեւ իրականում հէնց ինքն էր նախաձեռնել այս հանդիպումը՝ մեր տեսակէտը լսելու նպատակով», նշել է Փենինգթոնը:
ԱՄՆի գործերի ժամանակաւոր հաւատարմատարի փոխանցմամբ, զրոյցի ընթացքում Քոչարեանը պնդել է, որ դրանից մի քանի օր առաջ՝ Փետրուարի 22ին, իրենց յաջողուել է կանխել ռազմական յեղաշրջումը երկրում:
«Վտանգաւոր մի պահ կար՝ կապուած «Երկրապահ»ի հետ, սակայն ես այդ հարցը կարողացայ լուծել մէկ օրում», նշել է Քոչարեանը՝ ասելով նաեւ. «Երկրապահ»ի ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթէ ուժ կիրառեն ի պաշտպանութիւն Տէր-Պետրոսեանի, ապա ստիպուած կը լինեն գործ ունենալ ոչ միայն ոստիկանութեան, այլեւ հայկական բանակի ողջ կարողութիւնների հետ»:
Քոչարեանի խօսքը մէջբերելուց յետոյ Փենինգթոնը մանրամասնել է. «Տէր-Պետրոսեանի խորհրդական Լեւոն Զուրաբեանը դեսպանութեան քաղաքական բաժնի ղեկավարին ասել է, որ Քոչարեանը ամսի 22ին Մոսկուայից վերադառնալուն պէս շատ կոշտ խօսակցութիւն է ունեցել պաշտպանութեան փոխնախարար եւ «Երկրապահ»ի ղեկավար Մանուէլ Գրիգորեանի հետ, որից յետոյ վերջինը լրջօրէն ահաբեկուել է, յայտնուել է ինքնամեկուսացման մէջ եւ անհասանելի է Տէր Պետրոսեանի ճամբարի համար»:
Զրոյցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ազատութեան հրապարակում հնարաւոր ոստիկանական գործողութիւններին:
«Այս առումով Քոչարեանի՝ մեզ ուղղուած ազդակները փոքր-ինչ հակասական էին: Մի կողմից նա նշում էր, թէ ժամանակը աշխատում է իշխանութիւնների օգտին: Յաջորդ նախադասութեան մէջ, սակայն, Քոչարեանը խօսում էր այն մասին, որ կառավարութիւնը չպէտք է իր թուլութիւնը ցուցադրի», նշում է ամերիկացի դիւանագէտը՝ մէջբերելով նախկին նախագահի հետեւեալ խօսքերը. «Եթէ ես որոշեմ մաքրել հրապարակը, ապա դրա համար ընդամէնը 40 րոպէ կը պահանջուի»: Փենինգթոնի խօսքով, Քոչարեանը նշել է, թէ ինքը հասկանում է, որ ուժային գործողութեան դէպքում տուժածներ կը լինեն, եւ ինքը չի ցանկանում, որ նման բան լինի:
«Միւս կողմից, սակայն՝ եթէ Տէր-Պետրոսեանի գործողութիւնները շարունակուեն, ապա հանրութեան մօտ կարող է տպաւորութիւն ստեղծուել, որ իրաւապահներն ի վիճակի չեն վերականգնել կարգուկանոնը», ասել է Քոչարեանը:
Խօսելով ձերբակալուած ընդդիմադիրների մասին՝ Քոչարեանը նշել է, որ նրանց մեծ մասը ճաղերի ետեւում է յայտնուել քուէարկութեան օրը ընտրատեղամասերում թոյլ տուած իրաւախախտումների համար:
Ամերիկացի դիւանագէտը փոխանցում է. «Նա յիշատակեց ձերբակալուած ընդդիմադիրներից միայն մէկին՝ Պետրոս Մակեյեանին, յաւելելով.«Եթէ դուք եւ ԵԱՀԿն համաձայնէք մեզ չքննադատել ընտրութիւնների հետ կապուած խախտումները չհետաքննելու համար, ապա մենք պատրաստ կը լինենք հէնց հիմա ազատ արձակել բոլոր ձերբակալուածներին»:
Ամերիկացի դիւանագէտները տեղեկացնում են նաեւ, որ հանդիպմանը ներկայ հայաստանցի պաշտօնեաների թւում էր նաեւ այն ժամանակ արտգործնախարարի պաշտօնը զբաղեցնող Վարդան Օսկանեանը:
«Նրա պահուածքն ինքնին շատ խօսուն էր: Ողջ զրոյցի ընթացքում Օսկանեանը մէկ հայեացքը յառում էր առաստաղին, մէկ առաջ էր գալիս ու սկսում ուսումնասիրել իր կօշկները», նկարագրում է Փենինգթոնը:
Ամփոփելով հանդիպումից ստացած տպաւորութիւնները՝ ամերիկացի դիւանագէտը նշում է. «Քոչարեանը վերահսկում էր զրոյցի ողջ ընթացքը եւ գործերի հաւատարմատարը գրեթէ ի վիճակի չէր սեփական մեկնաբանութիւններով հանդէս գալ: Մեզ համար յստակ չէ՝ արդեօ՞ք Քոչարեանն իրօք հաւատացած է, որ սա զրոյցը վարելու ամենաարդիւնաւէտ ձեւն է, թէ՞ նա այդպիսով փորձում է հաւատացնել մեզ, որ մենք սխալ ենք, եւ որ բոլոր առկայ փաստերը իր օգտին են խօսում: Ակնյայտ է, որ Քոչարեանն օժտուած է բացասական խարիզմայով (հմայքով-Խմբ.) եւ փայլուն մի կարողութիւն ունի՝ փաստարկներն ու պնդումներն այնպէս ներկայացնել, որ դժուար լինի դրանց հակադարձել առանց իր եւ կառավարութեան ազնուութիւնը հարցականի տակ դնելու»: