
Այս յայտարարութիւնը բաւականին սենսացիոն (զգայացունց-Խմբ.) է հնչում, սակայն հարկ է հաշուի առնել, որ այն որոշակի հիմնաւորում ունի: Նախ եւ առաջ յիշենք, որ այսօր մեզ համար սովորական դարձած ճշգրիտ կանխատեսումները փոթորիկների առաջխաղացման վերաբերեալ ժամանակակից գիտութեան արժանիքներից են: Հնում մարդիկ հետեւում էին բնութեան այս արհաւիրքին որպէս նոր թատերական ներկայացման, ուր ամէն վայրկեանը կարող է իր հետ սիւժէի (թեմայի, նիւթի-Խմբ.) նորանոր փոփոխութիւններ բերել: Այդ իսկ պատճառով փոթորիկների հետեւանքները զարհուրելի էին իրենց ծաւալով, իսկ զոհերը բազմաթիւ: Մեր հեռաւոր նախնիները նոյնիսկ աստուածացնում էին ովկիանոսը եւ երկինքը, զոհեր մատուցում նրանց, քանի որ միայն այս կերպ էին ենթադրում խուսափել բնութեան աւերիչ երեւոյթներից:
Ժամանակները փոխուել են. մենք արդէն պարզ գիտակցում ենք, թէ ինչպէս են առաջանում փոթորիկները, որտեղ եւ ինչ ուղղութեամբ են շարժուելու: Այնուամենայնիւ մի բան մեզ համար դեռեւս լիովին պարզ չէ. արդեօք մարդկութիւնը որեւէ կերպ նպաստում է փոթորիկների առաջացմանը՝ իր գործունէութեան արդիւնքներով խթանելով գլոբալ տաքացումը:
Մի շարք գիտնականներ կարծում են, որ մենք ի վիճակի չենք հաւաստի կերպով պնդել որ գլոբալ տաքացումը չի ազդում փոթորիկների ձեւաւորման վրայ: Բնականաբար երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը պատասխանատու չէ այն ավերածութեան համար, որն առաջացել է Այրինի կամ այլ փոթորկի պատճառով, սակայն մի բան յստակ է. գլոբալ տաքացումը աւելացնում է ծայրայեղ հզօր փոթորիկների ձեւաւորման հաւանականութիւնը, քանի որ արեւադարձային գօտու տաք հոսանքներն են դրանց «ծնում», եւ որքան աւելի է տաքանում ովկիանոսի ջուրը, այնքան աւելի բազմաթիւ են դառնում աւերիչ փոթորիկները:
Կայ եւս մէկ բացասական զարգացում, որի պատճառը գլոբալ տաքացումն է: Փոթորիկները ցամաքին հասնելուն պէս ի ցոյց են դնում իրենց ամբողջ ուժգնութիւնը, յաջորդիւ նրանք վերադառնում են բաց ովկիանոս՝ իրենց հզօրութիւնը վերականգնելու համար: Սակայն ափին մօտ աւելի տաք ջրեր հանդիպելով՝ նրանք փոխում են իրենց ուղղութիւնը եւ շարունակում շարժումը դէպի հիւսիս՝ աւերածութիւններ տարածելով բնակելի այլ վայրերում: Այս ամէնի հետեւանքով ամերիկացիները ստիպուած են աւելի բարձր հարկեր վճարել, որպէսզի հնարաւոր լինի վերականգնել փոթորկից տուժած բնակավայրերը:
Այսպիսով մենք կարող ենք համոզուած ասել, որ գլոբալ տաքացման հետ մէկտեղ պէտք է սպասել աւելի աւերիչ փոթորիկների: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ պատկերը ողբերգական է, եւ հասարակ քաղաքացին իր առաջ պէտք է տեսնի միայն անխուսափելի կործանում, սակայն աւելի ճիշտ քաղաքականութիւն կը լինի հնարաւորութեան սահմաններում փորձել կրճատել մարդկութեան վնասակար ազդեցութիւնը մեր երկրագնդի վրայ: Հարկ է աւելի լուրջ վերաբերուել ջերմոցային գազերի կրճատման խնդրին, քանի որ միայն դա մեզ կ’ազատի աւերիչ բնական երեւոյթների առաջացման հարցում ունեցած մեր մեղքի բաժնից: