
Աշխարհը մեր մտածածի ու արածի արտացոլումն է,
Որ պատկերւում է մեր առօրեայում:
Օրօրիր օրօրոցը քո կեանքի,
Որ մէկն է աշխարհի օրօրոցներից,
Որ օրօրւում է
Երկնքի լազուր գմբէթի տակ
Վայելքներով կամ տառապանքով.
Զգա՛ հովի երաժշտութիւնը,
Շառաչիր փոթորկի որոտի հետ
Լեռների անշարժութեան ահագնութեամբ,
Կամ ծովերի ծփանքի խտղըտանքով:
Օրօրուիր ու ապրիր կեանքդ:
Հսկի՛ր մտածումներիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են բառեր:
Հսկի՛ր բառերիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են արարքներ:
Հսկի՛ր արարքներիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են բնաւորութիւն:
Հսկի՛ր բնաւորութեանդ վրայ,
Որովհետեւ դա դառնում է նկարագիր:
Հսկի՛ր նկարագրիդ վրայ,
Որովհետեւ դա դառնում է ճակատագիր,
Եւ ճակատագիրդ դառնում է քո կեանքը,
Քո բան ու գործը աշխարհում,
Որ ինչքան մօ՛տ լինի ճշմարտութեանը,
Կը լինի աւելի լաւ:
Ուսանիր կեանքի բառն ու բանը։
Հ Ի Մ Ա Է Լ
Հիմա, որ կանգնել եմ այս ովկիանոսի դիմաց
Ընդարձակ տեսանկիւնով,
Որ հորիզոնն է ընդգրկում,
Որ հասնում է երկրի ու երկնի դիպչող եզրին,
Ցանկութեան ու կարողութեան բախումին,
Երազի ու իրականութեան աղջամուղջին,
Իմ ու սիրածիս համբոյրին,
Այն տղան եմ,
Որ կանգնում էր գետառի ափին,
Հանդարտ հոսանքին ու բարկ արեւին
Եւ լոգարիտմի մի պարզ բանաձեւով
Հաշւում էր աստղերը իր զգացածի,
Անփութօրէն նետում էր խիճը գետն իվեր
«Ձուկ թէ մուկ» էր խաղում ծանծաղուտում…
Նրա զգացածը այնքան էր
Ինչքան ավազը գետափի…
Հիմա էլ
Նոյն հանրահաշուով եմ կանգնած
Այս ովկիանոսի դիմաց,
Նետում եմ բախտիս խիճը
«Ձուկ թէ մուկ» խաղալու պատրանքով.
Բայց այլեւս չեմ հաշւում աստղերը…
Տեղաւորւում եմ աչքերիդ լճակներում։
Վ Ե Ր Մ Ա Ր Դ Ե Ղ Ա Յ Ի Ն
(Reincarnational)
Ես միշտ եղել եմ հեռաւորության մի բնավայրում,
Եւ իմ էութեան ինչոր երանգում
Մի լուրթ արեւի ցոլանք է շողում
Ժամանակների տարածութեան մէջ:
Այդ ե՞րբ է եղել…
Զգում, չեմ զգում,
Իմ բնազդների ի~նչոր խորերում
Ես եղել եմ՝ դու,
Դու՝ ես եմ եղել արարչութեան մէջ,
Եւ նոյն գոյութեան ինչոր մի փշուր
Դեռ կենակցում է համագենութեան
Իմ նորոգ սրտում,
Վերմարդեղութեան արդի տարածքում:
Ու այս տրոփը
Սրտազգաց ու խոր
Ի~նչոր փշրանքով
Զարկերակիս հետ ներդաշն է զարկում:
Ժամանակները անցեալ են երբեմն,
Ու գալիք նաեւ,
Ետ ու առաջի զգացում չունեն ժամանակները.
Մի յիշողութեան բեկուած մասնիկ են,
Որ իւրացւում են իմ կամ քո մտքում:
Արդեօք անցեա՞լ է,
Թէ՞ գալիք է նոր,
Թէ՞ ապագայի մի վաղնջութիւն,
Շահուած, ապրուած, սպառուած երէկ:
Վերմարդեղութեան մի բարդ էութեամբ
Ես քո տրտմութեան կսկիծն եմ զգում,
Թէեւ առօրեայ տարբեր հոգսերով,
Որ անձնաւորել, դարձրել եմ իմը.
Ես քո խնդութեան վայելքն եմ ապրում,
Ու շուրթիս վրայ
Կարծես համովն է քո տուած համի:
Ժամանակների ու տարածութեան
Մի անորոշ է,
Անծանօթութեան վիհ է տարրերի,
Որ արեւների
Վառ երանգներ է խլել գոյների
Իմ նոր արարման:
Երէկների խոր կարօտ կայ անյագ,
Ապագաների մի յիշողութիւն,
Որ ներկայի հետ դարձել են նոր կեանք.
Ցոլքը տեսնում եմ ես քո աչքերում:
Հովն է սոսափում
Մի լուրթ հեքիաթի խորհրդով հսկայ.
Իմ բնազդական ջրիկ կաթիլում
Ես ջուր եղածի կարկաչն եմ լսում.
Իմ բնազդական բուսնող կանաչում
Տերեւի, խոտի ինչոր շրշիւն կայ.
Իմ բնազդական ինչոր կարծրութեամբ
Ժայռի ընդերքում գուցէ քարեղէն
Կուտապ եմ եղել.
Եղել եմ հուրը հալող թէժութեան:
Աստղը աստղին է եթէ կարօտում
Ասուպի թեւով ճեղքում է պատուար…
Մտքիս թռիչքը լուրթ հորիզոնում
Անցեալի ինչոր ապագայ շերտում
Ծիածանում է գունեղ մի կամար,
Որի սիւները սրտիս խորքում են,
Սիրուս հնոցում,
Շուրթերիս վրայ անպաճոյճ մի բառ
Եւ անկենսագիր իմաստ է խրթին,
Որ ոչ յիշում եմ,
Ոչ էլ հասկանում,
Բայց բնազդաբար
Ինչոր մի կայծի խանձում եմ զգում,
Պէծի բռնկում,
Որով աչքերս լուսաւորւում են,
Կեանքը տեսնելու խորիմաստութեամբ։
Աստղաթրթիռ է աչքովս անցնում,
Դա ասուպների թիռից եմ շորթել,
Որ գեհենական ինչոր գալարում
Մի արարչութեան սկիզբ է եղել,
Կրել է տենչը հանուր գոյութեան,
Արարիչն ինքը աստուած է եղել,
Բոցի հիւլէն եմ եղել տարրական:
Գոյութեան ծինից
Մի բան մնում է անփոփոխ վկայ
Նախատարրական ինքնակահութեամբ.
Այդպէս են տեւում աշխարհները հին,
Որ նոր են, արդի,
Նոյն արարչութեան օրհնուած փառքով
Տիեզերք են ծով,
Յարափոխ դարձով վերմարդեղութեան
Պարագիծ հոլով:
Կեանքի քուրայում
Ես հալ եմ ընկել մետաղի նման
Ու զտւում եմ ձոյլ.
Չյիշողութեան անծանօթ մի քոր
Ծակում է միտքս,
Եւ հեռուների մի մտերմութիւն
Մտապատկերով աննիւթական
Պարուրում է ինձ…
Մանուշագունակ հորիզոնների ծաւալ է անհուն,
Արձագանքգերի թնդիւն է կերկեր,
Որ ընդգրկում է ոգի ու եթեր
Արձակայնութեան անզգայութեամբ.
Անզգայութեամբ հեռու է ու մօտ,
Հեռու է ու մօտ: