ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Գաղտնիք չէ, որ ներկայիս հասարակութեան կեանքը զգալիօրէն տարբերւում է այն իրականութիւնից, որն առկայ էր նախորդ դարերում: Եթէ նախկինում անձնական տեղեկութիւնները հիմնականում հասու էին միայն ընտանիքի անդամներին եւ մօտ բարեկամներին, ապա այժմ նոյնիսկ ծանօթները հնարաւորութիւն ունեն տեղեկանալ, թէ ինչ է կատարւում մարդկանց կեանքում: Այս ամէնով հանդերձ աւելանում է անառողջ հետաքրքրութիւնը այլոց մտքերի եւ գործողութիւնների նկատմամբ: Դժուար է ասել, արդեօք սա բնականոն զարգացման արդիւնք է, թէ զանգուածային լրատուութեան միջոցներն են նպաստում այս փոփոխութիւնների առաջացմանը, սակայն մի բան պարզ է. այս միտումը դեռ շարունակուելու է:
Ժամանակի պահանջներին համապատասխանելու պատրուակով FACEBOOK (դիմագիրք՞՞՞) սոցիալական ցանցը առաջարկելու է էջի նոր ձեւաւորում, որը խոստանում է տեղադրուած տեղեկատուութեան աւելի յարմարաւէտ ցուցադրում: Կարծես գայթակղիչ է հնչում, սակայն ոչ ամէն ինչ է այդքան պարզ: FACEBOOK-ի հիմնադիր Մարք Ցուկերբերգի այսպէս կոչուած «Ցուկերբերգեան կանոնի» համաձայն մարդկանց հրապարակած անձնական տեղեկատուութեան ծաւալն ամէն տարի կրկնապատկւում է: Այս կանոնի աշխատանքը, սակայն, մեծապէս խրախուսւում է, եւ այդ ամէնի համար կայ մի քանի պատճառ:
Նախ եւ առաջ ցանկացած կազմակերպութիւն ձգտում է աւելացնել իր ծառայութիւններից օգտուողների թիւը, եւ FACEBOOK-ը բացառութիւն չէ: Այն արդէն 800 միլիոն օգտագործող ունի, մեծ ժողովրդականութիւն է վայելում եւ հսկայական շահոյթ ապահովում: Այս նոր քայլը ենթադրում է, որ մարդիկ կարող են հրապարակել թէ ինչով են զբաղւում որեւէ պահի, իսկ նրանց «Ընկերների» ցուցակում գտնուողները հնարաւորութիւն կ՛ունենան մէկ գործողութեան միջոցով լսել այդ նոյն երաժշտութիւնը, դիտել այդ նոյն ֆիլմը, պատրաստել այդ նոյն կերակրատեսակը եւ այլն: Սա հնարաւոր է դարձել մի շարք կազմակերպութիւնների հետ ձեռք բերուած համաձայնագրերի հիման վրայ: Օգտագործողները, սակայն, պէտք է յիշեն, որ այս քայլի միջոցով սոցիալական ցանցի տէրերը փորձում են աւելի լաւ ուսումնասիրել հասարակութեան հետաքրքրութիւնները՝ յետագայում գովազդը դրանց համապատասխանեցնելու նպատակով: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ կայքում գովազդի ծաւալը միայն աւելանալու է:

Ակներեւ է, որ այլոց կողմից սեփական կեանքի նկատմամբ վերահսկողութեան աւելացումը կառաջացնի FACEBOOK-ի օգտագործողների մէկ այլ խմբի զայրոյթը: Իրականում մտածելու տեղիք է տալիս ոչ միայն ընկերների կամ ծանօթների տեղեկացուածութիւնը ցանկացած օգտագործողի կեանքի մանրամասներին, այլ որքանով է այդ ամէնը պաշտպանուած: Արդեօ՞ք հաճելի կը լինի սեփական կեանքի մանրամասները ցուցադրող նկարները կամ տեսահոլովակները գտնել այլ կայքերում, այլ նպատակների ծառայելիս: Այս ամէնից զատ կայ եւս մէկ հանգամանք, որը մտահոգութիւն է առաջացնում. նոյնիսկ եթէ օգտագործողը չի ցանկանում անցում կատարել իր էջի նոր ձեւաւորմանը, նա ստիպուած կը լինի դա անել, քանի որ այս փոփոխութիւնը պարտադիր է լինելու:
Կարծես թէ ներկայիս հասարակութեան անդամը ձգտում է ազատութեան ամէն ինչում, սակայն իր ամբողջ վարքով նա ոչ միայն զրկում է ինքն իրեն ազատութիւնից, այլ իր կեանքի «կառավարման թելերը» վստահում է մարդկանց, ում չի ճանաչում եւ ովքեր կ՛անեն ամէն ինչ իրենց շահոյթն աւելացնելու համար: Գուցէ աւելի ճիշդ կը լինի գիտակցաբա՞ր սահմանափակել սեփական ազատութիւնը:
———————————————————————-
Չինաստան «Ամէն Ինչ Դեռ Առջեւում Է»

Մեծ փոփոխութիւնների այս շրջանում դժուար է աւելի ցաւալի կանխատեսում լսել, քան այն, որ համաշխարհային գնաճը աւելի արագ թափով է զարգանալու: Այս կարծիքն է արտայայտել Բրիւս Ռոքովիցը՝ Li & Fung ընկերութեան տնօրէնը: Նրա խօսքերին կարելի է եւ արժէ հաւատալ, քանի որ այդ կազմակերպութիւնը զբաղւում է ասիական ապրանքների ներկրմամբ:
Նման անմխիթար կարծիքի համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ ասիական արտադրողների կեանքում նոր փուլ է սկսւում: Ի սկզբանէ, դեռ Մաօ Ձեդունի իշխանութեան օրօք, երբ Չինաստանը մեկուսացուած էր աշխարհից, Հոնգ Քոնգի, Թայուանի եւ Հարաւային Կորէայի տարբեր կազմակերպութիւններ կատարելագործում էին իրենց արտադրանքը: Այս իրավիճակը կտրուկ փոխուեց, երբ իր ղեկավարի մահից յետոյ Չինաստանի տնտեսութիւնը զգալիօրէն ազատականացաւ, եւ ասիական ընկերութիւնները սկսեցին գործունէութիւն ծաւալել Չինաստանի հարաւում: Սա նրանց հնարաւորութիւն ընձեռեց էժան հումք եւ աշխատուժ օգտագործելով էլ աւելի էժան ապրանք արտադրել եւ արտահանել աշխարհի շատ երկրներ:
Առաջին հայեացքից սա առանձնապէս այդ տարածաշրջանին վերաբերող փոփոխութիւններ են, սակայն իրականում այդ գործընթացը տասնեակ տարիներ շարունակ հնարաւոր է դարձրել համաշխարհային գնաճի զսպումը: Իսկ այժմ չինական էժան աշխատուժը իր իրաւունքները պաշտպանելով իր վարձատրութիւնն աւելի ու աւելի է բարձրացնում: Միեւնոյն ժամանակ Չինաստանն ինքը սպառման առարկաների մեծ պահանջարկ է ներկայացնում, ինչն իր հերթին խթանում է գների աճը: Իհարկէ այս պարագայում հնարաւոր է այլ, դեռեւս էժան արտադրութեան վայրեր գտնել, սակայն ոչ մի այլ շրջան Չինաստանի ազդեցութիւնը չի կարող ունենալ աշխարհի տնտեսութեան վրայ: Բրիւս Ռոքովիցը ենթադրում է, որ գները սկսելու են աճել տարեկան 5 տոկոսով, եւ նոյնիսկ դժուար է ասել, թէ որ ցուցանիշը կը կանգնեցնի այդ աճը:
Այս ժամանակաշրջանում եւս մէկ միջոցառում է տեղի ունեցել, որը փորձում է վերոյիշեալ փաստերի հակառակն ապացուցել: Թայփէյում տեղի է ունեցել Computexan տարեկան ցուցահանդէսը: Այնտեղ ներկայացուած չէին աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերութիւնները, սակայն մասնակիցների թիւը տպաւորիչ էր՝ 2000: Չինաստանը ներկայացուած էր շատ աւելի լայն, քան անցեալ տարի, ընդ որում նախկին թեթեւ արդիւնաբերութեան ապրանքներով աչքի ընկնող ներկայացուցիչներն իրենց տեղը զիջել էին բարձր տեխնոլոգիաներ վաճառողներին: Գուցէ ներկայացուած արտադրանքը բարձրորակ կամ արտօնագրուած չէր, բայց այն ունէր իր գնորդը եւ մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել: Իհարկէ մարդկանց կոգեւորի ընդամէնը 100 դոլար արժողութեամբ դիւրակիր համակարգիչը, երբ նոյն արտադրանքի արժէքը տնտեսութեան վերականգնման հետ մէկտեղ աճել էր, բնականաբար պահանջարկի աւելացման հաշուին:
Նոյն իրավիճակում, երբ արդէն հնարաւոր չէ խնայել աշխատուժի գծով, կարելի է էներգիայի խնայողութեան հաշուին լրացուցիչ գումար տնտեսել: Յատկապէս սա յարմար է այն երկրներին, որոնք ստիպուած են կտրուկ սահմանափակել էներգիայի օգտագործումը: Առաջին շահագրգիռ կողմն այս դէպքում Ճապոնիան էր, սակայն Չինաստանն էլ չի խորշում աւելի քիչ աշխատուժ ներգրաւելու հեռանկարից: Այս ամէնից կարելի է տարբեր հետեւութիւններ անել. յոռետեսները կը մտածեն, որ մօտենում է աշխարհի վերջը, իսկ լաւատեսները համոզում կարտայայտեն, որ ամէն ինչ դեռ առջեւում է: