
Զրնգում է Էջմիածնի գոռ զանգը,
Հոծ ղօղանջը Արարատից է ժայթքում,
Տարածում է հայութեան սուրբ հաւատքը,
Որ դարերի ընդերքից է պատգամում…
Զանգւում է այն սրտիս բոցից ու խորքից,
Թուրքախլած տարածքներից անազատ.
Սրտիս միջի Արարատից ու սարից,
Ուր քար ու ժեռ է մնացել, չոր բացատ:
Մնացել է ցեղասպանի ճիրանում,
Լռեցուել է անխաչ Սուրբ Խաչ վանքի պէս,
Վանայ ծովի աղուտների ծփանքում,
Պարտկել եմ սրտիս վշտում գաղտնատես:
Ցեղասպանը ելել արնոտ թաթերով
Աւերակած մի քանի վէմ շիտակել,
Նորոգում է իր անհոգի քարկոծով,
Անխաչ, անզանգ մի զանգուած է մոգոնել:
Սիրտս է խոց, չի հնչում հայ ասմունքը,
Հոգուս շունչը, որ միանայ ղօղանջիս,
Արձագանգի Նարեկի ժեռ ափունքը,
Վարագից էլ հասնի փէշը Սիփանիս…
Սուրբ Խաչ անխաչ վերանորոգ գմբէթը
Չվերօծուած պատարագ ո՞նց մատուցի.
Ժամի գմբէ՞թ, թէ օտար մինարեթը,
Ու՞մ մեղքերի խոստովանքը հատուցի:
Անառիկ էր մնացել Սուրբ Խաչը դեռ,
Ցեղասպանը նորոգելով գրաւեց,
Թուրքապոլիս տեղանքից էլ մի կղեր
Իր էլ կեղծած վկայութիւնը տուեց:
Էս ո՞նց կ՛եղնի, իմա՞լ երթանք մենք անխաչ
Պատարագի… Ո՞ր մրմունջով բարբառել…
Ոչ օծուած է, ոչ զանգ ունի, ոչ ղօղանջ,
Սրտիս գուբում Մասիս սարն է պապանձուել:
Հայրենիքը պիտ ձայն ածի հաւատքի
Որ ամրանայ մի ողջ սերունդ, ազգուտակ.
Էլ սփիւռքը իր դատը ում վստահի
Դատն ազգինն է՝ հայրենիքի հպատակ:
Անխաչ Սուրբ Խաչ կարկատուած վանքի փոխան
Իմ կողոպտուած սիրտն է ծխում խունկի պէս,
Իղձերիս ծուխը գնում է Երեւան,
Իմալ անենք, բռնենք ազգային հանդէս:
Հ Ա Մ Ա Պ Ա Ր Փ Ա Կ
Արեւի շուրջը դարձող փոշեհատիկ,
Ամբողջ կորովն եմ իմ ցանկութիւնների
Ամբարուած հիւլէիս մէջ,
Որ դառնում եմ, դառնում եմ
Շրջադարձութեան անողոք սրընթացութեամբ:
Ես արեւն եմ,
Որ ամբարուել եմ փոշեհատիկում,
Կախակայում եմ փոշուն, որ հեռանայ,
Իսկ մղում եմ արեւին,
Որ առաւօտ ստեղծի,
Հեռացնի մշուշը օրուայ միջից,
Հասնի երեկոյին:
Մենաստանի շունչը խնկարկում է իմ վրայ
Կեանքի ու տեւողութեան արժեչափով,
Իմ քուանտի համօրէնութեամբ.
Ես ժայռն եմ,
Որի վրայ ամրանում են առաւօտը,
օրը եւ երեկոն:
Ես ծառն եմ, որի ճիւղին
Նստել է գունագեղ փետուրներով թութակը,
Սովորում է ձայն եւ երաժշտութիւն,
Որպէսզի կարողանայ պարտադրել լռութիւն…
Երաժիշտ քամին սորում է եղէգի միջով,
Հնչեցնում է տիեզերական մեղեդին,
Կեանքի ու սիրոյ պատմութիւնը,
Եւ ես ունկնդրում եմ,
Բոլորս ենք ունկնդրում,
Հասկանում ենք, որ լաւ է…
Կայծը թռչում է կայծքարից
Լուսաւորում է մեր միտքը
Որ գնահատենք կեանքի ու սիրոյ հեքիաթը,
Թիթեռին,
Որ խանձւում է մոմաբոցում,
Սոխակին ու վարդին,
Բոյրերի վերացնող վէտվէտումներում:
Ես կանգնում եմ
Որպէս տիեզերքի շրջադարձութեան կենտրոն,
Հոլովոյթը պտտող իմաստութիւն,
Որ հաւատում է
Ու չի ճանաչում հակառակը,
Որ է,
Որ չէ,
Ի՞նչ է եւ ի՞նչ չէ,
Ո՞վ է.
Սասունցի Դաւիթն եմ,
Ես եմ,
Դու եմ,
Ասա, որ դու եմ,
Եւ դու էլ՝ ես ես,
Կազմում ենք տիեզերքը,
Կենտրոնը
Ու պտոյտը:
Դա է կեանքի ու սիրոյ առասպելը:
Մենք նոյնն ենք,
Որ չենք:
ԻՆՔՆԱՄՓՈՓՈՒՄ
Մերթ ինքնամոռաց, որպէս ճգնաւոր,
Մերթ վեհերոտ, որպէս կալանաւոր,
Մերթ գթառատ, որպէս բուժքոյր,
Մերթ ինքնամատոյց, որպէս հոմանի…
Նուագի իւրաքանչիւր հնչիւն,
Լոյսի իւրաքանչիւր ճառագայթ,
Շրջապատի իւրաքանչիւր ստուեր,
Արտացոլւում է տեսողութեանս մէջ,
Գիտակցութեանս մէջ բնազդական…
Բայց զինաթափւում եմ
Հաճոյքի վաղանցիկութիւնից,
Չէ ո՞ր հողեղէն եմ,
Հողին վերադառնալու
Ապառնի ժամադրութեամբ…
Մարդկային ազատութիւնս
Ակնաղբիւրն է անկանխատեսելի
Տուայտանքների,
Խանդավառութիւնների,
Գոհութիւնների…
Կեանքը մի ծաւալ է,
Որ տարածւում է քուանտներով,
Շեշտաւորուած երանգներով,
Անապատներից մինչեւ պարտէզներ,
Մինչեւ բոյրեր ու արբեցում,
Յարատեւութեան ոչ մի՛ երաշխիքով,
Անառյաւատչեայ,
Ցանկալի, կառչելի ու սորո՜ւն…
Նախ անդաշն ու խառնիխուռն,
Ապա ամբողջացող դաշնութեամբ,
Որ հասնում է համադրութեան
Մեղմ ու փափուկ,
Անեզերք, թէ սահմանափակ…
Գունաւորւում է գիտակցութիւնս
Ենթագիտակցութեան երանգներով,
Անցեալի, ներկայի ու ապագայի շերտերով,
Որոնցով շարունակւում է կեանքը
Բնազդով, թէ դատողութեամբ…
Ու որպէսզի չփլեմ կործանումով,
Սահում եմ մոռացութեան յորձանուտը.
Պտոյտից սեւանում են աչքերս,
Անհետանում է տեսողութիւնը
Եւ հասնում եմ անեզերքին…
ԼՈՒՍԱԼԻՈՒԹԻՒՆ
Երջանկութեան ծոցիդ մէջ
Խաղաղութիւն է իջնում կեանքիս.
Առաւօտը արթնանում է
Արեւի եօթներանգ գոյներով,
Լոյսն է որ ճառագում է
Գիրկս լցնում է նարօտով,
Լուսաւորում է ապագաս:
Բարիլոյսի հետ հարցնում եմ, թէ
Ի՞նչ գոյն ունի լոյսը…
Դու զարմանում ես հաճոյքով,
Մեղրի համը նոր ճաշակած մանկան պէս.
Ապա փոխադարձ հարցականդ
Պատկերում ես ժպիտով,
Լոյսի գոյն ժպիտով,
Լուսաժպիտ…
Ծոցիս լոյսն ես,
Որ ջերմացնում ես սիրտս
Ցանկութիւններիդ իմ էլ ցանկութեամբ.
Լուսատենչ…
Թեւերդ օղակում ես վզիս,
Տարածում ես ուսերիս,
Որպէս ապրելու բովանդակութիւն
Ու ծաւալ,
Լուսածաւալ…
Այնուհետեւ լուսալի ու լուսաջերմ
Մտնում եմ առօրեաս,
Ճամփաս՝ քո եւ յոյսիս:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Գլենդէյլ, Կալիֆորնիա