ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Արդէն սկսուել է ամանորեայ իրարանցումը. մարդիկ ձգտում են ժամ առաջ կատարել իրենց գնումները, արդիւնաւէտ ծախսել դրամը եւ հնարաւորինս խնայել թէ՛ իրենց գումարները, թէ՛ ժամանակը:

Առաջին հայեացքից տպաւորութիւն է ստեղծւում, թէ բոլորը ուրախ են, քանի որ առջեւում երեխաների եւ մեծահասակների, կարելի է ասել բոլորի ամենասիրելի տօներն են: Երբ քայլում ես փողոցներով եւ տեսնում տարբեր ուղղութիւններով շտապող մարդկանց, հաճելի հոգսերի զգացողութիւն է ստեղծւում: Սակայն այս ամէնը տեղի է ունենում ամբողջ աշխարհի տնտեսական ծանր վիճակի «խաղադաշտում», ինչն էլ իր դրոշմն է դնում բոլորի գործունէութեան վրայ: Հոգսերի այդ հաճելիութիւնը թուացեալ է. այս ժամանակահատուածում հոգսերը ոչ միայն հաճոյք չեն պատճառում, այլ իրենց աճող ծաւալով նոյնիսկ աւելի ու աւելի են ճնշում սովորական քաղաքացուն: Չէ՞ որ ֆինանսական միջոցների սղութեան պայմաններում բազմաթիւ բարեկամների եւ ծանօթների համար նոյնիսկ ամենափոքր նուէրների ձեռքբերումն իսկական գլխացաւանք է դառնում:
Այս խնդիրներն ամէն մարդ լուծում է իւրովի, սակայն նրանց բոլորի համար բարի լուր կը լինի ամերիկեան վիճակագրական վարչութեան հրապարակած տեղեկատուութիւնն այն մասին, որ հոկտեմբերի համեմատ ոչ գիւղատնտեսական ոլորտի աշխատատեղերը Նոյեմբերին աւելացել են 120 հազարով: Սա միանշանակ խօսում է տնտեսութեան վերականգնման մասին, քանի որ միայն ընդլայնուող աշխատաշուկային են նոր մարդկային ռեսուրսներ հարկաւոր: Սա մէկն է այն փաստերից, որոնք նախանշում են տնտեսութեան վերականգնման ուղին: Իհարկէ չի կարելի պնդել, որ դրական միտում է ի յայտ եկել, քանի որ այս ճգնաժամի սկզբից մինչ օրս մենք արդէն մի քանի անգամ ականատեսն ենք եղել խաբուսիկ դրական տեղաշարժների, որոնք մեզ թիւր յոյսեր են պարգեւել: Չափազանց դաժան է լաւ տրամադրուածութեանն ի պատասխան ստանալ դառն իրականութեան հարուածները, մարդու հոգեկանի համար շատ աւելի թեթեւ է ընդունել ծանր կեանքը եւ գիտակցել, որ երկար ժամանակ ոչինչ չի փոփոխուելու:
Սովորաբար փլուզումները երկար ժամանակի ընթացքում կուտակում են պոտենցիալ էներգիան (ուժականութիւն-Խմբ.) եւ պոռթկում միանգամից. մանր բացասական նախանշանները մենք կամ չենք նկատում կամ չենք ցանկանում նկատել: Հակառակ պարագայում, երբ փլուզումից յետոյ հարկաւոր է համբերատարութիւն ցուցաբերել, մենք չենք դիմանում, բողոքում ենք, որ ամէն ինչ շատ դանդաղ է տեղի ունենում, շտապում ենք կրկին վերականգնել մեր բարեկեցիկ կեանքը: Այնուամենայնիւ, սթափ մտածելու դէպքում կը գանք այն եզրակացութեանը, որ էւոլիւցիան (եղափոխութիւնը-Խմբ.) ամենահարուստ «բերքն» է տալիս: Հէնց յիշատակուած բերքի փոքրիկ մասերից մէկն էլ գործազրկութեան տոկոսի նուազումն է, որը Նոյեմբերի համար կազմել է 8.6 տոկոս: Եթէ համեմատենք Հոկտեմբերի 9 տոկոս ցուցանիշի հետ, «փոքրիկ» ածականն իսկապէս տեղին կը լինի, սակայն հարկ է յիշել, որ սա 2009թ. սկզբներից գրանցուած ամենացածր ցուցանիշն է: Իսկապէս, յոյս է ներշնչում:

Տնտեսագէտները նոյնիսկ կարծում են, որ այս բոլոր դրական նախանշանները օրինաչափ բնոյթ են կրում: Աշխարհի տնտեսութիւնն արդէն իսկ մէկ տարի առաջ էր վերականգնման ուղին բռնել, սակայն ժողովրդական խօսքով ասած «Մեր բախտը չբերեց»: Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը խաղից դուրս բերեց աշխարհի հզօր տնտեսութիւններից մէկին, ստիպեց նորարարութեան հակուած ճապոնացիներին իրենց ունակութիւններն օգտագործել երկիրն օրհասական իրավիճակից փրկելու համար: Դժուար է ակնկալել, որ այդ պարագայում նրանք որեւէ կերպ կարող էին նպատակասլաց կերպով աջակցել աշխարհի տնտեսութեան ոտքի կանգնելուն կամ գոնէ իրենց լուման ներդնել այդ գործընթացում: Բնականաբար, այդտեղ նաեւ բնական եւ ֆինանսական միջոցների մեծ կորուստ գրանցուեց, որոնք գուցէ եւ երբեւէ հնարաւոր չլինի վերականգնել: Միւս կողմից համաշխարհային հանրութեան համար ծայրայեղ անսպասելի էին արաբական երկրներում տեղի ունեցած այդ քաղաքական ընդհարումները, որոնք իրենց հերթին շեղեցին աշխարհի առաջնորդների ուշադրութիւնը տնտեսական խնդիրներից եւ ստիպեցին նրանց ուղիներ փնտռել այս տարածաշրջանում գոնէ համեմատական խաղաղութիւն սահմանելու: Այդ նպատակին կարծես մասամբ հասել ենք, սակայն ճանապարհին ականատեսը եղանք նաւթի գների վայրիվերումներին: Սա լուրջ վնաս հասցրեց ամբողջ աշխարհի տնտեսութեանը. չէ՞ որ վառելիքն է հանդիսանում տնտեսութեան «սնունդը»:
Միացեալ Նահանգների ներքին խնդիրները նոյնպէս իրենց բացասական ազդեցութիւնն ունեցան տնտեսական իրավիճակի վրայ: Այն փաստը, որ երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնութեան գալ յետագայում ծաւալուելիք տնտեսական քաղաքականութեան եւ առկայ խնդիրների լուծման հարցերում, բոլորովին յուսադրող չէ: Ինչ-որ տեղ նոյնիսկ զարմանալի է, թէ այս պայմաններում ինչպէս են դրական տեղաշարժներ գրանցւում:
Այնուամենայնիւ վերջիններս իրենց արտացոլումն են գտնում նաեւ Եւրոպայում, ուր քաղաքական ուժերը կարծես որոշ հարցեր պարզաբանում են: Միայն այն հանգամանքը, որ բաւականին փորձառու տնտեսագէտներ են սկսել զբաղուել հսկայական պարտքեր ունեցող երկրների խնդիրների լուծմամբ, վաղուայ օրուայ հանդէպ մեծ հաւատ է ներշնչում: Պատկերաւոր ներկայացնելու համար աշխարհում տիրող իրավիճակը կարող ենք յիշել բազում ֆիլմերը, որոնցում աշխարհը ինչ-որ աղէտի պատճառով ապրելու համար այլեւս պիտանի չէ: Այսպիսի գաղափարով ֆիլմերի մի մասը պատկերում է մարդկանց մի խումբ, որը լսելով հեռաւոր մի վայրում գոյութիւն ունեցող «դրախտի» մասին ձգտում է այնտեղ յայտնուել: Մենք էլ կարծես բռնել ենք դէպի փրկութիւն տանող ճանապարհը եւ Աստուած մեզ պահապան, որպէսզի հասնենք նպատակակէտին:
Այս դժուարին ճանապարհին մենք դեռ խնդիրներ ունենք լուծելու, որոնց մասին մոռանալ չի կարելի ոչ մի դէպքում: Եւրոպայի ներկայիս իրավիճակում ծայրայեղ վտանգաւոր կը լինի յատկապէս Իտալիայի կործանումը, քանի որ դա միանշանակ վերջ կը դնի եւրոյին որպէս այն դրամական միաւորի, ինչպիսին այն այսօր է:
Մասնագէտների կարծիքով ներկայիս վիճակում գտնուող տնտեսութիւնը նման հարուածի չի դիմանայ. չի բացառւում նաեւ, որ այդ զարգացումները դառնան Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ: Սակայն եկէք ամենացաւալի ելքի մասին չմտածենք, այլ փորձենք դատել, թէ ինչ կարող ենք անել ներկայիս իրավիճակից հնարաւորինս անվնաս դուրս գալու համար: Հիմնականում երբ ղեկավարները փորձում են ճգնաժամը յաղթահարել, առաջինը նրանց մտքում ի յայտ են գալիս ծախսերի լայնածաւալ կրճատումների վերաբերեալ գաղափարներ: Այս պարագայում չափազանց կարեւոր է չգայթակղուել այդ մտքերով, այլ յստակ ընկալել, որ ծախսերի այդպիսի մեծ կրճատումը տնտեսութիւնը կը զրկի «վառելիքից», եւ այն լիովին կը կորցնի իր նախկին ծաւալները: Վերջինս կարող է որոշ մարդկանց ընդունելի թուալ, սակայն աշխարհի ներկայիս բնակչութեան պահանջները հնարաւորութիւն չեն տալիս կտրուկ կրճատել արտադրութեան ծաւալները: Այսպիսով պարզ է դառնում, որ սահմանափակումները չպիտի կատարուեն յանուն սահմանափակումների. մենք ոչ ոքի չենք պատժում, եւ յատկապէս չենք կարող մեղաւոր ճանաչել հասարակ մարդկանց, ովքեր ստիպուած կը լինեն տառապել ղեկավարութեան սխալ քայլերի համար: Այս իրավիճակում նաեւ խելամիտ կը լինէր հաւասարակշռուած քաղաքականութիւն վարել թէ՛ հարկային դաշտում, թէ՛ աշխատուժի շուկայում, թէ՛, որքան էլ զարմանալի է, սոցիալական ծրագրերի հարցում: Վերջինիս կարեւորութիւնը ընդգծւում է յատկապէս այս ժամանակաշրջանում, երբ մարդիկ իսկապէս օգնութեան մեծ կարիք ունեն. դա աւելի կարեւոր է հոգեբանական տեսակէտից: Մարդիկ հէնց սոցիալական ծրագրերի միջոցով են զգում, որ պետութիւնն իրենց մասին հոգ է տանում: Որքան էլ ծանր վիճակում լինի ցանկացած քաղաքացին, նրան աւելի հեշտ կը լինի դիմակայել դժուարութիւններին, եթէ նա իր կողքին տեսնի պետութեան սատարումը: Բժշկութեան մէջ գոյութիւն ունի placebo ազդեցութեան գաղափարը, երբ հիւանդին դեղամիջոց չպարունակող միջոց են նշանակում, իսկ որոշ ժամանակ անց նրա վիճակի բարելաւում է նկատւում: Տարօրինակ է, բայց մարդու գիտակցութիւնը հզօր մի գործիք է. կարծում եմ, երբ հնարաւոր չէ ուղղակի դեղամիջոց գտնել, կարելի է օգտագործել նաեւ այս «կիսախաբէութեան» տարբերակը, երբ մարդու հոգեկանն ինքն է հանդէս գալիս բժշկի եւ դեղորայքի դերում: