Վաղնջական ժամանակներում, միջնադարում եւ նոյնիսկ մեր օրերում մարդիկ սրբօրէն հաւատում են, որ քարերը պաշտպանում են չար ուժերից, «թուղթ ու գրից», կամ երջանկութիւն, գեղեցկութիւն, հարստութիւն եւ փառք կարող են պարգեւել, ընդունակ են անգամ մարդուն «անտեսանելի դարձնել»:
Մոգերը, փիլիսոփաները, մարգարէներն ու աստղաբանները համոզուած են, որ իւրաքանչիւր թանկարժէք քար օժտուած է իր մոլորակի հանդէպ իւրայատուկ «ձգողականութեամբ»: Հին ժամանակներում համարւում էր, որ թանկարժէք քարերը կարող են ազդել մարդու ապագայի վրայ, եւ այն մարդը, ով իր ծննդեան օրուայ ու կենդանակերպի նշանի առումով ճշգրտօրէն ընտրուած թալիսման է կրում՝ պաշտպանուած է երկրային տարերքներից եւ չար ուժերից:
Հնում մարդիկ օգտագործում էին հասպիսը, կվարցիտը, ծծմբաքարը, փիրուզը, լազուրիտը, սաթը եւ սեւ սաթը… Կայծքարի օգնութեամբ նախնադարեան մարդը ստեղծեց կրակը, քարից մշակեց եւ ստացաւ կացին, քլունգ, նիզակ, խխունջներից եւ ոսկրերից պատրաստեց նախ մոգական ուժ ունեցող համայիլներ, ապա՝ գեղեցիկ զարդարանքներ: Նեֆրիտէ եւ օբսիդիանէ դանակներով հնում մարդու գանկի վրայ ամենաբարդ վիրահատութիւններն էին կատարւում:
Հնդիկ հանքաբան Ռաօ Բոխադուրը գրում է, որ պեղումների տուեալների համաձայն, դեռեւս 7 հազ. 500ից 10 հազ. տարի առաջ Հնդկաստանում եւ Բիրմայում տղամարդիկ ու կանայք պճնւում, կենցաղային եւ մարտական իրեր էին պատրաստում քաղքեդոնաքարերով, ագաթներով ու նեֆրիտներով: Զմրուխտները մարդկութիւնը բացայայտեց մեր թուարկութիւնից առաջ (մ.թ.ա.) 2 հազ. տարի առաջ, շափիւղան եւ ռուբինը՝ մ.թ.ա. 600 տարի առաջ, իսկ ալմաստը՝ մ.թ.ա. 1000ից 500 տարի առաջ:
Հին Եգիպտոսում իրականացուած պեղումների ժամանակ գիտնականները յայտնաբերել են մեծ քանակութեամբ ամազոնիտէ, զմրուխտէ, նռնաքարէ եւ ամետիստէ զարդեր: Մեզ են հասել փարաւոն Սետի մ.թ.ա. 3400 թ. դէպի Սինայեան թերակղզի ոսկի եւ զմրուխտ որոնելու մասին երկրաբանական հետախուզութիւն կազմակերպելուն վերաբերող փաստաթղթեր:
Հին Եգիպտոսի բժշկական պապիրուսներից ամենամեծը՝ «Էբերսի պապիրուս»ը (պապիրուսն այդպէս են անուանել ի պատիւ վերջինիս հետազօտող եգիպտաբան Գէորգ Էբերսի), յայտնաբերուել է անցեալ դարում արաբների կողմից եգիպտական դամբարաններից մէկի պեղման ժամանակ: Այդ «դեղաբանական շտեմարան»ն այլ տեղեկութիւններից զատ պարունակում էր նաեւ հարուստ տեղեկութիւններ հանքանիւթերի բուժիչ ազդեցութեան, քարաբուժութեան, ինչպէս նաեւ յատուկ ծէսերի եւ անէծքների պարագայում՝ քարերի կիրառման մասին:
Մեզ են հասել նաեւ տեղեկութիւններ ամենահին ոսկերչական առարկաներից մէկի՝ էֆուդի մասին, որը հին հրեաների հոգեւոր առաջնորդի լանջապանակն էր զարդարում: Այն զարդարուած էր ոչ աւել, ոչ պակաս, քան 12 քարերով:
Աստուածաշնչեան մեկնաբանութիւնների համաձայն, ոսկերիչները քարերն ընտրում են ըստ ծննդեան ամսուայ. Յունուարի քարերն են նռնաքարն ու ալեքսանդրիտը, Փետրուարինը՝ ամետիստը, Մարտինը՝ աքուամարինը, Ապրիլինը՝ ադամանդն ու ցիրկոնը, Մայիս ամսուայ քարերն են զմրուխտն ու նեֆրիտը, Յունիսինը՝ մարգարիտն ու ագաթը, Յուլիսինը՝ ռուբինը, Օգոստոսինը՝ լուսնաքարն ու քրիզոլիթը, Սեպտեմբերինը՝ շափիւղան, Հոկտեմբերինը՝ օպալն ու կատուի աչք կոչուող քարը, Նոյեմբերինը՝ տոպազը եւ, վերջապէս, Դեկտեմբերի քարերն են փիրուզն ու կապոյտ ցիրկոնը:
Քարերի մոգական ուժի նկատմամբ հաւատը փիւնիկիացիների միջոցով Հնդկաստանից, Ասորեստանից, Բաբելոնից ու Եգիպտոսից եկաւ հասաւ մինչեւ Յունաստան եւ Հռոմէական կայսրութիւն: Մ.թ.ա. չորրորդ դարի հին յունական մագաղաթի վրայ պահպանուել են տեղեկութիւններ ծովագնացների օգտագործած պաշտպանիչ յատկութիւն ունեցող քարերի մասին: Այդպիսիք էին՝ նռնաքարը, քաղքեդոնաքարը, լեռնային հախճապակին, ագաթը, որոնք պաշտպանում էին քամուց, ալիքներից, նաւաբեկութիւններից եւ ծովային բոլոր աղէտներից: Մ.թ.ա. երրորդ հազարամեակով թուագրուած մէկ այլ մագաղաթեայ գրութեան մէջ յիշատակւում է փշրած քարերը՝ դեղամիջոցներ պատրաստելու պարագայում օգտագործելու մասին:
Հանքանիւթերով առանձնակի հետաքրքրւում էր Պլինիոս Աւագը: Իր «Բնական պատմութիւններ» աշխատութեան մէջ վերջինս մեծ նշանակութիւն է տալիս քարերի՝ բժշկական ասպարէզում կիրառելուն:
Արաբական բժշկութեան մէջ հանքանիւթերը լայնօրէն կիրառւում էին ալքիմիկոսների կողմից: Նրանց հետազօտութիւնների արդիւնքներն այնուհետեւ ներմուծուեցին լիտօթերապիայի (հանքանիւթերու օգտագործումով բուժում-Խմբ.) եւ քիմիոթերապիայի (քիմիական միջոցներով բուժում-Խմբ.) բնագաւառներ: Առաջին լիտօթերապեւտն է համարւում Զաքարիա-ալ Ռազին (IX-XI դարեր): Վերջինս հանքանիւթերն օգտագործում էր թէ՛ որպէս արտաքին կիրառութեան միջոցներ պատրաստելու համար՝ քսուքներ, սպեղանիներ, թրջոցներ եւ թէ՛ որպէս ներքին ընդունման միջոցներ: «Ներքին օգտագործման» դեղամիջոցներ պատրաստելու համար Զաքարիա-ալ Ռազին օգտագործում էր մարջան, մարգարիտ, երկաթ, լազուրիտ, պղինձ, սուլֆատներ եւ պոտաշ: Այդ դեղամիջոցների բաղադրատոմսերը դարեր շարունակ օգտագործուել են քիմոթերապիայի բնագաւառում: Աւիցեննան գրում էր, որ քարերի՝ որպէս զարդ կրելը, բարերար ազդեցութիւն է թողնում ողջ օրգանիզմի վրայ:
Վաղ անցեալում Արեւելքում ստեղծուած «Ծննդեան օրերի քարերը» եւ «Շաբաթուայ օրերի քարերը» աշխատութիւնները խաչակիրների կողմից ներմուծուեցին Եւրոպա, եւ քարերի մասին գիտելիքները տարածուեցին նոյնիսկ Եւրոպայի ամենահեռաւոր շրջաններում: Դեղատոմսերը թարգմանուեցին եւ տպուեցին եւրոպական շատ լեզուներով. սլաւոնական, ռոմանական, եբրայական եւ այլն:
Մեծ հետաքրքրութեան է արժանի բրիտանցի Եպիսկոպոս Մարբոդ Հռենոսցու (1035-1123) պոէմը: Պոէմի 60 գլուխներից իւրաքանչիւրում նկարագրւում են ինչ-որ մի քարի առանձնայատկութիւններ: Պոէմում կան գործնական խորհուրդներ, ինչպէս նաեւ՝ լեգենդներ եւ աւանդապատումներ:
Հին Ռուսաստանում առաջին անգամ քարերի մասին խօսւում է «Սուեատոսլաւի ժողովածու» (1073 թ.) աշխատութեան մէջ: Այս աշխատութեան մէջ մանրազննին ներկայացուած են մի քանի քարերի իւրայատկութիւններ՝ ամրութիւն, գոյն, բժշկական առանձնայատկութիւններ, գին եւ այլն: Հին ռուսական յուշարձանների պեղումների ժամանակ հնէաբանները յայտնաբերել են թերթաքարից, սաթից, լազուրիտից, մարգարիտից, մարջանից եւ կայծքարից պատրաստուած կենցաղային պարագաներ, զէնքեր եւ զարդարանքներ:
Սապֆիր կամ սաֆիր, յակինթ (յունարէն «սապֆիրոս» բառից) եւ մուգ կամ բաց կապոյտ գոյնի քար: Հին Հռոմում այն համարում էին երջանկութիւն բերող քար: Սապֆիրը համայիլ է, որը պաշտպանում է նախանձից, յերիւրանքներից, խաբէութիւնից, կեղծ ընկերներից, թուլութիւնից, տրտմութիւնից, չար բախտից եւ դաւաճանութիւնից: Այդ քարը նպաստում է ստեղծագործական եւ հոգեւոր վերելքին, կրողին դարձնում էլ աւելի հեռատես ու ամրացնում նրա կամքի ուժը: Սապֆիրի փայլը խթանում է ներքին սեկրեցիայի (արտածորող-Խմբ.) գեղձերի եւ, մասնաւորապէս, մակուղեղի աշխատանքը: Այն համարւում է լաւագոյն միջոց մեդիտացիայի (մտային կեդրոնացման-Խմբ.) համար: Սապֆիրն օժտուած է թոյլ արտայայտուած հիպոթենզիւ ազդեցութեամբ, օգնում է ազատուել անքնութիւնից, կարգաւորում դաշտանային ցիկլը (cycle-Խմբ.), խթանում է դեղորայքային թերապիայի (բուժման-Խմբ.) ազդեցութիւնը երիկամային հիւանդութիւնների, միզապարկի, աղեստամոքսային, յենաշարժողական եւ սրտանօթային համակարգերի հիւանդութիւնների բուժման պարագայում: Այս քարը խորհուրդ է տրւում կրել յատկապէս նեւրոզով (ջղային հիւանդութեամբ-Խմբ.) տառապող մարդկանց:
Ալմաստ կամ ադամանդ (արաբերէն՝ «ալմաս», պարսկերէն՝ «էլմա», յունարէն «ադամաս» բառերից – գերկարծր, չփշրուող):
Դեղին, երկնագոյն, մոխրագոյն, վարդագոյն եւ խիստ հազուադէպ՝ սեւ գոյնի թափանցիկ քար է: Դեռ հնում ալմաստին անհաւանական յատկութիւններ էին վերագրում. այն իրեն կրող տղամարդուն դարձնում էր էլ աւելի առնական, լուրջ, խոհեմ, սրամիտ, ետ էր պահում դաւաճանութիւններից, վանում թախիծն ու չար ուժերը: Բոլոր ժամանակներում կանաչաւուն գոյն ունեցող ադամանդը մայրութեան խորհրդանիշն է համարուել: Այս քարը բարելաւում է կենտրոնական նեարդային համակարգի գործունէութիւնը: Այն կարելի է օգտագործել նաեւ ուղեղի տարաբնոյթ հիւանդութիւնների ժամանակ (այս դէպքում՝ խորհուրդ է տրւում ադամանդը կրել երկարաձիգ ուղեղի շրջանում): Ադամանդն օգնում է լուսնոտութեան, արիւնահոսութիւնների եւ ցնցումային վիճակների առկայութեան դէպքում: Մասնագէտների պնդմամբ, ադամանդը բարերար ազդեցութիւն է թողնում ռիբոնուկլէինաթթուների սինթեզման պարագայում, նպաստում բջիջներից թունաւոր նիւթերի արտազատմանը եւ կարգաւորում օրգանիզմի ընդհանուր էներգետիկ հաւասարակշռութիւնը: Ադամանդը մեծապէս բարելաւում է անձի հոգեկան աշխարհը:
Ամսագիր «Ֆարմացեւտ պրակտիկ» (pharmaceutical practice)
11-12-2007 (8-9)