ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
21րդ դարում Հայաստանի առջեւ ծառացած բնապահպանական մարտահրաւէրները քննարկելու նպատակով, Փետրուարի 8ին Փասադինայի «Փարսոնս» կենտրոնում հաւաքուել էին գիտնականներ, փորձագէտներ ու մտահոգ անձիք: «Մեր հիմնական նպատակն է բնապահպանութեան եւ շրջակայ միջավայրի պահպանութեան առումով՝ Հայաստանը դարձնել առաջատար երկիր տարածաշրջանում», բացման խօսքում նշեցին միջոցառման կազմակերպիչներից՝ «Արմէնիա Թրի Փրոջեքթ» կազմակերպութեան գործադիր տնօրէն Ջեֆ Մասարջեանն ու Հայ ինժենիրների ու գիտնականների միութեան բնապահպանական յանձնաժողովի ղեկավար Արեգ Ղարաբեկեանը:
Հայաստանում անտառային, ջրային տնտեսութեան, հանքարդիւնաբերութեան շրջանում առկայ հիմնախնդիրներն էին միջոցառման հիմնական թեմաները, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել էր նաեւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան Երիտասարդ արհեստավարժների ընկերակցութիւնը:
Զաք Փարիսըն՝ «Արմէնիա Թրի Փրոջեքթ»ից, ներկայացրեց Հայաստանի Լոռու մարզի Մարգահովիտ գիւղում իր փորձագիտական ուսումնասիրութիւնների արդիւնքները: Նա նշեց, որ թէեւ Հայաստանն ունի անտառային տնտեսութեան առումով բարենպաստ օրէնսդրական հիմք, սակայն բացակայում են օպտիմալ (արդիւնաւէտ-Խմբ.) կառավարումը, ռեսուրսներն ու գիտական ծրագրերն իրականցնելու քաղաքական կամքը: Զաք Փարիսըն նշեց, որ անտառային տարածքների կրճատումը արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային եւ հողի էրոզիայի (սահքի-Խմբ.) վտանգները, յանգեցնում է կենսաբազմազանութեան կորստի եւ անտառահատուած տարածքներին յարակից համայնքների բնակիչների կենսապայմանների վատթարացմանը:
Բանախօսներից՝ Տետրատեքի առաջաւոր գիտնական Ռոբերտ Քիւրքջեանն էլ, որ աշխատել է Հայաստանում, նշեց, որ թէեւ ջրային ռեսուրսների առատութիւնը Հայաստանի հարստութիւններից է, սակայն այն օգտագործւում է առաւել անարդիւնաւէտ. Երեւանում, օրինակ, ջրի կորուստները տարեկան կազմում են 85 տոկոս: Լոս Անջելըսի քաղաքապետարանի սանիտարական վարչութեան փոխտնօրէն Վարուժ Աբքեանը, որ անձամբ ծանօթ է հայաստանեան ջրամատակարարման համակարգին, իր մտահոգութիւններն յայտնեց այս ոլորտում ռազմավարական քաղաքականութեան եւ գերակայութիւնների ձեւակերպման բացակայութեան հարցերի շուրջ:
Հայաստանում հանքարդիւնաբերութեան ոլորտում առկայ բազմաթիւ բացասական հետեւանքներին իր զեկոյցում անդրադարձել էր Անահիտ Շիրինեան-Օրլանդօն, որ ներկայացրեց Ջեֆ Մասարջեանը: Հեղինակն առաւել տագնապալի է համարում հանքարդիւնաբերութեան արդիւնքում առաջացող քիմիական թունաւոր թափօնների՝ պոչանքների անվտանգ մեկուսացման հարցը: Նա ներկայացրել էր լուսանկարներ ու տուեալներ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից, որտեղից ծանր մետաղներով, սուլֆատներով եւ այլ թունաւոր նիւթերով յագեցած պոչանքները, թափւում են Դեբեդ գետը, Ախթալա գետը, ու աղտոտում շրջակայ տարածքները:
Անահիտ Շիրինեան-Օրլանդօն իր զեկոյցում ահազանգում է Լոռու մարզի հիւսիս-արեւելեան շրջանում գտնուող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի արդիւնահանման գործընթացի մասին, որ սպառնալիք է տուեալ շրջանի էկո-համակարգին եւ կը յանգեցնէ բնապահպանական աղէտի:
Միջոցառման մասնակիցները պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու Հայաստանի բնապահպանութեանն ուղղուած գործողութիւններին: Այս առումով, յատկանշական էր Թեղուտի հարցով մտահոգ Հարաւային Կալիֆորնիայի երիտասարդ ակտիւիստների նախաձեռնութիւնը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Շանթ» ուսանողական միութեան անդամները, համախոհ երիտասարդների հետ միասին ներկայացրեցին Թեղուտի պաշտպանութեան logo-ով շապիկներ, ինչը մեծ աշխուժութիւն առաջացրեց մասնակցիների շրջանում: Շապիկների վաճառքից առաջացած ողջ գումարը տրամադրուելու է Հայաստանում Թեղուտի պաշտպանութեան խմբին: Սա ակտիւիստների առաջին քայլն է. յաջորդ ամիս Լոս Անջելըսում կ՛անցկացուի տեղեկատուական սեմինար, որտեղ կը ներկայացուեն Հայաստանի բնութեանը սպառնացող վտանգները, մասնաւորապէս՝ Թեղուտի խնդիրը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Լոռու մարզի հիւսիս-արեւելեան շրջանում գտնուող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շրջակայ տարածքը լանդշաֆտային (երկրաբանական կառուցուածք-Խմբ.) բազմազանութեամբ աչքի ընկնող անտառածածկ տարածք է, որտեղով հոսում է Շնող գետը՝ իր Կռունկ, Պակասաջուր (Խառատաձոր) եւ Դուքանաձոր վտակներով: Դրանք Շնող եւ Թեղուտ գիւղերի ջրի հիմնական աղբիւրն են եւ օգտագործւում են ինչպէս խմելու, այնպէս էլ՝ ոռոգման նպատակներով: Թեղուտի անտառը Հայաստանում ամենալաւ պահպանուած անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանութեամբ, այդ թւում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 եւ երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից եւ կենդանատեսակներից շատերը հազուադէպ հանդիպող են եւ համարւում են վտանգուած, իսկ 6 բուսատեսակ եւ 26 կենդանատեսակ ընդգրկուած են Հայաստանի Կարմիր գրքում: Այս տեղանքում է գտնւում հնադարեան եւ միջնադարեան պատմամշակութային շուրջ 20 յուշարձան:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը պարունակում է շուրջ 450 միլիոն տոննա հանքանիւթ՝ պղինձ, մոլիբդեն, ծծումբ, ոսկի, արծաթ, ռենիումի խտանիւթեր…: 2000թ. հանքը շահագործելու արտօնագիր տրամադրուեց «Արմինիըն Քափր Փրոգրամ» (ACP, Էյ.Սի.Փի.) ընկերութեան: Ընկերութեան բաժնետոմսերի շուրջ 81 տոկոսը պատկանում է «Վալեքս Ֆ.Մ.» ընկերութեանը:
Թեղուտում «Էս.Սի.Փի.»ն նախատեսում է տարիների ընթացքում բաց եղանակով արդիւնահանել պղինձ եւ մոլիբդեն: Հանքարդիւնահանման համար յատկացուած տարածքը զբաղեցնում է 1491 հեքթար, որի 82 տոկոսը (կամ 1232 հեքթարը) ծածկուած է անտառներով: Ընկերութեան ծրագրով նախատեսուած է 357 հեքթար անտառի լրիւ հատում: Բնական ռեսուրսների արդիւնահանման հետեւանքով, այժմ անտառածածկ լեռներից մէկը կը վերածուի 600 մետր խորութիւն ունեցող հորի: Թափօնները պոչանքի միջոցով պէտք է հեռացուին դէպի Դուքանաձոր գետի ձոր: Հանքի շահագործման արդիւնքում կ՛առաջանայ շուրջ 500 միլիոն տոննա պոչանք եւ 600 միլիոն տոննա այլ տեսակի թափօն:
Թեղուտի հանքի շահագործման շրջանակներում արդէն ոչնչացուել է 71 հեքտար անտառ: «Էս.Սի.Փի.»ն շարունակում է այս հանքի շահագործումը՝ չնայած հայ եւ միջազգային բնապահպանների, փորձագէտների ու գիտնականների զգուշացումներին, առ այն, որ հանքի յետագայ գործունէութիւնը ներկայում ընթացող եղանակներով կը յանգեցնի բնապահպանական աղէտի:
Հարցին առաւել մանրամասն կարող էք ծանօթանալ http://teghut.am/ կայքում: