Ստորեւ՝ Հայ Օգնութեան Միութեան շնորհաւորական ուղերձը՝ Կանանց Միջազգային Օրուան կապակցութեամբ.
Կանանց միջազգային օրուայ առթիւ Հայ Օգնութեան Միութեան Կենտրոնական վարչութիւնը շնորհաւորում է հայ կանանց՝ աշխարհի բոլոր ծագերում:
Մեր ժողովրդի ամբողջ պատմութեան եւ յատկապէս վերջին հարիւրամեակի ընթացքում հայ կնոջ դերն է եղել գլխաւոր ոչ միայն մեր ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյատեւման համար, այլեւ մեր ազգային ինքնութեան եւ մշակութային արժէքների պահպանման ու դրանք գալիք սերունդներին փոխանցելու գործում:
Հայ կնոջ դերակատարութիւնը բազմապատիկ կարեւորութիւն է ստանում, երբ ականատես ու ականջալուր ենք դառնում զանազան այլ հաւաքականութիւնների մերօրեայ ցաւալի իրավիճակին, երբ, չնայած միջազգային աջակցութեանը, այդ հաւաքականութիւններն իրենց դիմագրաւած ճգնաժամերից ոչ միայն չեն կարողանում դուրս գալ, այլեւ օրըստօրէ կորցնում են իրենց սոցիալական ու մշակութային արժէքները, եւ քանդւում է նրանց ազգային արժեչափերի համակարգը:
Սփիւռքում եւ հայրենիքի տարածքում մեր ժողովրդի գոյապայքարի մէջ անառիկ միջնաբերդ դարձած հայ կնոջը շնորհաւորելով Կանանց միջազգային օրուայ առթիւ՝ ՀՕՄի Կենտրոնական վարչութիւնը կոչ է ուղղում նրան՝ նոյն թափով ու վճռականութեամբ մասնակցել ազգային մեր նոր իրականութեան կառուցմանը՝ արժանի տեղ գրաւելով հայ հասարակական կեանքի ղեկավարման գործում: Այս իմաստով կրկնակի կորով ենք մաղթում իւրաքանչիւր ՀՕՄականի՝ որպէս յանձնառու հայ կնոջ եւ ՀՕՄի մէկդարեայ համամարդկային ու ազգային ծառայութեան աւանդութեան ժառանգորդի՝ քաջ գիտենալով, որ նա ոչ մի ջանք չի խնայի՝ իրագործելու ՀՕՄի ծրագրերը՝ ի նպաստ մարդկութեան բարօրութեան ու աշխարհասփիւռ հայ ժողովրդի եւ ամբողջական մեր հայրենիքի բարգաւաճման:
ՀՕՄ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ