ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի ամենաթէժ կէտում՝ մշտական կրակոցների տակ գտնուող Չինարի գիւղի բնակիչները հպարտութեամբ ասում են, որ Հայաստանն սկսւում է հէնց իրենց գիւղից, ու իրենք են հայրենիքի հիւսիսարեւելեան դարպասը:
Հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից 18 տարի անց էլ չեն դադարում կրակոցները Երեւանից շուրջ 250 կմ. հեռաւորութեան վրայ գտնուող Տաւուշի մարզի Չինարի գիւղում, որի՝ Ադրբեջանի հետ ձգուող սահմանի երկարութիւնը 28 կմ. է:
«Չինարիում պատերազմը չի աւարտուել: Էն, ինչ կատարւում է այստեղ, լկտիութիւն է: Երբ կրակում են յենակէտից յենակէտ, դա ուրիշ խնդիր է, բայց նրանք կրակում են անմիջապէս գիւղի վրայ, խաղաղ բնակիչների, մեքենաների, անասունների վրայ», ասում է Չինարիի գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը:
Լեռներով շրջապատուած Չինարին թերակղզու նման եռանկիւնաձեւ մտած է հայ-ադրբեջանական սահմանի մէջ՝ յարակից լինելով Ադրբեջանի Թովուզի եւ Գետաբեկի շրջաններին: Ադրբեջանական կողմի յենակետային դիրքերն անգամ անզէն աչքով էլ երեւում են գիւղից:
«Սարերի վրայ նրանք (ադրբեջանցիները) են, սարերի տակ՝ գիւղը: Նրանք իշխում են անմիջապէս գիւղի վրայ ու այնքան մօտ են, որ երբ կամենում՝ վնասում են, նոյնիսկ առանց դիպուկահարի էլ շատ հեշտ է վնաս հասցնելը», ասում է գիւղապետը՝ յաւելելով, որ գիւղի ծայրին գտնուող տունն ադրբեջանական կողմի յենակետային դիրքերից հեռու է ընդամէնը 650 մետր:

Ըստ Չինարիի գիւղապետի՝ գիւղում իրավիճակն առաւել պայթիւնավտանգ դարձաւ 2008ից, երբ ադրբեջանական կողմն իր յենակէտերից մէկն առաջացրեց՝ աւելի մօտեցնելով գիւղին, իսկ արդէն 2008ի Մայիսից առ այսօր դիպուկահարն է աշխատում նրանց յենակէտերում:
«2008ի Յունիսի 18ին՝ մի օրուայ մէջ, երկու հոգու սպանեցին դիպուկահարները: Ես էլ անասնապահ էի, վերեւից տեսայ, որ խփեցին, իջայ օգնութեան: Ինձ էլ կրակեցին, բախտս բերեց՝ ոտքիս կպաւ, չմեռայ», ասում է 5 երեխայի հայր, 56ամեայ չինարեցի Սամուէլ Միրզոյեանը, որը դէպքից յետոյ 3րդ խմբի հաշմանդամ է դարձել:
Գիւղապետն ասում է, որ այս դէպքից յետոյ գիւղացիները դադարել են անասնապահութեամբ զբաղուելուց:
«2008ին 700 գլուխ խոշոր եղջերաւոր անասուն ու 800 գլուխ ոչխար ունէինք, իսկ այսօր գիւղն ունի ընդամէնը 60 կով ու 25 ոչխար, մարդիկ վախից վաճառեցին ամբողջը», ասում է Սաղոյեանը:
Չինարիում այս տարուայ Յունուարի դրութեամբ ապրում է 1384 բնակիչ (1991ին գիւղն ունէր 1860 բնակիչ), որոնց մի մասի համար աշխատատեղով են ապահովում գիւղի 140 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցը, 30 երեխայի սպասարկող մանկապարտէզն ու համայնքապետարանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 60 աշխատատեղ:
Գիւղում հիմնական զբաղմունքը խաղողագործութիւնն է՝ ընդամէնը 60 հեկտար կազմող խաղողի այգիներում: Ու թէեւ 2009ից գիւղի սահմանամերձ հողերն ազատուած են հողի հարկից, սակայն ըստ չինարեցիների՝ գիւղի 1000 հա. կազմող հողերի 70 տոկոսից աւելին գտնւում է սահմանի վրայ, ականապատուած ու թշնամու վերահսկողութեան ներքոյ, որի պատճառով էլ այդ տարածքներն արդէն 16 տարուց աւելի՝ չեն օգտագործւում:
«Մեր գիւղը դրախտ ա՛, հա՛մ աշխարհագրական դիրքը, հա՛մ բնակլիմայական պայմաններն էնքան լաւն են, որ ինչ ցանենք՝ աճում ա: Ունենք թուզ, կառալեօկ, հոն, նոյնիսկ զէյթուն ու կիւի է աճում էստեղ, մենակ խաղաղութիւն չունենք, որ էս ամէնը վայելենք», ասում է 68ամեայ Զինա Ապերեանը՝ ցոյց տալով իրենց տան պատուհանի շրջանակին Մարտի 7ի երեկոյեան կրակած փամփուշտի հետքերը, «մեզ օր ու արեւ չեն տալիս (ադրբեջանցիները)», ասում է նա:

Ու չնայած ամէնօրեայ կրակոցների տակ է ապրում Չինարին, սակայն այստեղ կեանքը շարունակում է զարգանալ: Գիւղից Ռուսաստան արտագաղթած չինարեցիները եւս մենակ չեն թողնում իրենց համագիւղացիներին. նրանց ֆինանսական աջակցութեամբ գիւղն ապահովուած է գիշերային լուսաւորութեամբ, հիմնանորոգուել է նաեւ գիւղի համայնքային կենտրոնը:
«Հայաստանը Չինարիից այ սկսւում, ու մենք՝ մեր սահմանապահ զինուորների հետ միասին մի բռունցք դարձած, ամուր կանգնած ենք մեր հողի վրայ», հպարտութեամբ ասում են գիւղամէջում՝ անմիջապէս ադրբեջանական յենակէտի առջեւ կանգնած չինարեցիները:
«Արմէնիա Նաու»