
ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեան Հայաստանի կառավարութեան եւ վարչապետ Տիգրան Սարգսեանին յղած է Հայաստանի մէջ անձագիրներու տուչութեան եւ այդ գործընթացին մէջ արձանագրուած խախտումներու վերաբերող նամակ մը, որուն մէջ գրուած է.
«Վերջին շրջանում, ինչպէս մամուլում հրապարակուած նիւթերը, այնպէս էլ առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում յաճախ են արձանագրուել ձգձգումներ: Իրավիճակն իրաւասու պաշտօնատար անձանց կողմից պատճառաբանուել է անձնագրեր չունենալով (մասնաւորապէս՝ քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռեւս չկան պատուիրուած անձնագրեր, իսկ ստանալուն պէս դրանք անյապաղ կը յատկացուեն):
«Սա, ըստ էութեան, իրաւասու կառոյցների կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին անձնագրեր տալու օրէնսդրութեան տարրական պահանջների խախտում է:
«Բացի այդ, տարածուած տեղեկատուութեան համաձայն, զանգուածային բնոյթ է կրում պաշտօնատար անձանցից ու այլ մասնաւոր քաղաքացիներից ակնյայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հաւաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դէպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին՝ իրականացնելու անձնագրերից օգտուելու իրենց իրաւունքը, այլեւ նպաստում է հանրային վախի եւ կասկածանքի մթնոլորտի ձեւաւորմանը:
«Վերը շարադրուածի առնչութեամբ, ղեկավարուելով Հայաստանի Սահմանադրութեան 80րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 5րդ յօդուածի 1ին մասի «Ը» կէտով, Հայաստանի կառավարութիւնից ակնկալում եմ հետեւեալ հարցերի պատասխանները.
«1) վերջին 4 տարիների, այդ թւում՝ 2012թ. յառաջիկայ 4 ամիսների ընթացքում որքա՞ն անձնագիր է պատուիրուել, որքան է ստացուել եւ ինչ համամասնութեամբ են դրանք բաշխուել՝ ըստ ամիսների,
2) տրուած անձնագրերից քանի՞սն է տրուել առաջին անգամ եւ քանի՞սն է տրուել փոխանակման կարգով կամ որեւէ այլ հիմքով (կորստեան եւ այլն),
«3) քոնքրէթ ի՞նչն է եղել վերջին շրջանում անձնագրերի բացակայութեան հիմքով անձնագրերն անհարկի ուշացումով յանձնելու բուն պատճառը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել իրավիճակը շտկելու ուղղութեամբ,
«4) 2012 թ. 4 ամիսների ընթացում քանի՞ մարդ է վարչական պատասխանատուութեան ենթարկուել անձնագրերն ապօրինի վերցնելու (Վարչական իրաւախախտումների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան օրէնսգրքի 199րդ յօդուած), առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակուելու (նոյն օրէնսգրքի 195րդ յօդուած), առանց անձնագրերի կամ առանց գրանցման բնակութեան թոյլատրելու (նոյն օրէնսգրքի 197րդ յօդուած) համար,
«5) վերջին 4 տարիների ընթացքում քանի՞ մարդ է անձնագիր ստացել երկքաղաքացիութիւն ձեռք բերելու հիմքով եւ ի՞նչ համամասնութեամբ են դրանք բաշխուել՝ ըստ ամիսների,
«6) որքա՞ն է կազմում անձնագրերի մնացորդը 2012 թ. Ապրիլի 30ի դրութեամբ:
«Ակնկալում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 7րդ յօդուածի 1ին մասի «Բ» կէտում նշուած 10օրեայ ժամկէտում կը քննարկէք սոյն հարցումը եւ սպառիչ պատասխան կը տաք:
«Քանի որ հարցումը անմիջականօրէն վերաբերում է ընտրական գործընթացի օրինականութեանը, իսկ հարցման պատասխանը չի ենթադրում լրացուցիչ ուսումնասիրութիւններ, քանզի այն սոսկ իրաւասու մարմինների տնօրինութեան տակ գտնուող տեղեկատուութեանն է առնչւում, կարծում ենք, գրաւոր պատասխանը կը ստացուի առաւել սեղմ ժամկէտում, ինչը համահունչ է յիշեալ օրէնքի պահանջին եւ ընտրական իրաւունքի խախտումների կանխարգելման անհրաժեշտութեան վերաբերեալ Ձեր հաւաստիացումներին»: