Արցախի հերոսական բանակի յարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինուորներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Յարգելի՛ հիւրեր,
Ի սրտէ շնորհաւորում եմ Յաղթանակի տօնի, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման 20րդ տարեդարձի կապակցութեամբ, տօն, որը սրբագործուել է մեր եղբայրների ու քոյրերի արեամբ եւ դարձել համաժողովրդական ամենանուիրական տօներից մէկը:
Այս տօնական օրը ես նախեւառաջ գլուխ եմ խոնարհում յանուն հայրենիքի ազատութեան նահատակուած բոլոր քաջ հայորդիների պայծառ յիշատակի առջեւ: Յաւե~րժ փառք ու պատիւ մեր նուիրեալներին:
Մայիսի 9ը յաղթանակի տօն է, համազգային միասնութեան ու համախմբուածութեան, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի յաղթանակի տօն:
Մայիսի 9ը Մեծ Հայրենականում մեր հայրերի ու պապերի յաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լաւագոյն զաւակները միւս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի պատերազմեցին ընդդէմ բռնութեան ու չարագործութեան՝ անձնազոհ սխրանքի ու խիզախութեան օրինակ հանդիսանալով յետագայ սերունդների համար:
Մայիսի 9ը մեր ազգային-ազատագրական պայքարում համայն հայութեան յաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատուածները համախմբուեցին Արցախի պաշտպանութեան վեհ գաղափարի շուրջ՝ դառնալով մի բռուցք, մի մարմին ու ոգի: Ամէն ինչ արւում էր՝ յանուն մեր սուրբ գործի յաղթանակի, յանուն հայ ժողովրդի դարաւոր նպատակների իրականացման, նրա յարատեւութեան ու լուսաւոր ապագայի:
Հէնց այդ գիտակցումով ազատագրեցինք տարիներ շարունակ գերութեան մէջ գտնուող Շուշին՝ մեր հինաւուրց բերդաքաղաքը, հոգեւոր ու մշակութային կենտրոնը, որն այսօր վերածնւում է ու նոր շունչ ստանում:
Հէնց այդ գիտակցումով ստեղծուեց պաշտպանութեան բանակը՝ մեր ժողովրդի ազատութեան ու անվտանգութեան հիմնական երաշխաւորը, նրա հպարտութիւնն ու մեծագոյն նուաճումներից մէկը: Բանակը ծնունդ առաւ Արցախեան ազատամարտի բովում եւ պատուով կատարեց ու այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելութիւնը: Հայոց բանակի շնորհիւ է պահպանւում նաեւ խաղաղութիւնն ու կայունութիւնը ողջ տարածաշրջանում: Սա անժխտելի իրողութիւն է, որի հետ հնարաւոր չէ հաշուի չնստել:
Մենք անում ենք եւ կ՛անենք ամէն ինչ, որպէսզի մէր բանակը միշտ լինի հզօր ու յաղթական, ունենայ մարտունակութեան բարձր մակարդակ ու ամուր ոգի, պատրաստ ամէն պահի իրականացնել իր առջեւ դրուած ցանկացած խնդիր:
Ազատ, անկախ ու զօրացող Արցախը թանկ ու բացառիկ արժէք է ամբողջ հայութեան համար: Մայր Հայաստանի, Սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների ամէնօրեայ աջակցութեամբ Արցախը ոչ միայն կարողացաւ ապաքինուել պատերազմի ծանր վէրքերից, այլեւ այսօր կանգնել է կայուն զարգացման ուղու վրայ: Հայրենի հողը արժանապատուօրէն պաշտպանած ժողովուրդը պէտք է ապրի արժանավայել կեանքով, եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայի այդ նպատակին հասնելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այսօր հայոց բանակի կազմում են եւ հպարտ կանգնած են զօրահանդէսի շարքերում մեր զաւակները, ովքեր ծնուել են ազատագրուած հայրենիքում եւ անառիկ են պահում նրա սահմանները: Նրանք պատուով են շարունակում իրենց հերոս հայրերի գործը եւ դրանով իսկ վառ պահում մեր բոլոր նահատակների յիշատակը:
Մեր նուիրական յաղթանակը կերտողների հետ ուս ուսի Արցախեան բանակի այսօրուայ զինուորը հաստատուն կերպով պաշտպանում է հայրենի երկրի ավտանգութիւնն ու հարազատ ժողովրդի անդորրը: Այդպէս է արդէն 20 տարի, եւ այդպէս կը լինի ընդմիշտ:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին:
Փա՛ռք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը:
Փա՛ռք պաշտպանութեան բանակին եւ նրա քաջարի մարտիկներին:
Ուռա՜: