ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ԱՄՆում Նոյեմբերի 6ին կայանալիք ընդհանուր ընտրութիւններին, քաղաքացիները նախագահի եւ տարբեր պետական պաշտօնեաների ձայն տալուց բացի՝ պէտք է իրենց կարծիքը յայտնեն նաեւ տարբեր օրինագծերի վերաբերեալ: Դրանց շարքում է թիւ 37րդը (Proposition 37), որը վերաբերում է գենետիկօրէն (genetic) ձեւափոխուած սննդամթերքի պիտակաւորման հարցին:
Այսօր Կալիֆորնիայում վաճառուող սննդամթերքի 40-70 տոկոսը պարունակում է գենետիկօրէն ձեւափոխուած օրգանիզմներ (ԳՁ): Առկայ օրէնքները չեն կարգաւորում ԳՁ սննդամթերքները կամ չեն պարտադրում սննդամթերք արտադրողներին՝ տարանջատել սնունդը, որը ստացւում է գենետիկական վերամշակման արդիւնքում:
37րդ օրինագիծը պահանջում է հում եւ վերամշակուած սննդամթերքի պիտակաւորում, եթէ այն ամբողջութեամբ կամ մասնակի պարունակում է գենային փոփոխութիւն կրած բուսական կամ կենդանական սնունդ:
Օրինագծի անցկացման աջակիցները մտավախութիւն ունեն, որ բոյսերի եւ կենդանիների գենետիկական ձեւափոխումը յաճախ կարող է յանգեցնել չնախատեսուած հետեւանքների, եւ այն անբարենպաստ ազդեցութիւն կարող է ունենալ առողջութեան եւ շրջակայ միջավայրի վրայ:
Օրինագծին դէմ արտայայտուողների կարծիքով՝ կանոնակարգերը կը պահանջեն սնունդի յաւելեալ վերահսկում եւ պատճառ կը դառնան չհիմնաւորուած դատական վէճերի: Սննդամթերքի արտադրողները, ովքեր չեն կարողանայ կամ չեն ցանկանայ փոխել իրենց փաթեթաւորումը, ստիպուած կը լինեն սահմանել աւելի բարձր գին, օգտագործել գենետիկօրէն չձեւափոխուած բաղադրիչներ՝ բարձրացնելով տուեալ սննդամթերքի գինը:
Գենետիկօրէն ձեւափոխուած սննդամթերքը առիթ է դարձել տարբեր վէճերի եւ տարակարծութիւնների: Ոմանք հանդիսանում են ԳՁ սննդամթերքի կտրուկ ընդդիմախօս. այս խմբի մէջ են մտնում հիմնականում բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողները, որոնց արտադրանքը դադարում է մրցունակ լինելուց, բժիշկների եւ էկոլոգների որոշ շրջանակ, կրօնական կազմակերպութիւններ: ԳՁ սննդամթերքի կողմնակիցներն են հիմնականում ԳՁ ապրանքներ արտադրողները, արտադրող եւ արտահանող պետութիւնները, կենսատեխնոլոգները եւ գենետիկները, ովքեր աշխատում են այս ոլորտում:
Ժամանակակից աշխարհում, երբ մարդկութեան թիւը հատել է 7 միլիարդ սահմանագիծը եւ շարունակում է սրընթաց աճել, ԳՁ սնունդը դարձել է առաջնային խնդիր եւ աշխարհի բնակչութեան սննդային անվտանգութեան երաշխիքներից մէկը: Գիտնականները շարունակում են իրենց հետազօտութիւնները եւ վերջնականօրէն պնդում, որ նման սննդամթերքի վտանգաւորութեան աստիճանի վերաբերեալ տուեալ դեռեւս չկայ: Սակայն կարեւոր է, որպէսզի սպառողը տեղեակ լինի իրեն առաջարկուող սննդի բաղադրութիւնից եւ այս առումով՝ կարեւոր է 37րդ օրինագծի հաստատումը: